Խղճի Քննություն – Գրադարան – Mashtoz.org

Խղճի Քննություն

235. Խղճի քննություն: – Ամենօրյա գործ: – Հաշվակալություն, որն երբեք զանց չի առնում նա, ով մի ձեռնարկություն է կառավարում:
Կա՞ արդյոք մի ձեռնարկ, որ հավիտենական կյանքից ավելին արժի:
 
236. Խղճի քննության պահին զգուշացիր մունջ դևից:
 
237. Քննի՛ր ինքդ քեզ. հանդարտորեն, քաջությամբ: – Ճիշտ չէ՞, որ առանց պատճառի սրտնեղությունդ ու տրտմությունդ – երևութապես  առանց պատճառի – առաջանում են վճռականության պակասիցդ, որի հետևանքով չես կարողանում խզել այդ բարակ, բայց «կոնկրետ» որոգայթները, որոնք քո առաջ – խորամանկորեն, մեղմացուցիչ պատրվակներով – լարել է ցանկասիրությունդ:
 
238. Խղճի ընդհանուր քննությունը պաշտպանություն է: – Խղճի մասնակի քննությունը՝ հարձակում: – Առաջինը զրահ է: Երկրորդը՝ թոլեդյան սուր:
 
239. Անցյալին ուղղված մի ակնարկ: Եվ ... ողբա՞լ: Ո՛չ, դա ամուլ է: – Սովորել. ահա սա՛ արգասավոր է:
 
240. Լույս խնդրիր: – Պնդիր, հետամուտ եղիր. մինչև որ կգտնես արմատը և նրա դեմ գործի կդնես այն զենքը, որ խղճի մասնակի քննությունն է:
 
241. Խղճի մասնակի քննության միջոցով պետք է ուղիղ ընթանաս ձեռքբերելու մի որոշակի առաքինություն, կամ արմատախիլ անելու իշխող թերությունդ:
 
242. «Որքա՜ն պարտական եմ Աստծուն քրիստոնյա լինելուս համար: Այս մեծագույն շնորհին համապատասխանելու գործում թերացումներս ինձ վշտից արտասվել են տալիս. Սիրո վշտից: Մեղա՜»: – Լավ է, որ սկսել ես գիտակցել պարտքերդ: Բայց մի՛ մոռացիր, թե դրանք ինչպես են հատուցվում. արցունքներով և ... գործերով:
 
243. «Որ ի փոքուն հաւատարիմ է, և ի բազմին հաւատարիմ է». Ով քչի մեջ հավատարիմ է, հավատարիմ կլինի նաև շատի մեջ (Ղկս 16, 10): – Ղուկաս Ավետարանչի խոսքերն են, որոնք քեզ ցույց են տալիս – քննի՛ր ինքդ քեզ – շեղումներիդ արմատը:
 
244. Հակազդի՛ր: – Լսիր, թե ինչ է քեզ ասում Սուրբ Հոգին. «Զի թէ թշնամւոյն նախատեալ էր՝ համբերէի արդեօք». Եթե թշնամին ինձ նախատեր, տարօրինակ չէր լինի և ավելի տանելի կլիներ (Սղմ 54, 13): Բայց դու ... «Իսկ դու հաւասար իմ, առաջնորդ իմ, և ծանօթ իմ, ապաքէն ի նոյն քաղցրացուցեր ինձ և քեզ կերակուր». Դու իմ ընկերն ես, իմ առաքյալը, իմ բարեկամը, որ նստում ես իմ սեղանին և համեղ կերակուրներ ես ճաշակում իմ հետ (Սղմ 54, 15):
 
245. Հոգևոր առանձնության օրերին խղճի քննությունդ պետք է ավելի խորը լինի և ավելի ընդարձակ, քան այն սովորականը, որ կատարում ես ամեն երեկո: – Այլապես, ուղղվելու մի մեծ առիթ կկորցնես:
 
246. Խղճի քննությունդ միշտ Սիրո աղոթքով ավարտիր. խոցված Սիրուց ծնվող վշտով. քո համար, մարդկանց բոլոր մեղքերի համար ... : – Եվ շնորհակալ սրտով գնահատիր Աստծո հայրական հոգածությունը, որով հեռացնում է արգելքները, որպեսզի չսայթաքես:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։