Խղճահարություններ – Գրադարան – Mashtoz.org

Խղճահարություններ

258. Վանիր այդ խղճահարությունները, որ վրդովում են հոգուդ խաղաղությունը: Աստծուց չէ այն, ինչը խռովում է հոգու խաղաղությունը:
Երբ Աստված այցելի քեզ, կզգաս այն ողջույնների ճշմարտությունը. «Խաղաղություն եմ տալիս ձեզ ... , խաղաղությունն եմ թողնում ձեզ ... , խաղաղությո՜ւն ձեզ ... ». և դա՝ տագնապների ու նեղությունների մեջ:
 
259. Տակավին խղճահարություննե՜ր: – Պարզությամբ և հստակորեն խոսիր հոգևոր Առաջնորդիդ հետ:
Հնազանդվի՛ր ... և մի՛ փոքրացրու Տիրոջ սիրազեղ Սիրտը:
 
260. Տրտմություն, վհատություն: Չեմ զարմանում. դա փոշու այն ամպն է, որն օդ բարձրացավ անկումիցդ: Բայց արդեն բավական է: Մի՞թե շնորհի քամին հեռու չտարավ այդ ամպը:
Ինչպես նաև, այդ տրտմությունդ – եթե այն քեզնից հեռու չես վանում – կարող է իրականում հպարտությանդ պատյանը լինել: – Ինչ է, քեզ կատարյալ ու անմեղանչակա՞ն էիր կարծում:
 
261. Քեզ արգելում եմ այլևս դրա մասին մտածել: – Փոխարենը, փա՜ռք տուր Աստծուն, որ հոգիդ վերակենդանացրեց:
 
262. Այլևս մի՛ մտածիր անկմանդ մասին: – Այդ միտքը, քեզ ճնշող ու անշարժացնող ժայռաբեկոր լինելուց բացի, հեշտորեն կարող է նորանոր փորձությունների առիթ դառնալ: – Քրիստոսը ներել է քեզ. մոռացի՛ր հին մարդուն:
 
263. Մի՛ վհատվիր: – Տեսա, որ պայքարում էիր ... : Այսօրվա պարտությունդ մարզանք է վերջնական հաղթանակի համար:
 
264. Ճիշտ և լավ վարվեցիր, ... թեև այդքա՜ն ցած գլորվեցիր: – Լավ վարվեցիր, որովհետև խոնարհվեցիր, որովհետև ուղղվեցիր, որովհետև հույսով լցվեցիր, և հույսը քեզ նորից առաջնորդեց դեպի Սերը: – Այդպիսի շշմած հայացք մի՛ ընդունիր. այո՛, ճիշտ և լավ վարվեցիր: – Գետնից ոտքի կանգնեցիր: «Վե՛ր կաց», դարձյալ հնչեց զորեղ ձայնը, «և քայլի՛ր»: – Օ՛ն, ուրեմն, գործի անցիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։