- 4 - – Գրադարան – Mashtoz.org

- 4 -

Իմաստունի դռան առջև էի: Այս անգամ երազ չէր: Բախեցի:
Մի քանի օրվա տատամսումներից հետո որոշել էի կրկին ներկայանալ Իմաստունին: Այնպիսի տպավորություն ունեի, որ կարծես զիջում էի ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի դիմաց, որն ինձնից ավելի ուժեղ էր:
Պարտություն չեմ սիրում:
Բայց վախենում էի: Մի ահավոր սարսափ, կարծես ինչ որ մեկն ինձ քարշ էր տալիս մի անծանոթ արկածախնդրության մեջ, արահետների, որոնք չէի ուզում ճանաչել: Ինքս ինձ մի քիչ քաջություն ներշնչելու նպատակով հանդիմանում էի ինքս ինձ, ասելով, թե վախկոտ էի: Ինչպես նաև շատ մտահոգ էի: Մտածում էի, թե Իմաստունն ի՛նչ էր ասելու իմ այդքա՜ն երկար բացակայությունից հետո:
...
Քնքշությամբ ասաց. «Նստիր, սիրելիս, պետք է որ բավականին հոգնած լինես»:
«Ինչո՞ւ հոգնած»:
«Որովհետև հոգնեցուցիչ ու սպառիչ է սեփական անձի դեմ պայքարելը ... : Անթիվ ու անհամար մարդիկ այս կերպ ժամանակ և ուժ են վատնում: Երկա՜ր տարիներ կռվում, պատառոտվում են, ճանապարհներին թողնելով իրենց կյանքի բզկտված մասերը, մինչ հեռվում կորում են իրենց սարսափահար երջանկությունները:
Ուրիշներ – և սա ավելի ծանր է – նույնիսկ չեն նկատում, որ իրենց ներսում պայքար է տեղի ունենում: Ամեն բան արել են խլանալու, ցրվելու համար, և պայքարի աղմուկն այլևս չի հասնում իրենց մեռած ականջներին: Բայց պատերազմը գիշերվա մեջ է՛լ ավելի դաժան է: Նրանց կյանքն արյունլվա է լինում լռության մեջ: Մի օր զարթնելու են ճանապարհի եզերքին, արյունաքամ ու վարանոտ:
Համոզված եղիր, որ նրանք, ովքեր ընդունում են պայքարը և ... հանձնվում, ամենատկարները չեն, այլ անկասկած՝ ամենաուժեղները»:
 
Իմաստունն ինձ երկար ժամանակ դիտում էր: Դժվարանում էի տոկալ իր հայացքին, ուստի ուրիշ կողմ էի նայում: Գիտակցում էի, որ կարդում էր կիսաբաց սիրտս, բայց հպարտությամբ կամենում էի, որ նա իմ մասին իմանար միայն այն, ինչը որ ես ինքս պիտի ուզենայի հայտնել իրեն:
Որոշեցի խոսել, ու սկսեցի պատմել իմ «փոթորիկների» մասին, այնպիսիք, որոնք գնալով միշտ ավելի են կուտակվում առանց երբևէ պայթելու, ինչպես ամառվա որոշ երեկոներ, որոշ խեղդող գիշերներ, և այնպիսիք, որոնք իրենց հրեղեն սայրերով ուժգին ցնցում են ամեն բան:
 
Խոսում էի ու խոսում, կանխատեսածիցս ավելի էի խոսում ... : Նա ինձ լսում էր անշարժ, ամբողջովին կլանված, և իր զարմանահրաշ լռությունը մեկիկ մեկիկ ազատում էր իմ բանտարկյալ խոսքերը:
Երբ խոսքս ընդհատում էի, քանի որ որոշ բառեր ինձնում չափազանց խորն էին թաղված և ի վիճակի չէին բարձրացնելու շիրմաքարը, նա ՍՊԱՍՈՒՄ ԷՐ, դե՛ռ ավելի ուշադրությամբ: Եվ երբ վերջապես տեսնում էր բառերիս հայտնվելը շուրթերիս վրա, իր լուսավոր հայացքներից մեկը հասնում էր իմ հայացքին, կամուրջ նետելու համար ինձնից մինչև իր մոտ ... :
... Եվ ես դեռ խոսում էի ...
 
Մինչ խոսում էի, մտքովս հետևյալն էր անցնում. «Ինչո՞ւ աշխարհիս վրա քչերն են, որ գիտեն լսել՝ ինչպես այս մարդը»: Բազում խոսքեր են փտում սրտերի դամբաններում, խոսքեր ու բացականչություններ, որոնք ծնվել են քամու և ուրիշ սրտերի համար, որոնք թերևս դրանց քաղցն ունեն:
Անթիվ մարդիկ են մեռնում առանց երբևէ իրենց ներաշխարհն արտահայտելու: Ես դա լավ գիտեի, և շատ ու շատ անգամներ կամեցել էի խոսել, հատկապես երբ ինձ հարցնում էին. «Ի՞նչ է քո կարծիքը», և ես պատասխանում էի ... «ՈՉԻՆՉ»: Քանի որ, խոստովանում եմ, ոմանք փորձել էին “խոսեցնել ինձ”, բայց այն խոսքերը, որ ինձնից “պոկել էին”, ինձնում խոր արմատներ էին թողել: Ավելի հզոր ու ամուր էին վերընձյուղվել, իրենց ծավալով լցրել ու գրավել էին սիրտս. ես խեղդվում էի, տեսողությունս այլևս մթագնել էր:
Բայց այդ օրը հասկացա, որ Իմաստունին կարող էի ԱՄԵՆ ԲԱՆ ասել: Այդ իսկ պատճառով, ժպտում էի:
«Ինչո՞ւ ես ժպտում», հարցրեց:
«Որովհետև ազատվում եմ»:
«Դու, բարեկամս, բացահայտեցիր մի խոր ճշմարտություն: Բազմաթիվ անձինք այսօր, իրենք իրենց չեն ճանաչում, քանի որ հպարտ են. կարծում են, թե միայնակ կարող են լույս աշխարհ հանել իրենց անձնականությունը: Արդ, ոչ ոք չի կարող բացահայտվել իր սեփական աչքերին, եթե չի բացահայտվում մի ուշադիր ու սիրալիր ուրիշի:
Հիմա գնա՛, արդեն ուշ է:
Վերադարձիր վաղը, խոսելու հերթն այժմ իմն է»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։