Սրբության Ծրագիրդ – Գրադարան – Mashtoz.org

Սրբության Ծրագիրդ

387. Սրբության ծրագիրը, որ Տերն ակնկալում է մեզնից, հետևյալ երեք կետերի մեջ է ամփոփվում. սրբազան անզիջողություն, սրբազան ստիպում, սրբազան պնդերեսություն:
 
388. Սրբազան պնդերեսությունն ա՛յլ բան է, աշխարհիկ անպատկառ ու անամոթ աներեսությունը՝ ա՛յլ բան:
 
389. Սրբազան պնդերեսությունը «մանկության կյանքին» բնորոշ հատկանիշներից է: Մանկանը ոչինչ չի մտահոգում: – Նրա խեղճությունները, բնական տկարությունները, դրսևորվում են ամենայն պարզությամբ, նույնիսկ եթե բոլորն իրեն են նայում ... :
Այս պնդերեսությունը, գերբնական կյանքի ասպարեզ փոխադրելով, առաջնորդում է հետևյալ կերպ խորհելու. գովասանք կամ արհամարհանք ... , հիացում կամ ծաղրանք ... , պատիվ կամ նախատինք ... , առողջություն կամ հիվանդություն ... , հարստություն կամ աղքատություն ... , գեղեցկություն կամ տգեղություն ... : Ի՞նչ կարևորություն ունի:
 
390. Ծիծաղիր, եթե ծիծաղելի բան կա: – Մի՛ մտահոգվիր, թե ինչ կասեն: Աստծուն տես և զգա ինքդ քո մեջ և այն ամենի, որ շրջապատում է քեզ: – Այս կերպ ձեռք կբերես այն սրբազան պնդերեսությունը, որը քեզ հարկավոր է – ինչպիսի՜ հարակարծություն է – ազնվաբարո քրիստոնյայի նրբանկատությամբ ապրելու համար:
 
391. Եթե սրբազան պնդերեսությունն ունես, ի՞նչ հոգդ է, թե «արդյոք ի՞նչ ասած կլինեն» կամ «արդյոք ի՞նչ կասեն»:
 
392. Համոզվիր, որ ծիծաղելի երևալու մտահոգությունը գոյություն չունի նրա համար, ով ջանում է լավագույն կերպ գործել:
 
393. Մի մարդ, մի ... ազնվաբարո, բայց զիջող մարդ, կրկին մահվան կդատապարտեր Հիսուսին:
 
394. Զիջողությունը ստույգ նշանն է այն բանի, որ ճշմարտության կողմը չենք: – Մի մարդ, որ զիջողություններ է անում գաղափարականի, պատվի կամ Հավատքի հարցերում, դա մի մարդ է ... առանց գաղափարականի, առանց պատվի և առանց Հավատքի:
 
395. Աստվածասեր այն հոգին, որ թրծվել ու ամրացել էր պայքարների բովում, այսպես էր տրամաբանում. «Զիջող չե՞մ: Անշուշտ թե զիջող չեմ: Որովհետև համոզված եմ գաղափարականիս ճշմարտությանը: Դուք, մինչդեռ, բավական հարմարվող եք ... : Ձեզ թվում է, թե երկու անգամ երկու հավասար է երեքուկեսի՞: – Ո՞չ: ... Հանուն ընկերությա՞ն էլ չեք զիջում այսքան աննշան հարցում: – Բանն այն է, որ առաջին անգամ լինելով համոզվեց, որ ճշմարտությունն իր կողմն է ... և ինքն էլ իմ կողմն անցավ»:
 
396. Սրբազան անզիջողությունը դա անբարեկրթություն չէ:
 
397. Անտեղիտալի եղիր հավատքին և վարքին վերաբերվող հարցերում: – Բայց քաղցրաբարո եղիր խոսքիդ ու վարմունքիդ կերպի մեջ: – Հուժկու պողպատից կռված լախտ եղիր, բամբակյա պատյանով պարուրված:
Անզիջում եղիր, բայց ո՛չ բիրտ:
 
398. Անզիջողությունը սոսկ անզիջողություն չէ. «սրբազան անզիջողությունն» է:
Չմոռանանք, որ մի «սրբազան ստիպում» էլ գոյություն ունի:
 
399. Եթե երկրային մի կյանք փրկելու համար ուժ ենք գործադրում, բոլորի հավանությամբ ու հաճությամբ, մի մարդ ազատելու համար ինքնասպանությունից ... , չե՞նք կարող այդ նույն ուժը կիրառել – ուժի սրբազան կիրառմամբ – փրկելու համար Կյանքը (մեծատառով) այն բազմաթիվ անձանց, ովքեր տխմար համառությամբ ինքնասպանություն են գործում իրենց հոգիներում:
 
400. Քանի՜ քանի՜ ոճիրներ են գործվում արդարության անվան տակ: – Եթե դու զենքի վաճառական լինեիր և ինչ որ մեկը քեզնից զենք ուզենար գնել՝ քո մորը սպանելու համար, նրան այդ զենքը կվաճառեի՞ր: ... Եվ սակայն, մի՞թե որոշածդ գինը չէր վճարում:
Ուսուցիչներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ. Խորհրդածեցե՛ք:
 
401. Աստված և համարձակություն: – Համարձակությունը անխոմեհություն չէ: – Համարձակությունը հանդգնություն չէ:
 
402. Հիսուսից ներում մի՛ հայցիր միայն քո հանցանքների համար. Նրան մի՛ սիրիր միայն քո սրտով:
Հատուցում արա այն բոլոր նախատինքների համար, որոնք մարդիկ ուղղել, ուղղում և ուղղելու են Նրան, ... Նրան սիրիր Նրան առավելապես սիրած բոլոր մարդկանց բոլոր սրտերի ամբողջ ուժգնությամբ:
Համարձակ եղիր. ասա՛ Նրան, որ Իրեն սիրում ես խենթի պես. ավելի, քան Մարիամ Մագդաղենացին. ավելի, քան Թերեզա Ավիլացին և փոքրիկ Թերեզան ... . ավելի խենթորեն, քան Օգոստինոսը, Դոմինիկոսն ու Ֆրանցիսկոսը. ավելի, քան Իգնատիոսն ու Քսավերյանը:
 
403. Է՛լ ավելի համարձակ եղիր և երբ ինչ որ մի բանի կարիքն ունես, մի՛ խնդրիր, այլ՝ պարզապես ասա՛. «Հիսո՜ւս, այս բանն եմ ուզում, այն բանն եմ ուզում», – միշտ որպես մեկնակետ ունենալով «Եղիցին»– , որովհետև մանուկներն այդպես են վարվում:
 
404. Անհաջողություն ունեցար: – Մենք անհաջողություններ երբեք չենք ունենում: – Ամբողջովին Աստծո վրա էիր դրել վստահությունդ, ամբողջովին Նրան էիր ապավինել: – Ինչպես նաև, չէիր անտեսել ո՛չ մի մարդկային միջոց և գործիք:
Համոզվիր այս ճշմարտությանը. քո հաջողությունը – այժմ և այս պարագայում – ձախողվելն էր: – Շնորհակալություն հայտնիր Տիրոջը և վերսկսիր կրկին:
 
405. Ձախողվե՞լ ես: Դու – լիովին վստահ ու համոզված եղիր – չես կարող ձախողվել: – Ո՛չ թե ձախողվել ես, այլ՝ փորձառություն ես ձեռքբերել: – Հառա՛ջ:
 
406. Դա իրոք ձախողում էր, աղետ և ծանր վնաս. որովհետև կորցրեցիր մեր հոգին: – Լավ գիտես, որ եթե գործում ենք գերբնական տեսությամբ, արդյունքը (հաղթանա՞կ, պարտությո՞ւն, ի՜նչ փույթ) միայն մի անուն ունի. հաջողություն:
 
407. Պաշտոնի իրավունքները չշփոթենք անձի իրավունքների հետ: – Առաջիններից հնարավոր չէ հրաժարվել:
 
408. Սոսկ արտաքուստ սրբակենցաղ երևացողն այնպես է համեմատվում իրական Սրբի հետ, ինչպես սոսկ արտաքուստ բարեկենցաղը՝ սրտանց բարեպաշտի հետ. նրա ծաղրանկարն է:
 
409. Չկարծենք, թե մեր երևութապես սրբանման առաքինությունը որևէ արժեք ունի, եթե միացած չէ քրիստոնեական առօրյա առաքինություններին:
Նման կլիներ վարտիքները սքանչելի ու թանկարժեք գոհարներով զարդարելուն:
 
410. Քո առաքինությունը թող չլինի «հնչուն» առաքինություն:
 
411. Բազմաթիվ կեղծ առաքյալներ, թեպետև իրական առաքյալներ չեն, այնուամենայնիվ բարեգործում են ժողովրդին, բազմությանը, Հիսուսի վարդապետության իսկ զորությամբ, որը քարոզում են, թեև իրենք այն չեն գործադրում:
Այս բարիքը, սակայն, հավասար չափով չի փոխհատուցում այն վիթխարի և գործնական չարիքին, որ նրանք պատճառում են սպանելով գլխավորների, առաքյալների հոգիները, որոնք զզվանքով հեռանում են նրանցից, ովքեր չեն անում այն, ինչ ուսուցանում են ուրիշներին:
Ուստի, այն տղամարդիկ կամ կանայք, որ չեն կամենում անբասիր կյանքով ապրել, երբեք չպետք է առաջին շարքերի վրա դասվեն իբրև խմբապետ:
 
412. Թող քո Սիրո հուրը մոլի կրակ չլինի: – Մի պատրանք, մի խաբուսիկ կրակ, որ չի հրավառում այն, ինչին հպվում է, և ջերմություն չի տալիս:
 
413. Սատանայի ապստամբ հայտարարությունը – «Ո՛չ ծառայեցից» (Երմ 2, 20) – չափազանց արգասավոր եղավ: – Չե՞ս զգում վեհանձն մղումը՝ ասելու ամեն օր, աղոթքի և գործերի կամքով, «Ծառայեցի՛ց» – Ծառայելու եմ Քեզ, հավատարիմ եմ լինելու Քեզ – , որն իր պտղառատությամբ գերազանցի ապստամբության այն մի աղաղակին:
 
414. Որքա՜ն տխուր բան է տեսնել «Աստծո մի մարդ» մոլորված, այլասերված վիճակում: – Բայց շա՜տ ավելի տխուր բան է տեսնել «Աստծո մի մարդ», որ գաղջ է և աշխարհասեր դարձած:
 
415. Շատ կարևորություն մի՛ տուր այն ամենին, ինչն աշխարհն անվանում է հաղթանակ կամ պարտություն: – Քանի՜ անգամներ է պարտվում հաղթողը:
 
416. «Առանց իմ ոչինչ կարէք առնել». Առանց ինձ ոչինչ չեք կարող անել (Հվհ 16, 5): Նոր լույս, կամ ավելի ճիշտը՝ նոր շողարձակումներ աչքերիս համար, այն Հավիտենական Լույսից, որ Սուրբ Ավետարանն է:
Կարո՞ղ են զարմացնել ինձ «իմ» ... հիմարությունները:
Պետք է Հիսուսին ներգրավեմ իմ բոլոր գործերի մեջ: Եվ, հայնժամ, վարքիս մեջ հիմարություններ գոյություն չեն ունենա. և, ճիշտ խոսելով, այլևս չեմ ասի «իմ գործերը», այլ՝«մեր գործերը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։