Առաջնորդություն – Գրադարան – Mashtoz.org

Առաջնորդություն

56. «Սրբի փայտ»: Ոմանց համար ճիշտ այսպես են ասում. որ «Սրբի փայտ» ունեն[1]: – Մի կողմ թողնելով այն փաստը, որ Սրբերը փայտից չեն, միայն այդ փայտն ունենալը բավական չէ:
Շա՜տ հնազանդություն է հարկավոր հոգևոր Առաջնորդի հանդեպ, և շա՜տ հպատակություն՝ շնորհին: – Որովհետև, եթե Աստծո շնորհին և հոգևոր Առաջնորդին չթույլատրվի կատարել իրենց գործը, երբեք ի հայտ չի գա քանդակը, Հիսուսի պատկերը, որի մեջ փոխակերպվում է Սուրբ մարդը:
Իսկ «Սրբի փայտը», որի մասին խոսում էինք, առանց այդ քանդակումի կմնա տձև, չաշխատված մի կոճղ, պիտանի՝ կրակի համար ... : Մի լա՜վ կրակի, եթե լա՜վ փայտ էր:
 
57. Մտերմություն մշակիր Սուրբ Հոգու – Մեծ Անծանոթի – հետ, քանի որ Նա է, որ քեզ սրբացնելու է:
Մի՛ մոռացիր, որ Աստծո տաճարն ես: – Մխիթարիչը հոգուդ կենտրոնում է. լսիր Նրան և հլությամբ հետևիր Նրա ներշնչումներին:
 
58. Մի՛ խանգարիր Սուրբ Հոգու գործին. միացիր Քրիստոսին, որպեսզի մաքրագործվես, և զգա, Նրա հետ, անարգանքները, և թուքը, և ապտակները, ... և փշերը, և Խաչի ծանրությունը, ... և գամերը, որ բզկտում են մարմինդ, և լքման մեջ մահվան դառնությունը:
Եվ դիր քեզ Մեր Տեր Հիսուսի տիգախոց կողի մեջ, մինչև որ ապահով ապաստան կգտնես Նրա վիրավոր Սրտում:
 
59. Լավ կլինի, որ դու գիտենաս այս ստույգ ուսուցումը. մեր անհատական դատողությունը վատ խորհրդատու է, վատ ղեկավար, և չի կարող առաջնորդել մեր հոգին ներանձնական կյանքի ալեկոծումների ու փոթորիկների, խութերի միջով:
Ուստի, Աստծո կամքն է, որ նավի ղեկավարումը հանձնվի մի փորձառու Առաջնորդի, որպեսզի նա իր լույսով և իր հմտությամբ մեզ առաջնորդի դեպի ապահով նավահանգիստ:
 
60. Եթե երկրի վրա ապրելու համար մի լավ տուն չես կարող կառուցել առանց ճարտարապետի, ուրեմն ինչպե՞ս կարող ես երկնքում հավիտյան ապրելու համար վեր խոյացնել սրբակերտմանդ ամրոցը առանց հոգևոր Առաջնորդի:
 
61. Երբ աշխարհականն ինքն իրեն բարոյականության ուսուցչի տիտղոս է տալիս, հաճախ սխալվում է: Աշխարհականները կարող են միայն աշակերտներ լինել:
 
62. Հոգևոր Առաջնորդ: – Նրա կարիքն ունես: – Անձդ լքելու, նվիրվելու համար ... հնազանդվելով: – Եվ մի Առաջնորդ, որ ծանոթ լինի առաքելությանդ, իմանա այն, ինչ Աստված կամենում է. կկարողանա հայնժամ արդյունավետ կերպով գործակցել Սուրբ Հոգու աշխատանքին ներաշխարհումդ, առանց քեզ տեղդ փոխել տալու ... , քեզ խաղաղությամբ լցնելով, և սովորեցնելով, թե ինչպե՛ս պետք է արգասավոր դարձնես աշխատանքդ:
 
63. Դու – կարծում ես – հասուն անձնականություն ունես. ուսումներդ – գիտական փնտրտուքներդ, հրատարակություններդ, հասարակական դիրքդ – , անունդ, քաղաքական գործունեություններդ, զբաղեցրածդ պաշտոնները, ժառանգությունդ ... , տարիքդ, այլևս երեխա չես ... :
Հենց այս ամենի պատճառով է, որ հոգևոր Առաջնորդի կարիքն ունես, և մյուսներից ավելի՛:
 
64. Հոգևոր Առաջնորդիցդ մի՛ թաքցրու թշնամու այդ սադրանքները: – Հոգևոր Առաջնորդիդ առաջ սիրտդ բացելով հաղթանակ ես տոնում թշնամու դեմ, իսկ դա քո հոգում ավելացնում է Աստծո շնորհը: – Ինչպես նաև, որպեսզի շարունակես հաղթել, այժմ ունես նաև խորհրդատվության շնորհը և հոգևոր Առաջնորդիդ աղոթքները:
 
65. Ինչո՞ւ ես այդքա՜ն երկնչում տեսնելու ինքդ քեզ և անձդ ծանոթացնելու հոգևոր Առաջնորդիդ այնպես, ինչպես որ կա իրականում:
Մի մեծ ճակատամարտ շահած կլինես, եթե քեզ հայտնելու վախը կորցնես:
 
66. Քահանան – ո՛վ էլ որ լինի – միշտ «ա՛յլ ոմն Քրիստոս» է:
 
67. Չեմ կամենում զանց առնել քեզ ևս մեկ անգամ հիշեցնելը, – թեև դա քեզ հայտնի է – , որ Քահանան «ա՛յլ ոմն Քրիստոս» է: – Եվ որ Սուրբ Հոգին ասել է. «Մի՛ մերձենայք յՕծեալսդ իմ». Մի՛ ձեռնեք իմ Օծյալներին (1Մն 15, 22):
 
68. Երեց, ստուգաբանորեն, նշանակում է տարեց: Եթե տարիքն արժանի է մեծարանքի, մտածիր, թե որքա՜ն ավելի պարտավոր ես հարգել Քահանային:
 
69. Հոգու նրբության որքա՜ն պակաս և հարգանքի մեջ ինչպիսի՜ թերացում են նշանակում Քահանային ուղղված կատակներն ու ծաղրանքները, ո՛վ էլ որ նա լինի և որևիցէ մի պատրվակով:
 
70. Պնդում եմ. Քահանային ուղղված այդ կատակները – ծաղրանքները – իրենց բոլոր մեղմացուցիչ կողմերով հանդերձ, միշտ էլ, առնվազն, անդաստիարակություն են, բիրտ կոպտություն:
 
71. Որքա՜ն պետք է զմայլվենք ու գնահատենք Քահանայի վարքի մաքրությունը: Դա իր գանձն է: – Ո՛չ մի բռնակալ չի կարող երբևէ Եկեղեցուց խլել այս թագը:
 
72. Առիթ մի՛ տուր քահանային, որ կորցնի իր լրջությունը: Դա մի առաքինություն է, որ նա պետք է միշտ ունենա, անշուշտ առանց մեծամտության:
Ինչպե՜ս էր այդ շնորհը հայցում այն երիտասարդ քահանան, մեր ընկերը. «Տե՜ր, պարգևիր ինձ ... ութսուն տարի լրջությամբ ապրված կյանք»:
Դու էլ նույն բանը խնդրիր, բոլո՛ր քահանաների համար, և բարի գործ արած կլինես:
 
73. Մեծ ցավ զգացիր – կարծես դաշույն խրվեր սրտիդ մեջ – , երբ իմացար, որ ասում էին, թե իբր վատ ես արտահայտվել այդ քահանաների հասցեին: – Ուրախ եմ, որ անզգա ու անտարբեր չես և դրա համար ցավ ես զգում. այժմ հավաստիորեն կարող եմ վստահ լինել հոգուդ բարի տրամադրվածությանը:
 
74. Սիրել Աստծուն և չհարգել Քահանային ... անհնարին է:
 
75. Նոյ Նահապետի բարի որդիների նման, սիրո պատմուճանով ծածկիր այն խեղճությունները, որ տեսնում ես հորդ՝ Քահանայի անձում:
 
76. Եթե կյանքի ծրագիր չունես, երբեք կարգուկանոն էլ չես ունենա:
 
77. Կյանքի մի ծրագրի, մի օրակարգի հետևելը – ասացիր ինձ – այնքա՜ն միապաղաղ է:
Իսկ ես քեզ պատասխանեցի. միապաղաղություն կա, որովհետև պակասում է Սերը:
 
78. Եթե որոշված ժամի անկողնուցդ վեր չկենաս, երբեք չես իրագործի կյանքիդ ծրագիրը:
 
79. Առաքինություն առանց կանոնի ու կարգապահությա՞ն: – Տարօրինակ առաքինություն է դա:
 
80. Եթե կարգապահ լինես, ժամանակդ կբազմապատկվի և, հետևաբար, կկարողանաս ավելի փառք տալ Աստծուն, ավելի աշխատելով Նրա ծառայության մեջ:

[1] Իսպաներեն արտահայտության իմաստն այն է, որ տվյալ անձը բնավորության այնպիսի գծեր ունի, որոնք իրեն նախատրամադրում են սրբանալու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։