- 8 - – Գրադարան – Mashtoz.org

- 8 -

Այո՛, գիտեի:
Նայել էի: Լսել:
Ո՞վ կարող է խուսափել այն ձայներից ու պատկերներից, որոնք գրեթե ամեն օր, երբ ճաշի ժամն է, երբ քնելու ժամն է, նենգորեն դիմացդ են ելնում, ամբողջ երեսովդ մեկ հասցված ապտակի նման: Ո՞վ կարող է խուսափել տառապող մարդկության մեր տան պատերից ներս խուժելուց: Ո՞վ կարող է արգելք հանդիսանալ, որ որոշակի լռությունների դատարկության մեջ մի խորհրդավոր արձագանք անվերջ չկրկնի վշտացածների աղաղակները:
Բայց ի՛նչ է, հանցավո՞ր էի, որ հայր ու մայր էի ունեցել, որ գլխիս վերևում տանիք կար, իսկ սեղանիս՝ մի քանի կտոր հաց:
Հանցավո՞ր էի, որ կարդալ էի սովորել և որ աշխատանք ունեի, որով վաստակում էի ապրուստս:
Ամբողջովին տակնուվրա էի: Աշխարհի տառապանքը բուռն կերպով հալածում էր ինձ և ես ի վիճակի չէի այն հանդուրժելու:
Այո՛, լսել էի, նայել էի, բայց այլևս չէի ուզում ո՛չ լսել, ո՛չ էլ տեսնել:
Բանալիով փակեցի բոլոր դռներս:
 
Թեև, որոշ օրեր, պատկերներն ավելի ողբալի էին, ճիչերն՝ ավելի ցավագին, և դռներիս կղպանքները փչանում էին մեկը մյուսի ետևից:
Ոչինչ չէի կարող անել:
Նվաճումն էր: Վտանգավոր: Քանի որ ինձնում ստեղծում էր մի խուլ ապստամբություն, էությանս խորքերում թաղված մի սարսափելի ռումբ: Սիրտս պայթում էր, և պայթեցնում էր գլուխս: Այդ պահերին մտածություններս դուրս էին թափվում ու իրար բախվելով ամբոխ էին ձևացնում: Գիտեի, որ այդ բոլոր տառապանքներն էլ դաժան էին, անարդար ու հրեշային:
Մեղավորներ էին հարկավոր: Գտա: Հասարակությունը, քաղաքականությունը, կրոնը ... Աստված, և այն բոլոր մարդիկ, որոնք մեզ սովորեցնում են, տեղեկացնում ու կառավարում ... , այս շահագործողները, անկարողները, տխմարները ... : Բոլոր նրանք, որ կարող են և սակայն ոչինչ չեն անում:
Ապստամբում էի: Եվ որքան ավելի էի ապստամբում, այնքան ավելի էի հպարտանում, ինքս ինձ ապացուցում էի, որ անզգա ու փակ չեմ:
Նույնիսկ լուծումներ էի ծրագրում: Արմատական լուծումներ: Բավական կլիներ ... , և մինչև չլինի սա ... : Երբեմն, քաջությանս գագաթնակետին հասնելով, այս մտքերս ներկայացնում էի աշխատավայրումս, ընկերներիս, տանը: Եվ վստահությամբ էի խոսում, ուրիշներին լռեցնելով, և ո՛չ հազվադեպ, կարծում եմ, ուրիշներն ինձնով հիանում էին:
Այն օրերին, որ լավ էի մտածել, լավ խոսել, լավ գոռացել, և նաև՝ լավ երազել ... – պատահում էր, որ ինձ պատկերացնում էի փառավոր կերպով խաչակրությունների մեկնելիս – ավելի հանգիստ էի քնում: Մի վայրկյանով թմրեցրած էի լինում խիղճս:
 
Բայց վերջինս արթնանում էր: Շփոթեցնում էր ինձ ու տանջում: Եվ երբեմն երբեմն, մեծ լռության ժամանակ – այս պատճառով է, որ լռությունից վախենում էի – կարծես ուրիշ մեկն էլ էր իմ ներսում մտածում ու խոսում, զգում էի, որ ինձ ասում էր. «Իսկ դո՞ւ: Դու Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ»: Այդպիսի պահերի, արա՛գ, շա՛տ արագ կերպով, որպեսզի հնարավորություն չտայի, որ ձայնը գնալով աճեր ու ավելի վտանգավոր դառնար, նեղված շշնջում էի. «Ի՞նչ կարող եմ անել ես, որ այսքա՜ն փոքր եմ, այս հսկայածավալ մարդկության մեջ ... : Եվ նույնիսկ եթե ինչ որ մի բան անեի, ի՞նչ օգուտ կունենար, մինչ ուրիշները ոչինչ չեն անում ... »:
Եվ ... ՈՉԻՆՉ չէի անում:
Այսօր Իմաստունը խոսել էր, և դժբախտաբար՝ լսել էի նրան: Պետք է կրկին այցելեի նրան, ներկայացնեի հարցերս: Բայց մի անգամ ևս՝ վարանում էի: Պարզ է. ավելի իր հայացքից էի վախենում, քան խոսքերից ... :
Հանկարծ մի ձև գտա՝ դրանից խուսափելու համար:
Նամակ կգրեի:
 
...
Այդպես էլ վարվեցի:
Բայց մի դժվարություն կար, որի մասին չէի մտածել. ինչպե՞ս էի սկսելու նամակս:
Փորձում էի բոլոր բառերը, մեկը մյուսի ետևից: Ոչ մեկն էլ գոհացուցիչ չէր: Ի վերջո, «բարև» գրեցի:
Պետք է նաև ավարտեի: Սա էլ մի ա՛յլ խնդիր էր: Թերևս անխոհեմաբար, գրեցի. «Շուտով կհանդիպենք»:
 
 
Շատ ուշ էր: Տնից դուրս ելա, գնացի և նամակն Իմաստունի տան դռան տակից ներս հրեցի ու փախա:
Վախենում էի, որ դուռը հանկարծ կբացեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։