Մարդու Վախճանը – Գրադարան – Mashtoz.org

Մարդու Վախճանը

734. «Սա ձեր ժամն է և խավարի իշխանությունը» (Ղկս 22, 53): – Ուրեմն, մեղավորն իր ժա՞մն ունի: – Այո՛, ... իսկ Աստված՝ Իր հավերժությունը:
 
735. Եթե առաքյալ ես, մահը քեզ մի լավ ընկեր կլինի, որ կհեշտացնի քո քայլքը:
 
736. Արդյոք տեսե՞լ ես, աշնանային մի տխուր երեկոյան, թե ինչպես են թափվում մեռած տերևները: Այդպես, հոգիներն ամեն օր ընկնում են հավիտենության մեջ: – Մի օր էլ, ընկած այդ տերևը լինելու ես դու:
 
737. Չե՞ս լսել, թե աշխարհասերները որքա՜ն տխուր ձայներանգով են ասում, կարծես ողբալով. «Անցնող ամեն մի օրը մի քիչ մահանալ է նշանակում»:
Եվ սակայն, ես քեզ ասում եմ. Ուրախացի՛ր, առաքելանվե՜ր հոգի, որովհետև անցնող ամեն մի օրը քեզ մոտեցնում է Կյանքին:
 
738. «Ուրիշներին» մահը սարսափեցնում է ու անդամալուծում: – Մեզ մահը – Կյա՛նքը – քաջալերում է և հառաջ մղում:
Նրանց համար՝ վերջն է. մեր համար՝ սկիզբը:
 
739. Մահից մի՛ վախեցիր: – Ընդունի՛ր այն, այս պահից իսկ, վեհանձնությամբ ... , երբ Աստված կկամենա ... , ինչպես Աստված կկամենա ... , ուր Աստված կկամենա: – Մի՛ կասկածիր. այն գալու է ամենահարմար ժամանակին, ամենահարմար վայրում և ամենահարմար ձևով ... , քո Հայր-Աստծո կողմից ուղարկված: – Թող բարով գա մեր քույր մահը:
 
740. Աշխարհի ո՞ր մասն է սասանվելու կամ հիմքից խախտվելու, երբ ես պակասեմ, երբ ես մահանամ:
 
741. Չե՞ս տեսնում, թե սիրելի անձի դիակն ինչպես է նյութականորեն քայքայվում և ժանտահոտություն արձակում: – Ահա՛ թե ինչ է գեղեցիկ մարմինը: – Դիտիր և հարկավոր դասեր քաղիր:
 
742. Ինձ անհնարին է թվում, որ քեզ չեն ցնցում Վալդես Լեալի նկարները, որոնց մեջ պատկերված են բազմաթիվ մեծարգո դիակներ – Եպիսկոպոսներ և Քալաթրավացի ասպետներ – փտելու ընթացքի մեջ:
Քեզ պատմե՞լ են Գանդիայի Դքսի՝ ապագա Սուրբ Ֆրանցիսկոս Բորջիայի աղաղակի մասին, կայսրուհու դիակի առաջ. «Այլևս չեմ ուզում ծառայել մի տիրոջ, որ կարող է մեռնել»:
 
743. Ինձ խոսում ես «հերոսաբար» մահանալու մասին: Չե՞ս կարծում, որ ավելի «հերոսական» է աննկատ ու անաղմուկ մահանալը, մի սովորական անկողնում, մի պարզ մարդու նման ... , բայց Սիրո կարոտից:
 
744. Դու – եթե առաքյալ ես – չես մահանալու: – Պարզապես բնակարանդ ես փոխելու, և ուրիշ ոչինչ:
 
745. «Գալու է ողջերին ու ննջեցյալներին դատելու», ասում ենք Հավատամքում: – Երանի՜ թե տեսադաշտիցդ երբեք դուրս չթողնես այդ դատաստանն ու այդ արդարությունը, և ... այդ Դատավորին:
 
746. Հոգումդ չի՞ փայլում այն փափագը, որ քո Հայր-Աստվածը կարողանա ուրախանալ, երբ բազմի քեզ դատելու:
 
747. Աշխարհասեր հոգիները մեծապես հակված են հիշելու Տիրոջ Ողորմությունը: – Եվ այս կերպ քաջալերվում են շարունակելու իրենց սխալները:
Ճիշտ է, որ Մեր Տեր Աստվածն անհունորեն ողորմած է, բայց նաև անհունորեն արդար է: Եվ Դատաստան գոյություն ունի, և Ինքն էլ Դատավորն է:
 
748. Քաջությո՜ւն: – Չե՞ս իմանում, որ Պողոս Առաքյալը Կորնթոսի քրիստոնյաներին ասում է, որ «յուրաքանչյուր ոք վարձատրվելու է իր աշխատածի չափով» (1Կր 3, 8):
 
749. Դժոխքը գոյություն ունի: – Ահա՛ մի հաստատում, որը քեզ կարող է ակնհայտ թվալ, այնքան, որ ավելորդ է կրկնելը: – Բայց ես կրկնում եմ. դժոխքը գոյություն ունի:
Դու իմ ձայնին արձագանք եղիր, պատեհ առիթով, այն մի աշխատակցիդ ականջին ... և այն մյուսին ևս:
 
750. Ուշադիր լսիր ինձ, դու, որ մինչև մազերիդ ծայրն ընկղմված ես գիտության մեջ. քո գիտությունը չի կարող հերքել սատանայական գործունեության ճշմարտությունը: Իմ Մայրը՝ Սուրբ Եկեղեցին երկար տարիներ պատվիրել է – և դա շարունակում է մեծապես գովելի, բայց այլևս առանձնական ջերմեռանդություն մնալ – , որ Քահանաները խորանի առաջ ամեն օր հայցեն Սուրբ Միքայել Հրեշտակապետի միջնորդությունն «ընդդէմ չարութեանց եւ հնարից սատանայի». թշնամու չարությունների ու նենգ հնարքների դեմ:
 
751. Երկինքը: «Ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջն է լսել, ո՛չ էլ մարդկային միտքը երևակայել է այն, ինչ Աստված պատրաստել է Իրեն սիրողների համար» (1Կր 2, 9):
Առաքյալի այս հայտնությունները քեզ չե՞ն քաջալերում պայքարելու:
 
752. Մի՜շտ: – Ընդմի՜շտ: – Բառեր, որոնք կարծես մաշվել են մարդկային բաղձանքից՝ երկարաձգելու – հավիտենականացնելու – այն, ինչը որ հաճելի է:
Ստապատիր խոսքեր են դրանք, երկրի վրա, ուր ամեն ինչ վերջանում է:
 
753. Այստեղ՝ ներքևում ամեն ինչ շարունակ վերջանում է. հաճույքը դեռ չսկսած իսկ, արդեն ավարտվում է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։