Եղբայրասիրություն – Գրադարան – Mashtoz.org

Եղբայրասիրություն

440. Երբ քո աշխատանքը կվերջացնես, եղբորդ գործն էլ արա, օգնելով նրան հանուն Քրիստոսի, այնպիսի բնական փափկանկատությամբ, որ նա չանդրադառնա անգամ, որ դու անում ես ավելին, քան որքան պարտավոր ես ըստ արդարության:
Սա իսկապես Աստծո որդուն վայել նուրբ առաքինություն է:
 
441. Վշտանում ես, երբ մերձավորդ թերանում է քո հանդեպ սիրո մեջ: Ուրեմն որքա՜ն վիշտ են պատճառում Աստծուն քո Սիրո թերացումները Իր հանդեպ:
 
442. Երբեք չար մի՛ մտածիր ոչ մեկի մասին, և ո՛չ իսկ եթե ոմանց խոսքերը կամ գործերը այդպես վարվելու բանական պատճառ են տալիս:
 
443. Բացասական քննադատություն մի՛ արա: Եթե չես կարող գովել, լռի՛ր:
 
444. Եղբորդ մասին չար մի՛ խոսիր, երբե՛ք, նույնիսկ եթե այդպես վարվելու բազմաթիվ պատճառներ ունես: – Նախ Տապանակի առաջ գնա, իսկ հետո՝ Քահանայի մոտ, որ քո հայրն է, և նրա հետ էլ կիսիր վիշտդ:
– Եվ ուրիշ ոչ մեկի:
 
445. Բամբասանքը դա մի քոսոտություն է, որն աղտոտում ու խոչընդոտում է առաքելությանդ: – Հակառակ է եղբայրսիրությանը, սպառում է ուժերը, վերացնում է խաղաղությունը և խզում է Աստծո հետ միությունը:
 
446. Եթե դու այդքա՜ն խեղճ ես, ինչո՞ւ ես զարմանում, որ ուրիշներն էլ ունեն իրենց խեղճությունները:
 
447. Տեսնելուց հետո, թե ի՛նչ բանի են նվիրվում – ամբողջովի՛ն – բազմաթիվ կյանքեր (լեզու, լեզու, լեզու, իր բոլոր հետևանքներով), ինձ ավելի հարկավոր ու ավելի սիրելի է թվում լռությունը: – Եվ շա՜տ լավ եմ հասկանում, Տեր, որ հաշիվ ես պահանջելու ամեն մի դատարկ խոսքի համար:
 
448. Ավելի դյուրին է ասել, քան թե անել: – Դու ... , որ կացնի նման կտրող լեզու ունես, գեթ մի քանի անգամ փորձե՞լ ես, նաև սոսկ պատահմամբ, «լավ» անել այն գործերը, որոնք, քո «հեղինակավոր կարծիքի» համաձայն, ուրիշներն անում են նվազ լավ:
 
449. Այդ ամենը կոչվում է. չարախոսություն, բամբասանք, խաբեություն, խարդախություն, զրաբանություն, նենգություն ... , զրպարտությո՞ւն, անպատվությո՞ւն:
Դժվար է, որ «ուղղադատության պաշտոնը», մեկի մոտ, ով այն կիրառելու պատճառ չունի, չվերածվի «չարախոս բամբասանքի»:
 
450. «Արդարների» անարդարությունը: – Որքա՜ն ցավ է պատճառում Աստծուն և որքա՜ն վնաս է հասցնում բազմաթիվ հոգիների: – Բայց և որքա՜ն կարող է նպաստել ուրիշ բազմաթիվ հոգիների սրբությանը:
 
451. Չդատենք: – Յուրաքանչյուր ոք իր սեփական տեսակետից է մեկնում ... և ամեն բան գնահատում է իր սեփական հասկացողությամբ, որը գրեթե միշտ շա՜տ սահմանափակ է, և իր սեփական աչքերով, որոնք շա՜տ հաճախ կուրացած կամ մթագնած են կրքի խավարով:
Ինչպես նաև, ոմանց տեսողությունը ենթակայական է ու վատառողջ, ինչպես որոշ կեղծ-արդիական նկարիչներինը, որոնք կամայական գծեր են քաշում և փորձում են մեզ համոզել, թե դա մեր դիմանկարն է, մեր կենդանագիրը ... :
Որքա՜ն անարժեք են մարդկանց դատողությունները: – Մի՛ դատեք առանց ձեր դատողությունը աղոթքի մեջ չափելու և կշռելու:
 
452. Ջանք գործադրիր, եթե հարկավոր է, միշտ ներելու նրանց, ովքեր քեզ վշտացնում են, հենց առաջին իսկ վայրկյանից: Որքա՛ն էլ որ մեծ լինի վնասը կամ վիրավորանքը, որ քեզ պատճառում են, Աստված քեզ ներել է շա՜տ ավելին:
 
453. Բամբասո՞ւմ ես, դժգոհո՞ւմ, չարախոսո՞ւմ, տրտնջո՞ւմ: – Ուրեմն կորցնում ես առողջ հոգին, և եթե չսովորես լռել, յուրաքանչյուր խոսքդ քեզ մի քայլ ավելի կմոտեցնի ելքի դռանը այն առաքելական ձեռնարկի, որի մեջ աշխատում ես:
 
454. Մի՛ դատեք առանց հակառակվող երկու կողմերին էլ լսելու: – Նույնիսկ բարեպաշտ կարծված մարդիկ շա՜տ հեշտորեն մոռանում են տարրական խոհեմության այս կանոնը:
 
455. Գիտե՞ս, ի՛նչ վնաս կարող ես հասցնել, եթե քար նետես աչքերդ կապած:
Չգիտես նաև, թե ի՛նչ, երբեմն նաև շատ ծանր, վնաս կարող ես հասցնել չարախոսություններ նետելով, որոնք քեզ շատ թեթև են թվում, որովհետև աչքերդ կապված են թեթևամտությամբ կամ կրքերով:
 
456. Դժվարին գործ չէ քննադատելը, քանդելը: Ամենաբիրտ բանվորն էլ կարող է իր գամերը մխրճել տաճարի սրբատաշ ու ազնվագեղ քարի մեջ:
Կառուցե՛լ, կերտե՛լ. ահա սա՛ մի աշխատանք է, որ վարպետները միայն կարող են անել:
 
457. Ո՞վ ես դու, որ դատես Մեծավորի գործը: – Չե՞ս տեսնում, որ նա դատողության առավել տարրերով է օժտված, քան դու. ավելի փորձառու է, ունի քեզնից ավելի հավասարակշիռ, իմաստուն ու անաչառ խորհրդականներ, և հատկապես՝ ավելի շնորհ, մի յուրահատուկ շնորհ, սեփական վիճակի շնորհը, որ լույս է և Աստծո հզոր օգնությունը:
 
458. Աշխարհի եսապաշտության հետ այդ բախումներդ քեզ առավել գնահատել կտան քոնինների եղբայրասիրությունը:
 
459. Սերդ ... պատրվակային է: – Հեռվից հրապուրում ես. լուսավոր ես: – Մոտիկից վանում ես. սառն ես, ջերմություն չունես: – Որքա՜ն ցավալի է:
 
460. «Եղբայր յեղբօրէ օգնեալ՝ իբրեւ զքաղաք ամուր». Երբ եղբայրն օգնում է իր եղբորը, պարսպապատ ամուր քաղաքի են նմանվում (Առկ 19, 19):
Մի պահ խորհիր և վճռակամ որոշիր ապրել եղբայրասիրությունը, որը քեզ միշտ հանձնարարում եմ:
 
461. Եթե տեսնեմ, որ չես գործադրում օրհնյալ եղբայրասիրությունը, որ քեզ շարունակ քարոզում եմ, քեզ կհիշեցնեմ Հովհաննես Առաքյալի սիրազեղ խոսքերը. «Որդեակք, մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտութեամբ». Որդյակներ, ո՛չ թե խոսքերով ու լեզվով սիրենք, այլ՝ գործերով և ճշմարտությամբ (1Հվհ 3, 18):
 
462. Սիրո կարողությունը: – Եթե ապրեք ձեր օրհնյալ եղբայրությունը, ձեր փոխադարձ տկարությունը կարող է նաև հենարանի դեր կատարել, որին կռթնելով՝ ուղիղ և կանգուն կմնաք ձեր պարտականությունների կատարման գործում. ինչպես խաղաթղթերը, մեկը մյուսին հենելով, միմյանց համար փոխադարձ հենարան են հանդիսանում:
 
463. «Տալ»ուց ավելի՝«հասկանալ»ու մեջ է կայանում Սերը: – Ուստի, մեղմացնող հանգամանքներ փնտրիր ի նպաստ մերձավորիդ – այդպիսի հանգամանքներ միշտ էլ կգտնես – , եթե դատելու պաշտոնն ունես:
 
464. Գիտես, որ այդ մարդու հոգին վտանգի մե՞ջ է: – Հեռվից, միության կյանքովդ, կարող ես նրան արդյունավետ օգնություն հասցնել: – Ոտքի՛, ուրեմն, գործի անցիր և մի՛ կորցրու խաղաղությունդ:
 
465. Ինձ դուր են գալիս եղբայրներիդ նկատմամբ ունեցած մտահոգություններդ. ձեր փոխադարձ Սիրո փաստն են: – Այնուամենայնիվ, այնպես արա, որ մտահոգություններդ վատթարանալով՝ խռովահույզ մտատանջության չվերածվեն:
 
466. Ինձ գրել էիր, որ մարդիկ ընդհանրապես սակավ վեհանձն են իրենց դրամի հարցում: Գեղեցիկ ճառեր, շռնդալից ոգևորություններ, խոստումներ, ծրագրեր: – Բայց զոհողության պահին քչերն են, որ «ձեռք են մեկնում»: Իսկ եթե մի բան էլ տալիս են, գրեթե անհրաժեշտություն է, որ մեջտեղում ինչ որ մի զվարճություն լինի – պարահանդես, վիճակահանություն, շարժանկար, երեկույթ – կամ էլ՝ գովազդ, և կամ՝ նվիրատվությունների ցանկը մամուլի էջերում:
Պատկերը տխուր է, բայց բացառություններ էլ կան: Դու էլ նրանցից մեկը եղիր, ովքեր երբ ողորմություն են տալիս, այնպես են անում, որ իրենց ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը:
 
467. Գրքեր: – Ձեռքս պարզեցի, Քրիստոսի աղքատի նման, և գրքեր խնդրեցի: Գրքե՛ր, համալսարանական բազմաթիվ երիտասարդների ընդհանրական, առաքելական և հռոմեական հասկացողությունը սնուցելու համար:
Ձեռքս պարզեցի, Քրիստոսի աղքատի նման, և ... այնպիսի՜ հուսախաբություններ ստացա:
Ինչո՞ւ չեն հասկանում, ո՜վ Հիսուս, այս ողորմության մեջ պարփակված քրիստոնեական խորին Սերը, որն առավել կազդուրիչ է, քան ընտիր ցորենից թխված հացը:
 
468. Չափազանց միամիտ ես: – Որքա՜ն սակավաթիվ են նրանք, որ գործադրում են Սերը: – Գթառատ լինել՝ չի նշանակում գործածված հագուստներ կամ մանրադրամ բաժանել ... :
Եվ ինձ պատմում էիր քեզ պատահած դեպքն ու հուսախաբությունդ:
Միտքս միայն սա է գալիս. վճռակամ որոշենք, դու և ես, տալու և նվիրվելու առանց կծծիության: Այսպիսով գեթ նրանք, ովքեր մեր մոտ են գալիս, քո տխուր փորձառությունը չեն ունենա:
 
469. «Ողջույն տվեք բոլոր սրբերին: Բոլոր սրբերը ողջունում են ձեզ: Եփեսոսում գտնվող բոլոր սրբերին: Փիլիպպեում գտնվող բոլոր սրբերին ի Հիսուս Քրիստոս»: – Իսկապես հուզիչ չէ՞ այս անունը – «սրբեր»– , որը քրիստոնյա առաջին հավատացյալները գործածում էին միմյանց դիմելու համար:
Եղբայրներիդ հետ վարվել սովորիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։