Մանկական Կյանք – Գրադարան – Mashtoz.org

Մանկական Կյանք

875. Մի՛ մոռացիր, անմի՜տ մանուկ, որ Սերը քեզ ամենակարող է դարձրել:
 
876. Մանո՜ւկ, Տապանակների վրա «գրոհելու» սիրալիր սովորությունդ մի՛ կորցրու:
 
877. Երբ քեզ «խելոք մանուկ» եմ անվանում, մի՛ մտածիր, թե քեզ երկչոտ, վեհերոտ մեկն եմ կարծում: – Եթե առնական և ... բնական չես, առաքյալ լինելու փոխարեն ծիծաղաշարժ ծաղրանկարի կնմանվես:
 
878. Խելո՜ք մանուկ, օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ ասա՛ Հիսուսին. Սիրում եմ Քեզ, սիրում եմ Քեզ, սիրում եմ Քեզ ... :
 
879. Մի՛ տխրիր, եթե խեղճություններդ խռովում են քեզ ու շփոթեցնում: – Պարծեցի՛ր տկարություններովդ, ինչպես Պողոս Առաքյալն էր վարվում, քանի որ մանուկներին թույլատրվում է օրինակ առնել մեծերից, առանց վախենալու, թե կլինեն ծիծաղելի:
 
880. Թերացումներդ, անկատարություններդ և մինչև իսկ ծանր անկումներդ թող քեզ չհեռացնեն Աստծուց: – Տկար մանուկը, եթե խելք ունի, աշխատում է չհեռանալ իր հոր մոտից:
 
881. Մի՛ վշտացիր այն անհամաձայնությանդ ու չկամությանդ պատճառով, որոնք զգում ես այն փոքրիկ բաներն անելիս, որ Նա խնդրում է քեզնից: – Ժամանակի ընթացքում կհասնես ժպտալու ... :
Չե՞ս տեսնում, թե ինչպիսի՜ դժկամությամբ է պարզասիրտ մանուկն իրեն փորձող հայրիկին հանձնում ձեռքի քաղցրավենիքը: – Բայց տալիս է. և սերը հաղթում է:
 
882. Երբ ուզում ես գործերը լավ, շա՜տ լավ անել, պատահում է, որ ավելի վատ ես անում: – Խոնարհվի՛ր Հիսուսի առաջ, ասելով Նրան. «Տեսա՞ր, թե ինչպես եմ ամեն բան վատ անում: Եթե ինձ չօգնես, ու շա՜տ, ավելի վատ վիճակում էլ կարող եմ հայտնվել:
Գթա՛ քո մանկանը. տե՛ս, որ ուզում եմ ամեն օր մի մեծ էջ գրել իմ կյանքի գրքում ... : Բայց այնքա՜ն անճարակ եմ: Եթե Ուսուցիչս չբռնի ձեռքս ու չառաջնորդի այն, ուղիղ գծերի փոխարեն՝ գրչիցս ծուռ ու անճոռնի խզբզոցներ դուրս կգան միայն, որոնք կամաչեմ ինչ որ մեկին ցույց տալ:
Հիսո՜ւս, այսուհետև երկուսս միշտ միասին գրենք»:
 
883. Ընդունում եմ, Աստված իմ, իմ Սե՜ր, անճարակությունս, որ մեծ է, ... այնքա՜ն մեծ, որ մինչև իսկ երբ ուզում եմ շոյել, վնասում եմ: – Հղկի՛ր հոգուս կոպտությունը: Մանկության կյանքի զորեղ առնականության հետ միասին տո՛ւր ինձ – կամենում եմ, որ տաս ինձ – այն նրբանկատությունն ու քնքշանքը, որով մանուկները Սիրո սրտանց մղումով վարվում են իրենց ծնողների հետ:
 
884. Լի ես խեղճություններով: – Ամեն օր ավելի հստակ ես տեսնում դրանք: – Մի՛ սարսափիր: – Հիսուսը լավ գիտի, որ ավելի պտուղ տալ չես կարող:
Ակամա անկումներդ – մանկան անկումներ – պատճառ են դառնում, որ Աստված-Հայրդ քեզ ավելի ուշադրություն դարձնի և որ Մայրդ՝ Մարիամը քեզ իր գորովալի ձեռքից բաց չթողնի: Օգտվի՛ր այդ վիճակից, և երբ ամեն օր Տերը քեզ կրկին ոտքի կկանգնեցնի, ամբողջ ուժովդ գրկի՛ր Նրան և խեղճ գլուխդ դի՛ր Նրա տիգախոց կրծքին, մինչև որ Իր անչա՜փ սիրելի Սրտի բաբախյունները կխենթացնեն քեզ:
 
885. Մի կսմթոց: – Եվս մեկը: Եվ մեկ ուրիշն էլ: – Վերջ տուր լալկան նվոցներիդ և կրիր դրանք: Չե՞ս տեսնում, որ այնքան փոքր ես, որ կյանքումդ – քո փոքրիկ ճանապարհում – այդ փոքրիկ խաչերը միայն կարող ես ընծայել:
Եվ տե՛ս. մի խաչը մյուսին գումարվելով – մի կսմթոց ... ևս մեկը ... – ի՜նչ հսկայական զանգված է ձևանում:
Վերջում, մանո՜ւկ իմ, մի շա՜տ մեծ բան կարողացած կլինես անել. Սիրել:
 
886. Երբ հոգևոր մանկությունն ապրող մի հոգի Տիրոջն է ներկայացնում թողություն ստանալու իր իղձերը, պետք է վստահ լինի, որ դրանք շուտով լսելի են լինելու. Հիսուսը նրա հոգուց պոկելու է այն աղտոտ պոչը, որը նա իր ետևից քարշ է տալիս անցյալի թշվառությունների պատճառով. նրա ուսերից վերցնելու է այն ծանրաքարշ ու թունավոր բեռը, որ մնացորդն է բոլոր պղծությունների, որոնք իրեն կապանքներով կապված են պահում երկրին. մանկան սրտից հեռու է նետելու երկրային ավելորդությունների ողջ կույտը, որպեսզի նա վեր բարձրանա մինչև Աստծո Վեհափառությունը, մինչև Սիրո կենդանի բոցի մեջ ձուլվելը. Սեր, որն Աստված Ինքն է:
 
887. Այդ վհատությունը, որ վեհանձնության մեջ թերացումներիդ, անկումներիդ, հետադիմություններիդ արդյունքն է – որոնք թերևս լոկ երևութական են – , հաճախ այն տպավորությունն է թողնում վրադ, որ կարծես մեծարժեք մի բան ես կոտրել ու փշրել (քո սրբացումը):
Մի՛ վշտացիր. գերբնական կյանքում գործածիր այն խոհական վարվելակերպը, որը պարզասիրտ մանուկները գործի են դնում նման դժվարությունները լուծելու համար:
Կոտրել են – գրեթե միշտ՝ ակամա անզգուշության պատճառով – մի որևէ առարկա, որն իրենց հայրիկը շատ է գնահատում: – Սրտանց ցավում են, թերևս նաև լաց են լինում, բայց ... գնում են մխիթարություն գտնելու հենց հայրիկի մոտ, որը տերն է այն առարկայի, որն անգործածելի է դարձել իրենց անուշադրության պատճառով ... , և հայրիկը մոռանում է կոտրված առարկայի արժեքը – նույնիսկ եթե այն շատ թանկարժեք էր – և խանդաղատանքով լի իր սրտով ո՛չ միայն ներում է փոքրիկին, այլ նաև մխիթարում է ու խրախուսում: – Սովորի՛ր:
 
888. Ձեր աղոթքը թող առնական լինի: – Մանուկ լինել՝ չի նշանակում մեղկ ու թուլամորթ լինել:
 
889. Նրա համար, ով սիրում է Հիսուսին, աղոթքը – նաև առանց զգայական մխիթարությունների կատարված աղոթքը – քաղցր բալասան է, որ միշտ վերջ է դնում ցավերին. աղոթելու ենք գնում ճիշտ այն տենչանքով, որով մանուկները քաղցրեղեններ են ուզում՝ դառը դեղը խմելուց հետո:
 
890. Աղոթքի ժամանակ միտքդ ցրվում է: – Ջանա՛ խուսափել մտացրումներից, բայց մի՛ մտահոգվիր, եթե հակառակ քո բոլոր ջանքերի՝ շարունակում ես մտքով ցրված լինել:
Չե՞ս տեսնում, թե բնական կյանքում ինչպես են ամենալրջամիտ մանուկներն անգամ խաղում ու զվարճանում իրենց շրջապատող ամեն ինչով, հաճախ առանց ուշադրություն դարձնելու իրենց հայրիկի դիտողություններին: – Դա սիրո կամ հարգանքի թերացում չի նշանակում. խոսքը վերաբերվում է միայն խեղճությանն ու տկարությանը, որոնք բնորոշ են մանկանը:
Եվ ուրեմն, տե՛ս. դու Աստծո առաջ մի մանուկ ես:
 
891. Երբ աղոթում ես, կայանատեղ մի՛ տուր անպատեհ մտածումներին, այլ՝ նրանց հոսքն ուղղիր դեպի դուրս, կարծես երթևեկությունը կանոնավորող ոստիկան լինեիր. սրա համար է, որ դու կորովի կամք ունես, որը քեզ հասնում է քո հոգևոր մանկության կյանքի համար: – Երբեմն, սակայն, մի պահով միայն կանգ առ այդ մտածումներից ոմանց վրա, որպեսզի Աստծուն հանձնես այդ անպատեհ հիշողության դերակատարներին:
Խիզախ եղիր, հառա՜ջ ... : Այսպես վարվիր, մինչև որ կավարտվի ժամանակը: Երբ այս կերպ կատարված աղոթքը քեզ անօգուտ թվա, ուրախացիր և համոզված եղիր, որ կարողացել ես Հիսուսին հաճելի գործ կատարել:
 
892. Ի՜նչ լավ բան է մանուկ լինելը: – Երբ մեծահասակ մեկն ինչ որ մի շնորհ է խնդրում, հարկավոր է, որ իր խնդրանքին կցի իր արժանիքների ցանկը:
Երբ խնդրողը մի փոքրիկ մանկիկ է – քանի որ մանուկներն արժանիքներ չունեն – , բավական է, որ ասի. Ես այսինչի զավակն եմ:
«Ո՜վ Տեր», – գոչի՛ր հոգուդ ողջ կարողությամբ – ,«ես ... Աստծո որդի եմ»:
 
893. Հարատևել: – Մի մանուկ, որ բախում է դուռը, բախում է մեկ անգամ, երկու անգամ, և բազմաթիվ անգամներ ... , և ուժե՜ղ ու երկա՜ր, մանկական պարզամիտ աներեսությամբ: Եվ ով ջղայնացած գնում է դուռը բացելու, իսկույն զինաթափ է լինում՝ այդ փոքրիկ հոգեհանի միամտությանն ի տես ... : – Դու այսպես վարվիր Աստծո հետ:
 
894. Տեսե՞լ ես, թե ինչպես են շնորհակալություն հայտնում մանուկները: – Նմանվի՛ր նրանց, նրանց նման դու էլ ասելով, Հիսուսին, և՛ նպաստավոր և՛ աննպաստ պայմաններում. «Որքա՜ն բարի ես: Որքա՜ն բարի ես»... :
Այս արտահայտությունը, եթե գիտակցես նրա իմաստը, հոգևոր մանկության ճանապարհն է, որը քեզ առաջնորդելու է խաղաղության, չափ ու կշիռ դնելով ծիծաղին ու լացին, առանց չափ ու սահման դնելու Սիրույն:
 
895. Աշխատանքը քեզ ուժասպառ է անում և չես կարողանում աղոթել: Միշտ Հորդ ներկայության մնա՛: – Եթե Նրան խոսքերով չես դիմում, լուռ հայացքդ մերթ ընդ մերթ ուղղի՛ր Նրան, փոքրիկ մանկան պես ... : Եվ Նա կժպտա քեզ:
 
896. Ամենասուրբ Հաղորդությունից հետո շնորհակալության աղոթքի ժամանակ առաջին բանը, որ գալիս է շուրթերիդ, առանց զսպել կարողանալու, դա խնդրելն է. «Հիսո՜ւս, տուր ինձ ... : Հիսո՜ւս, այն հոգին ... : Հիսո՜ւս, այն գործը ... »:
Մի՛ մտահոգվիր և ինքդ քո վրա բռնություն մի՛ գործադրիր. չե՞ս տեսնում, որ եթե հայրիկը բարի է, իսկ մանուկը՝ պարզասիրտ ու համարձակ, ողջույնի համբույրը դեռ չտված էլ՝ փոքրիկը ձեռքը հայրիկի գրպանն է մտցնում՝ քաղցրեղեններ որսալու համար: – Ուրեմն ... :
 
897. Մեր կամքը, երբ միանում է Շնորհին, Աստծո առաջ ամենակարող է դառնում: – Այսպիսով, եթե Տիրոջ դեմ գործված բազմաթիվ նախատինքներին ի տես, օրինակ՝ հանրակառքով գնալիս, ազդու կամքով Հիսուսին ասենք. «Աստված իմ, կուզենայի սիրո ու հատուցման այնքան աղոթքներ ասել, որքան որ այս կառքի անիվների պտույտներն են», այդ նույն պահին իսկ Հիսուսի նկատմամբ իրոք սեր և հատուցում դրսևորած կլինենք մեր փափագի համաձայն:
Այս «անմտությունը» սերտորեն կապակցված է հոգևոր մանկության ապրումին. հավիտենական երկխոսությունն է անմեղ մանկան և իր զավակին խենթի նման սիրող հոր միջև:
– «Ասա՛ ինձ. ինչքա՞ն ես ինձ սիրում»: – Եվ փոքրիկը վանկարկում է. «Մի-լի-ոն ան-գամ մի-լի-ոն»:
 
898. Եթե ապրում ես «հոգևոր մանկության կյանքը», քանի որ մանուկ ես, պետք է «շարունակ քաղց զգաս» հոգու հարթության վրա: – Քո մյուս տարեկիցների նման, հիշի՛ր այն բոլոր լավ բաները, որոնք Մայրիկդ պահպանում է:
Եվ դա՝ օրվա մեջ բազմաթիվ անգամներ: – Սակավաթիվ վայրկյանների խնդիր է. Մարիամը ... , Հիսուսը ... , Տապանակը ... , Ամենասուրբ Հաղորդությունը ... , Սերը ... , տառապանքը ... , քավարանի սուրբ հոգիները ... , նրանք, ովքեր դեռ պայքարում են. Սրբազան Քահանայապետը, քահանաները ... , հավատացյալները ... , քո հոգին ... , քո սիրելիների ու մտերիմների հոգիները ... , Պահապան Հրեշտակները ... , մեղավորները ... :
 
899. Ուսերիդ վրա որքա՜ն ծանր է կշռում այդ փոքրիկ զոհողությունը: – Դու պայքարում ես: – Կարծես քեզ ասում են. «Ինչո՞ւ պետք է այսքան հավատարիմ լինես կյանքի օրակարգին, ժամացույցին»: – Տեսե՞լ ես, թե որքան հեշտ է խաբել մանուկներին: – Չեն ուզում խմել դառնահամ դեղը, բայց ... «քեզ տեսնեմ» – ասում են նրանց – «այս գդալը՝ հայրիկի համար, այս մեկը՝ տատիկի ... »: Եվ այսպես, մինչև որ կխմի ողջ չափաքանակը:
Դու էլ նույն բանն արա. քառորդ ժամ ապաշխարանք՝ քավարանի հոգիների համար. ևս հինգ րոպե՝ ծնողներիդ համար. ևս հինգ րոպե՝ առաքելակից եղբայրներիդ համար ... : Մինչև կհասնես օրակարգովդ նախորոշված ժամին:
Որքա՜ն մեծ արժեք ունի այս կերպ կատարածդ զոհողությունը:
 
900. Մենակ չես: – Ուրախությամբ կրիր նեղություններդ: – Խե՜ղճ փոքրիկ, ձեռքիդ մեջ չես զգում Մորդ ձեռքը: Ճիշտ է: – Բայց ... չե՞ս տեսել, թե երկրավոր մայրերն ինչպես են ձեռքները պարզած հետևում իրենց զավակներին, երբ նրանք երերալով իրենց առաջին քայլերն են կատարում առանց հենարանի: – Դու մենակ չես. Մարիամը քո կողքին է:
 
901. Հիսո՜ւս, նույնիսկ եթե Սիրո բուռն սաստկությունից մահանամ, միևնույնն է, երբեք չեմ կարողանալու բավականաչափ հատուցել Քեզ այն շնորհի փոխարեն, որն առատորեն հեղել ես՝ ինձ հոգով մանուկ դարձնելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։