Հարատևություն – Գրադարան – Mashtoz.org

Հարատևություն

983. Սկսելը հատուկ է բոլորին: Հարատևելը բնորոշ է Սրբերին:
Քո հարատևությունը չպետք է առաջին մղումի կույր հետևանքը լինի, ինքնաբերաբար շարունակվող շարժում: Այն թող գիտակից հարատևություն լինի:
 
984. Ասա՛ Նրան. «Աւասիկ եմ ես, զի կոչեցեր զիս». Ահա՛ ես պատրաստ եմ, որովհետև կանչեցիր ինձ (1Թգ 3, 5):
 
985. Ճանապարհից հեռացել էիր և չէիր վերադառնում, որովհետև ամաչում էիր: – Ավելի տրամաբանական կլիներ, եթե չուղղվելուդ համար ամաչեիր:
 
986. Խոստովանում էիր. «Իրոք հարկավոր չէ հերոս լինել՝ պաշտպանվել կարողանալու համար, առանց արտառոց ու անբնական վարմունք որդեգրելու, այնքան՝ որքան հարկավոր է, պարագաների համաձայն ... , և հարատևելու համար»: – Եվ հավելել էիր. «Քանի դեռ կգործադրեմ կանոնները, որոնք Դուք ինձ հանձնարարեցիք, ինձ չեն մտահոգի շրջապատի խաբեություններն ու բամբասանքները: Ավելի պետք է սարսափեմ նման ոչնչություններից վախենալուց»: – Սքանչելի՜ է:
 
987. Խնամքով մշակիր և վտանգներից հեռու պահիր ու պաշտպանիր այն վեհ գաղափարականը, որը դեռ նոր է ծնվել քեզնում: – Հիշիր, որ գարնանը շա՜տ ծաղիկներ են բացվում, բայց քչերն են պտուղի վերածվում ու հասունանում:
 
988. Վհատությունը հարատևությանդ թշնամին է: – Եթե վհատության դեմ չպայքարես, նախ հոռետեսության մեջ կընկնես, իսկ հետո՝ կկորցնես եռանդդ: – Լավատե՛ս եղիր:
 
989. Մի խոսքով. այդքան երկար ասելուցդ հետո, թե՝«Խաչը, ո՜վ Տեր, Խաչը», երևում է, որ քեզ հաճելի խաչ էիր կամենում:
 
990. Մի այնպիսի հարատևություն, որին ոչինչ չկարողանա սասանել: – Դրա կարիքն ունես: Տիրոջից խնդրիր և այն ստանալու համար արա՛ ինչ կարող ես, որովհետև հզոր միջոց է՝ ձեռնարկածդ արգասավոր ճանապարհից չշեղվելու համար:
 
991. Չես կարողանում «բարձրանալ»: – Չեմ զարմանում. այդ անկո՜ւմդ ... :
Հարատևի՛ր և «կբարձրանաս»: – Հիշի՛ր հոգևոր մի հեղինակի խոսքերը. «Քո խեղճ հոգին նման է մի թռչունի, որի թևերն ամբողջովին ցեխոտված են:
Երկնքից շա՜տ արևի կարիք կա, ինչպես նաև՝ անձնական փոքրիկ, բայց հարատև ճիգերի, որպեսզի արմատախիլ արվեն այդ հակումները, այդ երևակայությունները, այդ վհատությունը. թևերիդ այդ կպչուն ցեխը:
Եվ քեզ ազատ կտեսնես»: – Եթե հարատևես, «կբարձրանաս»:
 
992. Երախտագիտություն հայտնիր Աստծուն, որ քեզ օգնեց, և ուրախացիր հաղթանակովդ: – Ինչպիսի՜ մեծ բերկրանք է ապրում հոգիդ՝ շնորհին համապատասխանելուց հետո:
 
993. Պատճառաբանում ես ... , և լավ էլ ստացվում է մոտդ, սառը դատողությամբ. որքա՜ն պատճառներ ունես՝ գործդ լքելու համար: – Եվ ոմանք, որքան որ թվում է, վճռական են:
Տեսնում եմ, անկասկած, որ պատճառներ ունես: – Բայց իրավացի չես:
 
994. «Խանդավառությունս անցավ», գրել էիր: – Դու չպետք է աշխատես խանդավառությունից դրդված, այլ՝ Սիրուց. պարտականության գիտակցությամբ, որն անձնուրացություն է:
 
995. Անդրդվելի. այսպիսի՛ն պետք է լինես: – Եթե ուրիշների կամ քո անձնական խեղճությունները սասանում են հարատևությունդ, ստիպված եմ տխուր կարծիք կազմել գաղափարականիդ մասին:
Վճռակամ որոշի՛ր մեկընդմիշտ:
 
996. Ճանապարհիդ վերաբերյալ թշվառ գաղափար ունես, եթե կարծում ես, թե այն կորցրել ես, պարզապես որովհետև ոգևորվածություն չես զգում: Դա փորձության ժամն է. դրա համար է, որ քեզնից վերցվել են զգայական մխիթարությունները:
 
997. Բացակայություն, մեկուսացում. փորձություններ են հարատևության դեմ: – Սուրբ Պատարագ, աղոթք, Սուրբ Խորհուրդներ, զոհողություններ. Սրբերի Հաղորդություն: Ահա՛ փորձություններին հաղթելու զենքերը:
 
998. Օրհնյա՜լ լինի ջրհան մեքենային կապված իշուկի հարատևությունը: – Միշտ նույն քայլերով, միշտ միևնույն շրջանը: – Մի օր ... , հաջորդ օրը ... , միշտ նույնպես:
Առանց նրա՝ պտուղները չէին հասունանա, բանջարանոցը խոնավ չէր մնա, ո՛չ էլ բուրմունքով լի կլիներ պարտեզը:
Այս միտքը կիրառիր քո հոգևոր կյանքում:
 
999. Ո՞րն է հարատևության գաղտնիքը: Սե՛րը: – Սիրահարվի՛ր և «Նրանից» չես բաժանվի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։