Աստծո Փառքը – Գրադարան – Mashtoz.org

Աստծո Փառքը

779. Լավ և բարի իրողություն է փառք տալ Աստծուն առանց կանխավճարներ ակնկալելու (կին, զավակներ, պատիվներ ... ) այն փառքից, որը լիովին վայելելու ենք Իր հետ, Կյանքում ... :
Աստված, համենայն դեպս, վեհանձն է: Հարյուրապատիկն է տալիս մեկի փոխարեն. և դա ճշմարտացի է նաև զավակների հարցում: – Բազմաթիվ անձինք Աստծո փառքի համար իրենց զրկում են զավակներ ունենալու բարիքից, և հազարավոր զավակներ են ունենում իրենց հոգուց: – Զավակներ, ինչպես որ մենք մեր երկնավոր Հոր զավակներն ենք:
 
780. «Ամեն փառք Աստծուն»: – Սա մեր ոչնչության դասակարգին պատշաճ դավանություն է: Նա՝ Հիսուսը, ամեն ինչ է: Մենք, առանց Նրա, ոչինչ չարժենք. ոչի՛նչ:
Մեր սնափառությունը հենց դա է. սին փառք: Կարծես մի սրբապիղծ գողություն լինի: Մարդկային «ես»ը չպետք է երևա ոչ մի տեղում:
 
781. «Ոչինչ չեք կարող անել առանց ինձ», ասել է Տերը: – Եվ դա ասել է, որպեսզի դու և ես մեզ չվերագրենք հաջողությունները, որոնք Իրենն են: – «Առանց իմ ոչինչ կարէք առնել» (Հվհ 15, 5):
 
782. Ինչպե՞ս ես համարձակվում աստվածային իմացականության այդ կայծը, որ քո բանականությունն է, գործածել ինչ որ մի բանի համար, որը փառք չի տալիս քո Տիրոջը:
 
783. Եթե այս կյանքը որպես նպատակակետ չունենար Աստծուն փառք տալը, կլիներ անարգ և դե՛ռ ավելին՝ ատելի մի բան:
 
784. «Ամբողջ» փառքն Աստծուն տուր: – Քամի՛ր կամքիդ ուժով, Աստծո շնորհի օգնությամբ, գործերիցդ յուրաքանչյուրը, որպեսզի նրանցում մարդկային հպարտության հոտն ունեցող ոչինչ չմնա, ո՛չ էլ՝«ես»դ մեծամտությամբ լցնող մի բան:
 
785. «Աստուած իմ ես Դու եւ խոստովան եղէց Քեզ. Աստուած իմ ես Դու եւ բարձր արարից զՔեզ». Դու իմ Աստվածն ես և ես դավանում եմ Քեզ. Դու իմ Աստվածն ես և ես փառավորում եմ Քեզ (Սղմ 117, 28): – Սքանչելի ծրագիր ... քո տարողության առաքյալի համար:
 
786. Ոչ մի ա՛յլ գորով թող քեզ չկապի այս աշխարհին, բացի աստվածային փափագից՝ փառք տալու Քրիստոսին և – Նրա միջոցով, Նրա հետ և Նրա մեջ – Հորը և Սուրբ Հոգուն:
 
787. Ուղղի՜ր, ուղղի՛ր դիտավորությունդ: – Ցավալի կլիներ, եթե այդ հաղթանակդ ամուլ մնար, այն պատճառով, որ գործել ես մարդկային շարժառիթներից մղված:
 
788. Դիտավորության մաքրություն: – Հպարտության թելադրանքները և մարմնի մղումները շուտով ճանաչում ես ... և պայքարում, և շնորհի օգնությամբ՝ հաղթում:
Բայց շարժառիթները, որոնք քեզ մղում են գործելու, ամենասուրբ գործերիդ մեջ ևս, քեզ հստակ չեն թվում ... , և ներսումդ մի ձայն ես լսում, որն օգնում է քեզ քողազերծել և տեսնել մարդկային նպատակներ ... , որոնք այնպիսի խնամքով են թաքնված, որ հոգուցդ ներս սողոսկում է կասկածը, թե չես աշխատում այնպես, ինչպես հարկ է. այսինքն՝ զուտ Սիրո համար, միմիայն Աստծուն ընծայելու համար ամբողջ փառքը:
Ամեն անգամ անհապաղ հակազդիր և ասա՛. «Տե՜ր, իմ համար ոչինչ չեմ կամենում: Ամեն ինչ Քո փառքի և Քո Սիրո համար»:
 
789. Կասկած չկա, որ դիտավորությունդ լավ մաքրել ես, քանի որ ասացիր. Այս պահից ևեթ հրաժարվում եմ մարդկային երախտագիտության ու վարձատրության որևէ դրսևորումից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։