« ԴՈՒՔ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍՆ ԵՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒՔ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍՆ ԵՔ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 58, 7-10
Բաժանիր քո հացը քաղցածներին և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծո փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։
 
Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակը 2, 1-5
Եվ ես, եղբայրներ, թեպետև եկա ձեր մոտ, բայց ոչ թե հայտնելու ձեզ Աստծո վկայությունը իմաստության խոսքի գերազանցությամբ. որովհետև իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մեջ ա՛յլ բան, եթե ոչ միայն՝ Հիսուս Քրիստոսին, և նույն Ինքը՝ խաչված։ Եվ ես տկարությամբ, երկյուղով և սաստիկ դողով եղա ձեր հետ. և իմ խոսքը և քարոզությունը իմաստության ճարտար խոսքերով չէին, այլ՝ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ, որպեսզի ձեր հավատքը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ՝ Աստծո զորությամբ։
 
Ավետարան ըստ Մատթեոսի 5, 13-16
Դուք երկրի աղն եք. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ Դուք աշխարհի լույսն եք. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Դուք երկրի աղն եք. դուք աշխարհի լույսն եք։ Այս խոսքերն ասաց Հիսուսը Իր աշակերտներին, և այս խոսքերը Նա կրկնում է նաև մեզ, որ Իր աշակերտներն ենք այսօր։ Ի՞նչ իմաստով Հիսուսի աշակերտները աղ և լույս են։ Հաստատ ո՛չ իրենք իրենցով, բայց այնքանով՝ որքանով որ մասնակցում են լույսին, որ Քրիստոսն է։ Մենք մեզնով սոսկ խավար ենք։ Միայն Նա է աղ և լույս։
 
Հիսուսը երկրի աղն է։ Աշխարհն անհամ է առանց Նրա. աշխարհն առանց Նրա չունի հավիտենության համը. աշխարհն առանց Նրա նեխում է բարոյապես, ինչպես որ թթվում ու փչանում են կերակուրներն առանց աղի։ Աղը Նրա աստվածությունն է, Նրա Հոգին, որը կարծես ներարկել է աշխարհի մեջ՝ Իր մարդեղությամբ և Իր հարությամբ։ Որևիցէ մի բան, որ լսում եմ կամ ընթերցում, – ասում էր Սուրբ Բեռնարդոսը, – ամեն բան անհամ է իմ համար, եթե դրանում չեմ գտնում Հիսուսի Անունը։
Ի՞նչ իմաստով է, ուրեմն, Հիսուսն աշակերտներին վերագրում լույս և աղ լինելու առանձնահատկությունը։ Այն իմաստով, որ Իր խոսքով լուսավորված, նրանք կարող են և պարտավոր են անդրադարձնել այդ լույսը ուրիշների վրա, այնպես՝ ինչպես լուսինն է անդրադարձնում արևի լույսը արևամուտից հետո։ Տակավին, մասնակից դառնալով Նրա աստվածությանը և Նրա Հոգուն, պետք է Քրիստոսի անուշ բույրը տարածեն եղբայրների մեջ։
Այս պաշտոնը նրանք ստացել են Մկրտությամբ և Եկեղեցին դա ընդգծում է մի ուշագրավ ծիսակատարությամբ։ Մկրտության ժամանակ մկրտվողին մի քիչ աղ է տրվում, ասելով. «Ստացիր աղը, որպեսզի միշտ եռանդուն լինես հոգով»։ Իսկ Մկրտության արարողության ավարտին, մկրտվողին տալով վառված մոմը, ասում է. «Վերցրու այս վառվող ճրագը ... »։ Մկրտության մեջ մենք ստանում ենք Քրիստոսի Հոգին, որով և դառնում ենք, Նրա նման, երկրի աղը։ Մեր փոքրիկ ճրագը վառում ենք Իր մեծ լույսով։ Սրա համար է, որ Պողոս Առաքյալն ասում է. «Մի ժամանակ խավար էիք, իսկ այժմ լույս եք Տիրոջ մեջ»։ «Տիրոջ մեջ». ո՛չ ինքներս մեր մեջ։ Իրականում, խոսքը չի վերաբերվում ինչ որ մի պաշտոնի կամ պարտականության, որ մեզ տրվում է, – մի առաջադրանք, որի կատարման համար, համենայն դեպս, անընդունակ կլինեինք. ավելի շուտ հենց Ինքը Հիսուսն է, որ գալիս է մեր մեջ և մեզ դարձնում է Իր տաճարը։ Մեր գործը, հետևաբար, ուրիշ է. այնքան թափանցիկ լինել, որ Քրիստոսի այս լուսավոր ներկայությունը դուրս ճառագի Իր տաճարի ներսից։ Նվազեցնել մեր ապականված ու եսապաշտ դարձած բնության անթափանց հաստությունը, որպեսզի Նա կարողանա, մեր միջոցով, հայտնվել ուրիշներին և նրանց մեջ էլ անցկացնել Իր լույսն ու Իր սերը։ Էականը, հետևաբար, թույլատրելն է, որ Հիսուսը տակավին աշխարհի լույսը և երկրի աղը լինի մեր միջոցով։ Ա՛յլ խոսքերով ասած, Նրա վկաները լինել մարդկանց առաջ, ինչպես որ Նա Ինքն է պատվիրել մեզ (հմմտ. Գրծ 1, 8)։
Սա մեզ օգնում է հասկանալ նաև «ինչպես», կոնկրետ կերպով, մենք պետք է լույս և աղ լինենք ուրիշների համար։ Բուռն կերպով ապրելով մեր քրիստոնեական փորձառությունը, ուրիշներին հաղորդելով լույսը, բերկրանքը, սիրելու կարողությունը, որոնք Հիսուսի ներկայությունը տալիս է մեզ. այնպես վարվելով, որ Հիսուսին տակավին չբացահայտած եղբայրները նկատեն, թե ինչպես միմիայն Ինքը կարող է իսկապես իմաստ հաղորդել գոյությանը, պարգևել ապրելու քաջություն, յուրաքանչյուր պահի կրկին ոտքի կանգնելու ուժ։
Կան մի քանի կեցվածքներ, որոնք յուրահատուկ կերպով պերճախոս են այս նպատակին հասնելու հարցում. սիրալիրությունը, ողորմածությունը, վեհանձնությունը։ Կա բարության վկայության մի ձև, որն է՛լ ավելի հարկավոր և է՛լ ավելի պերճախոս է, քան ճշմարտության վկայությունը։
Հիսուսը, սակայն, խոսում է նաև ինչ որ մի առավել կոնկրետ բանի մասին. բարի գործերը, այսինքն՝ լույսի գործերը, որոնք տեսնելով՝ մարդիկ մղվում են փառավորելու երկնավոր Հորը։ Ծեսը, աստվածաշնչյան առաջին ընթերցվածի մեջ, շեշտը դնում է հենց այս նյութի վրա, մեզ լսել տալով Եսայի Մարգարեի այն խոսքերը, որոնք թվում է, թե գրվել են այսօր, մեր համար. «Քաղցածների հետ կիսվիր քո հացը, քո տուն հրավիրիր խեղճերին, անօթևաններին, հագցրու մերկերին [...] ։ Մեջտեղից վերացրու հարստահարումը, հանիրավի մեղադրանքները, և այդ ժամանակ խավարի մեջ կշողա քո լույսը [...]»։ Ահա՛, ուրեմն, թե ի՛նչ է նշանակում լինել աշխարհի լույսը և լույսի գործեր գործել։ Այս տրամաբանությունից հնարավոր է խուսափել միայն աղավաղված հավատքով։ Հնարավոր չէ, այսինքն, քրիստոնյայի մասին խոսել իբրև աշխարհի լույսի և աղի, միաժամանակ անտեսելով կյանքի այս տեսանկյունները։ Քաղցածներ այսօր կան այնքան, որքան երբեք չեն եղել մարդկության պատմության մեջ. որոշ հաշվարկների համաձայն, երկրագնդի բնակչության մեկ երրորդից ավելին տառապում է շարունակական քաղցով։ Անօթևաններ կան նաև – մանավանդ թե՝ ավելի հաճախ – մեր մոտ։ Ձևացնել, թե չենք տեսնում, նշանակում է նման լինել այն ղևտացուն, որը Երուսաղեմից դեպի Երիքով գնացող ճանապարհի վրա անցավ այն վիրավոր մարդու մոտով, բարի սամարացուց առաջ, և կանգ չառավ (հմմտ. Ղկս 10, 25-37)։ Մեզնից բոլորը չեն, որ այնպիսի տուն ունեն, որը կարող են կիսել ուրիշների հետ, բայց մեր չափից ավելի հարստացած հասարակություններում սակավաթիվ չեն նրանք, ովքեր կարող էին ակտիվորեն մասնակցել ինչ որ մի նախաձեռնության՝ ի նպաստ մերձավորի, և ինչ որ չափով կտրել իրենց ավելորդ ու անիմաստ ծախսերից՝ ի վիճակի լինելու համար օգնելու նրանց, ովքեր իրենցից շա՜տ ավելի կարիքավոր վիճակում են գտնվում։
Եսայի Մարգարեն խոսում է նաև հարստահարությունը, հանիրավի մեղադրանքներն ու բռնության խոսքերը մեջտեղից վերացնելու մասին։ Սրանք բաներ են, որ ուրիշ որևիցէ բանից ավելի են ապականում ու մթագնում մեր միասնական կյանքը այս ժամանակներում և այն մեծապես խռովված են դարձնում։ Պետք է որ հենց մենք՝ քրիստոնյաներս սկսեինք գործադրել Մարգարեի խոսքերը, այդպիսով ցույց տալով, որ իսկապես լույսի որդիներն ու աշակերտներն ենք։ Վերջ տալ գոռոզությանը, ուրիշներին դատելու ու մեղադրելու մշտական պատրաստակամությանը։
 
Ի վերջո, «ո՞ւմ համար» պետք է լույս լինենք։ «Աշխարհի», կամ «երկրի», ասում է Ավետարանը։ Այո՛, բայց պետք է զգուշանանք ինքնախաբեություններից. աշխարհը, որի մասին խոսվում է այստեղ, մեզնից յուրաքանչյուրի համար նախևառաջ իր շրջապատն է, իր փոքրիկ ամենօրյա աշխարհը. ընտանիքը, աշխատավայրը։ Մոռանալ սա՝ նշանակում է ապրել շարունակական ինքնախաբեության մեջ։ Հիսուսը խոսում է իրական լույսի մասին, որ դրվում է աշտանակի վրա, «որպեսզի լույս տա նրանց, ովքեր տան մեջ են»։ Խոսում էինք, օրինակ, ճնշելու, կեղեքելու, հարստահարելու, բռնությամբ խոսելու մասին. չպետք է մոռանանք, որ կան գոռոզություններ ու բռնություններ, որոնք հարկավոր է արմատախիլ անել նախևառաջ ընտանեկան հարաբերությունների միջից, կնոջ ու ամուսնու միջից, ծնողների ու զավակների միջից, երիտասարդների ու տարեցների միջից, հետո նոր միայն մտածել հասարակական և աշխատանքային միջավայրներում առկա հարաբերությունների մասին։ Պարտավոր ենք, ուստի, ամբողջովին տառացի կերպով հասկանալ Հիսուսի այս մատնանշումը, որ պետք է լույս լինենք «նրանց համար, ովքեր տան ներսում են»։ Քրիստոսի վկաները, Նրա օրենքի վկաները լինել սեփական ընտանիքի անդամների ու հարազատների համար։ Չամաչել՝ ընտանիքի ներսում հաստատելու հավատքի մեջ փոխադարձ վկայության և ճանաչման որոշակի ժեստեր։ Մարդկային վարկի հանդեպ չափազանցված վախն է այն գրվանը, որի տակ ամենաշատն է թաքցված և բանտարկված մնում լույսը, առանց բացահայտվել կարողանալու։
 
Անշուշտ, լույս կրողներ լինելու այս պաշտոնը հեշտ չէ։ Նշանակում է Հիսուսի համար տարածք բացել մեր ներսում, տարածք բացել՝ ինքներս մեզնից դատարկելով։ Այս պատճառով է, որ Հիսուսը որոշ դեպքերում կանխատեսել է նաև բացասական վախճանի հնարավորությունը. լույսը, որ մարում է, աղը, որ կորցնում է իր համը։ Սա վերացական վարկած չէ, այլ՝ ամենօրյա իրականություն։ Անհամ, անալի քրիստոնյան. դա նա է, ում կյանքն այլևս ձևավորված չէ Ավետարանի համաձայն։ Այդպիսի դեպքում նա դառնում է «ամենաթշվառը բոլոր մարդկանց մեջ», որ մարդկանց կողմից արդարացիորեն հանդիմանվում ու արհամարհվում է իր անհետևողականության համար։ Քանի՜ քանիներն են այդպիսիք։ Քանի՜ցս իրավացի է Հիսուսը. աշխարհին լիովին անպիտան են այդ մարած լույսերն ու անհամ աղի կտորները։
Վառ պահել մեր համար Մկրտության մեջ վառված ջահը՝ նշանակում է, հետևաբար, նվաճել այդ արդյունքը օր օրի ետևից. նշանակում է վերստին ու վերստին արծարծել մեր փոքրիկ լույսը, ամեն անգամ, որ մոտենում է մարելու վտանգին, մոտեցնելով մեծ Բոցին, որ Քրիստոսն է, իսկ Սուրբ Պատարագը հենց այս բանի առիթն է։ Ամենասուրբ Հաղորդությունն ամեն շաբաթ մեր մեջ վերանորոգում և վերստին բոցավառում է Մկրտության հրաշքը. ամեն անգամ մեզ վերստին ընծայում, նվիրաբերում է՝ լինելու աշխարհի լույսը և երկրի աղը, և ինչը որ ամենամխիթարական բանն է, տալիս է մեզ դրա համար հարկավոր ուժը։
 
 
Հատված Հայր Ռանիերո Կանտալամեսսայի « Խոսքը և Կյանքը » (« La Parola e la Vita ») գրքից, էջ 154-157.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։