Զգայարանների Սանձում – Գրադարան – Mashtoz.org

Զգայարանների Սանձում

172. Եթե զգայարաններդ չսանձես, աղոթքի հոգի երբեք չես լինի:
 
173. Այդ խոսքը, որ ճիշտ տեղին կլիներ, սրամիտ այդ պատասխանը, որ սակայն բերանիցդ դուրս չելավ. սիրալիր այդ ժպիտը, որ ուղղում ես քեզ ձանձրացնող անձանց. այդ լռությունդ՝ անիրավ զրպարտության դիմաց. տաղտկալի ու հոգեհան անձանց հետ այդ բարյացակամ խոսակցությունդ. այդ կարևորություն չտալդ, ամե՛ն օր, հետդ ապրող անձանց հազարումի նեղացուցիչ մանրուքներին ու աներեսություններին ... : Այս ամենը, հարատևությամբ, իրոք որ զգայարանների հոգևոր ամրապինդ սանձում է նշանակում:
 
174. Մի՛ ասա. «Այդ մարդն ինձ ձանձրացնում է»: – Մտածիր. «Այդ մարդն ինձ սրբացնում է»:
 
175. Ոչ մի գաղափարական իրականություն չի դառնում առանց զոհողության: Ուրացի՛ր անձդ: – Զոհվելն այնքա՜ն գեղեցիկ է:
 
176. Քանի՜ անգամ ես որոշել ծառայել Աստծուն ինչ որ հարցում ... և գոհանում ես – այդքա՛ն ողորմելի ես – Նրան ընծայելով միայն բարկությունն ու տրտմությունը, որ առաջանում են այդքա՜ն դյուրին առաջադրանքն իրագործել չկարողանալու գիտակցությունիցդ:
 
177. Առիթը մի՛ փախցրու հրաժարվելու անձնական դատողությունիցդ: – Դժվարին է, ... բայց որքա՜ն հաճելի է Աստծուն:
 
178. Երբ մի աղքատիկ Խաչ ես տեսնում, փայտյա, միայնակ, աննկատ ու անարժեք ... և առանց Խաչեցյալի, մի՛ մոռացիր, որ այդ Խաչը քո Խաչն է. յուրաքանչյուր օրվա, ծածուկ, անփայլ ու անմխիթար այդ Խաչը, որ ... սպասում է Խաչեցյալին, որն իրեն պակասում է. իսկ այդ Խաչեցյալը դու պետք է լինես:
 
179. Սանձիր զգայարաններդ առանց սանձելու ուրիշներին:
 
180. Ուր զգայարանների սանձում չկա, այնտեղ առաքինություն չկա:
 
181. Ներքին զգացումների սանձում: – Չեմ հավատում քո ներքին զգացումների սանձմանը, երբ տեսնում եմ, որ արհամարհում ես, որ չես գործադրում զգայարանների սանձումը:
 
182. Մեր ներկա թշվառ կյանքի ընթացքում խմենք վշտակրության բաժակի մինչև վերջին կաթիլը: – Ի՞նչ կարևորություն ունի, թե տառապելու ենք տասը, քսան, հիսուն տարի, ... երբ դրան հաջորդելու է Երկինքը հավիտյան, հավիտյան, ... հավիտյան:
Եվ մանավանդ – հիշյալ պատճառից՝«վարձատրության ակնկալիքից» առավել գերազանց – ի՞նչ փույթ, թե տառապում ենք, եթե տառապում ենք մխիթարելու համար, հաճույք պատճառելու համար Աստծուն, մեր Տիրոջը, հատուցման ոգով, Խաչի վրա Նրան միանալով. մի խոսքով, եթե տառապում ենք հանուն Սիրո ... :
 
183. Աչքերը: Նրանց միջոցով բազմաթիվ արատներ են մուտք գործում հոգու մեջ: – Որքա՜ն փորձառություններ Դավիթ թագավորի նման ... : Եթե հսկեք տեսողության վրա, ապահոված կլինեք սրտի պահպանությունը:
 
184. Ի՞նչ պատճառ ունես դեպի դուրս նայելու, երբ «քո աշխարհը» քո մեջ ես կրում:
 
185. Աշխարհը մեծահանդես ու աղմկագոչ զոհողություններով է միայն հիանում, որովհետև անգիտանում է ծածուկ ու անաղմուկ զոհողության արժեքը:
 
186. Հարկավոր է ամբողջովին նվիրվել, հարկավոր է սեփական անձից լիովին հրաժարվել. անհրաժեշտ է, որ զոհողությունը դառնա ողջակեզ:
 
187. Կարծես հարակարծություն լինի. Ապրելու համար հարկավոր է մեռնել:
 
188. Ուշադի՛ր եղիր. սիրտը դավաճան է: – Այն յոթնապատիկ շղթաներով կապված պահիր:
 
189. Այն ամենը, որ քեզ դեպի Աստված չի առաջնորդում, խոչընդոտում է: Արմատախիլ արա՛ և նետիր հեռու:
 
190. Բարկացկոտ ու կոպիտ վերակացու ունեցող մի երիտասարդի Տերն ասել էր տալիս. «Շնորհակալ եմ Քեզ, Աստված իմ, այս իրոք երկնային գանձի համար, որովհետև էլ ե՞րբ կկարողանամ գտնել մեկ ուրիշին, որն իմ յուրաքանչյուր ազնվությանս մի զույգ աքացիով պատասխանի»:
 
191. Հաղթիր քեզ ամեն օր, առաջին պահից իսկ սկսած, անկողնուցդ ճշգրիտ ու կանոնավոր կերպով, սահմանված ժամին վեր կենալով, առանց ծուլությանը նույնիսկ մի րոպե շնորհելու:
Եթե, Աստծո օգնությամբ, քեզ հաղթես, մեծ օգուտ քաղած և ժամանակ շահած կլինես օրվա մնացած մասի համար:
Մեծապես ընկճող իրականություն է առաջին իսկ փոքրիկ ընդհարման ժամանակ պարտված զգալը:
 
192. Վերջում միշտ պարտվում ես: – Որպես առաջադրանք ունեցիր, յուրաքանչյուր անգամ, որոշակի մի հոգու փրկությունը, կամ նրա սրբացումը, կամ էլ նրա առաքելական կոչումը ... : – Այդ կերպ վստահ եմ հաղթանակիդ:
 
193. Այսքա՜ն թույլ ու տկար մի՛ եղիր: – Այլևս ժամանակն է վանելու քեզնից այդ տարօրինակ կարեկցանքը, որ տածում ես ինքդ քո հանդեպ:
 
194. Հիմա քեզ կասեմ, թե որոնք են մարդու գանձերը երկրի վրա, որպեսզի չանտեսես դրանք. քաղց, ծարավ, տապ, ցուրտ, վիշտ, նախատինք, աղքատություն, միայնություն, իր դեմ գործված դավաճանություն, զրպարտություն, բանտ ... :
 
195. Իրավացի է այն մարդը, որ ասել է, թե հոգին ու մարմինը երկու թշնամիներ են, որոնք իրարից չեն կարող բաժանվել, և երկու ընկերներ են, որոնք իրար չեն կարողանում տեսնել:
 
196. Մարմնին հարկավոր է իրեն հասանելիքից մի քիչ պակաս տալ: Այլապես, դավաճանում է:
 
197. Եթե վկաներ են եղել տկարություններիդ ու խեղճություններիդ, ի՞նչ փույթ, եթե վկաներ լինեն նաև ապաշխարությանդ:
 
198. Ահա՛ սեփական զգայարանները սանձած հոգու համեղ պտուղները. ըմբռնում և ներողամտություն ուրիշների խեղճությունների, անողոքություն՝ սեփական թերությունների նկատմամբ:
 
199. Եթե ցորենի հատիկը չմեռնի, անպտուղ կմնա: Չե՞ս ուզում ցորենի հատիկ լինել, զգայարանների սանձումով մեռնել և բերքառատ հասկեր պտղաբերել: – Հիսուսը թող օրհնի քո հունձքը:
 
200. Ինքդ քեզ չես կարողանում հաղթել, զգայարաններդ չես կարողանում սանձել, որովհետև հպարտ ես: – Ապաշխարողի կյա՞նք ես վարում: Մի՛ մոռացիր, որ հպարտությունը կարող է կենակցել ապաշխարության հետ ... : – Ա՛յլ պատճառներ. անկումներիցդ, վեհանձնության մեջ թերացումներիցդ հետո զգացածդ այդ տհաճությունը մեղքի գիտակցությունից ծնվող վի՞շտ է, թե՞ զայրույթ, որ ծնվում է քեզ այդքա՜ն փոքր ու անուժ տեսնելուց: – Որքա՜ն հեռու ես Հիսուսից, երբ խոնարհ չես, ... նույնիսկ եթե ինքնաձաղկանքի հարվածներդ ամեն օր թարմ վարդեր ծաղկեցնեն:
 
201. Մաղձի ու քացախի և մոխրի ու ժահրի համ: Չորացած, դառնացած ու ճաքճքած քիմք: – Մարմնական այս տպավորությունը ոչինչ է՝ հոգուդ մյուս հիվանդությունների հետ համեմատած:
Խնդիրն այն է, որ քեզնից «ավելին են պահանջում», իսկ դու այդքան տալու ուժը չես զգում: – Խոնարհվի՛ր. մարմնիդ և հոգուդ մեջ տհաճության այդ զգացումն արդյոք կտևե՞ր, եթե անեիր այն ամենն, ինչ կարող ես:
 
202. Ուզում ես ինքդ քեզ կամովին մի պատի՞ժ սահմանել՝ թուլությանդ ու վեհանձնության մեջ թերացմանդ համար: – Լա՛վ, բայց թող դա մի չափավոր ապաշխարանք լինի, ինչպես եթե մի պատիժ սահմանեիր թշնամիներիցդ մեկին, որը միաժամանակ նաև քո եղբայրն է:
 
203. Մեր՝ խեղճ մարդկանցս համար, ուրախությունը, նույնիսկ եթե գերբնական պատճառ ունենա, վերջում միշտ էլ դառնության մի թեթև համ է թողնում: – Իսկ ի՞նչ էիր կարծում: – Այստեղ՝ ներքևում, վիշտը մեր կյանքի աղն է:
 
204. Քանի՜ քանիներն են նրանք, ովքեր խաչի վրա կգամվեին հազարավոր հանդիսատեսների ապշահար հայացքների դիմաց, բայց ընդունակ չեն քրիստոնեաբար կրելու առօրյա մանր ցավերը: Մտածիր, ուրեմն, թե ո՞րն է առավել հերոսական:
 
205. Միասին – դու և ես – կարդում էինք այն աստվածասեր մարդու հերոսականորեն “սովորական” կյանքը: – Եվ տեսնում էինք, թե ինչպես էր ամիսներ ու տարիներ շարունակ պայքարում նախաճաշի ժամին, ամենօրյա խղճի քննության մի տեսակ “հաշվետետրում” գրանցելով ամեն օրվա պատահածը. այսօր հաղթում էր, իսկ վաղը՝ պարտվում ... : Եվ գրանցում էր . «Այսօր կարագ չկերա ... : Այսօր կարագ կերա ... »:
Երանի՜ թե մենք էլ – դու և ես – ապրեինք մեր ... «կարագի հերոսապատումը»:
 
206. Հերոսական րոպեն: – Անկողնուցդ վեր կենալու ճիշտ ժամն է: Առանց վարանելու. գերբնական մի միտք, և ... ոտքի՛: – Հերոսական րոպեն. ահա՛ քեզ մի ապաշխարանք, որ հզորացնում է կամքդ և չի տկարացնում մարմինդ:
 
207. Շնորհակալ եղիր այն սուրբ խորշումի համար, որ զգում ես ինքդ քո հանդեպ, այն նկատելով որպես ամբողջովին յուրահատուկ մի շնորհ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։