Աստծո Ներկայությունը – Գրադարան – Mashtoz.org

Աստծո Ներկայությունը

265. Զավակները ... : Ինչպե՜ս են ջանում արժանապես վարվել, երբ իրենց ծնողների դիմաց են գտնվում:
Եվ Թագավորի որդիներն իրենց հոր՝ Թագավորի առջև, ինչպե՜ս են ջանում պահպանել իրենց արքայական արժանապատվությունը:
Իսկ դու ... չե՞ս իմանում, որ միշտ գտնվում ես մեծն Արքայի՝ քո Հայր-Աստծո ներկայությանը:
 
266. Որոշումներ մի՛ կայացրու առանց մի պահ կանգ առնելու՝ քննելու համար այդ հարցն Աստծո առաջ:
 
267. Հարկավոր է համոզվել, որ Աստված միշտ մեր հետ է: Ապրում ենք այնպես, կարծես Տերն այնտեղ՝ վերևում է, հեռվում, ուր փայլում են աստղերը, և չենք մտածում, որ միշտ նաև մեր կողքին է:
Եվ մեր կողքին է որպես մի սիրալիր Հայր – Նա մեզնից յուրաքանչյուրին սիրում է ավելի, քան որքան իրենց զավակներին կարող են սիրել աշխարհի բոլոր մայրերը – . մեր կողքին է մեզ օգնելու, ներշնչելու, օրհնելու ... և ներելու համար:
Քանի՜ անգամներ ենք, ինչ որ մի չարաճճիությունից հետո, մեր ծնողների արդարացիորեն բարկացած հայացքը հանդարտեցրել, ասելով. «Այլևս չեմ անի»: – Թերևս պատահել է, որ հենց այդ նույն օրն իսկ կրկին ընկել ենք նույն սխալի մեջ ... : – Եվ մեր հայրը, ձայնը արտաքուստ խստացնելով, լուրջ դեմքով, մեզ հանդիմանել է ... , բայց իր սիրտը, ճանաչելով մեր տկարությունը, միաժամանակ խանդաղատանքով հուզվել է, մտածելով. «Խե՜ղճ տղաս, ինչպե՜ս է ջանում ճիշտ ու լավ վարվել»:
Հարկավոր է, որ տոգորվենք, լիուլի լցվենք, հագենանք այն գաղափարով, որ Հայր է, և իսկապես մեր Հայրն է Տերը, որ մեզ մոտիկ է և երկնքում է:
 
268. Վարժվիր բարձրացնել սիրտդ առ Աստված, օրվա մեջ բազմաթիվ անգամներ, որպես երախտագիտության մատուցում: – Որովհետև քեզ տալիս է ա՛յս և ա՛յն բաները: – Որովհետև քեզ արհամարհել են: – Որովհետև չունես այն, ինչի կարիքն ունես, կամ էլ՝ որովհետև ունես:
Որովհետև այսքա՜ն գեղեցկացրել է Իր Մորը, որ նաև քո Մայրն է: – Որովհետև ստեղծել է արևն ու լուսինը, այս կենդանին և այն բույսը: – Որովհետև այնինչ մարդուն օժտել է պերճախոսության ձիրքով, իսկ քեզ՝ խոսելու մեջ անճարակությամբ ... :
Շնորհակալություն հայտնիր ամե՛ն ինչի համար, քանի որ ամե՛ն ինչ բարի է:
 
269. Այդքա՜ն կույր կամ այդքա՜ն անուշադիր մի՛ եղիր. երբ հեռվից անգամ նկատում ես Տիրոջ տների պատերը կամ աշտարակները, զանց մի՛ առ սավառնել հոգով և յուրաքանչյուր Տապանակի մեջ մտնել: – Նա սպասում է քեզ:
Այդքա՜ն կույր կամ այդքա՜ն անուշադիր մի՛ եղիր. երբ անցնում ես այնպիսի վայրերի մոտով, ուր գիտես, որ մարդիկ Քրիստոսին վշտացնում են, զանց մի՛ առ գեթ մեկ սլաքական աղոթք ուղղել Անարատ Սուրբ Կույս Աստվածածնին:
 
270. Չե՞ս հրճվում, երբ քաղաքի փողոցներում սովորական զբոսանքիդ պահին մի նոր Տապանակի ես հանդիպում:
 
271. Մի աղոթասեր հոգի ասում էր. «Նպատակներում, Հիսուսը թող մեր վախճանը լինի. գորովի ու մտերմությունների մեջ՝ մեր Սերը. խոսակցության ժամանակ՝ մեր նյութը. գործերում՝ մեր օրինակը»:
 
272. Գործի դիր այն սրբազան «մարդկային նկատառումները», որոնք քեզ խորհուրդ տվեցի Աստծո ներկայությունը չկորցնելու համար. սլաքական աղոթքներ, Սիրո և հատուցման իղձեր, հոգևոր հաղորդություններ, Աստվածամոր սրբապատկերին ուղղված «հայացքներ»... :
 
273. Միայնա՞կ: – Ո՛չ, միայնակ չես: Հեռվից քեզ սերտորեն ընկերակցում ենք: – Դրանից բացի, ... շնորհի վիճակում գտնվող քո հոգում ներկա Սուրբ Հոգին – Աստված քո հետ – գերբնական երանգ է հաղորդում քո բոլոր մտքերին, քո բոլոր փափագներին ու գործերին:
 
274. «Վարդապետ», ասում էր ինձ այն մեծահասակ երիտասարդը, Սենթրալ համալսարանի ուշիմ ուսանողը (տեսնես ո՞ւր է հիմա և ինչո՞վ է զբաղվում), «մտածում էի այն խոսքերի մասին, որ ասել էիք ինձ ... որ Աստծո որդի եմ: Եվ ճանապարհին հանկարծ զգացի, որ արտաքուստ կուրծքս ակամա դուրս էի ցցել, իսկ ներքուստ՝ ուղղակի հպարտ էի ... : Աստծո որդի՜»:
Ապահով գիտակցությամբ խորհուրդ տվեցի առավել արծարծել այդ «հպարտությունը»:
 
275. Չեմ կասկածում ուղղամտությանդ: – Գիտեմ, որ գործում ես Աստծո ներկայության գիտակցությամբ: Բայց, մի «բայց» կա. գործերդ տեսնվում են կամ կարող են տեսնվել մարդկանց կողմից, ովքեր մարդկայնորեն են դատում ... : Եվ հարկավոր է նրանց բարի օրինակ տալ:
 
276. Եթե վարժվես, շաբաթը գոնե մի անգամ, Սուրբ Աստվածածնի հետ միությամբ գնալ առ Հիսուս, կտեսնես, որ ավելի կվայելես Աստծո ներկայությունը:
 
277. Հարցնում ես. «Ի՞նչ իմաստ ունի այդ փայտե Խաչը»: – Պատասխանն այստեղ ընդօրինակում եմ մի նամակից. «Աչքերը մանրադիտակից հեռացնելով, հայացքը հանդիպում է սև ու թափուր Խաչին: Առանց Խաչյալի այդ Խաչափայտը խորհրդանշան է: Մի նշանակություն ունի, որն ուրիշները չեն տեսնելու: Եվ նա, որ հոգնած էր և գործը թողնելու վրա էր, աչքերը կրկին ոսպնյակին մոտեցրեց և շարունակեց իր աշխատանքը. քանի որ մենավոր Խաչափայտը ուսեր է փնտրում, որոնք հանձն կառնեն կրել իրեն»:
 
278. Ապրիր Աստծո ներկայության զգացումով, և գերբնական կյանք կունենաս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։