- 9 - – Գրադարան – Mashtoz.org

- 9 -

Իմաստունի պատասխան նամակը ձեռքիս էր:
Միայն մի օր էր անցել և արդեն պատասխանել էր ինձ, և հասկացա, որ այն գրել էր կա՛մ երեկոյան շատ ուշ, կա՛մ էլ՝ առավոտյան շատ շուտ:
Հպարտանում էի «նրա» նամակն ունենալով: Ես, ուրեմն, կարևոր էի իր համար: Թերևս ինձ մի քիչ էլ սիրում էր: Այս միտքը տարօրինակ կերպով կարծես ջերմացնում էր սիրտս, բայց, քիչ անց, կասկածը մեղմեց կենսուրախությունս: Եթե նա սիրում էր, ուրեմն ստիպված էր սիրելու, պարտավոր էր: Նա «պետք է» սիրեր, քանի որ նույնը ուրիշներից էր պահանջում ... :
Չնայած այդ ամենին, գրեթե դողալով, բացեցի նամակը:
Կարդացի.
 
Եթե նոտան ասեր. «Մի նոտայով երաժշտություն չի գրվում»,
... ոչ մի նվագ գոյություն չէր ունենա:
Եթե բառն ասեր. «Մի բառով միտք չի արտահայտվում»,
... գրքերը գոյություն չէին ունենա:
Եթե քարն ասեր. «Մի քարով պատ չի կառուցվում»,
... տները գոյություն չէին ունենա:
Եթե ջրի կաթիլն ասեր. «Մի կաթիլով գետ չի վարարում»,
... օվկիանոսը գոյություն չէր ունենա:
Եթե ցորենի հատիկն ասեր. «Մի հատիկով արտ չի ցանվում»,
... հունձքը գոյություն չէր ունենա:
Եթե մարդն ասեր. «Սիրո մի արարքով մարդկությունը չի փրկվում»,
... երկրի վրա երբեք գոյություն չէին ունենա ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ երջանկություն ... :
 
Կհարցնես, թե դու ի՞նչ կարող ես անել:
Քեզ ասում եմ. “Սիրի՛ր գործով և ճշմարտությամբ”[1], որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթել տառապանքին, և սիրո կշիռը, որ դնում ես աշխարհի մեջ, նույնիսկ եթե արդյունքն ինքդ չես տեսնում, նոր արյուն է տալիս մարդկության արյունաքամ մարմնին:
Կրկին հարցնում ես. “Իսկ մյուսնե՞րը”:
Քեզ ասում եմ. “Նրանք էլ պետք է սիրեն”:
“Իսկ եթե հրաժարվե՞ն”, մտածում ես:
Ավելի շա՛տ սիրիր, և քո շուրջիններն էլ կսիրեն: Քո նման, նրանք էլ են սպասում, որ իրենց կողքին կանգնած մի եղբայր դնի առաջին քարը: Իրենց քարն էլ կդնեն, եթե դու քոնը դնես, որովհետև ով սիրում է, սիրել է տալիս:
 
Ինչպես երաժշտությունը յուրաքանչյուր նոտայի կարիքն ունի,
Ինչպես գիրքը՝ յուրաքանչյուր բառի,
Ինչպես տունը՝ յուրաքանչյուր քարի,
Ինչպես օվկիանոսը՝ յուրաքանչյուր կաթիլի,
Ինչպես հունձքը՝ յուրաքանչյուր հատիկի,
Նմանապես, մարդկությունը քո կարիքն ունի,
այնտեղ, ուր գտնվում ես,
միակդ,
ուստի՝ անփոխարինելիդ:
 
 
Ինչի՞ ես սպասում, գործի՛ անցիր»:

[1] 1Հվհ 3, 17-18

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։