- 39 - – Գրադարան – Mashtoz.org

- 39 -

Իմաստունի բազկաթոռի վրա էի տեղավորվել: Այն մոտեցրել էի նրա անկողնուն, որպեսզի ավելի մոտիկից հետևեի Բարեկամիս: Եվ հայացքով շոյում էի նրա դեմքի կնճիռների ակոսները, որոնք կարծես սրտի երգն էին թրթռացնում: Գեղեցիկ էր այդ դեմքը, որ լռությամբ երգում էր: Ես լսում էի:
Իմաստունը քնած էր:
Ես՝ արթուն:
Ինձ լավ էի զգում, որ արթուն էի, հիվանդ Բարեկամիս կողքին:
Հանկարծ սկսեցի մտածել այն արանց ու կանանց մասին, որոնց մասին խոսում էինք մեր երեկվա զրույցի ժամանակ: Անձինք, որ արթուն հսկում են, աշխարհով մեկ ցրված. սրտեր, որ բաբախում են Աստծո առաջ, մինչ մյուսները քնում են: Արթուն էին «Նրա» համար. դա մաքուր սեր է: Ես էլ արթուն էի Բարեկամիս համար: Մի գիշեր, ձրիաբար նվիրված: Նրա հանդեպ որդիական սեր էի զգում: Ցանկությունն ունեցա դրա մասին նրան ասելու, բայց քնած էր: Ավելի լավ:
Հոգեպես միացա բոլոր այդ անծանոթ հսկողներին, մուտք գործելով և մասնակցելով սիրո ու կյանքի այդ մեծ հորձանքին, որ ողողում է ողջ աշխարհը: Եվ զարմանում էի, որ հնարավոր է սիրել այդպես, անշարժ, անխոս, առանց որևէ բան “անելու”, և այնպես՝ որ ոչ ոք դրա մասին չիմանա: Գիշերվա սրտում:
Աղոթում էի:
 
 
Մտքումս կրկնում էի հիվանդապահուհու տված ցուցմունքները. նախ այս մեկը, հետո այս մյուսը ... : Ամեն ինչ հստակ էր: Դեղերը հերթականությամբ դասավորված էին կողքի սենյակում: Սխալվելն անհնարին էր:
 
Հիվանդապահուհու մասին էի մտածում: Տեսնես քանի՞ տարեկան կլիներ: Փորձում էի նրա տարիքը որոշել՝ հաշվելով ուսման տարիները և դրանց ավելացնելով երկու տարի ևս, քանի որ «երկու տարի է, ինչ աշխատում է», ասել էր ինձ Իմաստունը: Եկա այն եզրակացության, որ նրանից պետք է որ մի քանի տարի ավելի մեծ լինեի ... :
Անհնարին էր թվում: Մեր երկուսիս միջև տարիքային այդքան քի՞չ տարբերություն կար: Նա շատ ավելի երիտասարդ էր թվում: Դրա պատճառը թերևս նրա երկար մազերն էին: Գեղեցիկ էր նրա մազերի այդ ձևն ու կտրվածքը, որ ալիքների նման ծփում էր նրա ուսերին, գլխի յուրաքանչյուր շարժման հետ: Եթե ավելի կարճ կտրված լինեին, վստահ եմ, որ ... բայց ո՛չ, դա ոճրագործություն կլիներ: Դա նրան չէի ների: Կամ թերևս նրա բաց երկնագույն աչքե՞րն էին պատճառը: Նրանցից ճառագայթող լույսը գարնան լույս էր և ո՛չ թե՝ ամառվա: Զայրացել էի ինքս իմ դեմ, մտածելով, թե ինչպե՞ս էի կարողացել խիստ համարել այդ դեմքն ու հայացքը: Գլուխս ո՞ւր էր և ո՞ւր էր սիրտս: Ինչպե՞ս էի կարողացել ինձ նման սխալ թույլ տալ:
Եվ վերսկսում էի հաշվարկներս՝ տարիքը որոշելու համար:
 
 
Մեղմիկ հպվեցի Իմաստունի ձեռքին: Նա բացեց աչքերը: «Դեղը խմելու ժամն է», ասացի հաբերը նրան պարզելով: Խմեց առանց մի խոսք ասելու, ապա գլուխը բարձին դրեց: Կարծում էի, թե նորից քուն էր մտել, բայց իմ կողմ շրջվեց ու ասաց.
«Պետք է քեզ ասեմ ... »:
«Ո՛չ, Դուք պետք է հանգստանաք: Չպետք է հոգնեք»:
«Այնքա՜ն քիչ ժամանակ ունենք ... »:
«Բայց շատ ենք խոսել»:
« ... Մի քանի հարցեր ենք միայն քննարկել այս եզակի սիրո մասին, որ կյանք է տալիս մարդկանց ամբողջ գոյությանը: Արդ.
 
Ոչ մի սիրտ չի աճում, եթե իր հետ միասին չեն աճում գլուխը, ձեռքերն ու ոտքերը, և մարդը լիովին չի զարգանում, եթե իր հետ միասին չեն զարգանում նաև իր բոլոր եղբայրները ... :
 
Ամբողջ մարդկությունն էլ չի աճում, եթե միացած չէ տիեզերքին. սանձված ու կանոնակարգված նյութին ու կյանքին:
 
Իսկ պատմությունն էլ կաղում է, եթե ազատ մարդիկ չեն ճանաչում և չեն ընդունում Նրան, ով քայլում է իրենց հետ, ազատում է իրենց այն ամենից, ինչը խոչընդոտ է հանդիսանում սիրո ճանապարհին, և պարգևում է Իր ԿՅԱՆՔԸ, որպեսզի նրանք սիրեն Իր հետ միասին:
 
 
Ամեն բան փոխկապակցված է միասին, բայց միայն մեկ Ճանապարհ կա. այն ձգվում է ՍԻՐՈՒՑ դեպի ՍԵՐԸ, Նրա հետ, ով ՍԵՐՆ է:
 
...
Յուրաքանչյուր ոք պետք է ներկա լինի: Սիրելով»:
«Բայց ներկա ... որտե՞ղ», համարձակվեցի հարցնել տակավին:
«Ես էլ եմ վարանել, չափազանց երկար երազել: Եղբայրներս սպասում էին ինձ, ճանապարհ ընկած վիթխարի ժողովուրդ,
և նրանցից յուրաքանչյուրը դիմանում էր, զբաղեցնելով իր տեղը,
ես էլ փնտրում էի իմ տեղը, հաճախ ինքս ինձ անպիտան համարելով,
բայց իմ տեղն իմ իսկ ոտքերի տակ գտա, իմ իսկ կյանքի տարածքում:
Այնտեղ՝ ուր որ դու գտնվում ես, դու կգտնես:
 
Բա՛ց աչքերդ: Նայի՛ր:
Դեպքերի ու իրադարձությունների մեջ, Աստված միշտ նշան է անում»:
...
«Մի ուրիշ անգամ», ասացի, «երբ վերադառնաք, դեռ կխոսենք այս մասին»:
Չպատասխանեց:
Աստված նշան է անում դեպքերի ու իրադարձությունների միջով: Ճիշտ է: Անձամբ ինձ Նա նշան էր արել և խոսել էր Իմաստունի հետ ունեցածս այդ արտասովոր ու հիանալի հանդիպման միջոցով:
Բայց այն, ինչ ինձ պատահել էր, իրոք այդքան արտասովո՞ր էր: Մի՞թե յուրաքանչյուր մարդու ճակատագիրը չէ հանդիպել եղբայրների, որոնք իր համար «խոսք» են, և ապրել դեպքեր ու իրադարձություններ, որոնք «նշաններ» են: Բայց հարկավոր է բացել սեփական ականջներն ու լսել, բացել սեփական աչքերն ու նայել, և թողնել, որ սեփական սրտում ծնվի այս Խոսքը խոսքի մեջ, իսկ սեփական ճանապարհի վրա՝ այս Լույսը, որ հնարավորություն է տալիս ՏԵՍՆԵԼՈՒ:
Թերևս այլևս երբեք չեմ տեսնի Բարեկամիս: Անսահմանորեն տխուր էի, բայց հանկարծ հասկացա, որ միշտ էլ լսելու էի Իմաստունի ձայնը, քանի որ մի ուրիշ Ձայն էր, որ ես լսում էի իր ձայնի միջոցով:
Իսկ այդ Ձայնը, եթե հավատարիմ լինեի, չէր լռի այլևս երբեք:
 
 
Նորից սկսեցի հիվանդապահուհու մասին մտածել: Արդյո՞ք նա էլ ինչ որ մի բան ուներ ինձ ասելիք: Դա ակնհայտ էր: Բայց իրար չէինք ճանաչում: Նա կարծես թե ցավում էր դրա համար: Ես նրան չէի լսել, նրան չէի նայել: Կամ էլ՝ շատ քիչ: Ինչո՞ւ էի մերժել նրան այն հայացքը, որը դիմացինին հրավիրում է և հնարավորություն տալիս դուրս գալու ինքն իրենից: Արդյոք ի՞նչ կասեր նրա սիրտն իր խոսքերի միջոցով: Որոշ խոսքեր, – սրանում համոզված եմ, – արտասանվելու համար սպասում են, որ ինչ որ մեկը լսի իրենց:
Շատ էի ափսոսում նրա նկատմամբ ցուցաբերածս սակավ ուշադրության համար:
 
«Ինչի՞ մասին ես մտածում», հարցրեց Իմաստունը:
Մարմնովս դող անցավ: Չէի նկատել, որ Բարեկամս արթուն էր և իր ուշադիր հայացքով ինձ էր նայում: Ամաչեցի, շփոթվեցի, կարմրեցի, և է՛լ ավելի կարմրեցի՝ զգալով, որ կարմրում էի: Ինձ նման բան հաճախ չէր պատահում: Բարեբախտաբար, դեմքս շատ լուսավորված չէր: Ծիծաղելի վիճակում էի հայտնվել և չէի համարձակվում պատասխանել:
Երկար լռությունից հետո, նա ինքն ասաց.
«Գեղեցիկ է, չէ՞»:
... Այս անգամ պատասխանեցի. «Այո՛»:
Փակեց աչքերը, ժպիտը դեմքին ... տակավին հավելելով.
«Բայց նույնքան գեղեցիկ է նաև իր սրտում: ... Եվ դու էլ ես գեղեցիկ քո սրտում»:
Ապա գլուխը մյուս կողմ շրջեց և ես հասկացա, որ նա ուրիշ բան այլևս չէր ասելու:
 
 
Հանդարտվել էի և խիղճս հանգիստ էր. ճշգրիտ կերպով հետևել էի բժշկի տված ցուցմունքներին:
Իմաստունն արթուն էր:
«Դուք չեք քնում», ասացի: «Խելամիտ չէ»:
«Բավական քնեցի: Հարկավոր չէ միշտ քնել ... :
Լսիր, պետք է քեզնից ներողություն խնդրեմ ... : Մի՛ ընդդիմացիր, խնդրում եմ: Թո՛ղ խոսքս ամբողջացնեմ ... :
Մտածում էի մեր զրույցների մասին և կարծում եմ, որ քեզ բավականաչափ չեմ ասել, որ սերը ԲԵՐԿՐԱՆՔ է: Աստված այդպես է կամեցել: Երբ երկու էակներ հանդիպում են և միմյանց միացնում իրենց սիրտը, մարմինը, իրենց ամբողջ կյանքը, նրանց մեջ ծնվում է մի անսահման երջանկություն, որը ոչ մի դժվարություն չի կարող հանգցնել, եթե նրանց սերն իրական է:
Իսկապես սիրել՝ նշանակում է մտնել Աստծո անսահման ԲԵՐԿՐԱՆՔԻ մեջ:
Ներիր ինձ, բայց նաև հասկացիր: Բազմաթիվ ու բազմաթիվ երիտասարդների եմ հանդիպել, որոնք երևակայում էին, թե սերը հեշտ է. երիտասարդներ, որոնց հետո տապալված եմ տեսել, գետին ընկած, և լսել եմ, թե ինչպես էին լալով ողբում կամ մինչև իսկ անիծում իրենց փշրված երազանքների բեկորները: Կամեցա հասկացնել քեզ, որ սերը գեղեցիկ է, բայց դժվարին ... : Ինչպես նաև ... դու գիտես իմ փորձառության մասին ... : Սերն իմ համար շա՜տ հաճախ “տառապանք” է եղել»:
«Հասկանում եմ», ասացի: «Ես եմ, որ պետք է ներողություն խնդրեմ: Ձեզ տառապանք եմ պատճառել, խնդրելով խոսել սիրո մասին»:
«Ոչնչի համար չեմ ափսոսում»:
«Դուք շա՜տ եք տառապել, բայց նաև շա՜տ եք սիրել»:
«Ո՛չ բավականաչափ: Երբեք չենք սիրում բավականաչափ»:
«Դա Ձեզ մտահոգո՞ւմ է»:
«Ո՛չ, երջանիկ եմ ու խաղաղ, որովհետև գիտեմ, որ ինձ սիրում է Նա՝ ով ՍԵՐ է»:
 
 
Ժամն այլևս մոտ էր, երբ բաժանվելու էի Իմաստունից: Նրան այլևս երբեք չէի տեսնելու: Այլևս երբեք չէինք զրուցելու: Անշուշտ, գնալու էի իր խոսքերի Աղբյուրից խմելու, «Գրքից», բայց կարիքն ունեի մի դեմքի, որին սիրեի, և մի ձեռքի, որ պարզվեր դեպի ինձ ու սեղմեր իմ ձեռքը, որպեսզի իմանայի, որ սիրված էի ... :
Եվ շա՜տ կուզենայի, որ Բարեկամս ճանաչեր այն կնոջը, որի հետ կիսելու էի կյանքս:
Այդ կինը գոյություն ուներ, ինչպես Իմաստունն ինձ ասել էր ... «Ո՜վ իմ անծանոթ սեր ... »:
Եվ ինձնում հանկարծ մի հարց ծնվեց, սրտիս խորքում, որը չկարողացա զսպել: Կքվեցի Իմաստունի կողմը: Դեռ արթուն էր: Մեղմ ձայնով ասացի.
«Աստված մեր համար կյանքի ընկեր չի ընտրում, ասացիք: ... Բայց կանխավ արդեն գիտի՞, թե ո՛ւմ ենք մենք ընտրելու»:
«Աստված Հայր է, սիրելիս: ՏԵՍՆՈՒՄ Է Իր բոլոր զավակներին: Ինչո՞ւ չի կարող փափաքել և մաղթել, որ այս մեկը և այն մյուսը հանդիպեն միմյանց ու ճանաչեն: Երբեմն երկրային հայրերը, և նրանք, ովքեր սիրում են, այս կերպ են երազում, բայց կարող են նաև սխալվել: Նա, մինչդեռ, երբեք չի սխալվում, որովհետև Իր սերը կատարյալ է: Գիտի, որ այդ հանդիպումը կարող է նրանց երջանկության սկիզբը դառնալ: Երբեմն երբեմն նշան է անում, առանց շատ աչքի ընկնելու, մարդկանց, դեպքերի ու իրադարձությունների միջոցով ... : Բայց ամեն ոք մնում է ազատ:
Եթե զավակներն ուշադիր են ու հավատարիմ, իրենց փափաքը հանդիպում ու համնկնում է Աստծո փափաքին: Այդ ժամանակ գերառատ բխում է բերկրանքը: Նրանց բերկրանքը՝ Նրա ԲԵՐԿՐԱՆՔԻ մեջ:
Գեղեցիկ է»:
 
 
Իմաստունին արդեն տվել էի իր վերջին դեղորայքը:
Բարեկամս այժմ հանգստանում էր: Կարծեմ թե քնած էր:
Դանդաղորեն, օրը լուսանում էր: Եղանակը պայծառ էր և տեսա, որ մի ջինջ առավոտ էր սկսվում:
Նայեցի ժամացույցին: Վերջին ժամն էր: Դանդաղ էր առաջ գնում, շա՜տ դանդաղ: Ինչո՞ւ էր այդ ժամն ինձ ավելի երկար թվում նախորդներից: Արդյո՞ք հոգնածությունն էր պատճառը: Չեմ կարծում, քանի որ ինձ սթափ վիճակում էի զգում, միտքս ջինջ էր ու լիովին արթուն, և ... ինձ հաճելիորեն երջանիկ էի զգում: Թեև մի քիչ վատ էի զգում այդ ուրախությանս համար և ինքս ինձ հանդիմանում էի: Ես ու Բարեկամս միմյանցից բաժանվելու վրա էինք: Ինչպե՞ս կարող էր սրտումս տեղ գտնել երջանիկ այդ զգացումը: Տխուր չէի, այլ՝ անհամբեր:
Սպասում էի: Ինչի՞ էի սպասում ... :
 
Հանկարծ հասկացա, որ «ինչ որ մի բանի» չէի սպասում, այլ՝ «ինչ որ մեկին»: «Նա» ասել էր, որ գալու էր լուսաբացին: Ես սպասում էի նրան: Այս ակնհայտ սպասումը, որ երկար ժամանակ փակված պահել էի սրտումս, վերջապես ժայթքում էր, բերելով իր հետ մի սաստիկ ուրախություն, որի ի՛նչ և ինչպիսի՛ լինելը չէի հասկանում, քանի որ նման զգացում առաջ երբեք չէի ունեցել: Քիչ էր մնում արթնացնեի Իմաստունին, որպեսզի հայտնեի նրան իմ գաղտնիքը: Բայց նա խորը քուն էր մտել: Մի հայացք նետեցի սենյակի չորս կողմը, որն արդեն թեթևորեն լուսավորվում էր օրվա առաջին լույսերով: Ամեն ինչ անշարժ էր: Լռություն էր տիրում: Զարմանում էի, որ շուրջս ոչինչ չէր փոխվել: Այդ ժամանակ ներսումս մի բութ անհանգստություն արթնացավ, սև ամպի նման տարածվելով նորածին ուրախությանս վրա: Արդյո՞ք դա երազ չէր: Ցանկություններիս այն ցնորամիտ պատրանքներից մեկը, որոնց շա՜տ անգամներ էի զոհ դարձել:
 
Փակեցի աչքերս՝ նրան ներքուստ ավելի լավ տեսնելու համար: Նայում էի նրան: Այո՛, գեղեցիկ էր, և զգացի, որ հայացքս նրա վրա քնքշորեն հանգչելով չէր մթագնում նրա փայլը: Դրա համար իրոք երջանիկ էի:
Սկսեցի ուրիշ փաստեր էլ փնտրել, համոզվելու համար զգացումներիս իրական լինելուն: Մի պահ երևակայեցի, թե ինչ որ մեկը փորձում է նրան ցավ պատճառել: Իսկույն ոտքի ցատկեցի. նման բան երբեք չէի հանդուրժի: Ամեն բան կանեի, որպեսզի նա երջանիկ լիներ: Նա դրան արժանի է: Եվ այս միտքն ինձ վստահություն ներշնչեց: Բայց ես նրան չէի ճանաչում ... : Այն ամենն, ինչ մտածում էի, անմիտ խենթություն էր:
Եվ սակայն, վստահ էի:
Նայեցի Իմաստունին, բայց դեռ քնած էր:
Սպասում էի:
 
Սպասում էի ... : Մտածում ... : Կասեմ նրան, որ թերևս կարող ենք ծանոթանալ ... : Որ եթե նա համաձայն լինի, կարող ենք միասին զբոսանքի դուրս գալ: Որ ... : Բայց ինչո՞ւ երազել: Ոչինչ էլ չէի կարողանալու ասել նրան: Ես, որ սովորաբար բավականին համարձակ էի աղջիկների հետ, ինձ երեխայի նման երկչոտ էի զգում:
 
 
Հանկարծ միջանցքից ձայներ լսվեցին: Երեկվա նման: Այլևս ճանաչում էի նրա ոտնաձայնը: Նա էր, դրանում կասկած չկար:
Զգուշությամբ բացեց դուռը, մատը շուրթերին դրեց, ինձ չխոսելու նշան անելով: Չէր ուզում Իմաստունին արթնացնել: Բայց նա արդեն արթնացել էր, լսելով դռան ձայնը, ու մեղմ ձայնով ասաց. «Ժամանակն է, չէ՞»:
«Այո՛», պատասխանեց հիվանդապահուհին: Ապա դեպի ինձ դարձավ ու մեծ քաղաքավարությամբ ասաց. «Այժմ հարկավոր է հրաժեշտ տալ միմյանց: Պետք է ներարկում անեմ և պատրաստեմ մեր Բարեկամին»:
Պապանձվել էի: Կարծես գամված լինեի տեղումս: Միայն հայացքով նայում էի Իմաստունին:
Նա էլ մեզ էր նայում, մեկ ինձ, մեկ հիվանդապահուհուն, ժպիտը դեմքին:
Երջանիկ էր թվում:
«Որքա՜ն գեղեցիկ է», շշնջաց, «մի նոր օր, որ բացվում է: Ամբողջովին նոր մի օր մեր ձեռքերում»:
Ապա ձեռքս բռնեց ու ասաց. «Գնա՛, սիրելիս, մի քանի րոպեով դուրս ել սենյակից: Մեզ շատ ժամանակ հարկավոր չէ: Բայց վերադարձիր նրան ընկերանալու ... : Փողոցները դեռ ամայի են: Մի՞թե կթողնես, որ նա մենակ գնա տուն»:
Իր չարաճճի ժպիտը հազիվ էր թաքցնում գլխիս մի խաղ խաղալու երջանկությունը: Իսկ ես, շփոթված, բայց երջանիկ, հասկացա, որ նա ինձնից առաջ արդեն լսել էր, թե ինչպես էր սիրտս երգում:
Եվ ուրախությունը կրկին վերադարձավ իմ մեջ, ցրելով մութ ամպերը:
 
... Բայց «նա՞»:
Վերջապես համարձակվեցի նրա դեմքին սևեռել հայացքս: Ուզում էի խոսել: Կմկմացի, բայց բերանիցս ոչ մի բառ դուրս չեկավ: Նա էլ փորձեց խոսել, բայց իր փորձն էլ անհաջող անցավ: Որպես արտահայտվելու միջոց, սակայն, նա իր ժպիտն ուներ, և այդ ժպիտն ինձ «այո՛» ասաց:
 
 
Երբ կրկին սենյակ մտա, Իմաստունն արդեն պատրաստ էր: Անկողնու վրա թիկն տված սպասում էր, հանգիստ, խաղաղ:
Չգիտեմ ինչու, բայց հայացքս իսկույն կանգ առավ փոքրիկ ճամպրուկի վրա, որ դրված էր բազկաթոռի կողքին: Այսքա՜ն փոքրիկ ճամպրուկ, մտածեցի, նման երկար ճամփորդության համար: Նկատեց հարցումնալի հայացքս:
«Բազմաթիվ ճամպրուկներ հարկավոր չեն՝ կյանքում ճանապարհ ընկնելու համար», ասաց: «Բավական է սիրել»:
Ապա կրկին երկուսիս նայեց, երկա՜ր, գորովալի հայացքով:
Երկարատև լռությունից հետո, հաստատուն ձայնով ասաց. «Դե՛, զավակներս, գնալու ժամանակն է»: Պարզ է, որ ուզում էր արագացնել հրաժեշտի պահը:
Նախ հիվանդապահուհին մոտեցավ ու գրկեց նրան: «Երջանիկ եղիր», ասաց Իմաստունը:
Ես էլ իմ հերթին խոնարհվեցի նրան գրկելու համար:
«Շնորհակալություն, հայր, Դուք ինձ տվեցիք կյանքը»:
«Մնաս բարով, իմ սիրելի որդի»:
Եվ ժպտալով արտասվում էր: Մենք նույնպես:
 
 
Դեռ անշարժ կանգնած էի նրա առաջ և չէի կարողանում աչքերս կտրել այդ սիրված դեմքից: Այդ պահին հիվանդապահուհին ինքը եկավ իմ մոտ, ձեռքը դեպի ինձ պարզեց ու ձեռքս բռնեց, նախքան կհասցնեի ես ինքս ձեռքս պարզել:
Եվ իմ ձեռքն իր ձեռքի մեջ կարծես դողացող թռչնակ լիներ:
«Ե՛կ», ասաց: Եվ ինձ դեպի դուրս քաշեց:
Տան շեմին կանգնած, վերջին անգամ նայեցինք մեր Բարեկամին: Աչքերը փակ էին, բայց շուրթերը շարժվում էին, և լսեցինք, թե ինչպես էր ևս մեկ անգամ, հստակ կերպով կրկնում. «Բազմաթիվ ճամպրուկներ հարկավոր չեն՝ կյանքում ճանապարհ ընկնելու համար: Բավական է սիրել»:
 
 
 
Դրսում, հորիզոնի խորքում, բարձրանում էր արևը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։