Հոգիներ Շահել – Գրադարան – Mashtoz.org

Հոգիներ Շահել

790. Հոժարությամբ չէի՞ք աղաղակի ձեր շուրջն ալեկոծվող երիտասարդությանը. Անմիտնե՜ր, թողե՛ք այդ աշխարհիկ բաները, որոնք խեղճացնում են սիրտը ... և շատ հաճախ նաև նվաստացնում ... : Թողե՛ք և եկեք մեր հետ Սիրո մոտ:
 
791. Քեզ «խանդավառություն» է պակասում, հոգու և սրտի «թրթիռ»: – Սա է պատճառը, որ այսքան քիչ հոգիներ ես ձգում: – Գրեթե այն տպավորությունն ես թողնում, որ լիովին համոզված չես, թե ի՛նչ ես շահում՝ հանուն Հիսուսի թողնելով երկրային իրողությունները:
Համեմատի՛ր. հարյուրապատիկը և Հավիտենական Կյանքը: – Մի՞թե սա քեզ չնչին «գործարք» է թվում:
 
792. «Խաղաղացո՛ ի խորն». Նավակդ դեպի ծովի խորքն ուղղիր (Ղկս 5, 4): – Քեզնից հեռացրու հոռետեսությունը, որը քեզ վախկոտ է դարձնում: – «Եւ արկէք զգործիս ձեր յորս». Եվ նետե՛ք ձեր ուռկանները՝ որսի համար:
Չե՞ս տեսնում, որ դու էլ Պետրոս Առաքյալի նման կարող ես ասել. «Վասն քո բանիդ՝ արկցուք զգործիսս». Հիսո՜ւս, քո Անվան համար, հոգիներ եմ որոնելու:
 
793. Հոգիներ շահել: – Ահա՛ անկեղծ եռանդի ստույգ նշանը:
 
794. Սերմանել: – Եվ ելավ սերմնացանը ... : Եռանդով նետիր սերմերը, առաքելանվե՜ր հոգի: – Շնորհի քամին ուրիշ տեղ կտանի քո սերմը, եթե ակոսը, ուր ընկել է, արժանի չէ ... : Սերմանիր և վստահ եղիր, որ սերմն արմատակալելու է և տալու է իր պտուղը:
 
795. Բարի օրինակ տալով որակյալ սերմ է ցանվում. և Սերը բոլորին պարտավորեցնում է սերմանել:
 
796. Քոնը շատ փոքրիկ սեր է, եթե չես զգում բոլոր հոգիներին փրկելու եռանդը: – Քոնը խեղճ սեր է, եթե բուռն բաղձանքը չես զգում՝ ուրիշ առաքյալներին ևս խենթությամբդ վարակելու:
 
797. Գիտես, որ ճանապարհդ հստակ և լուսավոր չէ: – Գիտես նաև, որ այդպիսին չէ, որովհետև Հիսուսին մոտիկից չհետևելով՝ մնում ես խավարի մեջ:
Ինչի՞ ես սպասում, որպեսզի որոշես:
 
798. Դրդապատճառնե՞ր ... : Ինչպիսի՞ դրդապատճառներ տված կլինի խեղճ Իգնատիոսը ուսյալ Քսավերյանին:
 
799. Այն, ինչը որ քեզ զարմացնում է, ինձ տրամաբանական է թվում: Այսինքն այն, որ Տերը քեզ հանդիպելու է եկել մասնագիտական աշխատանքիդ կատարման ժամանակ:
Նա հենց այդպես հանդիպեց առաջիններին. Պետրոսին, Անդրեասին, Հովհաննեսին ու Հակոբոսին, իրենց ուռկանների կողքին. Մատթեոսին էլ մաքսավորի սեղանի առաջ ... :
Եվ – ապշի՛ր – Պողոսին, մինչ նա կատաղորեն սպառնում էր բնաջինջ անել քրիստոնեության սերմը:
 
800. Հունձքն առատ է, իսկ մշակները՝ սակավ: – «Արդ, աղաչեցէք». Աղոթեցէք, ուրեմն, և խնդրեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ ուղարկի Իր արտում աշխատելու համար (Մտթ 9, 38):
Աղոթքը հոգիներ շահելու ամենաարդյունավետ միջոցն է:
 
801. Աշխարհում տակավին հնչում է աստվածային աղաղակը. «Եկել եմ երկրի վրա հուր սփռելու. և որքա՜ն կուզենայի, որ արդեն իսկ բորբոքված լիներ» (Ղկս 12, 49): – Եվ սակայն, տեսնում ես. գրեթե ամբողջովին հանգած է ... :
Փափագ չե՞ս զգում տարածելու այդ հրդեհը:
 
802. Կկամենայիր առաքելությանդ մեջ ներգրավել այն մի գիտնականին, այն մի հեղինակավոր անձնավորությանը և այն մի խոհեմ ու առաքինի մարդուն:
Աղոթի՛ր, զոհողություններ ընծայիր Տիրոջը և օրինակովդ ու խոսքովդ ձգիր նրանց: – Չեն գալիս: – Խաղաղությունդ մի՛ կորցրու: Նշանակում է, որ հարկավոր չէին:
Կարծում ես Պետրոսին ժամանակակից ուսյալ, հեղինակավոր, խոհեմ ու առաքինի անձինք չկայի՞ն, առաջին տասներկուսի խմբից բացի:
 
803. Ինձ ասացին, որ գործիդ մեջ հաջողակ ես և որ «ձգողականություն» ունես՝ հոգիներին քո ճանապարհին կանչելու համար:
Աստծուն շնորհակալություն հայտնիր այդ պարգևի համար. եղիր գործիք՝ ուրիշ գործիքներ փնտրելու համար:
 
804. Օգնի՛ր ինձ, միասին աղաղակենք. Հիսո՜ւս, հոգինե՜ր ... առաքելանվեր հոգիներ առաքիր մեզ: Նրանք Քո համար են, Քո փառքի համար են: – Կտեսնես, որ ի վերջո լսելու է մեզ:
 
805. Լսիր. այնտեղ ... մի հոգի ... կամ երկու հոգի չկա՞ն, որ մեզ կարող են լավ հասկանալ:
 
806. Ասա՛ այն ... ահա այն մեկին, որ կարիքն ունեմ հիսուն հոգու, որոնք Հիսուս Քրիստոսին կսիրեն ամեն ինչից ավելի:
 
807. Պատմում էիր այն ընկերոջդ մասին, որը հաճախ մերձենում է Սուրբ Խորհուրդներին, ջինջ ու անբիծ կյանք է վարում և լավ ուսանող է: – Այնուհանդերձ, քեզ չի հասկանում. եթե իրեն խոսում ես զոհողության կամ առաքելության մասին, տխրում է ու հեռանում:
Մի՛ մտահոգվիր: – Քո եռանդի ձախողումը չէ: Տառ առ տառ Ավետարանում նկարագրված տեսարանն է. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, ծախի՛ր ինչ որ ունես և տուր աղքատներին» (զոհողությունը) ... «հետո արի՛ և հետևի՛ր ինձ» (առաքելությունը) (Մտթ 19, 21):
Երիտասարդը «գնաց տրտում». – նա էլ տխուրտրտում հեռացավ: Չուզեց համապատասխանել շնորհին:
 
808. «Մի ուրախ լուր. մի նոր խենթ ... , խենթանոցի համար»: – Եվ ամբողջովին բերկրանք է ճառագայթում «ձկնորսի» նամակը:
Աստված թող արդյունավետությամբ ճոխացնի ուռկաններդ:
 
809. Հոգիներ շահել: – Ո՞վ չի տենչում հավերժացնել իր առաքելությունը:
 
810. Հոգիներ շահելու այդ ծարավդ, որ ներքուստ քեզ սպառում է, նվիրմանդ ստույգ նշանն է:
 
811. Հիշո՞ւմ ես: – Դու և ես, իրիկնամուտին, միասին աղոթում էինք: Լսվում էր, մոտակա ափից, ալիքների ծփանքը: – Եվ Քասթիլիայի այդ փոքրիկ քաղաքի անդորրի մեջ լսում էինք նաև տարբեր ձայներ, որ խոսում էին հարյուրավոր լեզուներով, անձկագին գոչելով, որ դեռևս չէին ճանաչում Քրիստոսին:
Անվերապահ համբուրեցիր Խաչելությունը և Նրանից խնդրեցիր առաքյալների առաքյալ լինելու շնորհը:
 
812. Քեզ լավ եմ հասկանում, որ շա՜տ ես սիրում Հայրենիքդ ու ընտանիքդ, և որ, այդ կապերն ունենալով հանդերձ, անհամբեր սպասում ես այն պահին, երբ սկսելու ես երկրներ ու ծովեր կտրել անցնել – գնալ հեռո՜ւ – , որովհետև քեզ սպառում է հունձքի տենչը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։