« ԱՀԱ՛ ԱՍՏԾՈ ԳԱՌԸ. ԱՀԱ՛ ՆԱ, ՈՎ ՋՆՋՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՄԵՂՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՀԱ՛ ԱՍՏԾՈ ԳԱՌԸ. ԱՀԱ՛ ՆԱ, ՈՎ ՋՆՋՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՄԵՂՔԸ »

Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե'Լիգուորի (1696-1787). « Սուրբ Ծննդյան Ութօրեի Առաջին Խորհրդածություն »ից.
 
[...] «Թափառում եմ մոլորված ոչխարի նման, փնտրի՜ր Քո ծառային» (Սղմ 119, 176)։ Տե՜ր, ես եմ այդ թշվառ ոչխարը, որ մոլորվել է՝ վազելով իր ախորժակների ու քմահաճույքների գոհացման ետևից։ Բայց Դու, որ Հովիվ ես, բայց նաև Գառ, երկնքից եկել ես փրկելու ինձ՝ խաչի վրա մորթվելով որպես իմ մեղքերի քավության համար մատուցվող զոհ. «Ահա՛ Աստծո Գառը. ահա՛ Նա, Ով ջնջում է աշխարհի մեղքը» (Հվհ 1, 29)։
Ուստի, եթե ցանկանում եմ ուղղվել, ինչի՞ց պետք է վախենամ։ [...] «Ահա՛, Աստված իմ փրկությունն է. ես Իրեն եմ ապավինում, երբեք չեմ վախենա» (Ես 12, 2)։ Դու Ինքդ Քեզ տվեցիր ինձ. ինձ վստահություն ներշնչելու համար՝ ողորմությանդ ավելի մեծ ի՞նչ ապացույց կարող էիր տալ ինձ։
Մանուկ իմ սիրելի, որքա՜ն եմ ցավում Քեզ վշտացրած լինելուս համար։ Քեզ լացել տվեցի Բեթղեհեմի ախոռում. բայց գիտեմ, որ եկել ես ինձ փնտրելու։ Ահա՛ թե ինչո՛ւ ծունկի եմ նետվում ոտքերիդ առաջ և չնայած խեղճությանն ու խոնարհությանը, որոնց մեջ եմ Քեզ տեսնում այս մսուրի մեջ ու այս հարդի վրա, ճանաչում եմ Քեզ որպես իմ Թագավորն ու գերագույն Վարդապետը։ Հասկանում եմ քնքշալի արցունքներիդ իմաստը. կանչում են ինձ՝ սիրելու Քեզ, իմ սիրտն են պահանջում։ Ահա՛ այն, Հիսո՜ւս իմ. այսօր Քո ոտքերի առաջ եմ՝ այն Քեզ ընծայելու համար։ Փոխակերպի՜ր այն, բոցավառի՜ր այն, քանի որ երկնքից եկել ես հրդեհելու սրտերը Քո սուրբ սիրով։ Լսում եմ, թե ինչպե՛ս ես մսուրից ինձ ասում. «Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով» (Մտթ 22, 37; 2Օր 6, 5)։ Եվ ես պատասխանում եմ Քեզ. «Հիսո՜ւս իմ, եթե չսիրեմ Քեզ՝ իմ Տիրոջն ու իմ Աստծուն, ո՞ւմ կկարողանամ սիրել»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։