Եկեղեցին – Գրադարան – Mashtoz.org

Եկեղեցին

517. «Եւ ի մի միայն յընդհանրական եւ յառաքելական սուրբ Եկեղեցի ... »: – Հասկանում եմ քո այդ դադարների իմաստը, մինչ արտասանում էիր, կարծես համտեսելով բառերը. հավատում եմ Եկեղեցուն, որ Մեկ է և Միակ, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական ... :
 
518. Ինչպիսի՜ ուրախություն է՝ կարողանալ հոգուս ողջ ուժով ասել. Սիրում եմ իմ Մորը՝ Սուրբ Եկեղեցուն:
 
519. Այն աղաղակը – «Ծառայեցից» – նշանակում է կամք՝ մեծագույն հավատարմությամբ ծառայելու Աստծո Եկեղեցուն, նույնիսկ ի գին երկրային ինչքերի, պատվի ու կյանքի:
 
520. Ընդհանրական, Առաքելական, Հռոմեական: – Ինձ դուր է գալիս փաստը, որ դու բավական հռոմեական ես: Եվ որ դեպի Հռոմ ուխտագնացություն կատարելու փափագ ունես, տեսնելու համար Պետրոսին:
 
521. Ինչպիսի՜ աննկարագրելիորեն մեծ բարություն է ունեցել Հիսուսը, Իր Եկեղեցուն ավանդելով Սուրբ Խորհուրդները: – Դրանք դարման են մեր բոլոր կարիքների համար:
Հարգի՛ր Սուրբ Խորհուրդները և խորապես երախտագետ եղիր Տիրոջն ու Իր Եկեղեցուն:
 
522. Հարգանք ու մեծարանք ունեցիր Եկեղեցու Սուրբ Ծեսի և բոլոր արարողությունների նկատմամբ: – Հավատարմորեն հետևիր դրանց: – Չե՞ս տեսնում, որ մենք՝ խեղճ մարդիկս կարիքն ունենք, որ նույնիսկ ամենավեհ ու մեծ իրականությունները մեր մեջ զգայարանների միջոցով մուտք գործեն:
 
523. Ասվել է, որ Եկեղեցին երգում է, որովհետև խոսելն իր աղոթքին բավարար չէ: Դու, որ քրիստոնյա ես – և ընտրված քրիստոնյա – , պետք է սովորես Եկեղեցու ծիսական երգերը:
 
524. «Երգելու ճիշտ ժամանակն է», ասում էր սիրաբորբոք մի հոգի, երբ տեսնում էր իր միջոցով գործված Աստծո սքանչելիքները:
Եվ ես էլ քեզ կրկնում եմ այդ նույն հորդորը. երգի՛ր: Աստծուդ հանդեպ երախտագետ խանդավառությունդ թող ներդաշնակ մեղեդիներով պոռթկա:
 
525. Լինել «Ընդհանրական» նշանակում է սիրել սեփական Հայրենիքը, առանց թողնելու, որ իրեն գերազանցեն հայրենասիրության հարցում: Եվ, միաժամանակ, նշանակում է յուրացնել յուրաքանչյուր երկրի ազնվագույն բաղձանքները:
Որքա՜ն փառքեր, որոնք Ֆրանսիայինն են, իմն էլ են: Հավասարապես, պարծանքի բազմաթիվ պատճառներ, որոնք գերմանացիներինն են, իտալացիներինը, անգլիացիներինը, ... ամերիկացիներինը, ասիացիներինն ու աֆրիկացիներինը, ... իմ պարծանքներն էլ են:
 
526. Եթե գերագույն մեծարանք չունես քահանայական վիճակի և կրոնավորական վիճակի նկատմամբ, ուրեմն ճիշտ չէ, որ սիրում ես Աստծո Եկեղեցին:
 
527. Այն կինը, որը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում, թանկարժեք ու անուշաբույր յուղով օծեց Վարդապետի գլուխը, մեզ հիշեցնում է Աստծո պաշտամունքի մեջ փառաշուք լինելու պարտականությունը:
Բոլոր շքեղությունները, վեհությունն ու գեղեցկությունը ինձ շատ քիչ են թվում:
Եվ բոլոր նրանց դեմ, ովքեր պախարակում են սրբազան սպասքների, հանդերձանքների, խորանների ճոխությունը, բարձրանում է Հիսուսի գովքը. «Գործ մի բարի գործեաց դա յիս». Բարի մի գործ կատարեց դա իմ նկատմամբ (Մտթ 26, 11):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։