Սուրբ Պատարագը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Պատարագը

528. Առաքելանվեր մարդու կարևորագույն հատկանիշներից մեկն է սիրել Սուրբ Պատարագը:
 
529. Պատարագը շատ երկար է տևում, ասում ես դու: Իսկ ես պատասխանում եմ. երկար է թվում, որովհետև քո սերը կարճ է:
 
530. Տարօրինակ չէ՞, որ բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք բավական ծանրաբարո և մինչև իսկ հանդիսավոր են (չեն շտապում, աճապարանք չունեն) իրենց հարաբերություններում, իրենց մասնագիտական սակավ արագաշարժ աշխատանքներում, ճաշի ժամին սեղանի շուրջ, և հանգստի պահին (սրանում էլ չեն շտապում), սաստիկ աճապարանք են զգում և փորձում են ստիպել Քահանային, որ համառոտի, կրճատի, շտապեցնի Սուրբ Պատարագին հատկացված ժամանակը:
 
531. «Լա՜վ վարվեցեք հետը, լա՜վ վարվեցեք հետը», իր ձեռնադրած նորընծա Քահանաներին ասում էր մի ծերունազարդ Եպիսկոպոս, արցունքն աչքերին:
Տե՜ր, ո՞վ արդյոք ինձ ձայն և իշխանություն կտա, որպեսզի նույն խոսքերն աղաղակեմ շա՜տ ու շա՜տ քրիստոնյաների ականջին ու սրտին:
 
532. Մարտիրոսությանն արժանացած այն երիտասարդ ու սրբակյաց Քահանան ինչպե՜ս արտասվեց խորանի առաջ, երբ հիշեց, թե ինչպես էր մի հոգի մահացու մեղքի վիճակում մոտեցել Ամենասուրբ Հաղորդությանը:
Դու է՞լ ես այդպես հատուցում:
 
533. Հիսուսի խոնարհությունը. Բեթղեհեմում, Նազարեթում, Գողգոթայի բարձունքին ... : – Իր խոնարհվելն ու ինքնուրացումը, սակայն, ավելի ուժգին են Ամենասուրբ Նշխարի մեջ. ավելի՛, քան մսուրի մեջ, ավելի՛, քան Նազարեթում, ավելի՛, քան Խաչի վրա:
Ուստի, որքա՜ն պարտավոր եմ սիրել Պատարագը («մեր» Պատարագը, որ Հիսուսն Ինքն է):
 
534. «Քանի՜ տարի է արդեն, որ հաղորդվում եմ ամեն օր: Ուրիշ մեկն իմ փոխարեն արդեն սրբացած կլիներ», ասացիր, «ես, մինչդեռ, միշտ նույնն եմ»:
«Որդյակ», պատասխանեցի, «շարունակիր հանապազօրյա հաղորդությունդ և խորհիր, թե ի՛նչ վիճակում կլինեիր առանց այդ հաղորդությունների»:
 
535. Հաղորդություն, միություն, հաղորդակցություն, սրտակցություն. Խոսք, Հաց, Սեր:
 
536. Հաղորդվի՛ր: – Հարգանքի պակաս չէ: – Հաղորդվիր հենց այսօր, այդ որոգայթից հազիվ դուրս ելած:
Մոռանո՞ւմ ես Հիսուսի խոսքը. «Բժիշկն առողջներին հարկավոր չէ, այլ՝ հիվանդներին» (Մրկ 2, 17):
 
537. Երբ մոտենում ես Տապանակին, մտածիր, որ Նա ... քեզ սպասում է արդեն քսան դար:
 
538. Նա այնտեղ է. Արքայից Արքան, Տերերի Տերը: – Թաքնվել է հացի կերպարանքի տակ:
Հանուն քո սիրո է այսքա՜ն խոնարհվել:
 
539. Քո համար Հիսուսը մնաց այստեղ: – Եթե դու լավ տրամադրված ես, Սուրբ Հաղորդությունից հրաժարվելը հարգանքի նշան չէ: – Անարգանքը միմիայն անարժանաբար ընդունելն է:
 
540. Շնորհի ինչպիսի՜ աղբյուր է հոգևոր Հաղորդությունը: – Հաճախ կատարիր այն. ավելի վառ կերպով կզգաս Աստծո ներկայությունը և գործերիդ ընթացքում ավելի սերտ կերպով միացած կլինես Նրան:
 
541. Բարեպաշտության կյանքն էլ իր կարգուկանոնն ունի: – Սովորի՛ր այն: – Ցավալի է տեսնել այն «բարեպաշտ» անձանց, որոնք Պատարագին մասնակցել չգիտեն – թեև ամեն օր ներկա են գտնվում – , ո՛չ էլ խաչակնքվել գիտեն – հապճեպ շարժումներով օդում ինչ որ տարօրինակ պատկերներ են գծում – , ո՛չ էլ Տապանակի առաջ ծնրադրել գիտեն – նրանց ծիծաղելի ծնրադրությունն ասես խեղկատակություն լինի – , ո՛չ էլ Տիրամոր պատկերի առաջ ակնածանքով գլուխ խոնարհել գիտեն:
 
542. Ինձ մի՛ ենթարկեք «շարքով» տպված պատկերների պաշտամունքին: Նախընտրում եմ անհարթ երկաթի վրա քանդակված Քրիստոսի պատկերը, քան գաջով ծեփված այն Խաչերը, որոնք թվում են շաքարից շինված:
 
543. Տեսար, որ Սուրբ Պատարագը մատուցեցի մի անշուք ու անզարդ խորանի վրա: Խորանին դրված Խաչելությունը բավական մեծ չափսի էր: Մոմակալները՝ անպաճույճ, մեղրամոմե մեծ ջահերով, աստիճանաձև դասավորված. ավելի վեր, Խաչին մոտեցված: Խորանի ծածկոցը՝ օրվա ծիսական գույնով: Շուրջառն՝ ընդարձակ: Բաժակը՝ լայն ու անզարդ, իսկ սկիհը՝ ճոխ: Էլեկտրական լույսը բացակայում էր. դրա պակասը չնկատեցինք անգամ:
Եվ քո համար դժվար եղավ դուրս գալ աղոթատեղից: Որքա՜ն լավ էր այնտեղ: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է առ Աստված առաջնորդում, ինչպես է մեզ Աստծուն մոտեցնում Ծեսի մեջ ճշգրիտ ու առանց ավելորդությունների լինելը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։