« ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ ԳԼՈՒԽԸ ԴՆԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ ԳԼՈՒԽԸ ԴՆԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ »

Սբ. Ալֆոնսոս Մարիա դե'Լիգուորի (1696-1787). « Ութերորդ Ճառ Սուրբ Ծննդյան իննօրյայի համար »

 

[...] Աստված Ինքնին հարստությունն է, քանի որ անսպառ բարիքն է։ [...] Աստված, որ այսքա՜ն հարուստ է, Ինքն Իրեն աղքատացրեց՝ դառնալով մարդ, հարստացնելու համար թշվառ մեղավորներին։ Սա ակնհայտ ուսուցումն է Պողոս Առաքյալի. «Հիսուսը, հարուստ լինելով հանդերձ, աղքատացավ ձեր համար, որպեսզի դուք հարստանայիք Իր աղքատության շնորհիվ» (2Կր 8, 9)։

Ինչպե՞ս։ Մի Աստված, [...] որ հասնում է աղքատանալու։ Ո՞րն է Իր նպատակը։ Փորձենք հասկանալ այն։

Երկրային բարիքները կարող են լինել միայն հող ու ցեխ։ Բայց այդ ցեխն ա՜յն աստիճան է կուրացնում մարդկանց, որ այլևս չեն տեսնում ճշմարիտ բարիքները։ Հիսուս Քրիստոսի գալստից առաջ աշխարհը լի էր խավարով, որովհետև լի էր մեղքով. «Ամեն մարդ այլասերել էր իր վարքը երկրի վրա» (Ծնդ 6, 12)։ Այսինքն, բոլոր մարդիկ խավարով էին պատել բնական օրենքը, որն Աստված արձանագրել էր իրենց մտքերի մեջ. ապրում էին անբան կենդանիների նման, մտահոգվելով միայն հաճույքների ու այս աշխարհի բարիքների համար, և ամբողջովին անգիտանալով հավիտենական բարիքները։  Աստվածային ողորմության արդյունքով է, որ Աստծո Որդին Ինքը եկավ ցրելու այս թանձր խավարը. «Նրանց վրա, ովքեր նստած էին խավարի մեջ, մի լույս ծագեց» (Ես 9, 1)։ [...]

Բայց Աստվածային այս Վարդապետը պետք է որ կրթեր մեզ ո՛չ միայն Իր խոսքերով, այլ նաև և հատկապես՝ Իր կյանքի օրինակներով։ «Աղքատությունը», ասում է Սուրբ Բեռնարդոսը, «բացակա էր երկնքում։ Այն հնարավոր էր գտնել միայն երկրի վրա։ Ցավոք, մարդը չգիտեր դրա արժեքը և, հետևաբար, այն չէր ցանկանում։ Այն մեր աչքին թանկարժեք և մեր բոլոր իղձերին արժանի դարձնելու համար՝ ի՞նչ արեց Աստծո Որդին։ Երկնքից իջավ երկրի վրա, և այն ընտրեց որպես ընկեր Իր ողջ կյանքի համար»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։