Ապաշխարություն – Գրադարան – Mashtoz.org

Ապաշխարություն

208. Օրհնյա՜լ լինի վիշտը: Սիրելի՜ լինի վիշտը: Սրբագործվա՜ծ լինի վիշտը: ... Փառավորվա՜ծ լինի վիշտը:
 
209. Առաքյալը մեզ մի ամբողջական ծրագիր է ներկայացնում, որպեսզի նպաստավոր կերպով հաճախենք վշտի դպրոցը. «Յուսով խնդացէք, նեղութեան համբերեցէք, աղօթից ստէպ կացէք». Հույսի մեջ ուրախ եղեք, նեղությանը համբերեցեք, հաճախակի աղոթեցեք (Հռմ 12, 12):
 
210. Հատուցում. ահա՛ արահետը, որ առաջնորդում է դեպի Կյանք:
 
211. Խոնարհությանդ բահով փորված խորը փոսի մեջ թաղիր, ապաշխարությա՛մբ, թերացումներդ և մեծ ու փոքր մեղքերդ: – Նույն կերպ վարվելով, հողագործն էլ է փտած պտուղները, չոր ճյուղերն ու թափված տերևները թաղում այն ծառի տակ, որից դրանք թափվել են: – Եվ ինչը որ պիտանի չէր, կամ ավելի ճիշտը՝ ինչը որ վնասակար էր, արդյունավետ կերպով նպաստում է նոր պտղաբերմանը: Սովորիր նոր թափ ու սլացք քաղել անկումներիցդ. մահվանից՝ կյանք:
 
212. Այն Քրիստոսը, որին դու տեսնում ես, Հիսուսը չէ: – Մի տխուր պատկեր է, որ պղտոր աչքերդ կարողանում են ուրվագծել ... : – Մաքրվի՛ր: Խոնարհությամբ և ապաշխարությամբ լուսավորի՛ր հայացքդ: Ապա ... քեզ չեն պակասի Սիրո ջինջ ու հստակ լույսերը: Եվ կատարյալ տեսողություն կունենաս: Պատկերն իսկապես Իրենը կլինի. իսկապես Ինքը:
 
213. Հիսուսը տառապում է՝ կատարելու համար Հոր Կամքը: ... Իսկ դու, որ Վարդապետի քայլերին հետևելով՝ նույնպես կամենում ես կատարել Աստծո Սրբազնասուրբ Կամքը, կարո՞ղ ես գանգատվել, եթե քեզ որպես ճանապարհի ընկեր գտնես տառապանքը:
 
214. Ասա՛ քո մարմնին. նախընտրում եմ քեզ որպես ստրուկ ունենալ, քան թե ես քո ստրուկը դառնամ:
 
215. Ինչքա՜ն են վախենում մարդիկ ապաշխարությունից: Եթե այն, ինչ անում են մարդկանց առաջ երևալու նպատակով, դիտավորությունն ուղղելով անեին Աստծո համար, ... ինչպիսի՜ Սրբեր ու Սրբուհիներ կունենայինք:
 
216. Արտասվո՞ւմ ես: – Մի՛ ամաչիր: Արտասվի՛ր. այո՛, տղամարդիկ էլ են արտասվում, քո նման, երբ մենակ են և Աստծո առաջ: Գիշերը, ասում էր Դավիթ թագավորը, արցունքներով ողողելու եմ անկողինս:
Այդ ջերմ ու առնական արցունքներովդ կարող ես մաքրագործել անցյալդ և գերբնականացնել ներկա կյանքդ:
 
217. Կամենում եմ, որ երջանիկ լինես երկրի վրա: – Երջանիկ չես լինի, եթե վերջ չտաս վշտակրության նկատմամբ զգացածդ վախին: Որովհետև, քանի դեռ “ճանապարհին ենք”, հենց վշտակրության մեջ է կայանում երջանկությունը:
 
218. Որքա՜ն գեղեցիկ է կորցնել կյանքը Կյանքի համար:
 
219. Եթե ըմբռնում ես, որ այդ վշտերը – ֆիզիկական կամ բարոյական – մաքրագործում են քեզ և արժանիք են շահում, ուրեմն օրհնի՛ր դրանք:
 
220. Բերանումդ դառնահամ չի՞ թողնում կենսաբանական բարեկեցության մաղթանքը – «Աստված քեզ առողջություն տա, եղբայր» – որով որոշ մուրացիկներ շնորհակալություն են հայտնում ստացած ողորմության համար կամ խնդրում են այն:
 
221. Եթե կամավոր հատուցման մեջ վեհանձն լինենք, Հիսուսը մեզ շնորհներով կլիացնի՝ սիրելու համար քավությունները, որոնք Ինքն է մեզ ուղարկելու:
 
222. Թող կամքդ զգայարաններիցդ պահանջի, ապաշխարությա՛ն միջոցով, այն, ինչը որ մյուս կարողություններդ իրեն մերժում են աղոթքի ընթացքում:
 
223. Որքա՜ն քիչ արժե ապաշխարությունն առանց զգայարանների հարատև սանձման:
 
224. Վախենո՞ւմ ես ապաշխարությունից ... : Ապաշխարությունից, որը քեզ օգնելու է հասնել հավիտենական Կյանքին: – Եվ սակայն, չե՞ս տեսնում, թե ինչպես են մարդիկ այս ներկա թշվառ կյանքը պահպանելու համար ենթարկվում վիրաբուժական տանջալի գործողությունների հազարումի չարչարանքներին:
 
225. Քո մեծագույն թշնամին դու ինքդ ես:
 
226. Մարմնիդ հետ քրիստոնեական սիրով վարվիր, բայց ո՛չ ավելի մեծ սիրով, քան այն, որ գործի է դրվում դավաճան թշնամու հանդեպ:
 
227. Եթե գիտես, որ մարմինդ քո թշնամին է, և թշնամին է Աստծո փառքի, քանի որ քո սրբացման թշնամին է, ուրեմն ինչո՞ւ ես այդքան փաղաքշանքով փայփայում նրան:
 
228. «Մաղթում ենք ձեզ հաճելի երեկո», ասացին մեզ սովորության համաձայն: Եվ մի աստվածասեր հոգի մեկնաբանեց. «Այս որքա՜ն կարճ մաղթանքներ են»:
 
229. Քո հետ, ո՜վ Հիսուս, որքա՜ն հաճելի է վիշտը և որքա՜ն լուսավոր է խավարը:
 
230. Տառապո՜ւմ ես: – Լա՛վ ուրեմն, լսիր. «Նրա» Սիրտը մերինից փոքր չէ: – Տառապո՞ւմ ես: Լավ է, որ այդպես լինի:
 
231. Խիստ պահքը Աստծուն բավականին հաճելի ապաշխարություն է: – Բայց, այս կամ այն պատճառով, բազմաթիվ զիջումներ ենք կատարել: Վատ բան չէ – ընդհակառակը, շատ լավ կլինի – , եթե դու, հոգևոր Առաջնորդիդ արտոնությամբ, այն հաճախակի կիրառես:
 
232. Ապաշխարությանն ի նպաստ պատճառնե՞ր: Քավություն, հատուցում, աղերսանք, երախտագիտության հայտնում. միջոցներ՝ առաջադիմելու համար. ... քո առաջադիմության, իմ, ուրիշների, ընտանիքիդ, Հայրենիքիդ, Եկեղեցու ... : Եվ ուրիշ հազարավոր պատճառներ:
 
233. Հոգևոր Առաջնորդիդ թույլատրածից ավելի ապաշխարանքներ մի՛ արա:
 
234. Որքա՜ն ենք ազնվացնում վիշտը, երբ նրան տալիս ենք իրեն հասանելիք տեղը – քավություն – հոգու տնօրենության մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։