ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Սուրբ Յոզեմարիա Էսքրիվան ծնվել է Բարբասթրոյում (Հուէսքա, Իսպանիա), 1902թ. Հունվարի 9ին: 15ից 16 տարեկան հասակում սկսում է նշմարել աստվածային կոչման առաջին նախազգացումները և որոշում է քահանա դառնալ: 1918ին, Լոգրոնիոյի Ճեմարանում սկսում է եկեղեցական ուսումները, իսկ 1920ից դրանք շարունակում է Սարագոցցայի «Փաոլայի Սուրբ Ֆրանցիսկոս» Ճեմարանում, ուր 1922ից սկսած վարում է “Մեծավորի” պաշտոն: 1923ին, եկեղեցական Մեծավորների արտոնությամբ, սկսում է իրավաբանական ուսումները Սարագոցցայի Համալսարանում, առանց աստվածաբանական ուսումները դրանց պատճառով տկարացնելու: Սարկավագ է ձեռնադրվում 1924թ. Դեկտեմբերի 20ին, իսկ քահանա՝ 1925թ. Մարտի 28ին:

Քահանայական ծառայությունը սկսում է Փերդիգուէրայի ժողովրդապետությունում (Սարագոցցայի թեմ), շարունակելով ապա ինքնին Սարագոցցայում: 1927թ. գարնանը, ինչպես միշտ՝ Արքեպիսկոպոսի արտոնությամբ, տեղափոխվում է Մադրիդ, ուր նվիրվում է քահանայական անխոնջ աշխատանքի, բոլոր միջավայրերում, ծառայելով նաև արվարձանների աղքատներին ու հիվանդներին, հատկապես հիվանդանոցներում գտնվող անբուժելիներին ու մահամերձներին: Դառնում է Սուրբ Սրտի Առաքելական Տիկնանց կազմակերպության կողմից հիմնված Հիվանդախնամ Ընկերության մատռանապետ, և դասավանդում է մի համալսարանական Կաճառում: Միաժամանակ շարունակում է Իրավաբանության մեջ վարդապետական աստիճան ստանալու համար հարկավոր ուսումներն ու դասնթացքները, որոնք այդ ժամանակ կատարվում էին միայն Մադրիդի Համալսարանում:

1928թ. Հոկտեմբերի 2ին Տերը նրան հստակ կերպով ցույց է տալիս այն, ինչը մինչ այդ նա միայն կանխազգացել էր: Եվ Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվան հիմնում է «Օպուս Դեյ»ը: Ինչպես միշտ՝ Տիրոջ կողմից մղված, 1930թ. Փետրվարի 14ին Օպուս Դեյի առաքելական գործունեությունը սկսում է կանանց հետ: Այդպիսով, Եկեղեցու գրկում բացվում էր մի նոր ճանապարհ, որի նպատակն է զարկ տալ, հասարակական բոլոր խավերի անձանց մեջ, սրբության փնտրտուքին և առաքելական գործունեությանը, շնորհիվ աշխատանքի սրբագործման, աշխարհի ներսում և առանց սեփական կյանքի վիճակը փոխելու:

Այդ 1928թ. Հոկտեմբերի 2ից սկսած, Օպուս Դեյի հիմնադիրը բոլոր հոգիների նկատմամբ առաքելական մեծ եռանդով նվիրվում է կատարելու առաքելությունը, որն Աստված հանձնել էր իրեն: 1934ին նշանակվում է Սբ. Եղիսաբեթի անունը կրող Բարեգործական հաստատության Տեսուչ: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին իր քահանայական պաշտոնը վարում է նախ Մադրիդում, – հաճախ իր կյանքը ծանրորեն վտանգի ենթարկելով, – իսկ հետո՝ Բուրգոսում: Այդ ժամանակ արդեն երկարատև ուժգին հակառակություններ է կրում, որոնց համբերում է հանդարտ սրտով և գերբնական ոգիով:

1943թ. Փետրվարի 14ին հիմնում է Սուրբ Խաչի քահանայական Ընկերությունը, որն անբաժանելիորեն միացած է Օպուս Դեյին և, Օպուս Դեյի աշխարհական անդամներին քահանայական ձեռնադրություն ստանալու և նրանց թեմական պատկանելությունը Գործի ծառայությանն ի նպաստ կատարելու հնարավորություն ընձեռելուց բացի, ավելի ուշ հնարավորություն էր տալու թեմական քահանաներին նույնպես մասնակցելու Օպուս Դեյի հոգեկանությանն ու հոգևոր կյանքի գործնական հրահանգումների համակարգին, իրենց քահանայական կյանքի պարտավորությունների կատարման մեջ փնտրելով սրբությունը, թեմական Առաջնորդի բացարձակ իրավասության ներքո մնալով հանդերձ:

1946ին տեղափոխվում է Հռոմ, ուր հաստատվում է մինչև իր կյանքի վերջը: Հռոմից խթանում և ղեկավարում է Օպուս Դեյի տարածումն ամբողջ աշխարհով մեկ, գործի դնելով իր բոլոր ուժերը՝ Գործին անդամակցած արանց և կանանց տալու համար ուսմունքային, հոգևոր և առաքելական հաստատահիմն կրթություն: Հիմնադրի մահվան պահին, Օպուս Դեյը հաշվում էր 80 ազգությունների պատկանող ավելի քան 60.000 անդամներ:

Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվան եղել է Եկեղեցական Կանոնագրքի վավերական Մեկնաբանության Քահանայապետական Հանձնաժողովի և Կղերանոցների ու Համալսարանների Սուրբ Ժողովի Խորհրդական, Սրբազան Քահանայապետի Պատվո Առաջնորդ և հռոմեական աստվածաբանական Քահանայապետական Կաճառի պատվավոր անդամ, ինչպես նաև՝ Նավարրայի (Իսպանիա) և Փիուրայի (Պեռու) Համալսարանների Ավագ Դիվանապետ:

Սբ. Յոզեմարիա Էսքրիվան մահացել է 1975թ. Հունիսի 26ին: Երկար տարիներ արդեն նվիրում էր իր կյանքը Եկեղեցու և Քահանայապետի համար: Թաղված է Հռոմում, Խաղաղության Տիրամայր եկեղեցու գետնափոր Դամբարանում: Օպուս Դեյի առաջնորդության գործում նրան հաջորդեց Հոգեշնորհ Ալվարո Դել Փորթիլլոն (1914-1994), որը, երկար տարիներ շարունակ Սբ. Յոզեմարիա Էսքրիվայի ամենասերտ գործակիցը լինելուց հետո, միաձայն ընտրվեց 1975թ. Սեպտեմբերի 15ին: Ներկայումս Օպուս Դեյի առաջնորդն է Հոգեշնորհ Խավիեր Էչէվարրիան: Նա նույնպես տասնյակ տարիներ աշխատել է Սբ. Յոզեմարիայի և նրա առաջին հաջորդի՝ Հոգեշնորհ Ալվարո Դել Փորթիլլոյի հետ: Օպուս Դեյը – որ սկզբից ևեթ ստացել էր թեմական Իշխանությունների արտոնությունը, իսկ 1943ին «appositio manuum» արտոնագիրը, և ապա՝ Սուրբ Աթոռի կողմից վավերացումը – Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից 1982թ. Նոյեմբերի 28ին հաստատվեց որպես Անձնական Առաջնորդություն: Կանոնական այս կերպն ու սահմանումն էր նախատեսել և փափագել Սուրբ Յոզեմարիան:

Սրբության համբավը, որն իր կյանքի ընթացքում արդեն ուներ, իր մահից հետո տարածվեց երկրագնդի բոլոր անկյուններով մեկ, ինչպես ցույց են տալիս հոգևոր և նյութական շնորհների բազմաթիվ վկայությունները, որոնց ընդունումը վերագրվում է Օպուս Դեյի հիմնադրի միջնորդությանը. դրանց շարքին գրանցված են նաև բժշկումներ, որոնք գիտականորեն անբացատրելի են: Բազմաքանակ են եղել նաև հինգ մայրցամաքներից ստացված նամակները, որոնց շարքին նաև նամակները 69 կարդինալների և մոտ 1.300 եպիսկոպոսների, – որ կազմում է կաթողիկե աշխարհի եպիսկոպոսների մեկ երրորդից ավելին, – որոնցով Քահանայապետից խնդրում էին սկսել Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվայի Երանացման և Սրբադասման Դատավարական Ընթացքը: Սրբադասումների Դատավարական Ժողովը գործի բացման արտոնագիրը տվեց 1981թ. Հունվարի 30ին, իսկ Հովհաննես Պողոս Երկրորդն այն վավերացրեց 1981թ. Փետրվարի 5ին:

1981 և 1986թթ. միջև տեղի ունեցան ճանաչողական երկու դատավարություններ, Հռոմում և Մադրիդում, քննելու համար Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվայի կյանքն ու առաքինությունները: Այս երկու դատավարությունների արդյունքներին ծանոթանալով և ընդունելով խորհրդատու աստվածաբանների Համաժողովի և Սրբադասումների Դատավարական Ժողովի անդամ կարդինալների ու եպիսկոպոսների Հանձնաժողովի նպաստավոր կարծիքները, 1990թ. Ապրիլի 9ին Սրբազան Քահանայապետը հայտարարեց Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվայի առաքինությունների հերոսականության մասին, որով նա ստացավ Երանաշնորհի տիտղոս: 1991թ. Հուլիսի 6ին Սրբազան Քահանայապետը հրամայեց հրապարակել Վճռագիրը, ուր հայտարարում էր հրաշագործ բնույթը մի բժշկումի, որը կատարվել էր Երանաշնորհ Յոզեմարիա Էսքրիվայի բարեխոսությամբ. այդ Վճռագրով եզրափակվեցին կանոնական գործընթացները, որոնք անհրաժեշտ էին Օպուս Դեյի հիմնադրի Երանացման համար, ինչը որ տեղի ունեցավ 1992թ. Մայիսի 17ին, Սուրբ Պետրոսի հրապարակում կատարված հանդիսավոր ծիսակատարության ընթացքում, որին նախագահում էր Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Երկրորդը: 1992թ. Մայիսի 21ից Սբ. Յոզեմարիա Էսքրիվայի մարմինը հանգչում է Խաղաղության Տիրամայր առաջնորդական եկեղեցու խորանի ներքո, Օպուս Դեյի Առաջնորդության գլխավոր կենտրոնում, տևական կերպով ստանալով աղոթքի ու երախտագիտության ընկերակցությունը ամբողջ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ անձանց, որոնք Աստծուն մոտեցել են Օպուս Դեյի հիմնադրի օրինակից և ուսուցումներից, ինչպես նաև նրա բարեխոսությանը դիմողների բարեպաշտությունից գրավված:

2001թ. Դեկտեմբերի 20ին, Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահանայապետը վավերացրեց Սրբադասումների Դատավարական Ժողովի վճռագրերից մեկը, որը վերաբերվում էր Երանելի Յոզեմարիայի բարեխոսությամբ կատարված հրաշքներից մեկին: 2002թ. Փետրվարի 26ին, եկեղեցական համագումարի հավաքված Կարդինալների, Արքեպիսկոպոսների ու Եպիսկոպոսների կարծիքը ունկնդրելուց հետո, Սրբազան Քահանայապետը սրբադասեց Երանելի Յոզեմարիա Էսքրիվային. ծիսական արարողությունը տեղի ունեցավ Հռոմում, Սուրբ Պետրոսի հրապարակում, 2002թ. Հոկտեմբերի 6ին:

Սբ. Յոզեմարիա Էսքրիվայի գրչին են պատկանում, աստվածաբանականկանոնական բնույթ ունեցող «Հուէլգասի Աբբայուհին» մենագիր քննական ուսումնասիրությունից բացի, հոգեկանության մի շարք գրքեր, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուների. «Ճանապարհ»[1], «Սուրբ Վարդարանը», «Հիսուսն է անցնում», «Աստծո ընկերներ», «Խաչի Ճանապարհ», «Եկեղեցին, մեր Մայրը», «Ակոս», «Հնոց», որոնցից վերջին հինգը հրատարակվել են հետմահու: Միջազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցների շարքը ծնունդ է տվել «Զրույցներ Հոգեշնորհ Յոզեմարիա Էսքրիվայի հետ» հատորին:

[1] «Ճանապարհ» գիրքը, որի արևելահայերեն առաջին թարգմանությունն է սա, առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Իսպանիայում, մինչև օրս թարգմանվել է գրեթե բոլոր գլխավոր լեզուներով և ունեցել է ավելի քան 470 հրատարակություն, ընդհանուր 4.906.050 տպաքանակով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։