Աստծո Կամքը – Գրադարան – Mashtoz.org

Աստծո Կամքը

754. Ահա՛ դուռը բացելու և Երկնքի Արքայություն մտնելու բանալին. «Որ առնէ զկամս Հօր իմոյ, որ յերկինսն է, նա մտցէ յարքայութիւն յերկնից». Ով կատարում է իմ Հոր կամքը ... , նա կմտնի (Մտթ 7, 21):
 
755. Մի՛ մոռացիր, որ մեծամեծ գործեր կախում ունեն այն փաստից, թե արդյո՞ք դու և ես վարվում ենք այնպես, ինչպես Աստված կամենում է:
 
756. Մենք քարեր ենք, շինարարության մեջ գործածվող քարակտորներ, որ շարժվում են, զգում են և լիովին ազատ կամք ունեն:
Աստված քարտաշ վարպետն է, որ տաշում է մեր անհարթ մասերը, մեզ ուղղելով, բարեփոխելով իր կամքի համաձայն, մուրճի ու գրոցի հարվածներով:
Չփորձենք փախչել, չմտածենք խուսափել Իր կամքից, քանի որ, համենայն դեպս, հարվածներից չենք կարող զերծ մնալ: – Ավելի կտառապենք ու անօգուտ, և կառույցի մեջ գործածվելուն պատրաստ սրբատաշ քարեր լինելու փոխարեն՝ խճաքարի մի տձև կույտ կլինենք, որն ամբոխը ոտնակոխ կանի անհոգ:
 
757. Համակամությո՞ւն ... : Համակերպությո՞ւն ... : – Ո՛չ, այլ սիրե՛լ Աստծո Կամքը:
 
758. Աստծո Կամքի լիակատար ու անմնացորդ ընդունումն իր հետ անհրաժեշտորեն բերում է բերկրանք ու խաղաղություն. երջանկությունը Խաչի մեջ: – Հայնժամ տեսնում ենք, որ Քրիստոսի լուծը քաղցր է, և Իր բեռը՝ թեթև:
 
759. Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, – ասում ես ինձ: – Բայց խաղաղությունը ... «բարի» կամքի տեր մարդկանց համար է:
 
760. Ահա՛ մի պատճառաբանություն, որ առաջնորդում է դեպի խաղաղություն և որ Սուրբ Հոգին պատրաստի տալիս է նրանց, ովքեր սիրում են Աստծո Կամքը. «Տէր հովվեսցէ զիս եւ ինձ ինչ ոչ պակասեսցէ». Տերն առաջնորդում է ինձ և ինձ ոչինչ չի պակասի (Սղմ 22, 2):
Ի՞նչը կարող է խռովք պատճառել այն հոգուն, որը համոզումով կրկնում է այս խոսքերը:
 
761. Ազա՜տ մարդ, ենթարկվի՛ր կամավոր ծառայության, որպեսզի Հիսուսը քո մասին չասի այն, ինչ ուրիշների մասին ասել է Մայր Թերեզային. «Թերեզա, ես կամենում էի ... , բայց մարդիկ չկամեցան»:
 
762. Աստծո Կամքի հետ նույնանալու իղձ. «Դու կամենո՞ւմ ես դա, Տեր իմ: ... Ուրեմն ես էլ եմ կամենում»:
 
763. Մի՛ կասկածիր. թող, որ սրտիցդ շուրթերիդ բարձրանա «Եղիցին» – Թող լինի՛ ... – , որը թող հանդիսանա զոհողության պսակադրումը:
 
764. Առաքյալը որքան ավելի մոտ է Աստծուն, այնքան ավելի է իրեն ընդհանրական զգում. սիրտն ընդլայնվում է, որպեսզի ամենքին և ամեն ինչ բովանդակի տիեզերքը Հիսուսի առաջ ներկայացնելու փափագի մեջ:
 
765. Փափագում եմ ավելի Կամքդ կատարել, Աստված իմ, քան թե առանց այն կատարելու հասնել Փառքին, նույնիսկ եթե այդ հակասությունը հնարավոր լիներ:
 
766. Այս աշխարհում երջանիկ լինելու գաղտնիքը Աստծո Կամքին հանձնվելն է: – Ասա՛, ուրեմն. «Իմ կերակուր այն է, զի արարից զկամս այնորիկ, որ առաքեացն զիս». Իմ կերակուրն այն է, որ կատարեմ Նրա Կամքը (Հվհ 4, 34):
 
767. Հենց վստահասիրտ ինքնահանձնումն է այն պայմանը, որի կարիքն ունես՝ խաղաղությունդ այսուհետև չկորցնելու համար:
 
768. Բերկրանքն ու խաղաղությունը վստահասիրտ ինքնահանձնումի հավաստի ու համեղ պտուղներն են:
 
769. Անտարբերությունը չի նշանակում ցամաք սիրտ ունենալ ... , ինչպես որ Հիսուսն այն երբեք չունեցավ:
 
770. Երբ քեզ ինչ որ մի բան պակասում է, նվազ երջանիկ չես, քան երբ այդ բանից ունեիր առատորեն:
 
771. Աստված Իր Կամքը կատարողներին փառավորում է հենց այն բանում, ինչում նրանց խոնարհեցրել է:
 
772. Օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ ինքդ քեզ հարցրու. Այս պահին արդյո՞ք անում եմ այն, ինչ պետք է անեմ:
 
773. Հիսո՜ւս, այն, ինչ դու «կամենում ես» ... ես դա սիրում եմ:
 
774. Ահա՛ աստիճանները. Համակերպվել Աստծո Կամքին. Հարմարվել Աստծո Կամքին. Կամենալ Աստծո Կամքը. Սիրել Աստծո Կամքը:
 
775. Տե՜ր, եթե դա քո Կամքն է, խեղճ մարմինս մի Խաչելություն դարձրու:
 
776. Անելանելի շրջապտույտի մեջ մի՛ նետվիր, մտածելով. երբ այս հարցը այս կամ այն կերպ կկարգավորվի, այնժամ շատ վեհանձն կլինեմ իմ Աստծո նկատմամբ:
Բայց մի՞թե Հիսուսը չի ակնկալում, որ դու վեհանձն լինես անվերապահ կերպով, որպեսզի Ինքը կարգավորի հարցերդ շա՜տ ավելի լավ ձևով, քան դու կարող ես երևակայել:
Հաստատակամ որոշում կայացրու, որպես այդ ամենի տրամաբանական եզրահանգում. ամեն օրվա ամեն մի վայրկյանին ջանալու եմ վեհանձնորեն կատարել Աստծո Կամքը:
 
777. Քո կամքը, քո սեփական դատողությունը. ահա՛ այն, ինչը քեզ խռովում է:
 
778. Սակավաթիվ վայրկյանների հարց է: Մի որևէ գործ սկսելուցդ առաջ, մտածի՛ր. Այս գործի մեջ ի՞նչ է կամենում ինձնից Աստված:
Եվ, աստվածային շնորհի օգնությամբ, գործիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։