Գերբնական Կյանք – Գրադարան – Mashtoz.org

Գերբնական Կյանք

279. Մարդիկ մի տափակ, երկրին կառչած տեսություն ունեն, միայն երկու տարածաչափությամբ: – Երբ գերբնական կյանքն ապրես, Աստծուց կստանաս երրորդ տարածաչափությունը. բարձրությունը և, նրա հետ, խորությունը, կշիռը և զանգվածը:
 
280. Եթե կյանքիդ գերբնական իմաստը կորցնես, Սերդ սոսկ մարդասիրություն կլինի, մաքրությունդ՝ պարկեշտություն, զգայարաններիդ սանձումը՝տխմարություն, ձաղկանքդ՝ մտրակ, և բոլոր գործերդ՝ ամուլ:
 
281. Լռությունը ներանձնական կյանքի դռնապանն է:
 
282. Կարծես հարակարծություն լինի. առավել մատչելի է սուրբ լինելը, քան թե գիտուն. բայց առավել դյուրին է գիտուն լինելը, քան թե սուրբ:
 
283. Մտացրո՜ւմ: – Միտքդ ցրելու կարի՜քն ունես ... աչքերդ լա՜յն բացելով, որպեսզի լավ ներս մտնեն առարկաների պատկերները, կամ էլ՝ աչքերդ գրեթե փակելով, կարճատեսությանդ պահանջների բերումով ... :
Աչքերդ բոլորովի՛ն փակիր: Ներանձնական կյանքով ապրիր և կտեսնես, աննկարագրելի գույներով ու ցոլացումներով, մի լավագույն աշխարհի, մի նոր աշխարհի հրաշալիքները. և կվայելես Աստծո հետ մտերմությունը ... , կճանաչես տկարությունդ ... , և կաստվածանաս ... այնպես, որ երկնավոր Հորդ մոտենալով՝ առավել եղբայր կդառնաս մարդկանց՝ քո եղբայրների համար:
 
284. Իղձ. թող ես լավը լինեմ, իսկ մյուս բոլորը՝ ինձնից ավելի լավը:
 
285. Դարձը մի վայրկյանի գործ է: – Սրբացումը ամբողջ կյանքի գործն է:
 
286. Աշխարհում լավագույն ոչինչ չկա, քան Աստծո շնորհի մեջ մնալը:
 
287. Դիտավորության մաքրություն: – Այն միշտ էլ կունենաս, եթե միշտ և ամեն ինչում ջանաս միմիայն հաճո լինել Աստծուն:
 
288. Խաչված Քրիստոսի վերքերում ապաստանիր: – Այնտեղ կսովորես հսկել զգայարաններիդ վրա, ներանձնական կյանք կունենաս, և շարունակ երկնավոր Հորը կընծայես Տիրոջ և Աստվածամոր չարչարանքները, դրանցով հատուցելու համար քո և բոլոր մարդկանց պարտքերը:
 
289. Աստծուն անհաճո չէ Իրեն ծառայելու սուրբ անհամբերությունդ: – Բայց այն ամուլ կլինի, եթե նրան չընկերանա ամենօրյա վարքիդ գործնական բարելավումը:
 
290. Ուղղվել: – Ամեն օր մի քիչ: – Սա՛ է քո մշտական աշխատանքը, եթե իրոք կամենում ես սրբանալ:
 
291. Սրբանալու պարտավորությունն ունես: – Դու նույնպես: – Ո՞վ է կարծում, թե սրբությունը բացառապես քահանաների ու կրոնավորների գործն է:
Բոլորին, առանց բացառության, Տերն ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես կատարյալ է իմ Հայրը, որ երկնքում է» (Մտթ 5, 48):
 
292. Ներանձնական կյանքդ պետք է հենց սա լինի. սկսել և ... վերսկսել:
 
293. Ներանձնական կյանքում հանդարտորեն քննե՞լ ես ներգործական կամավորությամբ «ծառայելու» գեղեցկությունը:
 
294. Ձյան տակ ծածկված տունկերը չէին երևում: – Եվ դաշտի տեր գյուղացին, ամբողջովին գոհ, մեկնաբանեց. «Հիմա աճում են ներսից»:
Քո մասին մտածեցի, քո այդ հարկադրված անգործությանդ մասին:
Ասա՛ ինձ, դու է՞լ ես աճում «ներսից»:
 
295. Եթե ինքդ քո անձի տերը չես, որքան էլ հզոր լինես, զորությունդ ինձ խղճալի է և շարժում է ծիծաղս:
 
296. Սուրբ Ավետարաններում ցավով ենք կարդում Պիղատոսի հարցը. «Ո՞ւմ եք կամենում, որ ազատ արձակեմ. Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում» (Մտթ 27, 17): – Առավել ցավալի է, սակայն, լսել պատասխանը. «Բարաբբային»:
Բայց շա՜տ ավելի սոսկալի է անդրադառնալը, որ – բազմաթիվ անգամներ – ճանապարհից շեղվելով ես էլ եմ ասել. «Բարաբբային», և հավելել եմ. «Իսկ Քրիստոսի՞ն» ... «Խաչեսցի». Թող խաչվի:
 
297. Բոլոր այս բաները, որոնք այս պահին քեզ մտահոգում են, կարևորություն ունեն առավել կամ նվազ չափով: – Հարցը, որ բացարձակ կերպով կարևոր է, դա այն է, որ դու երջանիկ լինես, որ դու փրկվես:
 
298. Նոր լույսեր: – Որքա՜ն գոհ ես, որ Աստված քեզ մի նոր Ամերիկա է բացահայտել տվել:
Օգտվիր այդ վայրկյաններից. գոհաբանական օրհներգ հնչեցնելու ժամն է. ինչպես նաև ժամն է հոգուդ անկյունների փոշիները մաքրելու, որոշ սովորություններիցդ ազատվելու, առավել գերբնական կերպով գործելու, մերձավորիդ հնարավոր գայթակղության պատճառ հանդիսանալուց խուսափելու ... :
Մի խոսքով. թող որ երախտագիտությունդ գործնական առաջադրությամբ դրսևորվի:
 
299. Քրիստոսը մահացավ քո համար: – Դու ... ի՞նչ ես անելու Քրիստոսի համար:
 
300. Անձնական փորձառությունդ – այդ խռովքդ, այդ վրդովմունքդ, այդ դառնությունդ – քեզ ապրել է տալիս Քրիստոսի խոսքերի ճշմարտությունը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Ղկս 16, 13):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։