Հոգևոր Մանկություն – Գրադարան – Mashtoz.org

Հոգևոր Մանկություն

852. Աշխատիր ճանաչել «հոգևոր մանկության ուղին», առանց ինքդ քեզ «ստիպելու», որ հետևես այդ ճանապարհին: – Թո՛ղ, որ Սուրբ Հոգին գործի:
 
853. Մանկության ուղին: – Ինքնահանձնում: – Հոգևոր պատանեկություն: – Այս ամենը երբեք չի նշանակում մանկամտություն, այլ ընդհակառակը՝ քրիստոնեական ուժեղ ու ամրապինդ կյանք:
 
854. Հոգևոր մանկության կյանքում «մանուկների» ասածները կամ արածները երբեք խակ մանկամտություններ չեն:
 
855. Հոգևոր մանկությունը հոգևոր պարզամտություն չէ, ո՛չ էլ՝ թույլ մեղկություն: Դա կորովալի և իմաստուն ընթացք է, որը – քանի որ դժվարին կերպով դյուրին է – հոգին պետք է սկսի և շարունակի Աստծո ձեռքից բռնած և Նրա կողմից առաջնորդված:
 
856. Հոգևոր մանկությունը պահանջում է հպատակեցնել միտքը, ինչը որ ավելի դժվար է, քան կամքի հպատակեցումը: – Միտքը հպատակեցնելու համար հարկավոր է, Աստծո շնորհից բացի, կամքի շարունակական հրահանգումը՝ ասելու «ո՛չ», ինչպես «ո՛չ» է ասում մարմնին, մի անգամ, և մի անգամ ևս, և միշտ: Եվ, հետևաբար, տեղի է ունենում զարմանալին. ով հետևում է «հոգևոր մանկության փոքրիկ ճանապարհին», մանուկ լինելու նպատակով պետք է հզորացնի ու առնականացնի իր կամքը:
 
857. Լինել փոքրիկ. մեծ համարձակությունները միշտ էլ մանուկներինն են: – Ո՞վ է ուզում ... լուսինը: – Ո՞վ կանգ չի առնում վտանգների առաջ, իրականացնելու համար իր ցանկությունը:
«Այդպիսի» մի մանկան մեջ «դրեք» Աստծո առատազեղ շնորհը, Աստծո Կամքը կատարելու փափագը, Հիսուսի հանդեպ սաստիկ սերը, մարդկային այն ողջ գիտությունը, որը նա կարող է ձեռքբերել իր կարողությամբ, ... և կունենաք այսօրվա առաքյալների նկարագրի պատկերը, այնպես՝ ինչպես – անտարակույս – Աստված կամենում է, որ նրանք լինեն:
 
858. Մանո՛ւկ եղիր: – Է՛լ ավելի: – Բայց մի՛ մնա անախորժ տարիքում. ավելի ծիծաղելի բան երբևէ տեսե՞լ ես, քան երեխան, որն իրեն հասուն տղամարդու տեղ է դնում. կամ մեծահասակ տղամարդը, որն իրեն երեխայի պես է պահում:
Մանուկ եղիր Աստծո՛ հետ. և, այդպիսին լինելու համար, մեծապես առնական տղամարդ եղիր մնացած ամեն ինչի մեջ: – Եվ դադարեցրո՛ւ տնային շնիկին հատուկ այդ նազանքներդ:
 
859. Երբեմն հակվում ենք մանկական փոքրիկ սխրանքներ գործելու: – Աստծո առաջ հիացմունքի փոքրիկ գործեր են. և եթե մեքենայական սովորության չվերածվեն, անկասկած արգասավոր կլինեն, ինչպես որ արգասավոր է Սերը:
 
860. Հավիտենական Աստծո համեմատ դու ավելի փոքր ես, քան երկու տարեկան երեխան՝ քո համեմատ:
Եվ, մանուկ լինելուց բացի, Աստծո որդի ես: – Դա մի՛ մոռացիր:
 
861. Մանո՜ւկ, բոցավառվիր հասուն տարիքիդ սխալներն ուղղելու փափաքով:
 
862. Անմի՜տ մանուկ. այն օրը, երբ Հոգևոր Առաջնորդիցդ կցանկանաս թաքցնել հոգուդ վերաբերվող ինչ որ մի բան, այդ օրն իսկ կդադարես մանուկ լինելուց, քանի որ կորցրած կլինես պարզությունդ:
 
863. Մանո՜ւկ, երբ իսկապես մանուկ կլինես, կլինես ամենակարող:
 
864. Եթե մանուկ լինեք, տհաճություններ չեք ունենա. մանուկներն իսկույն մոռանում են իրենց վշտերը և վերադառնում են իրենց սովորական խաղերին: – Ուստի, ինքնահանձնումով, մտահոգվելու պատճառ չեք ունենա, քանի որ կհանգստանաք Հոր գրկում:
 
865. Մանո՜ւկ, ամեն օր Հիսուսին ընծայիր ... մինչև իսկ տկարություններդ:
 
866. Խելացի՜ մանուկ, Նրան ընծայիր նաև այն գործավորների աշխատանքը, ովքեր Նրան դեռ չեն ճանաչում. ընծայի՛ր նաև այն խեղճ երեխաների բնական ուրախությունը, որոնք ապականված դպրոցներ են հաճախում ... :
 
867. Մանուկներն իրենց սեփական ոչինչ չունեն. ամեն ինչ իրենց ծնողներինն է ... , իսկ քո Հայրը միշտ շատ լավ գիտի ինչպես մատակարարել ժառանգությունը:
 
868. Փոքրի՛կ եղիր, շա՜տ փոքրիկ: – Երկու տարեկանից ավելի մի՛ եղիր, ամենաշատը՝ երեք: – Որովհետև մի քիչ ավելի մեծ երեխաները խորամանկ չարաճճիներ են դառնում, որոնք արդեն փորձում են անհավատալի ստերով խաբել իրենց ծնողներին:
Արդարև, նրանց մեջ արդեն ներկա է մեղքի խայծը, բայց նրանք չունեն չարի այն փորձառությունը, որը նրանց հետագայում սովորեցնելու է մեղանչելու «արվեստ»ը, ճշմարտության երևույթով քողարկելու համար իրենց խաբեությունների կեղծիքը:
Մեծանալով կորցնում են պարզությունը, իսկ պարզությունն անհրաժեշտ է Աստծո առաջ փոքր լինելու համար:
 
869. Մանո՜ւկ իմ, ինչո՞ւ ես համառորեն շարունակում ոտնացուպերի վրա քայլել:
 
870. Մի՛ փափագիր մեծ լինել: – Մանո՜ւկ, մի՜շտ մանուկ, նույնիսկ եթե մինչև խոր ծերության հասնես: – Երբ մանուկը սայթաքում և ընկնում է, ոչ ոք չի զարմանում ... : Իսկ հայրիկը շտապում է նրան ոտքի կանգնեցնել:
Իսկ երբ սայթաքողն ու ընկնողը մեծահասակ մեկն է, առաջին արդյունքը դա ականատեսների ծիծաղն է: – Երբեմն, այդ առաջին արդյունքից հետո, ծիծաղն իր տեղը զիջում է խղճալուն: – Բայց մեծահասակները պետք է մենակ ոտքի կանգնեն, միայն իրենց ուժերով:
Ամենօրյա տխուր փորձառությունդ լի է խոչընդոտներով ու անկումներով: Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե չլինեիր միշտ ավելի մանուկ:
Մի՛ փափագիր մեծ լինել: – Մանուկ մնա, և երբ սայթաքես, թող քեզ կրկին ոտքի կանգնեցնի քո Հայր-Աստծո ձեռքը:
 
871. Մանո՜ւկ, ինքնահանձնումը պահանջում է հլու ենթակայություն:
 
872. Մի՛ մոռացիր, որ Աստված նախընտրում է մանուկներին և նրանց, ովքեր նմանվում են մանուկներին:
 
873. Փոքրիկ հոգու «տարօրինակություն»ները: – Եթե Հիսուսը քեզ այնպիսի բաներ է ուղարկում, որոնք աշխարհն անվանում է բարիք, արտասվի՛ր սրտիդ խորքում, խորհելով Նրա բարության և քո չարության մասին: – Եթե Հիսուսը քեզ այնպիսի բաներ է ուղարկում, որոնք մարդիկ որակում են որպես չարիք, ուրախացի՛ր սրտիդ խորքում, քանի որ Նա քեզ միշտ տալիս է այն, ինչ պատեհ ու պատշաճ է, և հետևաբար՝ դա Խաչը սիրելու հարմարագույն պահն է:
 
874. Աղաղակի՛ր, համարձա՜կ մանուկ. «Ի՜նչ սեր ուներ Թերեզան: – Ի՜նչ եռանդ ուներ Քսավերյանը: – Ի՜նչ զմայլելի մարդ էր Պողոս Առաքյալը: – Ո՜վ Հիսուս, ես ... ես Քեզ Պողոսից, Քսավերյանից և Թերեզայից ավելի շատ եմ սիրում»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։