Աստվածասիրություն – Գրադարան – Mashtoz.org

Աստվածասիրություն

417. Ուրիշ սեր չկա Սիրուց բացի:
 
418. Ամենախոնարհ, նույնիսկ ամենախոնարհեցնող բաներին արժեք հաղորդելու գաղտնիքը սիրելն է:
 
419. Մանուկ: Հիվանդ: – Այս բառերը գրելիս ցանկություն չե՞ս զգում գրելու դրանք մեծատառով:
Պատճառն այն է, որ սիրավառ հոգու համար մանուկներն ու հիվանդները Նա են:
 
420. Որքա՜ն չնչին բան է կյանքը՝ Աստծուն ընծայելու համար ... :
 
421. Ընկերը դա գանձ է: – Ուրեմն ... աստվածային Ընկերը ... , որովհետև այնտեղ, ուր քո գանձն է, այնտեղ է նաև քո սիրտը (Ղկս 12, 34):
 
422. Հիսուսը քո Ընկերն է: – Եզակի Ընկերը: – Մարմնեղեն սրտով, ինչպիսին քոնն է: – Գորովալիր հայացք ունեցող աչքերով, որոնք արտասվեցին Ղազարոսի համար ... : – Եվ քեզ էլ սիրում է այնքան, որքան Ղազարոսին:
 
423. Աստված իմ, սիրում եմ Քեզ, բայց ... ինձ սիրել սովորեցրու:
 
424. Պատժել հանուն Սիրո. ահա գաղտնիքը, որ գերբնական աստիճանի է բարձրացնում պատիժը, որ տրվում է դրան արժանացողին:
Հանուն Աստծո սիրո, որ նախատվել է, պատիժը թող ծառայի որպես քավություն: Հանուն Աստծո սիրո մերձավորին սիրելու համար, պատիժը թող չլինի վրեժխնդրություն, այլ՝ առողջարար դեղ:
 
425. Իմանալ, որ ինձ այսքա՜ն շատ ես սիրում, Աստված իմ, և ... արդյոք չե՞մ խենթացել:
 
426. Հանձինս Քրիստոսի ունենք բոլոր գաղափարականները. որովհետև Նա Թագավոր է, Սեր է, Աստված է:
 
427. Տե՜ր, այնպես արա, որ ես ամեն ինչի մեջ չափ ու կշիռ ունենամ, ... բացի Սիրո մեջ:
 
428. Եթե Սերը, նաև մարդկային սերը, այսքա՜ն մխիթարություններ է պարգևում այստեղ՝ ներքևում, արդյոք ի՞նչ է լինելու, ուրեմն, Սերը երկնքում:
 
429. Այն ամենը, որ կատարվում է հանուն Սիրո, գեղեցկություն և մեծություն է ձեռքբերում:
 
430. Հիսո՜ւս, թող որ ես վերջինը լինեմ ամեն ինչում, բայց ... առաջինը՝ Սիրելու հարցում:
 
431. Մի՛ վախեցիր Աստծո Արդարությունից: – Աստծո Արդարությունը նույնքան զմայլելի ու սիրալիր է, որքան Ողորմությունը. երկուսն էլ Սիրո ապացույցներ են:
 
432. Քննիր այն, ինչը որ ամենագեղեցիկն ու ամենամեծն է այս երկրի վրա, ... ինչը որ հաճելի է մտքին և մյուս կարողություններին, ... ինչը որ վայելք է մարմնի ու զգայարանների համար ... :
Քննիր աշխարհը, և մյուս աշխարհներն էլ, որ փայլում են գիշերվա մեջ. ամբողջ Տիեզերքը: – Եվ սակայն, այդ ամենը, սրտի բավարարված բոլոր խենթությունների հետ միասին, ... արժեք չունի, ոչինչ է և ոչնչից էլ նվազ, համեմատած այս Աստծուն, – ի՛մ, քո՛ Աստծուն – , որ անսահման գանձ է, թանկագին մարգարիտ, որ խոնարհվեց, ծառայի կերպարանք ստանձնեց, ուրացավ Իր Անձը քարայրում, ուր կամեցավ ծնվել, Հովսեփի աշխատանոցում, Չարչարանքների և ամոթալի մահվան մեջ ... , և Ամենասուրբ Հաղորդության Սիրո խենթության մեջ:
 
433. Ապրիր Սիրո շնչով և դու միշտ կհաղթես – նույնիսկ եթե պարտվես – ներանձնական կյանքիդ «Լաս Նավաս»ների ու «Լեպանթո»ների ճակատամարտերում:
 
434. Թույլ տուր, որ սիրտդ Սիրո ու երախտագիտության զեղումով պոռթկա, երբ խորհում ես, թե ինչպես է Աստծո շնորհը քեզ ամեն օր ազատում թշնամու լարած որոգայթներից:
 
435. «Երկիւղ Տեառն սուրբ է». Տիրոջ երկյուղը սուրբ է (Սղմ 19, 9): – Երկյուղ, որ զավակի հարգանքն է իր Հոր հանդեպ: Երբե՛ք ծառայական երկյուղ, որովհետև քո Հայր-Աստվածը բռնակալ չէ:
 
436. Սիրո՜ ցավ: – Որովհետև Նա բարի է: – Որովհետև քո Ընկերն է, որն Իր կյանքը զոհել է քո համար: – Որովհետև ի՛նչ լավ բան կա քեզնում, Իրենից է: – Որովհետև Իրեն շա՜տ ես վշտացրել ... : Որովհետև ներել է քեզ ... : Նա ... քեզ:
Լա՛ց, որդյակ իմ, լա՛ց Սիրո ցավից:
 
437. Եթե մի մարդ մահանար՝ ինձ մահից ազատելու համար ... :
Աստված մահացավ: Եվ ես անտարբեր եմ մնում ... :
 
438. Խենթո՜ւկ: – Քեզ տեսա – Առաջնորդարանի մատուռում քեզ մենակ էիր կարծում – , երբ համբույրներ էիր դրոշմում նոր օծված ամեն մի սկիհի ու ամեն մի մաղզմայի վրա. որպեսզի Նա գտնի այդ համբույրները, երբ առաջին անգամ «իջնի» այդ սրբազան անոթների մեջ:
 
439. Մի՛ մոռացիր, որ Տառապանքը Սիրո փորձաքարն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։