Խոնարհություն – Գրադարան – Mashtoz.org

Խոնարհություն

589. Երբ ինչ որ մի հաղթանակիդ պատճառով ծափահարություններ ես լսում, այնպես արա, որ ականջներումդ հնչեն նաև այն հեգնական ծիծաղները, որոնք պատճառել ես անհաջողություններովդ:
 
590. Մի՛ կամեցիր նմանվել հսկայական շենքի տանիքին դրված ոսկեզօծ հողմացույցին. որքան էլ փայլի և որքան էլ բարձր դիրքի վրա լինի, որևէ նպաստ չի բերում շենքի ամրությանը:
Նմանվիր, մինչդեռ, այն հնամենի վիմաքարին, որ դրված է շենքի հիմքին, հողի տակ, ուր ոչ ոք քեզ չի տեսնի. հենց քո շնորհիվ տունն անսասան կմնա ու չի փլվի:
 
591. Որքան ավելի են ինձ գովում, Հիսո՜ւս իմ, այնքան ավելի Դու ինձ սրտով խոնարհեցրու, հասկացնելով, թե ի՛նչ եմ եղել և ի՛նչ կլինեի, եթե Դու ինձ մենակ թողնեիր:
 
592. Մի՛ մոռացիր, որ ... ավելածուի գործածած թիթեղամանն ես: – Ուստի, եթե Աստվածային Պարտիզպանը քեզ գործածում է, մաքրում, փայլեցնում ... և քեզ հոյակապ ծաղիկներով լցնում ... , տգեղությունդ զարդարող ո՛չ բույրը, ո՛չ էլ գույները չպետք է հպարտացնեն քեզ:
Խոնարհվի՛ր: Չե՞ս իմանում, որ մի պարզ թիթեղաման ես:
 
593. Եթե քեզ տեսնում ես այնպես, ինչպիսին որ իրականում ես, քեզ պետք է տրամաբանական թվա, որ քեզ արհամարհում են:
 
594. Խոնարհ չես, երբ դու ինքդ ես խոնարհվում, այլ՝ երբ քեզ խոնարհեցնում են և դու դա կրում ես հանուն Քրիստոսի:
 
595. Եթե քեզ ճանաչեիր, կուրախանայիր արհամարհված լինելուդ համար և սիրտդ կարտասվեր պատիվներին ու գովասանքներին ի լուր:
 
596. Մի՛ նեղվիր, եթե տեսնում են թերություններդ: Աստծո դեմ գործված նախատինքը և մարդկանց տրված գայթակղությունը, որի պատճառը կարող ես հանդիսանալ. սրանց համար է, որ պետք է ցավ զգաս:
Ինչ վերաբերվում է մնացածին, թո՛ղ, որ իմանան ի՛նչ լինելդ և արհամարհեն քեզ: – Ոչինչ լինելուդ պատճառով մի՛ նեղվիր, քանի որ այդպիսով Հիսուսն է, որ քեզ կտա ամեն ինչ:
 
597. Եթե սրտիդ ու դատողությանդ թելադրանքի համաձայն գործեիր, շարունակ բերանդ գետնին կմնայիր, ուժաթափ ու վհատված, կեղտոտ, տգեղ ու զազրելի որդի նման ... այս Աստծո դիմաց, որն այսքա՜ն հանդուրժում է քեզ:
 
598. Որքա՜ն մեծ է խոնարհության արժեքը: – «Զի հայեցաւ ի խոնարհութիւն ... » (Ղկս 1, 48): Հավատքից, մարդասիրությունից, անարատ մաքրությունից ավելի, մեր Մոր բերկրալի օրհներգն այսպես է երգում Զաքարիայի տանը.
«Քանի որ հայեց իմ խոնարհությանը, ահա այսուհետև ինձ երանելի են անվանելու բոլոր սերունդները»:
 
599. Աղտոտ ու անկյալ հողի փոշի ես: – Նույնիսկ եթե Սուրբ Հոգու շունչը քեզ երկրի բոլոր իրողություններից վեր բարձրացնի և խեղճությանդ վրա Արդարության Արեգակի գերազանց ճառագայթները հայելացնելով քեզ ոսկու նման փայլեցնի, մի՛ մոռացիր վիճակիդ աղքատությունը:
Մի պահ անգամ տևող հպարտությունը քեզ կրկին գետին կնետի և դու կդադարես լույս լինելուց, դառնալով ցեխ:
 
600. Դու ... հպարտանո՞ւմ ես: – Ինչի՞դ վրա:
 
601. Հպարտությո՞ւն: – Ինչի՞ համար ... : Շատ չանցած – մի քանի տարուց, մի քանի օրից – զազրելի նեխվածության կույտի ես վերածվելու. որդեր, սրտխառնոց առաջացնող գարշահոտություններ, պատանքի կեղտոտ ծվեններ ... , և երկրի վրա ոչ ոք քեզ չի հիշելու:
 
602. Դո՜ւ ... կրթված, հանրաճանաչ, պերճախոս, հզոր. եթե խոնարհ չես, ոչինչ չարժես: – Կտրիր, պոկիր այդ «ես»ը, որ բարձրացրել ես գերադրական աստիճանի – Աստված քեզ կօգնի – , և այնժամ կկարողանաս սկսել աշխատել Քրիստոսի համար, Նրա առաքյալների բանակի վերջին տեղում:
 
603. Այդ կեղծ խոնարհությունը պարզապես հարմարավետության փնտրտուք է: Այդ կերպ դու, այդքա՜ն համեստիկ, հրաժարվում ես իրավունքներից, որոնք իրականում ... պարտականություններ են:
 
604. Խոնարհաբար ընդունիր տկարությանդ փաստը, որպեսզի Առաքյալի հետ միասին կարողանաս ասել. «Յորժամ տկարանամ, յայնժամ զօրանամ». Երբ տկար եմ, այդ ժամանակ է, որ զորեղ եմ (2Կր 12, 10):
 
605. «Վարդապետ, ինչպե՞ս եք կարողանում հանդուրժել ամբողջ այս աղբը», հարցրեցիր անկեղծ զղջումով կատարված խոստովանությունից հետո:
Լռեցի խորհելով, որ եթե խոնարհությունդ քեզ մղում է զգալու քեզ այդպիսին – աղբ, աղբի կույտ – , ուրեմն դեռ կարող ենք ինչ որ մի մեծ բան մեջտեղ հանել ամբողջ խեղճությունիցդ:
 
606. Տե՛ս, թե որքա՜ն խոնարհ է մեր Հիսուսը. Երուսաղեմ մուտք գործելիս մի իշուկ ծառայեց Նրան որպես գահ ... :
 
607. Խոնարհությունը մի ա՛յլ լավ ճանապարհ է՝ հոգու խաղաղությանը հասնելու համար: – Նա Ինքն է ասել դա. «Սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ ... և հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար» (Մտթ 11, 29):
 
608. Խոնարհության պակաս չէ այն, որ դու գիտակցես հոգուդ առաջադիմությանը: – Այդ կերպ կարող ես երախտագիտությունդ հայտնել Աստծուն:
Սակայն մի՛ մոռացիր, որ աղքատիկ մեկն ես, որ մի գեղեցիկ զգեստ է հագել ... ուրիշից փոխ առած:
 
609. Ինքնաճանաչումն առաջնորդում է, կարծես մարդու ձեռքից բռնած, դեպի խոնարհություն:
 
610. Կորովդ, որով պաշտպանում ես հոգին և կանոններն այն առաքելության, որի մեջ աշխատում ես, չպետք է կեղծ խոնարհության պատճառով երերա: – Այդ կորովը հպարտություն չէ, այլ՝ զորության գլխավոր առաքինությունը:
 
611. Հպարտությամբ: – Արդեն սկսում էիր քեզ ամեն ինչի ընդունակ կարծել, միայն քո ուժերով: – Մի պահ միայն քեզ թողեց և գլխիվայր ընկար: – Խոնարհ եղիր և Նրա արտակարգ օգնությունը քեզ երբեք չի պակասի:
 
612. Ժամանակն է, որ քեզնից վանես այդ գոռոզ մտքերը. դու այն ես, ինչ որ է վրձինը նկարչի ձեռքում: – Եվ ուրիշ ոչինչ:
Ասա՛ ինձ, ինչի՞ է ծառայում վրձինը, եթե նկարչին նկարել չի թողնում:
 
613. Որպեսզի դու խոնարհ լինես – դու, որ այդքա՜ն դատարկ ես և ինքդ քեզնից այդքա՜ն գոհ – , բավական է, որ նկատի առնես Ովսեե Մարգարեի հետևյալ խոսքերը. «Նմանվելու ես ... վաղորդյան ցողին, որն արշալույսին անհետանում է» (Ովս 13, 3):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։