Առաքյալը – Գրադարան – Mashtoz.org

Առաքյալը

929. Խաչը կրծքի՞դ վրա ... : – Այո՛: Բայց ... Խաչը ուսերիդ վրա էլ, Խաչը՝ մարմնիդ մեջ, Խաչը՝ իմացականությանդ մեջ: – Ա՛յդ ժամանակ է, որ կապրես Քրիստոսի համար, Քրիստոսի հետ և Քրիստոսի մեջ. միմիայն ա՛յդ կերպ կլինես առաքյալ:
 
930. Առաքելանվե՜ր հոգի. առաջին հերթին՝ դու: – Մատթեոսի Ավետարանում Տերն ասում է. «Դատաստանի օրը շատերն են ինձ ասելու. “Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով հալածեցինք դևերին և քո անունով հրաշքներ գործեցինք”: Բայց ես նրանց պատասխանելու եմ. “Ձեզ երբեք չեմ ճանաչել. հեռացե՛ք ինձնից դուք բոլորդ, որ անօրենություն եք գործում”» (Մտթ 7, 22-23):
Թող այնպես չպատահի, – ասում է Պողոս Առաքյալը – , որ ուրիշներին քարոզելուց հետո՝ ես ինքս անպիտան գտնվեմ (1Կր 9, 27):
 
931. Սուրբ Իգնատիոսն իր զինվորական հանճարով պատերազմական մի տեսարան է մեզ ներկայացնում. սատանան, որն անհամար դևեր է ժողովի գումարում և նրանց «ճառ» խոսելուց հետո՝ ցրում է պետությունների, նահանգների, քաղաքների և գյուղերի մեջ, հանձնարարելով, որ ամեն տեղ կապանքներ ու շղթաներ դնեն և ոչ ոքի ազատ չթողնեն:
Ինձ ասացիր, որ կկամենայիր զորավար լինել. բայց ... ի՞նչ օգուտ ունի շղթայված զորավարը:
 
932. Տե՛ս. առաքյալները, իրենց բոլոր ակնհայտ և անուրանալի խեղճություններով հանդերձ, անկեղծ էին, պարզ, ... թափանցիկ:
Դու էլ ակներև ու անժխտելի թերություններ ունես: – Երանի՜ թե քեզ չպակասեր պարզությունը:
 
933. Պատմում են մի հոգու մասին, որն աղոթքի ժամանակ «Հիսո՜ւս, ես Քեզ սիրում եմ» ասելիս՝ երկնքից հետևյալ պատասխանն է լսել. «Գործերն են սեր, և ո՛չ թե՝ գեղեցիկ մտքերը»:
Մտածի՛ր. դու էլ արդյոք արժանի չե՞ս այս գորովալի հանդիմանությանը:
 
934. Եռանդը դա առաքյալի աստվածային խենթությունն է, որը մաղթում եմ քեզ և որի «ախտանշան»ները հետևյալներն են. Վարդապետի հետ մնալու քաղց, հոգիների համար տևական մտահոգություն, անսպառ ու անսասան հարատևություն:
 
935. Դափնեպսակների գրկում մի՛ օրորվիր: – Եթե, մարդկայնորեն խոսելով, այդ դիրքն անհարմար է և նվազ պատվաբեր, ի՞նչ կպատահի, երբ – ինչպես հիմա էլ – դափնեպսակները քոնը չլինեն, այլ՝ Աստծունը:
 
936. Առաքելության մեջ պետք է հնազանդվես, վերանաս, և ո՛չ թե՝ պարտադրես քո սեփական չափանիշները:
 
937. Երբեք մի՛ եղեք այրեր կամ կանայք, որոնց գործերը երկար են, իսկ աղոթքը՝ կարճ:
 
938. Ջանա՛ ապրել այնպես, որ ընդունակ լինես հոժարակամ հրաժարվելու այն հանգստավետություններից ու դյուրակեցությունից, որոնք անվայել կնկատեիր մի ա՛յլ աստվածանվեր մարդու կենցաղում:
Մի՛ մոռացիր, որ դու ցորենի այն հատիկն ես, որի մասին խոսվում է Ավետարանում: – Եթե հողի տակ չդրվես ու չմեռնես, պտուղ չես տա:
 
939. Եղեք աշխարհում բնակվող այրեր և կանայք, բայց մի՛ եղեք աշխարհին պատկանող այրեր և կանայք:
 
940. Մի՛ մոռացիր, որ միությունը կենսալի լինելու նշանն է, իսկ տարանջատումը փտելու, դիակի ստույգ նշանն է:
 
941. Հնազանդվել ... . ապահով ճանապարհ է: – Կուրորեն հնազանդվել Մեծավորին ... . սրբության ճանապարհ է: – Հնազանդվել առաքելությանդ մեջ ... . միակ ճանապարհն է. որովհետև Աստծո համար կատարվող գործերում սկզբունքը սա է. հնազանդվել կամ հեռանալ:
 
942. Մի՛ մոռացիր, որդյակ, որ դու պարզապես մի հոգի չես, որը միանում է ուրիշների՝ ինչ որ մի լավ գործ կատարելու համար:
Սա, համաձայն եմ, մեծ բան է, բայց ... քիչ է: – Դու Առաքյալ ես, որը Քրիստոսի հրամայողական պատվիրանն է կատարում:
 
943. Այնպես ապրիր, որ քո հետ հարաբերվող մարդիկ առիթը չունենան քո մասին ասելու այն, ինչը որ – իրավացիորեն – գոչում էր ոմն մեկը. «Ես այս տեսակ “ազնիվ” մարդկանցից մինչև ահա այստեղս կուշտ եմ ... »: Եվ ափով ցույց էր տալիս ճակատն ու մազերի ծայրը:
 
944. Ուրիշներին պետք է հաղորդես Աստծո Սերը և հոգիների բարիքը կամենալու եռանդը, որպեսզի իրենք էլ իրենց հերթին բոցավառեն ուրիշ շատերի, որոնք գտնվում են երրորդ շարքի վրա, իսկ նրանցից յուրաքանչյուրն էլ նույն հոգին փոխանցի իր մասնագիտական ասպարեզի ընկերներին:
Հոգևոր քանի՜ կալորիայի կարիքն ունես: – Եվ ինչպիսի՜ մեծ պատասխանատվություն է, եթե սառչես: Եվ – սրա մասին մտածել անգամ չեմ ուզում – ինչպիսի՜ սոսկալի ոճիր գործած կլինես, եթե որպես չար օրինակ ծառայես:
 
945. Սխալ դիրքորոշում է՝ ունկնդրել Աստծո խոսքը քննադատական մոլուցքով:
 
946. Եթե փափագում եք նվիրվել Աստծուն աշխարհի ներսում, գիտուն լինելուց առաջ – անհրաժեշտ չէ, որ կանայք գիտուն լինեն. բավական է, որ խելացի ու խոհական լինեն[1]– հարկավոր է հոգևոր լինել, և Տիրոջը սերտորեն միացած լինել աղոթքի միջոցով. պետք է մի անտեսանելի վերարկու կրեք, որով ծածկեք ձեր զգայարաններից ու կարողություններից յուրաքանչյուրը. աղոթե՜լ, աղոթե՜լ, աղոթե՜լ. քավե՜լ, քավե՜լ, քավե՜լ:
 
947. Զարմանում էիր, երբ վավերացնում էի «միաձևության» պակասը, որ կա այդ առաքելության մեջ, ուր աշխատում ես: Եվ ես քեզ ասացի.
Միություն և զանազանություն: – Պետք է միմյանցից տարբերվեք, ինչպես միմյանցից տարբերվում են Սրբերը երկնքում, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական և ուրույն դիմագիծն ունի: Բայց նաև պետք է նմանվեք միմյանց, ինչպես Սրբերը, որոնք Սուրբ չէին լինի, եթե նրանցից յուրաքանչյուրը չնույնանար Քրիստոսին:
 
948. Դու, Աստծո նախասիրյալ որդի, պետք է զգաս և ապրես եղբայրությունը, բայց առանց ընտանության:
 
949. Առաքելության գործերում պաշտոնների ձգտելը անօգուտ բան է այս կյանքում, իսկ մյուս Կյանքի համար՝ վտանգ է:
Եթե Աստված կամենա, քեզ կկանչեն: – Եվ այդ դեպքում պետք է ընդունես: – Բայց մի՛ մոռացիր, որ – որևէ վայրում և որևէ դիրքի վրա – կարող ես և պարտավոր ես սրբանալ, քանի որ դրա համար ես եկել:
 
950. Եթե մտածում ես, թե Քրիստոսի համար աշխատելիս պաշտոններն ինչ որ մի ավելի բան են, քան սոսկ պաշտոններ, որքա՜ն դառնություններ են քեզ սպասվում:
 
951. Առաքելական գործի մեջ գլխավոր լինել՝ նշանակում է տրամադիր լինել կրելու ամեն բան, բոլորի վշտերը, անսահման սիրով:
 
952. Առաքելական աշխատանքում աններելի են և՛ անհնազանդությունը, և՛ երկդիմությունը: – Եվ հիշի՛ր, որ պարզությունը անխոհեմություն չէ, և ո՛չ էլ՝ անփափկանկատություն:
 
953. Պարտականությունն ունես աղոթելու և զոհողություններ կատարելու այն անձի և իր դիտավորությունների համար, ով գլխավորում է քո առաքելական ձեռնարկը: – Եթե այս պարտականությանդ կատարման հարցում թերանում ես, ինձ ստիպում ես մտածել, որ ճանապարհիդ համար խանդավառության պակաս ունես:
 
954. Մեծավորի հանդեպ գերագույն հարգանք դրսևորիր, երբ նա քո կարծիքն է հարցնում, իսկ դու պետք է ընդդիմանաս իր կարծիքներին: – Եվ նրաներբեք չհակառակվես իր ստորադասների ներկայությամբ, նույնիսկ եթե նա իրավացի չլինի:
 
955. Առաքելական ձեռնարկներումդ մի՛ վախեցիր արտաքին թշնամիներից, որքան էլ մեծ լինի նրանց զորությունը: – Սարսափելի թշնամին սա՛ է. «որդիության» մեջ թերացումներդ և «եղբայրության» մեջ թերացումներդ:
 
956. Լավ եմ հասկանում, որ քեզ զվարճություն է պատճառում արհամարհանքը, որի առարկան ես դարձել – թեև այն գալիս է հզոր թշնամիներից – , քանի դեռ զգում ես միությունը քո Աստծո և քո առաքելակից եղբայրների հետ: – Դու կարող ես անտարբեր լինել այդ արհամարհանքի հանդեպ:
 
957. Հաճախ եմ առաքելական գործունեությունը համեմատում մեքենայի հետ. ատամնավոր անիվներ, մխոցներ, փականներ, պտուտակներ ... :
Իսկ Սերը – քո Սերը – այդ մեքենան օծող յուղն է:
 
958. Վերջ տուր այդ «ինքնաբավ լինելու կեցվածքին», որով քեզնից վանում ես քեզ մոտեցողներին:
– Լսի՛ր: Եվ պարզությամբ խոսիր: Միմիայն այս կերպ է, որ ընդարձակությամբ ու արգասավորությամբ կաճի առաքելական աշխատանքդ:
 
959. Արհամարհանքն ու հալածանքը աստվածային նախասիրության օրհնյալ փաստերից են: Բայց այդ նախասիրության փաստերի ու նշանների մեջ ավելի գեղեցիկը չկա, քան այս մեկը. մնալ աննկատ:

[1] Այն տարիներին, երբ հեղինակը գրում էր այս տողերը, – Քսաներորդ դարի սկզբին – , ողջ Իսպանիայում կարելի էր մատների վրա հաշվել բարձրագույն կրթություն ստացած կանանց, թեև Հեղինակն այն ժամանակ արդեն իրեն ծանոթ բազմաթիվ երիտասարդ աղջիկների խրախուսում էր հետևել համալսարանական ուսումներին, եթե զգում էին, որ դա իրենց ճիշտ ուղին է: Այս տողերում Հեղինակը պարզապես ասում է, որ բարձրագույն կրթության բացակայությունը արգելք չէ հոգևոր լիակատար կյանքի համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։