Աղոթք – Գրադարան – Mashtoz.org

Աղոթք

81. Գործն առանց աղոթքի ոչինչ չարժե: Իսկ աղոթքը փաստվում և արժեքավորվում է զոհողությամբ:
 
82. Նախ աղոթքը, հետո՝ ապաշխարանքը: Երրորդ գծի վրա – շա՜տ «երրորդ գծի վրա» – գործը:
 
83. Աղոթքը հոգևոր շենքի հիմքն է: – Աղոթքն ամենակարող է:
 
84. «Տէ՜ր, ուսո՛ մեզ յաղօթս կալ». Տե՜ր, սովորեցրու մեզ աղոթել (Ղկս 11, 1): – Եվ Տերը պատասխանեց. «Հա՛յր մեր, որ յերկինս ... ». «Հայր մեր, որ երկնքում ես ... » (Մտթ 6, 9):
Ինչպե՞ս կարելի է չգնահատել ձայնային աղոթքը:
 
85. Հանդա՜րտ: – Մտածիր, թե ի՛նչ ես ասում, ո՛վ է դա ասողը և ո՛ւմ է ասում: – Որովհետև աճապարանքով արտաբերված այդ խոսքերը, առանց մտային անդրադարձումին ժամանակ տալու, լոկ աղմուկ է, թիթեղի շռինդ:
Եվ քեզ պիտի ասեմ, Սրբուհի Թերեզայի խոսքերով, որ դա աղոթք չեմ անվանում, նույնիսկ եթե շրթունքներդ շատ ես շարժում:
 
86. Քո աղոթքը պետք է ծիսական լինի: – Երանի՜ թե կարողանայի քեզ սիրել տալ և սիրտդ կապեի Սաղմոսներին ու Պատարագամատույցի աղոթքներին, անհատական կամ առանձնական աղոթքների փոխարեն:
 
87. «Մարդը միայն հացով չէ, որ ապրում է», ասում է Տերը, «այլ նաև ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: – Հաց և Խոսք: Նշխար և աղոթք:
Այլապես՝ գերբնական կյանք չես ապրի:
 
88. Փափագում ես ընկերներիդ մտերմությունը, որպեսզի իրենց զրուցակցությամբ ու սիրով, իրենց հանդիպումներով ու հավաքներով քո համար առավել տանելի դարձնեն այս աշխարհի աքսորը, թեև ... ընկերները երբեմն դավաճանում էլ են: – Դա ինձ վատ բան չի թվում:
Բայց, ուրեմն, ... ինչո՞ւ ամեն օր, ավելի մեծ եռանդով, չես փնտրում մտերմությունն ու զրուցակցությունը այն Մեծ Ընկերոջ, որն երբեք չի դավաճանում:
 
89. Սուրբ Ավետարանում կարդում ենք, թե «Մարիամը լավագույն մասն ընտրեց»: – Հիսուսի առաջ ծնրադիր, ըմպում էր Վարդապետի խոսքերը: Երևութապես անգործության մեջ, աղոթում էր և սիրում: – Հետո, Հիսուսի քարոզչության ընթացքում, ընկերակցում էր Նրան քաղաքից քաղաք և գյուղից գյուղ:
Առանց աղոթքի որքա՜ն դժվար է Հիսուսին ընկերակցելը:
 
90. Աղոթել չգիտե՞ս: – Աստծո ներկայության կանգնիր, և հազիվ կսկսես ասել. «Տե՜ր իմ, ... աղոթել չգիտեմ ... », վստահ եղիր, որ դու արդեն սկսել ես աղոթել:
 
91. Ինձ գրել էիր. «Աղոթել՝ նշանակում է Աստծո հետ խոսել: Բայց ... ինչի՞ մասին»: – Ինչի՞ մասին: Իր մասին, քո մասին. ուրախություններ, տխրություններ, հաջողություններ ու անհաջողություններ, ազնիվ ձգտումներ, ամենօրյա մտահոգություններ, ... տկարություններ: Ապա երախտագիտության արտահայտումներ և աղերսանքներ. և՛ Սեր, և՛ հատուցում:
Երկու խոսքով. ճանաչել Նրան և ճանաչել ինքդ քեզ. «միասին լինել»:
 
92. «Եւ ի խորհուրդս իմ վառեցաւ հուր». Եվ, խորհրդածությանս ժամանակ, կրակ է վառվում (Սղմ 19, 4): – Ահա՛ թե ինչու պետք է աղոթես. որպեսզի մի խարույկ դառնաս, մի կենդանի հուր, որ սփռում է ջերմություն և լույս:
Ուստի, երբ չես կարողանում շարունակել աղոթքդ, երբ զգում ես, թե հուրդ մարում է, եթե չես կարողանում կրակիդ մեջ բուրումնավետ կոճղեր նետել, ձայնային փոքրիկ աղոթքների, սլաքական աղոթքների շյուղեր ու տերևիկներ նետիր, որպեսզի շարունակեն վառ պահել կրակը: Նաև լավ օգտագործած կլինես ժամանակդ:
 
93. Քեզ այն աստիճան թշվառ ես նկատում, որ քեզ անարժան ես համարում, որ Աստված քեզ լսի: Բայց ... իսկ Մարիամի արժանիքնե՞րը, իսկ Հիսուսի վերքե՞րը: Եվ ... մի՞թե Աստծո որդին չես:
Ինչպես նաև, Նա քեզ լսում է, «զի բարի է ... զի յաւիտեան է ողորմութիւն Նորա». որովհետև բարի է ... որովհետև հավիտյան տևում է Նրա ողորմությունը (Սղմ 117, 1):
 
94. Աստված այնքա՜ն փոքրացավ – ահա տե՛ս Նրան. մի Մանուկ – , որպեսզի դու Իրեն կարողանաս վստահությամբ մոտենալ:
 
95. «Ի քեզ, Տէ՜ր, յուսացայ». Դու ես, Տեր, իմ հույսը (Սղմ 30, 2): – Եվ գործի դրեցի, մարդկային միջոցներից բացի, նաև իմ աղոթքն ու իմ խաչը: – Եվ իմ հույսն ունայն չեղավ և երբեք չի լինի ունայն. «Մի՛ ամաչեցից յաւիտեան»:
 
96. Հիսուսի խոսքերն են. «Ասում եմ ձեզ, խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առջև»:
Աղոթի՛ր: Մարդկային ո՞ր ձեռնարկի մեջ քեզ կարող են հաջողության նման երաշխիքներ տալ:
 
97. Չգիտես, թե Տիրոջն ի՛նչ ասես աղոթքի ժամանակ: Միտքդ ոչինչ չի գալիս, և սակայն կուզենայիր Իրենից խորհուրդ հարցնել բազմաթիվ հարցերի մասին: Այսպես վարվիր. օրվա ընթացքում մի կտոր թղթի վրա գրի առ այն հարցերը, որոնք կամենում ես քննել Աստծո ներկայությանը: Եվ ապա գնա՛ աղոթելու այդ գրառումներովդ:
 
98. Քահանայի և Աստծուն նվիրված կույսերի աղոթքից հետո՝ Աստծուն ամենահաճո աղոթքը մանուկներինն է և հիվանդներինը:
 
99. Երբ գնում ես աղոթելու, սա՛ թող քո համար հաստատուն առաջադրանք լինի. ո՛չ ավելի ժամանակ, եթե մխիթարություն կզգամ, ո՛չ էլ նվազ ժամանակ, եթե կլինեմ ցամաք:
 
100. Հիսուսին մի՛ ասա, թե աղոթքի մեջ մխիթարություններ ես ուզում: – Եթե Ինքը տա, շնորհակալ եղիր: – Իսկ դու միշտ ասա՛, որ հարատևել ես կամենում:
 
101. Հարատևիր աղոթի մեջ: – Հարատևիր, նույնիսկ եթե ջանքերդ ամուլ են թվում: – Աղոթքը միշտ էլ պտղառատ է ու արգասավոր:
 
102. Միտքդ թմրել է, անշարժացել: Ապարդյուն ջանքեր ես գործադրում գաղափարներդ կարգի բերելու համար Աստծո ներկայությանը: Կարծես շշմած լինես:
Մի՛ տանջվիր և մի՛ մտահոգվիր: – Ինձ լավ լսիր. դա սրտի պահն է:
 
103. Այդ խոսքերը, որ աղոթքի ժամանակ քեզ տպավորեցին, արձանագրիր հիշողությանդ մեջ և օրվա ընթացքում, դանդաղ ու հանդարտ, բազմիցս կրկնիր:
 
104. «Հանէր զգիշերն ի գլուխ յաղօթսն Աստուծոյ». «Ամբողջ գիշերն աղոթքով անցկացրեց» (Ղկս 6, 12): – Այսպես է պատմում Ղուկաս Ավետարանիչը Տիրոջ մասին:
Դու քանի՞ անգամ ես այդպես հարատևել ... : Ուստի ... :
 
105. Եթե Քրիստոսին հաճախ չես հանդիպում աղոթքով և Հացի բեկմամբ, ինչպե՞ս կարող ես ծանոթացնել Նրան ուրիշներին:
 
106. Ինձ գրել էիր, և քեզ լավ եմ հասկանում. «Ամեն օր կատարում եմ աղոթքի իմ փոքրիկ պահը: Եթե սա չլիներ, ... »:
 
107. Սուրբ առանց աղոթքի՞... : – Չեմ հավատում այդ սրբությանը:
 
108. Մի օտար հեղինակի խոսքերը գործածելով քեզ կասեմ, որ առաքելական կյանքդ արժե այնքան, որքան արժե քո աղոթքը:
 
109. Եթե աղոթքի մարդ չես, դիտավորությանդ անկեղծությանը չեմ հավատում, երբ ասում ես, թե աշխատում ես Քրիստոսի համար:
 
110. Ինձ մի անգամ ասացիր, թե նմանվում ես փչացած զարթուցիչի, որ հնչում է սխալ ժամանակի. աղոթքի պահին սառն ես, չոր ու ցամաք, և ընդհակառակն, ամենից նվազ ակնկալածդ պահին, փողոցում, առօրյա հոգսերի, քաղաքի խառնաշփոթության ու ժխորի մեջ, և կամ մասնագիտական աշխատանքիդ պահին, հանկարծ անդրադառնում ես, որ աղոթում ես ... :
Դա քեզ անհարմար ու անպատե՞հ է թվում: – Լա՛վ, բայց չանտեսես զարթուցիչիդ այդ գեղգեղանքները: Սուրբ Հոգին փչում է այնտեղ, ուր Ինքն է կամենում:
 
111. Ժպտացի, լսելով այդ ... անհամբեր աղոթքդ: – Նրան ասում էիր. «Ծերանալ չեմ ուզում, Հիսո՜ւս: ... Չափազանց երկար է այդքան սպասելը՝ Քեզ տեսնելու համար: Այն ժամանակ միգուցե սիրտս այժմվա պես խանդավառ չլինի: Ծերության հասնելը ինձ շատ ուշ է թվում: Քո հետ իմ միությունն այժմ առավել զորեղ կլիներ ու կորովի, քանի որ Քեզ սիրում եմ պատանեկական Սիրով»:
 
112. Ինձ դուր է գալիս, որ դու ապրում ես այդ «հավակնոտ հատուցումն ու նորոգումը». Աշխա՛րհը, ասացիր ինձ: – Լա՛վ: Բայց, առաջին հերթին, նկատի ունեցիր գերբնական ընտանիքիդ անդամներին, ազգականներիդ և հայրենակիցներիդ, որոնք ապրում են մեր Հայրենիքում:
 
113. Նրան ասում էիր. «Ինձ մի՛ վստահիր ... : Ես, այո՛, վստահում եմ Քեզ, Հիսո՜ւս ... : Ինձ Քո բազուկներին եմ հանձնում: Քո ձեռքերում եմ թողնում այն ամենն, ինչ ունեմ. խեղճություններս»: – Սա ինձ իրոք լավ աղոթք է թվում:
 
114. Քրիստոնյայի աղոթքը երբեք մենախոսություն չէ:
 
115. «Լռության րոպեներ»: – Թողեք դրանք նրանց, ում սիրտը չոր է:
Մենք՝ քրիստոնյաներս, որ Աստծո որդիներն ենք, խոսում ենք մեր Հոր հետ, որ երկնքում է:
 
116. Մի՛ անտեսիր հոգևոր ընթերցանությունը: – Ընթերցանությունը բազմաթիվ Սրբեր է պատրաստել:
 
117. Գրել էիր. «Ընթերցանությամբ հավաքում եմ վառելանյութի պաշարներս: Անշարժ մի դեզ է թվում, բայց այդտեղից է, որ հիշողությունս հաճախ քաղում է, ինքնաբերաբար, նյութերը, որոնք կյանքի նոր շունչ են տալիս իմ աղոթքին և բոցավառում են երախտագիտությանս մատուցումը Ամենասուրբ Հաղորդությունից հետո»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։