Գաղտնապահություն – Գրադարան – Mashtoz.org

Գաղտնապահություն

639. Լռելուդ համար երբեք չես զղջա. խոսելուդ համար՝ շա՜տ հաճախ:
 
640. Ինչպե՞ս ես համարձակվում հանձնարարել, որ գաղտնի պահեն ասածդ, երբ ... այդ հանձնարարելդ ինքնին փաստն է այն բանի, որ դու ինքդ չես կարողացել այն գաղտնի պահել:
 
641. Փափկանկատ գաղտնապահությունը ո՛չ խորհրդավորություն է, ո՛չ էլ՝ ծածուկ փսփսոց: – Այն, պարզապես, բնականություն է:
 
642. Գաղտնապահությունը ... նրբանկատություն է: – Մի տեսակ խռովք, ներքին մի անհանգստություն չե՞ս զգում, երբ ընտանիքիդ վերաբերվող անցուդարձերը – բացառիկ լինեն, թե սովորական – դուրս են գալիս օջախի ջերմությունից և խառնվում են հանրային հրապարակի անտարբերությանը կամ հետաքրքրասիրությանը:
 
643. Թեթևամտությունից մղված մի՛ բացահայտիր առաքելությանդ ներքին ծալքերը: Չե՞ս տեսնում, որ աշխարհը լի է եսապաշտ անհասկացողություններով:
 
644. Լռի՛ր: Մի՛ մոռացիր, որ գաղափարականդ նման է դեռ նոր վառված փոքրիկ մոմի: – Մի թեթև շունչն անգամ բավական է, որ այն սրտիդ մեջ մարի:
 
645. Որքա՜ն արգասավոր է լռությունը: – Բոլոր այն ուժերը, որ վատնում ես խոհական գաղտնապահության մեջ թերանալով, ուժեր են, որ աշխատանքիդ արդյունավետությունից ես խլում:
Գաղտնապահ եղիր, խոհական ու փափկանկատ:
 
646. Եթե ավելի խոհական լինեիր ու գաղտնապահ, ներքուստ չէիր դժգոհի բերանումդ մնացած այն դառնության պատճառով, որը քեզ տանջում է բազմաթիվ խոսակցություններից հետո:
 
647. Մի՛ պահանջիր, որ քեզ «հասկանան»: – Այդ անհասկացողությունը նախախնամական է, որպեսզի զոհողությունդ ծածուկ մնա:
 
648. Եթե լուռ մնաս, առաքելական ձեռնարկներումդ առավել արդյունավետություն կստանաս – քանի՜ քանիներն են լեզվի պատճառով կորցնում իրենց «ուժը» – և սնափառության բազմաթիվ վտանգներից կազատվես:
 
649. Շարունակ հանդեսներ: – Ինձնից խնդրում ես լուսանկարներ, գծագրեր, վիճակագրական տվյալներ:
Այդ նյութերից ոչ մեկը քեզ չեմ ուղարկում, որովհետև – չնայած ինձ մեծապես հարգարժան է թվում հակառակ կարծիքը – հետո կմտածեի, թե աշխատել եմ երկրի բարձունքները նվաճելու համար ... , մինչդեռ երկինքն է, ուր ես կամենում եմ հասնել:
 
650. Բազմաթիվ, նաև սրբակյաց մարդիկ կան, որոնք չեն հասկանում քո ճանապարհի էությունը: – Մի՛ ջանա համառորեն հասկացնել նրանց. ժամանակդ միայն կվատնես և տհաճ իրավիճակների առիթ կտաս:
 
651. «Անկարելի է արմատ և սաղարթախիտ ճյուղ լինել՝ առանց ավիշ, հոգի լինելու, մի բան, որ շրջանառություն է կատարում ներսում»:
Այս խոսքերի հեղինակ ընկերդ գիտեր, որ դու ազնվորեն հավակնոտ ես: – Եվ քեզ ճանապարհն է ցույց տվել. փափկանկատությունը, զոհողությունը, աշխատանքը ներսից:
 
652. Փափկանկատ գաղտնապահությունը քչերին հատուկ առաքինություն է: – Ո՞վ է համարձակվում զրպարտել կանանց, ասելով, թե գաղտնապահությունը կանանց բնորոշ առաքինություն չէ:
Քանի՜ քանի՜ տղամարդիկ, չնայած որ բեղմորուք ունեն, այնուամենայնիվ պետք է սովորեն:
 
653. Գաղտնապահության ինչպիսի՜ օրինակ է մեզ տալիս Աստվածամայրը: Նույնիսկ Հովսեփին չի հայտնում խորհուրդը:
Սուրբ Աստվածածնից խնդրիր գաղտնապահության շնորհը, որ քեզ պակասում է:
 
654. Հակառակությունն ու տհաճությունն են, որ սրել են լեզուդ: Լռի՛ր:
 
655. Որքան էլ քեզ խոսեմ փափկանկատ ու շրջահայաց գաղտնապահության կարևորության մասին, դեռ քիչ է: – Եթե այն չեմ կարող համեմատել մարտական զենքիդ սուր ու կտրող շեղբի հետ, կարող եմ ասել, որ այդ զենքիդ դաստապանն է:
 
656. Լռի՛ր, ամեն անգամ, երբ զգում ես, թե ինչպես է ներսումդ եռում զայրույթը: – Լռի՛ր, նույնիսկ եթե զայրույթդ մեծապես արդարացի է ու հիմնավոր:
Որովհետև, թեև սովորաբար փափկանկատ ես, այդ պահերին միշտ էլ ավելին ես ասում, քան կուզենայիր իրականում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։