Գաղջություն – Գրադարան – Mashtoz.org

Գաղջություն

325. Պայքարիր այն թուլության դեմ, որը քեզ ծույլ և կորովազուրկ է դարձնում հոգևոր կյանքում: – Զգուշացիր, քանի որ դա կարող է գաղջության սկիզբը հանդիսանալ, ... իսկ, ինչպես ասում է Աստվածաշունչը, Աստված փսխելու է գաղջերին:
 
326. Ինձ ցավ է պատճառում քեզ գաղջության վտանգի մեջ տեսնելը, երբ չեմ տեսնում, որ լրջորեն քայլում ես դեպի կատարելություն, կյանքիդ վիճակի համաձայն:
Ասա՛ ինձ հետ. «Ո՛չ գաղջությանը»: «Բեւեռեա՛ ընդ երկիւղ քո զմարմին իմ». տուր ինձ, Աստված իմ, որդիական երկյուղ, որն ինձ ուժ տա՝ հակազդելու (Սղմ 119, 120):
 
327. Գիտեմ, որ խուսափում ես մահացու մեղքերից: – Ուզում ես փրկվել: – Բայց քեզ չի մտահոգում այդ շարունակական կամավոր անկումդ թեթև մեղքերի մեջ, թեև ամեն անգամ զգում ես Աստծո կոչը՝ հաղթելու ինքդ քեզ:
Գաղջությունդ է այդ հոռի կամքիդ պատճառը:
 
328. Որքա՜ն քիչ Սեր ես դրսևորում Աստծո հանդեպ, երբ զիջում ես առանց պայքարելու, քանի որ ծանր մեղք չէ:
 
329. Թեթև մեղքերն էլ մեծ վնաս են հասցնում հոգուն: Այդ պատճառով է Տերը Երգ Երգոցում ասում. «Կալարուք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց». Որսացեք փոքրիկ աղվեսներին, որոնք ավերում են այգիները (Երգ 2, 15):
 
330. Որքա՜ն եմ քեզ խղճում. տակավին ցավ չես զգում թեթև մեղքերիդ համար: – Որովհետև, քանի դեռ այդ պահը չի հասել, չես սկսել իրական ներանձնական կյանք ապրել:
 
331. Գաղջ ես, եթե ծուլությամբ ու չկամությամբ ես կատարում Տիրոջը վերաբերվող գործերը. եթե հաշվենկատությամբ կամ խորամանկությամբ հնարքներ ես փնտրում պարտականություններդ պակասեցնելու համար. եթե միմիայն քո և հարմարավետությանդ մասին ես մտածում. եթե խոսակցություններդ ունայն են ու դատարկամիտ. եթե չես խորշում թեթև մեղքերից. եթե մարդկային շարժառիթներով ես գործում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։