Առաքելություն – Գրադարան – Mashtoz.org

Առաքելություն

960. Ինչպես օվկիանոսի շառաչը կազմված է յուրաքանչյուր ալիքի շաթյունից, այդպես էլ ձեր առաքելության սրբությունը կազմվում է ձեզնից յուրաքանչյուրի անհատական առաքինություններից:
 
961. Հարկավոր է, որ դու «Աստծո մարդ» լինես, հոգևոր կյանքի մարդ, աղոթքի և զոհողության մարդ: – Քո առաքելությունը պետք է քո ներքին կյանքի արտազեղումը լինի:
 
962. Միություն: – Միություն և ենթակայություն: Ինչի՞ս են պետք քանդված ժամացույցի անջատ կտորները – նույնիսկ եթե թանկարժեք նյութից պատրաստված լինեն – , եթե ցույց չեն տալիս ժամը:
 
963. Ձեր աշխատանքի մեջ ինքնամփոփ խմբավորումներ մի՛ կազմեք, կարծես «փոքրիկ եկեղեցիներ», «մատուռներ» լինեիք: – Դա առաքելություններն արժեքազրկել կնշանակեր: Որովհետև եթե «մատուռը» վերջում հասնի ղեկավարելու համաշխարհային մի ձեռնարկի ... , համաշխարհային այդ ձեռնարկը շուտով «մատռան» կվերածվի:
 
964. Անմխիթար ձայնով ասում էիր. «Բազմաթիվ ճանապարհներ կան»: – Պե՛տք է, որ լինեն. որպեսզի բոլոր հոգիները կարողանան իրենց ճանապարհը գտնել, այս զմայլելի բազմազանության մեջ:
Շփոթվո՞ւմ ես: – Արա՛ ընտրությունդ, մեկընդմի՛շտ. և շփոթությունն ապահովության կփոխվի:
 
965. Ուրախացիր, երբ տեսնում ես, որ ուրիշներն աշխատում են արդյունաշատ առաքելություններում: – Եվ նրանց համար խնդրիր աստվածային առատ շնորհ և համապատասխանում այդ շնորհին:
Ապա, դու շարունակիր քո ճանապարհը. համոզվիր, որ քո համար ուրիշ ճանապարհ գոյություն չունի:
 
966. Քո կողմից չարամտություն է, եթե ցավում ես, որ ուրիշներն աշխատում են Քրիստոսի համար՝ առանց խնդրելու քո գործակցությունը: – Հիշիր Մարկոսի Ավետարանի հետևյալ հատվածը. «”Վարդապետ, մեկին տեսանք, որ քո անունով դևեր էր հանում և արգելեցինք, քանի որ մեր հետ չի շրջում”: Բայց Հիսուսն ասաց. “Մի՛ արգելեք, քանի որ չկա մեկը, որ իմ անունով հրաշք գործի և կարողանա իմ դեմ չարախոսել: Որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է”» (Մրկ 9, 37-39):
 
967. Անօգուտ է արտաքին բազմաթիվ գործերի ետևից շնչասպառ վազելդ, եթե քեզ պակասում է Սերը: – Դա նման է առանց թելի ասեղով կարելուն:
Ցավալի կլինի, եթե վերջում պարզվի, որ «քո» առաքելությունն ես կատարել և ո՛չ թե՝«Իր» Առաքելությունը:
 
968. Սիրտս բերկրանքով լի օրհնում եմ քեզ, որդյակ, առաքելական նվիրմանդ հանդեպ ունեցած այն հավատքիդ համար, որը քեզ մղել է գրելու. «Կասկած չկա, որ ապագան ապահով է, թերևս՝ մեզ էլ հակառակ: Բայց հարկավոր է, որ սերտորեն միանանք մեր Գլխին – «Զի ամենեքին մի իցեն» (Հվհ 17, 21) – աղոթքի ու զոհողության շնորհիվ»:
 
969. Նրանք, ովքեր տեսանելի գործերն ուրիշներին թողնելով՝ իրենք աղոթում են ու տառապում, չեն փայլելու այստեղ՝ ներքևում: Բայց ինչպիսի՜ շողարձակմամբ է փայլելու նրանց թագը Կյանքի Արքայությունում:
Թող օրհնյա՜լ լինի «տառապանքի առաքելությունը»:
 
970. Ճիշտ է, որ քո համեստ առաքելությունն անվանեցի «անձայն և գործուն առաքելություն»: – Եվ ոչինչ չունեմ սրբագրելու:
 
971. Առաջին քրիստոնյաների նկատմամբ ունեցածդ բարեպաշտությունն ինձ այնքա՜ն լավ ու բարի է թվում, որ հնարավոր ամեն բան կանեմ այն աճեցնելու համար, որպեսզի դու – նրանց նման – հարաճուն խանդավառությամբ կատարես խոհականության, փափկանկատության, մտերմության և վստահության այս ազդու Առաքելությունը:
 
972. Երբ գործադրում ես «խոհականության, փափկանկատության, մտերմության և վստահության առաքելությունդ», ինձ մի՛ ասա, թե չգիտես ի՛նչ ասել: Որովհետև – քեզ Սաղմոսի խոսքերով կպատասխանեմ – «Տէր տացէ զբան, ոյք աւետարանեն զօրութեամբ բազմաւ». Տերն արդյունավետությամբ լի խոսքեր է դնում Իր առաքյալների շուրթերին (Սղմ 57, 12):
 
973. Այն խոսքերը, որոնք ճիշտ պահին ասացիր երերացող ընկերոջդ ականջին. այն կողմնորոշիչ զրույցը, որ կարողացար արծարծել այդքա՜ն հարմար առիթին. և այն մասնագիտական խորհուրդը, որ բարելավեց նրա համալսարանական աշխատանքը. և փափկանկատ անփափկանկատությունը, որը քեզ մղում է եռանդուն նվիրման անհայտ հորիզոններ հուշելու նրան ... : Այս բոլորը կոչվում է «մտերմության առաքելություն»:
 
974. «Սեղանակցության առաքելությունը». դա Նահապետների հնամենի հյուրասիրությունն է Բեթանիայի եղբայրական ջերմությամբ: – Երբ այն ապրվում է, թվում է, թե դեմքերի ետևում նշմարվում է Հիսուսը, որ նախագահում է սեղանին, ինչպես Ղազարոսի տանը:
 
975. Անհապաղ անհրաժեշտություն է դարձել վերստին քրիստոնեացնել ժողովրդական տոներն ու սովորույթները: – Հարկավոր է զգուշանալ, որ հանրային հանդեսները չկանգնեն միայն այս այլընտրանքի առաջ. կա՛մ անիմաստ ու անհամ, կա՛մ հեթանոսական:
Տիրոջից հայցիր, որ գտնվեն անձինք, որոնք հանձն կառնեն այս անհետաձգելի աշխատանքը, որը կարող ենք անվանել «ժամանցի առաքելություն»:
 
976. Գովասանական գեղեցիկ ճառ ես հյուսել «նամակագրական առաքելության» մասին: – Գրել ես. «Չգիտեմ ինչպե՛ս լցնել էջը, խոսելով այնպիսի բաների մասին, որոնք կկարողանան օգտակար լինել նրան, ով ստանալու է նամակը: Երբ սկսում եմ, Պահապան Հրեշտակիս ասում եմ, որ գրում եմ, որպեսզի գրածս ինչ որ մի բանի ծառայի: Եվ, նույնիսկ եթե անմտություններ միայն գրեմ, ոչ ոք չի կարող ո՛չ ինձնից, ո՛չ էլ նամակս ստացողից խլել այն ժամանակը, որը գործածեցի Տիրոջից խնդրելու համար այն, ինչը որ գիտեմ, որ առավել օգտակարն է նրա համար, ում ուղղված է իմ նամակը»:
 
977. «Նամակն ինձ հասավ մի օր, երբ տխուր էի, առանց ինչ որ մի հատուկ պատճառի: Այդ տողերի ընթերցումն ինձ արտակարգ քաջալերանք ներշնչեց, լսելով, թե ինչպես են աշխատում ուրիշները»: – Եվ մեկ ուրիշը. «Ձեր նամակները և եղբայրակիցներիս մասին լուրերն ինձ օգնում են մի երջանիկ երազի նման, ի տես իրականությանն այն ամենի, ինչին որ հպվում ենք ... »: – Մեկ ուրիշն էլ. «Ի՜նչ ուրախությամբ եմ ստանում այս նամակները, որոնցից իմանում եմ, որ այսպիսի ընկերների ընկերն եմ»: – Եվ մեկ ուրիշն էլ, և ուրիշ հազարավորներ. «Ա. Ա.-ից մի նամակ ստացա և նրանց համեմատ ես ամաչում եմ իմ հոգևոր անկատարության համար ... »:
Ճիշտ չէ՞, որ արդյունավետ է «նամակագրական առաքելությունը»:
 
978. «Եկայք զկնի իմ եւ արարից զձեզ որսորդս մարդկան». Եկեք իմ ետևից և ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ (Մտթ 4, 19): – Առանց խորհրդավորության չէ, որ Տերը գործածում է այս խոսքերը. մարդկանց – ձկների նման – հարկավոր է գլխից որսալ:
Ավետարանական ինչպիսի՜ խորք ունի «մտքի առաքելությունը»:
 
979. Մարդկային ներկա վիճակին բնորոշ է թերագնահատել այն, ինչը որ քիչ արժե: – Ահա՛ թե ինչու եմ քեզ խորհուրդ տալիս գործադրել «չտալու առաքելությունը»:
Երբեք մի՛ անտեսիր պահանջել և վերցնել այն, ինչը որ արդարացի է և քեզ հասանելի է մասնագիտությանդ գործադրման համար, եթե մասնագիտությունդ առաքելությանդ գործիքն է:
 
980. «Մի՞թե իշխանություն չունենք մեր ճանապարհորդությունների ժամանակ մի կին վերցնել մեզ օգնական, մի քույր՝ ի Հիսուս Քրիստոս, ինչպես մյուս առաքյալները և Տիրոջ եղբայրները և Պետրոսն են անում» (1Կր 9, 5):
Սա Պողոս Առաքյալն է ասում Կորնթացիներին գրած իր առաջին նամակում: – Անհնարին է անտեսել «կանանց գործակցությունն ի նպաստ առաքելության»:
 
981. «Որոշ ժամանակ անց», կարդում ենք Ղուկասի Ավետարանի ութներորդ գլխում, «Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում էր Աստծո Արքայությունը: Եվ Նրա հետ էին տասներկու առաքյալները, ինչպես նաև մի քանի կանայք, որոնք ազատվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթը դևեր էին դուրս եկել, Հերովդեսի մատակարար Քուզայի կին Հովհաննան, Սուզաննան և շատ ուրիշներ, որոնք իրենց ինչքերով հոգում էին նրանց կարիքները» (Ղկս 8, 1-3):
Պարզապես ընդօրինակում եմ այս հատվածը: Եվ աղոթում եմ Աստծուն, որ եթե մի կին կարդա այս տողերը, համակվի սուրբ և արդյունավետությամբ լի նախանձով:
 
982. Կինը տղամարդուց ավելի ուժեղ է, իսկ վշտի պահին՝ ավելի հավատարիմ: – Մարիամ Մագդաղենացին, օրինակ, և Կղեովպասի կին Մարիամը, և Սողոմեն:
Նրանց նման քաջարի կանանց մի խմբով, Ցավագին Տիրամորը սերտորեն միացած, հոգիների ի՜նչ առաքելություն կիրականացվեր աշխարհում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։