- 38 - – Գրադարան – Mashtoz.org

- 38 -

Մի քանի օր հետո, տանս մուտքին տեղադրված նամակատուփի մեջ մի երկտող գտա հիվանդապահուհու կողմից: Ինչպես ակնհայտ երևում էր գրեթե խզբզված գրվածքից, այն մեծ աճապարանքով էր գրվել: Ո՛չ հասցեագրում ուներ, հասկանալու համար, թե երկտողն ո՛ւմ է ուղղված, ո՛չ էլ քաղաքավարության բանաձևեր նամակի սկզբում կամ ավարտին: Դժվարին չէր կռահել դրա պատճառը: Ես նրան հասկանում էի: Եթե ես կարիքն ունենայի գրելու հիվանդապահուհուն, ինչպե՞ս կարտահայտվեի:
Համենայն դեպս, մի քիչ վշտացած էի, որ մի երկու ազնիվ խոսք էլ չէր ավելացրել իմ համար: ... Ընդհակառակն ... :
Երկտողում գրված էր. «Ձեր Բարեկամը գերհոգնած է: Նա պետք է մեկնի ամբողջական հանգստի և ստանալու յուրահատուկ բուժում, որը ես այլևս չեմ կարող տալ նրան: Երկար ժամանակ հեռու է մնալու: ... Նա փափաք հայտնեց, որ մեկնելուց առաջ կկամենար տեսնել Ձեզ: Ձեզ սպասելու է վաղը, ձեր սովորական ժամին: Բայց խնդրում եմ, նրան չհոգնեցնեք ձեր հարցերով: Քանի որ նրան հարգում եք, մտածեցեք նրա և նրա առողջական վիճակի մասին, որը շատ մտահոգիչ է»:
 
Խորապես վշտացած էի: Իմաստունն, ուստի, լրջորեն հիվանդ էր: Մեկնելու էր հեռավոր ինչ որ մի վայրում բուժվելու: Նրան կրկին տեսնելո՞ւ էի արդյոք: Վատթար հետևանքներն էի պատկերացնում, անհանգիստ էի, տխուր՝ մինչև հոգուս ամենախորին ծալքերը: Բայց նաև ջղայնացած էի այդ նամակի պատճառով: Հիվանդապահուհին թվում է, թե տեղյակ էր Իմաստունի հետ ունեցած իմ զրույցներին: Մի՞թե Իմաստունն էր նրան պատմել իմ մասին: Դա ինձ անհնարին էր թվում, քանի որ նա շատ նրբանկատ էր նման հարցերում: Կամ էլ հիվանդապահուհին ինքն էր Իմաստունին հարցրել իմ մասին: Ինչևէ, այդ հիվանդապահուհին կարող էր նաև գեղեցիկ լինել, այդ հարցում առարկություններ չունեի, ... բայց իր նամակում գլխիս վարքի դասեր էր կարդում, իսկ դա ինձ բոլորովին դուր չէր գալիս:
Այս անգամ որոշեցի նախատեսված ժամից ավելի շուտ այցելել Բարեկամիս, որպեսզի հիվանդապահուհուն հանդիպելուց խուսափեի:
 
 
Իմաստունին անկողնում գտա, կիսապառկած, թիկունքը երկու բարձերի հենած: Դժվարությամբ էր շնչում: Ինձ տեսնելով ոգևորվեց, ուզում էր անկողնուց իջնել, բայց այս անգամ վճռակամ հակառակվեցի: Նա չպնդեց, և ես դրանում իր ուժասպառ վիճակի նշանը տեսա:
Առողջական վիճակի վերաբերյալ հարցեր նրան չուղղեցի: Այդ հարցերն ինձ անիմաստ էին թվում, քանի որ նախօրոք արդեն գիտեի, որ դրական պատասխան էր տալու, պարզապես ինձ հանգստացնելու համար:
Սպասում էի, որ ինքը սկսեր խոսակցությունը, բայց նա, ինչպես միշտ, սպասում էր իմ հարցին: Հարցերի պակաս չունեի, և բոլորն էլ կարևոր էին, բայց որոշել էի խնդրել նրան, որ միայն հակիրճ պատասխաններ տար: Իսկույն բուն նյութին անցա:
«Շատ խորհրդածեցի այն ամենի մասին, ինչ ասացիք ինձ մեր նախորդ հանդիպման ժամանակ: Այժմ արդեն կատարյալ կերպով հասկանում եմ, որ երիտասարդը, եթե ակամա մնացել է ամուրի, մի օր պետք է ո՛չ միայն “համակամի” կյանքի այդ կարգավիճակին, այլ՝ այն լիովին ստանձնի, հանձն առնի: Անհնարին է մի ամբողջ կյանք ապրել “հակակրանքով”: Բայց չեմ հասկանում այն փաստը, որ ոմանք – լինեն նրանք այր կամ կին – կարող են ազատակամ ընտրել այդ կարգավիճակը: Դա բնական չէ»:
«Այն, ինչը որ բնական չէ, կրկնում եմ, դա չսիրելն է: Յուրաքանչյուր մարդու “կոչումը” դա սիրելն է, ամուսնական դաշինք կնքելը, կյանքը պարգևելը: Բայց այս կոչմանը հնարավոր է պատասխանել տարբեր ձևերով: Նրանք, ովքեր ընտրում են կուսակրոն կարգավիճակը, այն ընտրում են հանուն սիրո»:
«Այսինքն, եթե քահանաներից ոմանք չեն ամուսնանում, դա ... Աստծո սիրո համա՞ր է»:
«Հիսուս Քրիստոսի և Իր Եկեղեցու սիրո համար: Եկեղեցու, որն Աստծո ժողովուրդն է, Նրա կողմից ի մի հավաքված մարդկությունը:
Եպիսկոպոսները, որոնք Առաքյալների հաջորդներն են, քրիստոնյաներից ոմանց հարցնում են, թե արդյոք կամենո՞ւմ են թողնել ամեն ինչ՝ Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա Եկեղեցուն ծառայելու համար: Այդ անձինք համագործակցելու են Եպիսկոպոսներին՝ քարոզելու Ավետարանը բոլոր մարդկանց, Քրիստոսի շուրջը համախմբելու հավատացյալների հասարակությունը և, Ամենասուրբ Հաղորդության միջոցով, նրանց դարձնելու միայն մեկ Մարմին»:
«Այդ միևնույն ծառայությունը կկարողանային կատարել նաև ամուսնացած վիճակում»:
«Թերևս ավելի դժվարությամբ, բայց անշուշտ թե կկարողանային: Այդուամենայնիվ, արդեն բազմաթիվ դարերի ավանդություն է, որ Եկեղեցին նրանց առաջարկում է նվիրաբերել իրենց մարմինը, սիրտը, միտքը, ամբողջ կյանքը»:
«Ինչո՞ւ»:
«Նմանվելու համար Հիսուսին, Նրան հետևելով, և Նրա հանդեպ տածած սիրո համար. Նրա, որ անմնացորդ կերպով նվիրվեց Իր “Ժողովրդին”: “Ուխտ” կնքեց այդ Ժողովրդի հետ: Այդ Ուխտը նման է ամուսնական դաշինք կնքելուն, որով Նա Իր Եկեղեցուն՝ Իր Հարսին ընծայեց ո՛չ միայն Իր ամբողջ սիրտը լիովին տրամադիր, այլ նաև Իր ամբողջ մարմինն անմնացորդ կերպով: Մեզ այն պարգևում է որպես հաղորդություն, մինչև ժամանակների վախճանը»:
«Բայց Հիսուսն, ասում են, նման նվիրում չի պահանջել Իր քահանաներից»:
«Ճիշտ է: Երբեք չի ասել դա հստակ կերպով: Սերը չի պահանջում, նվիրվում է: Եվ Եկեղեցին մի օր կարող է որոշել, որ այլապես վարվի ... »:
«Դուք դա կփափաքեի՞ք»:
«Ես դա փափաքում եմ, այո՛: Բայց միաժամանակ նաև փափաքում եմ, – իմ ամբո՛ղջ ուժով, – որ Եկեղեցին շարունակի կամավոր նվիրվողներին առաջարկել հասնել սեփական անձի ամբողջական պարգևմանը հանուն սիրո:
Հիսուսն ասել է. “Չկա սիրո ավելի մեծ ապացույց, քան սեփական կյանքի նվիրաբերումը սիրված անձի համար” »:
«Բայց քահանաները միշտ չէ, որ տալիս են սիրո այդ վեհ վկայությունը»:
«Փորձում են, բայց ո՛չ բոլորի մոտ է լիովին ստացվում»:
«Ուրեմն ինչո՞ւմ է կայանում նրանց տված վկայությունը»:
«Նրանցից ոմանք վկայում են լեռան գագաթից, որին հասնում են, և այդ բարձունքից նշան են անում: Ուրիշներ անդադար փորձում են հասնել այդ բարձունքին, բայց զանազան պատճառներով չեն կարողանում: Այդպես էլ վկայում են, որ արժե այդ նպատակի համար նվիրաբերել սեփական կյանքը: ...
... Ներքևում, հովտում», խոսքերը դանդաղորեն արտաբերելով շարունակեց Իմաստունը, «ամուսնացածները նույնպես կոչված են վկայելու: Ամուսնության Խորհրդով, – այդ մասին քեզ ասել եմ, – հանձն են առնում կենդանի հայելացումները լինելու Իր Եկեղեցու հանդեպ Հիսուսի հավատարիմ Սիրո: Ի՞նչ ես կարծում, ամուսինների մոտ միշտ ստացվո՞ւմ է ... »:
 
Լռեց, և ես հարգեցի այդ վշտալի խոստովանության լռությունը:
 
 
...
Անորոշության մեջ էի: Չգիտեի, արդյոք կարո՞ղ էի շարունակել խոսակցությունը, թե ո՛չ:
Մի պահ մտքիս առաջ հայտնվեց հիվանդապահուհին, ու մի տեսակ տարօրինակ զգացում ունեցա. կարծես իր խիստ հայացքով նայում էր ինձ:
Այդ հայացքն ինձնից իսկույն հեռու վանեցի:
... Որովհետև կամենում էի իմանալ. լա՛վ, հասկացա, որ քահանաները կոչված են Եկեղեցում էական ծառայություն մատուցելու և հանուն սիրո ընդունում են հրաժարվել ամեն ինչից, որպեսզի առանց խոչընդոտների կարողանան իրականացնել այդ ծառայությունը: Իսկ կրոնավորնե՞րը, կրոնավորուհինե՞րը, վանականնե՞րը ... : Նրանց գոյությունն ի՞նչ իմաստ ունի:
Հասկանում էի նրանց, ովքեր նվիրվում էին աղքատներին. նրանց, ովքեր աշխարհի այս կամ այն ծայրն էին մեկնում Ավետարանի Բարի Լուրը քարոզելու համար ... : Բայց մյուսնե՞րը. նրանք, ովքեր փակվում էին վանքերում ու մենաստաններում:
Այլևս չէի համարձակվում մտածել, թե ծիծաղելի էին կամ խենթ, ... բայց ուրեմն ինչո՞ւ էին այդպես վարվում: Ի՞նչ գաղտնիք կար նրանց կյանքում: Ի՞նչ խորհուրդ կար “կյանքում”:
Հիվանդապահուհին թող ներողամիտ լինի, բայց ես պետք է շարունակեի:
Գիտեի, որ Բարեկամս կպատասխաներ, և միաժամանակ զգում էի, մի քիչ աղոտ կերպով, որ այդ պատասխանի կարիքն ունեի: Ո՛չ թե մի պարզ իմացական հետաքրքրասիրություն գոհացնելու նպատակով, կամ ընկերներիս խայթող հեգնանքին պատասխանել կարողանալու, այլ՝ իմ սերն ավելի լավ, լավագույնս ապրել կարողանալու համար:
 
 
«”Ի՜նչ իմաստ ունի նրանց գոյությունը”, “Ինչի՜ են նրանք ծառայում”, “Ինչի՜ են նրանք պետք” », հառաչեց Իմաստունը: « ... Մարդկային խղճուկ հարցեր ... :
Մարդիկ, որ կառչում են այս երկրին, կարծելով, թե հավիտենական է,
որ կծում են հացն իրենց սոված բերաններում
և պինդ սեղմում են մարմիններն իրենց չափազանց ագահ գրկում:
Մարդիկ, որ ուզում են երջանկություն քաղել վայրի աշխարհից,
ներթափանցելով նրա գաղտնիքների մեջ և տիրանալով նրա ուժերին:
Մարդիկ, որ երկաթե ու գրանիտե աշտարակներ են կանգնեցնում
և հավակնում են դրանք մինչև երկնքի դռներն հասցնել:
Մարդիկ, որ վեր են կենում և աշխատում են և պայքարում,
ապա քնում են, որպեսզի հետո նորից աշխատեն և ուժասպառ մեռնեն:
Մարդիկ, որ զավակներ են ծնում, որովհետև ... պարզապես այդպես է կարգը ... :
Զավակներ, որ իրենց հերթին վեր են կենալու, աշխատելու են, պայքարելու,
ապա քնելու են, նորից ու նորից աշխատելու համար ...
և մահանալու են քրտնաթաթախ, կյանքները փոշու վերածած:
 
Պնդագլուխ մարդիկ, ասացե՛ք ինձ, դուք գիտե՞ք.
ինչի՞ է պետք փոքրիկ ծաղիկը, որ ծնվում ու մահանում է սաղարթախիտ պտերների տակ թաքնված,
իսկ քանդակազարդ քա՞րը՝ տաճարների գմբեթին դրված,
իսկ լուսաշող ա՞ստղը՝ բյուր հազարավոր աստղերի կողքին:
Ինչի՞ է պետք երաժիշտը, որ փակ սենյակում նվագում է միայնակ, կամ վիթխարի գումարներ արժեցող գեղանկարը, որ նախանձախնդրորեն պահում են զրահապատ սենյակում:
Ինչի՞ է պետք ծաղիկների փունջը, որ դանդաղ թառամում է հին ու դեղնած լուսանկարի առաջ:
Իսկ երիտասարդ մայրի՞կը, որն անշարժ ու միայնակ, զմայլելի հիացմունքով նայում է իր քուն մտած մանկանը:
Ինչի՞ է պետք կույրը, եթե չի տեսնում. խուլը, եթե չի լսում. անդամալույծը, եթե չի քայլում. գիտակցությունը կորցրած ծերունին, որ շարունակ մահանում է առանց մահանալու ... :
Եվ ինչի՞ է պետք մեր այստեղ լինելը, երբ այստեղ ենք հենց այնպես,
մի ուրիշի կողքին, որն այստեղ է:
 
Մարդիկ, դուք դա գիտե՞ք, ուրեմն գիտե՞ք դա:
Եթե չգիտեք, եթե չգիտեք այլևս,
ամենադժբախտներն եք, ուրեմն, մարդկանց մեջ,
որովհետև երբեք էլ չեք իմանա, թե ինչի՛ է պետք կյանքը,
և երբեք էլ չեք հասկանա, թե ի՛նչ է սիրելը:
Տե՜ր, կարիքն ունենք, ա՜հ այո՛, կարիքն ունենք
մեր մեջ ՏԵՍՆԵԼՈՒ արանց և կանանց,
որոնք սկզբունքայնորեն ոչնչի չեն ծառայում, այլ միայն՝ սիրելու,
որպեսզի կարողանանք ի վերջո բացահայտել ու հավատալ,
որ ՍԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ է,
որ ավիշն է և որ կյանքն է,
և շունչը, և արյունը, և ԲԵՐԿՐԱՆՔԸ
այս վիթխարի մարդկության:
 
Ո՜վ Տեր, հայացքդ մեր կողմ դարձրու,
մեր՝ խեղճ մարդկանցս, որ շատ հաճախ քայլում ենք քթներս փոշու մեջ, ոտքներս՝ ցեխոտ, սրտներս՝ մեր փոքրիկ երջանկություններին կպչած, իսկ մեր միտքը՝ մեր սքանչելի ձեռքբերումների պատճառով գոռոզացած ու ինքն իրենից դուրս ելած:
Շարունակիր մեր մոտ ուղարկել նման արանց ու կանանց, Սիրո այս կամավորներին,
Սիրո՝ սիրուց անդին,
ո՛չ թե որպեսզի նրանք մեր համար օրինակ հանդիսանան,
– մեր մեջ էլ կան օրինակելիներ – ,
ո՛չ թե որպեսզի մեզ շեղեն մեր պարտականություններից,
– դրանք դժվարությամբ ենք կրում, բայց գեղեցիկ են – ,
ո՛չ թե որպեսզի շուք գցեն մեր սիրո վրա,
– մեր սերը Քո կամքն է և Դու օրհնել ես այն – ,
այլ՝ որպեսզի մեր մեջ, մեր շրջապատում,
տեսանելի կամ գեթ նշմարելի վկաները լինեն ԷԱԿԱՆԻ,
նշաններ և լույսեր լինեն մեր կյանքի ընթացքում:
 
Նրանք մեզ թող հիշեցնեն,
որ մարդկանց Քաղաքը գեղեցիկ է, բայց որ մի ուրիշ Արքայություն
այս երկրի սրտում խորհրդավոր կերպով աճում է և վախճան չի ունենալու.
որ երջանկությունը միայն երկրային սննդի մեջ չէ,
այլ նաև՝ լսված ու հավատարմորեն ապրված Խոսքի:
 
Նրանք մեզ թող ցույց տան,
որ գերագույն ազատությունը չի կայանում նրանում, որ մարդը միշտ անի այն, ինչ իր քմահաճույքն է ուզում,
այլ՝ ընդունակ լինելու, հանուն սիրո, ազատակամ ենթարկվելու:
Նրանք, իրենց կյանքո՛վ, թող մեզ ապացուցեն,
որ սերը մարմինների լեզվով չէ միայն, որ խոսում է,
քանի որ մարմինը մի օր լռելու է, մինչ սիրտը երգելու է միշտ.
որ կյանքն, ի վերջո, կարող է պարգևվել նաև ա՛յլ կերպ, և ո՛չ միայն մարմնով,
և որ յուրաքանչյուր գոյություն արգասավոր է այնքան, որքան ուժգին է իրեն կենագործող սերը:
Երանի՜ նրանց, ովքեր կարող են ՏԵՍՆԵԼ
այս արանց ու կանանց,
որոնք իրենց սրտերում տեղ ունեն աշխարհի ցավերի և ուրախությունների համար,
մշտարթուն համայնք, համախմբված եղբայրներ,
որոնք թույլ են տալիս, որ սերն հասնի իրենց, և իրենց երախտագիտությունն են երգում,
աղոթական հայացքով դիտելով Նրան – Նրա անտեսանելի ներկայության – ,
Նրան, որ ԱՍՏՎԱԾ է և որ ակնկալում է ՍԵՐ:
 
Երանի՜ նրանց, ովքեր կարող են ՀԱՍԿԱՆԱԼ,
որ եթե Աստված Աստված է,
արդարացի է, որ որոշ կամավորներ,
իրենց մարմինը, սիրտը, հոգին ամբողջական պահած,
ամբողջովին հավաքված,
լինեն Նրա համար, ձրիաբար ընծայելով իրենց կյանքերը,
քանի որ Նա, ահա՛, ձրիաբար, մեր համար է»:
 
Տեսա, որ Իմաստունն աղոթում էր:
 
Երկարատև դադարից հետո, վերսկսեց խոսակցությունը. «Սիրելիս, ի՜նչ էինք անելու մենք վաղը, եթե այսօր մեր մեջ այլևս չլինեին այս այրերն ու կանայք, որոնք, Հոգու հրավերով, մեր համար դառնում են ՆՇԱՆՆԵՐ, որ ՍԵՐԸ անսահմանորեն գերազանցում է սիրույն, և որ ձրի է ... »:
 
Ապա կրկին խորասուզվեց լռության մեջ:
Հանգիստ էի, խորապես երջանիկ, որովհետև – դրանում այլևս վստահ էի – այսօր արդեն հասկացել էի: Եվ առաջին անգամ լինելով բացահայտում էի, որ այլևս վախ չէի զգում: Շարունակում էի ինձ նույնքան տկար զգալ, բայց մտածում էի, որ վերջապես պատրաստ էի գործադրելու սիրելու ջանքը:
 
 
Իմաստունը շատ հոգնած էր: Դա զարմանալի չէր: Երբ խոսում էր, երկար ու կրքոտ, խոսքերն իր շուրթերից արագ հոսում էին վարարուն գետի նման: Այնքան էր խանդավառվում, որ ես երբեմն վախենում էի, թե նրա դեմ բարձրացրել էի բոլոր ամբարտակները, կռահելով, թե նրա համար որքան հոգնեցուցիչ պետք է որ լիներ այդ վիճակում խոսելը: Դա ինձ վշտացնում էր, այսօր ավելի՝ քան երբեք, որ այդքան ագահ էի եղել իր խոսքերին ... :
Բայց ծարավ էի:
«Հնարավո՞ր է», մտածում էի, «որ այլևս չկարողանամ Բարեկամիս մոտ գալ ծարավս հագեցնելու»:
 
 
 
Միջանցքից ոտնաձայն լսվեց: Ինչ որ մեկը գալիս էր: Նա էր: Այսքան շո՞ւտ:
Այդ մի ակնթարթը բավական եղավ, որ շփոթվեմ, անհանգստանամ, նման այն երեխային, որին բռնել են չարություն անելիս: Իմաստունը կռահեց վրդովմունքս և, հավատարիմ մեղսակցի նման, տակավին ուժ գտավ ժպտալու և ասաց.
«Կարևոր չէ: Վերջին անգամն է ... : Եվ սակայն ... », հառաչեց իսկույն լրջանալով, «դեռ շա՜տ բաներ կային ասելու»:
 
 
Նա ներս մտավ թեթև, լուսավոր, արևի ճառագայթի նման:
Իսկույն Իմաստունին դիմեց. «Ինչպե՞ս եք: Դեռ մի քիչ տկա՞ր եք զգում Ձեզ»:
Նրա ձայնը երգում էր: Մինչ այդ դեռ չէի նկատել, որ նրա ձայնը երգում էր:
«Շատ լավ եմ», ասաց Իմաստունը: «Ես ու ընկերս խոսում էինք»:
«Տեսնում եմ», ասաց դեպի իմ կողմ շրջվելով, բայց այս անգամ իր հայացքը հանդիմանական չէր: Ապա խոսքն արագ շարունակեց, կարծես ուզում էր ինչ որ մի նեղացուցիչ մտքից ազատվել. «Հուսամ չեք վիրավորվել ինձնից»:
«Ինչի՞ համար», զարմացած հարցրեցի ես:
«Նամակի ... : Չգիտեի ինչպես շարադրեի մտքերս ... : Մենք իրար չենք ճանաչում ... »:
Ինձ թվաց, թե իր ձայնի մեջ ցավի ու ափսոսանքի զգացումներ կային, ինչն ինձ հաճելի եղավ ... մինչ զգում էի, թե ինչպես էր միևնույն զգացումը նաև իմ սրտում ծնվում:
«Մի՛ անհանգստացեք», պատասխանեցի: «Պարզապես մտածեցի, որ եթե Ձեր տեղը լինեի, ես էլ նույն բանը կանեի»:
Պատասխանս լսելով՝ ժպտաց, հանգստացած: Եվ ես մտքումս ինքս ինձ ասացի, որ այդ հիվանդապահուհին շատ ավելի ազնիվ էր, քան ես կարծում էի:
Կուզենայի շարունակել մեր երկխոսությունը, բայց նա նորից դիմեց Իմաստունին.
«Գնամ դեղերը պատրաստեմ գիշերվա համար: Կվերադառնամ մոտավորապես ժամը տասին: Կքնեմ այնտեղ՝ բազկաթոռին: Չմտահոգվեք, քունս թեթև է: Բժշկի նշանակած դեղերից ոչ մեկը բաց չեմ թողնի»:
Նրա այդ խոսքերից հասկացա, որ պատրաստվում էր Իմաստունի մոտ անցկացնել գիշերը:
 
Բայց, հանկարծ մտածեցի, ինչո՞ւ ոչ ես: Իմ տեղը Բարեկամիս կողքին է:
Առաջարկեցի, որ ես մնամ գիշերը: Նա չպատասխանեց, նայեց Իմաստունին: Վերջինս գլխի թեթև շարժումով տվեց իր համաձայնությունը: Եվ շատ զարմացա, երբ նա վստահությամբ ասաց. «Եկե՛ք, Ձեզ ցույց կտամ այն դեղերը, որ պետք է տաք հիվանդին: Ես վաղը լուսաբացին կգամ նրան ներարկում կատարելու, ... իսկ հետո մեր բարեկամը հեռու տեղ կմեկնի: Նրան շատ շուտ կգան վերցնելու, քանի որ ճամփորդությունը երկար է ... »:
Չնայած իմ խոր տխրությանը, ուրախ էի, որ գոնե վերջին գիշերը կարող էի Բարեկամիս ընկերակցությամբ անցկացնել: Նրա հայացքից հասկացել էի, որ նա էլ էր ուրախ:
 
Մի ժպիտով շնորհակալություն հայտնեցի հիվանդապահուհուն և նա էլ իր ժպիտով պատասխանեց ինձ:
Մենք էլ էինք ընկերներ դարձել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։