Առաջադրություններ – Գրադարան – Mashtoz.org

Առաջադրություններ

247. Գործնական եղիր: – Առաջադրություններդ թող չնմանվեն տոնական հրավառության, որի կրակները փայլում են մի պահ միայն, իրենց ետևից թողնելով ապա, որպես դառն իրականություն, սև ու անօգուտ խանձողներ միայն, որոնք արհամարհանքով նետվում են մի կողմ:
 
248. Որքա՜ն երիտասարդ ես: – Բաց ծով դուրս եկող նավի ես նմանվում, որ սկսում է իր ընթացքը: – Այն, ինչը որ հիմա սոսկ աննշան շեղում է թվում, եթե չուղղես, չի թողնի, որ նավահանգիստ հասնես:
 
249. Մի՛ բազմապատկիր առաջադրություններիդ թիվը: – Գործնական առաջադրություններ ստանձնիր: Եվ ի կատար ածիր Աստծո օգնությամբ:
 
250. Ինձ ասացիր, և ես քեզ լռությամբ լսեցի. «Այո՛, կամենում եմ սուրբ լինել»: Չպատասխանեցի, թեև այս հաստատումը, որ այսքա՜ն անորոշ է, այսքա՜ն ընդհանուր ու վերացական, ինձ սովորաբար անմտություն է թվում:
 
251. Վա՜ղը: Երբեմն խոհեմություն է. շատ հաճախ՝ պարտվածների մակբայն է:
 
252. Ստանձնիր ահա այս վճռորոշ ու հաստատակամ առաջադրությունը. երբ քեզ գովում են կամ պատիվներով մեծարում, հիշիր այն թերություններդ, որոնց պատճառով ամաչում ես ու կարմրում:
Սա քոնն է, իսկ գովքն ու փառքը՝ Աստծունը:
 
253. Հարկ եղած կերպ վարվիր «ա՛յժմ», առանց հիշելու «երեկը», որն արդեն անցել է, և առանց մտահոգվելու «վաղվա» մասին, որը չգիտես, թե քո համար արդյոք գալո՞ւ է:
 
254. Ա՛յժմ: Հենց հիմա՛ վերադարձիր քո ազնվական կյանքին: – Մի՛ խաբվիր. «հիմա» շատ շուտ չէ, ... ոչ էլ՝ չափազանց ուշ:
 
255. Ուզում ես, որ քեզ ասեմ այն ամենն, ինչ մտածում եմ «քո ճանապարհի» մասի՞ն: – Ուրեմն, լսիր. եթե կոչմանդ համապատասխանես, Քրիստոսի համար կաշխատես այնքան, որքան ուրիշ ոչ ոք երբևէ չի աշխատել: Եթե աղոթքի մարդ դառնաս, կկարողանաս համապատասխանել ասածիս նման: Եվ ինքնանվիրման ծարավով կփնտրես ամենադժվարին գործերը:
Եվ երջանիկ կլինես այստեղ՝ ներքևում, և երջանկագույն՝ Կյանքում:
 
256. Այդ վերքը ցավեցնում է: – Բայց բուժվելու ընթացքի մեջ է. հետևողական եղիր առաջադրություններիդ մեջ: Եվ ցավը շուտով բերկրալի խաղաղության կփոխվի:
 
257. Ինքդ քեզ նետել ես այնտեղ, կարծես ավազի պարկ լինես: – Ոչինչ չես անում քո կողմից: Այդպիսով զարմանալի չէ, որ սկսում ես զգալ եռանդի կորուստի ախտանշանները: – Հակազդի՛ր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։