Հնազանդություն – Գրադարան – Mashtoz.org

Հնազանդություն

614. Առաքելական ձեռնարկներում անհնազանդությունը երբեք փոքր չէ:
 
615. Ամրապնդիր կամքդ, առնականացրու կամքդ, որպեսզի այն, Աստծո շնորհով, պողպատե խթանի նման լինի:
Միմիայն ուժեղ կամք ունենալով է, որ ի զորու կլինես այն մի կողմ դնելու, որպեսզի հնազանդվես:
 
616. Հնազանդության հարցում այդ դանդաղկոտությանդ, այդ կրավորական կեցվածքիդ, այդ դիմադրությանդ պատճառով որքա՜ն է վնասվում առաքելությունը և որքա՜ն է հրճվում թշնամին:
 
617. Հնազանդվեցեք, ինչպես արվեստագետի ձեռքին հնազանդվում է գործիքը, որը կանգ չի առնում հարցնելու, թե ինչո՞ւ է անում այս կամ այն բանը. վստահ լինելով, որ ձեզ երբեք չի հրամայվի մի բան, որ բարի չլինի և կամ չլինի ամբողջովին Աստծո փառքի համար:
 
618. Թշնամին քեզ հարցնում է. «Հնազանդվելո՞ւ ես ... մինչև իսկ այն “ծիծաղելի” պարագայո՞ւմ»: – Դու, Աստծո շնորհով, պատասխանում ես. «Հնազանդվելու եմ ... մինչև իսկ այն “հերոսական” պարագայում»:
 
619. Նախաձեռնություններ: – Առաքելությանդ մեջ նախաձեռնություններ կյանքի կոչիր քեզ հանձնված պաշտոնի սահմաններում:
Եթե այդ սահմաններից դուրս են գալիս, կամ եթե կասկածներ ունես, խորհրդակցիր Մեծավորիդ հետ, ուրիշ ոչ մեկին չհայտնելով մտքերդ:
Երբեք մի՛ մոռացիր, որ դու պարզապես գործադրող ես:
 
620. Եթե հնազանդությունը քեզ խաղաղություն չի պարգևում, պատճառն այն է, որ հպարտ ես:
 
621. Որքա՜ն ցավալի է, երբ Առաջնորդն ինքը բարի օրինակ չի տալիս: – Բայց մի՞թե նրան հնազանդվում ես նրա անձնական հատկությունների համար: Կամ թերևս Պողոս Առաքյալի խոսքը, թե՝«Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց». Հնազանդ եղեք ձեր առաջնորդներին (Եբր 13, 17), դու ուզածիդ պե՞ս ես հասկանում, անձնական հարմարավետությունիցդ մղված, քո մեկնաբանությամբ, որ նշանակում է. «Հնազանդ պետք է լինեմ ... պայմանով, որ Առաջնորդն իմ ճաշակին համապատասխանող հատկություններ ունենա»:
 
622. Ի՜նչ լավ ես հասկացել հնազանդության էությունը, եթե կարողացել ես ինձ գրել. «Միշտ հնազանդվել՝ նշանակում է մարտիրոսանալ առանց մահանալու»:
 
623. Քեզ հրամայում են մի բան, որը դու անօգուտ ու դժվարին ես կարծում: – Գործադրիր քեզ հրամայվածը: – Եվ կտեսնես, որ դյուրին է ու արդյունաշատ:
 
624. Նվիրապետություն: – Ամեն մասնիկ իր տեղում: – Վելասքեզի նկարից ի՞նչ կմնար, եթե գույներից յուրաքանչյուրն իր ուզած ուղղությամբ գնար և իր ուզած տեղում մնար, եթե կտավի թելերից յուրաքանչյուրն արձակվեր, եթե փայտյա շրջանակի ամեն մի կտորը մյուսներից անջատվեր:
 
625. Քո հնազանդությունն արժանի չէ այդ անունը կրելուն, եթե պատրաստակամ չես մի կողմ նետելու անձնական ամենածաղկուն գործդ անգամ, երբ նա, ով այդ իշխանությունն ունի, այդպես է կարգադրում:
 
626. Ճիշտ չէ՞, Տե՜ր, որ Քեզ մեծապես մխիթարում էր «նրբանկատությունն» այն մանուկ-երիտասարդի, որը պարտավոր լինելով հնազանդվել մի տաժանելի ու հոգեհան գործում, նեղություն զգալով հանդերձ՝ շշնջում էր. «Հիսո՜ւս, թող որ զվարթադեմ լինեմ»:
 
627. Քո հնազանդությունը պետք է համր լինի: Այդ լեզո՜ւն ... :
 
628. Այս պահին, երբ քեզ դժվարին է թվում հնազանդվելը, հիշիր քո Տիրոջ մասին. «Լեալ հնազանդ մահու չափ եւ մահու խաչի». Մահու չափ հնազանդ եղավ, և խաչի՛ մահվան (Փլպ 2, 8):
 
629. Հնազանդության կարողությունը: – Գենեսարեթի լճակը մերժում էր իր ձկները Պետրոսի ուռկանը նետել: Ամբողջ մի գիշեր ապարդյուն:
Բայց ահա՛ ուռկանը նետվում է հանուն հնազանդության. «եւ ոչ կարէին ձգել þի բազմութենէ անտի ձկանցն». և ձկների մի մեծ բազմություն են որսում (Հվհ 21, 6):
Հավատա՛, այդ հրաշքն ամեն օր կրկնվում է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։