Կազմավորում – Գրադարան – Mashtoz.org

Կազմավորում

360. Ինչպե՜ս էիր անխառն պարզությամբ ծիծաղում, երբ քեզ խորհուրդ էի տալիս Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետի պաշտպանությանը հանձնել մատղաշ տարիներդ, որպեսզի առաջնորդի քեզ սուրբ ամուսնության, երիտասարդ Տուբիայի նման. մի լավ, գեղեցիկ և հարուստ օրիորդի հետ, հավելեցի կատակելով:
Բայց հետո, որքա՜ն մտախոհ դարձար, երբ մյուս խորհուրդն էլ ավելացրեցի. որ քեզ հանձնես նաև Հովհաննեսի՝ երիտասարդ Առաքյալի պաշտպանությանը. եթե հանկարծ Տերը քեզնից ավելին խնդրի:
 
361. Քո համար, որ մտքումդ գանգատվում ես, թե հետդ խստությամբ են վարվում և զգում ես այդ խստության հակապատկեր լինելը ընտանիքում վայելածդ վարմունքին, ահա հետևյալ տողերն եմ արտագրում մի բժիշկ սպայի նամակից. «Հիվանդի նկատմամբ հնարավոր է ունենալ կա՛մ պարկեշտ մասնագետի ո՛չ զգացմունքային և խոհուն, բայց առարկայական և հիվանդին օգտակար դիրքորոշումը, կա՛մ էլ ընտանիքի անդամների անիմաստ ու լացկան վերաբերմունքը: – Արդյոք ինչի՞ կվերածվեր շտապ օգնության կայանը ճակատամարտի ժամանակ, երբ ներս է թափվում վիրավորների հորձանքը, որոնք իրար գլխի են հավաքվում, որովհետև նրանց այս կամ այն բաժին առաքումը բավականաչափ արագ չի կատարվում, եթե յուրաքանչյուր պատգարակի կողքին մի ընտանիք կանգնած լիներ: Ավելի լավ կլիներ անցնել թշնամու կողմը»:
 
362. Հրաշքների կարիք չունեմ. իմ համար առավել քան բավական են Աստվածաշնչում պատմվածները: – Փոխարենը՝ կարիքն ունեմ տեսնելու պարտականություններիդ գործադրումը, քո համապատասխանումը Շնորհին:
 
363. Հուսախաբ ես: – Վերադառնում ես կախ ընկած թևերով: Մարդիկ քեզ դաս են տվել: – Կարծում էին, թե իրենց կարիքը չէիր ունենալու, և առաջարկներ էին շռայլում: Քեզ տնտեսապես – մի քանի խղճուկ թղթադրամով – օգնելու հեռանկարը նրանց մտերմությունը անտարբերության փոխեց:
Միմիայն Աստծուն ապավինիր, և վստահիր նրանց, ովքեր քեզ միացել են հանուն Նրա:
 
364. Ա՜հ, եթե քեզ առաջարկեի ծառայել Աստծուն «լրջորեն», միևնույն եռանդով, որով ծառայում ես քո փառասիրությանը, քո ունայնամտությանը, քո ցանկասիրությանը ... :
 
365. Եթե ղեկավար լինելու ձիրքն ունես, քո իղձը հետևյալն է լինելու. եղբայրներիդ հետ՝ վերջինն ես, ուրիշների հետ՝ առաջինը:
 
366. Մի պահ մտածենք. ինչո՞ւ ես վիրավորվում, եթե այսինչ կամ այնինչ անձն առավել մտերմություն է դրսևորում որոշ անձանց նկատմամբ, որոնց հետ վաղուց ծանոթ է, կամ որոնց հանդեպ առավել հոգեհարազատություն է զգում համակրանքի, կամ մասնագիտության, և կամ բնավորության բերումով:
Դու, սակայն, քո հարաբերություններից մասնահատուկ մտերմության ստվերն անգամ վանիր:
 
367. Ամենանուրբ և ընտիր կերակուրն էլ, եթե ուտվում է խոզի կողմից (սա է իր անունը, առանց նրբաբանությունների), վերածվում է, լավագույն դեպքում ... , խոզի մսի:
Հրեշտակներ լինենք, ազնվացնելու համար գաղափարները՝ դրանք յուրացնելով: – Կամ, գոնե, մարդ լինենք. փոխակերպելու համար կերակուրները հզոր ու գեղեցիկ մկանների, կամ էլ՝ կորովի ուղեղի ... ընդունակ՝ ըմբռնելու և պաշտելու Աստծուն:
Բայց ... անբան կենդանիների չվերածվենք, շա՜տ շատերի նման:
 
368. Ձանձրանո՞ւմ ես: – Պատճառն այն է, որ արթուն ես պահում զգայարաններդ, իսկ հոգիդ՝ քնած:
 
369. Հիսուս Քրիստոսի սերը քեզ կմղի բազմաթիվ զիջումներ և թույլատրություններ կատարելու, ... վեհ ու վսեմ զիջումներ: – Եվ Հիսուս Քրիստոսի սերը քեզ կմղի բազմաթիվ անգամներ էլ անզիջում լինելու, ... նույնքան վեհ ու վսեմ որոշումներով:
 
370. Եթե չար չես, բայց այդպիսին ես թվում, ուրեմն ապուշ ես: – Իսկ այդ ապուշությունը – որ գայթակղության քար է – չարությունից ավելի վատ է:
 
371. Երբ իրենց մասնագիտական ասպարեզում վատ համբավ ունեցող անձինք դիրք են բռնում կրոնական արտաքին դրսևորումների առաջին շարքերում, վստահ եմ, որ ցանկություն եք զգում նրանց ականջին շշնջալու. «Ի սե՜ր Աստծո, բարությունն ունեցեք լինելու նվազ կրոնասեր»:
 
372. Եթե պաշտոնական դիրք ես զբաղեցնում, նաև իրավունքներ ունես, որ ծագում են պաշտոնիդ գործադրումից, և պարտականություններ էլ ունես:
Առաքյալ լինելու ուղուցդ կշեղվես, եթե մի բարեպաշտական գործի պատճառով – կամ պատրվակով – անկատար թողնես պաշտոնիդ պարտականությունները: Որովհետև այդպիսով կկորցնես մասնագիտական վարկդ, հենց որն էլ քո «կարթն» է որպես «մարդկանց որսորդ»:
 
373. Ինձ դուր է գալիս առաքելական նշանաբանդ. «Աշխատել առանց հանգստի»:
 
374. Ինչի՞ համար է այդ աճապարանքը: – Մի՛ ասա, թե գործունեություն է. դա շշմածություն է:
 
375. Անկանոն կյանք և ուժերի վատնում: – Զգայարաններիդ ու կարողություններիդ ջուր ես տալիս ամեն մի պատահական, ցեխոտ ջրափոսից: – Այդ պատճառով է, որ հետո այդպես ես քայլում. անհաստատակամ, անուշադիր, կամքդ՝ թմրած, իսկ ցանկասիրությունդ՝ արթուն:
Վերադարձիր լրջորեն հետևելու մի ծրագրի, որը քեզ քրիստոնյայի կյանքը ապրել տա. այլապես, կյանքումդ երբեք մի բարի գործ ավարտին չես հասցնի:
 
376. «Միջավայրը շատ է ազդում», ասացիր ինձ: – Եվ ես պատասխանեցի. «Դրանում կասկած չկա»: Ուստի անհրաժեշտ է, որ ձեր կրթությունն ու կազմավորումն այնպիսին լինի, որ դո՛ւք ի զորու լինեք ազդելու, բնական վարմունքով, ձեր միջավայրի վրա, «ձեր ոճը» հաղորդելու համար այն հասարակությանը, որի ներսում ապրում եք:
Եվ հայնժամ, եթե ձեռքբերած կլինես այս ոգին, վստահ եմ, որ կասես ինձ, Հիսուսի առաջին աշակերտների զարմանքով, երբ տեսնում էին այն առաջին հրաշքները, որոնք Քրիստոսի Անունով գործում էին իրենց ձեռքերը. «Միջավայրի վրա շատ ենք ազդում»:
 
377. Բայց ինչպե՞ս պիտի ձեռքբերեմ «մեր կրթությունն ու կազմավորումը», ինչպե՞ս պիտի պահեմ «մեր ոգին»: – Գործադրելով այն կոնկրետ կանոնները, որոնք քեզ մատնանշել, բացատրել և սիրել է տվել հոգևոր Առաջնորդդ. գործադրիր դրանք և առաքյալ կլինես:
 
378. Հոռետես մի՛ եղիր: – Չե՞ս իմանում, որ այն ամենը, ինչ պատահում է կամ կարող է պատահել, բարիքի համար է:
Լավատեսությունդ հավատքիդ անհրաժեշտ հետևանքը կլինի:
 
379. Բնականություն: – Քրիստոնյա արանց և քրիստոնյա կանանց ձեր կյանքը – ձեր աղը և ձեր լույսը – թող հոսի բնական հունով, առանց տարօրինակությունների և առանց սոսկ արտաքին կեղծավորությունների. ձեր հետ միշտ կրեցեք պարզության մեր ոգին:
 
380. Հարցնում ես. «Իմ պարզությունն արդյոք արհեստական չի՞ թվա հեթանոս կամ հեթանոսացած միջավայրում, քանի որ այդ միջավայրն ընդհարվելու է իմ կյանքի հետ»:
Պատասխանում եմ. «Քո կյանքն անկասկած ընդհարվելու է նրանց ապրելակերպի հետ. և այդ ընդհարումը, որ գործերով փաստում է քո հավատքը, հենց այն պարզությունն է, որ քեզնից ակնկալում եմ»:
 
381. Մի՛ մտահոգվիր, եթե քեզ ասեն, որ մարմնեղեն հոգի ունես: – Իսկ ի՞նչ են ուզում: Մի ժանգոտած գործի՞ք, որ փշրվում է՝ հազիվ ձեռքդ ես վերցնում:
 
382. «Հիսուսի Կյանքը» քեզ նվիրելիս հետևյալ ձոնը գրեցի. «Փնտրի՛ր Քրիստոսին, գտի՛ր Քրիստոսին, սիրի՛ր Քրիստոսին»:
Երեք հստակ հանգրվաններ են: Փորձեցի՞ր ապրել գեթ առաջինը:
 
383. Եթե վարանելդ տեսնեն ... և դու ղեկավարն ես ... , զարմանալի չի լինի, եթե բեկվի հնազանդությունը:
 
384. Խառնաշփոթ վիճակներ: – Իմացա, որ դատողությանդ ուղղամտությունը սասանվում էր: Եվ քանի որ դրան փորձառու եմ, քեզ գրեցի. «Սատանան շատ տգեղ երես ունի, և քանի որ նաև խորամանկ է, իրեն չի ենթարկում կոտոշները մեզ ցույց տալու վտանգին: Երբեք դեմ առ դեմ չի ներկայանում: – Այս իսկ պատճառով, քանի՜ անգամներ է ազնվականության և մինչև իսկ հոգեկանության դիմակով ծպտվում»:
 
385. Տերն ասում է. «Ձեզ մի նոր պատվիրան եմ տալիս. սիրեցե՛ք միմյանց: Դրանից պիտի հասկանան, որ իմ աշակերտներն եք» (Հվհ 13, 34-35):
Պողոս Առաքյալն էլ ասում է. «Միմյանց բեռը կրեցեք, և այդպիսով գործադրած կլինեք Քրիստոսի օրենքը» (Գղտ 6, 2):
Ես ոչինչ չեմ ավելացնում:
 
386. Մի՛ մոռացիր, որդյակ, որ երկրի վրա միայն մի չարիք կա, որից դու պետք է վախենաս և, աստվածային շնորհի օգնությամբ, նրանից հեռու մնաս. մեղքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։