Միջոցները – Գրադարան – Mashtoz.org

Միջոցները

470. Իսկ ... միջոցնե՞րը: – Նույնն են, ինչ որ էին Պետրոսի և Պողոսի, Դոմինիկոսի և Ֆրանցիսկոսի, Իգնատիոսի և Քսավերյանի համար. Խաչն ու Ավետարանը ... :
Դրանք քեզ քի՞չ են թվում:
 
471. Առաքելական ձեռնարկներում լավ է – պարտականությո՛ւն է – նկատի առնել նաև տրամադրությանդ տակ գտնվող երկրային միջոցները (2+2=4), բայց առանց երբեք մոռանալու, որ պետք է հաշվի առնես, բարեբախտաբա՛ր, մի ա՛յլ գումարելի ևս. Աստված+2+2 ... :
 
472. Ուղղամտությամբ ծառայիր քո Աստծուն, հավատարիմ եղիր Նրան ... և ուրիշ որևէ բանի մասին մի՛ մտահոգվիր, որովհետև մի մեծ ճշմարտություն է այն, որ «եթե Աստծո արքայությունն ես փնտրում և Նրա արդարությունը, ապա մնացածը – նյութականը, միջոցները – Նա քեզ կտա ավելիով» (Մտթ 6, 33):
 
473. Քեզնից հեռու վանիր անվստահությունը, որ ծնունդ է առնում թշվառությանդ գիտակցությունից: – Ճիշտ է, տնտեսական հեղինակությամբդ զրո ես ... , հասարակական հեղինակությամբդ՝ մի ա՛յլ զրո ... , մի զրո էլ՝ առաքինություններիդ համար, իսկ մեկն էլ՝ տաղանդիդ ... :
Բայց այդ զրոներիդ ձախ կողմում Քրիստոսն է ... : Եվ տե՛ս, թե ի՜նչ վիթխարի, անչափելի թիվ է ստացվում:
 
474. Ասում ես, թե ... ոչինչ չարժես: – Ուրիշները, մինչդեռ, կազմակերպչական, հրատարակչական, քարոզչական ասպարեզներում հրաշքներ են գործել և դեռ շարունակում են գործել: – Նրանք բոլոր միջոցներն ունեն, մինչդեռ դու զուրկ ես որևէ միջոցից:
Լա՛վ, բայց հիշիր Իգնատիոսին. նա տգետ էր նկատվում Ալքալայի գիտունների կողքին: – Աղքատ, ամենաաղքատն էր Փարիզի ուսանողների շարքին: – Հալածված, զրպարտված ... :
Ճանապարհն է. սիրի՛ր, հավատա՛ և տառապի՛ր: Քո Սերը, քո Հավատքն ու քո Խաչը այն անսխալական միջոցներն են, որոնցով իրականացնելու և հավերժացնելու ես առաքելական իղձերը, որ կրում ես սրտումդ:
 
475. Քեզ թշվառ ես նկատում: Եվ ճիշտ այդպես է: Բայց հակառակ այդ ամենին – մանավանդ թե, հենց այդ պատճառով – Աստված ընտրել է քեզ:
Աստված միշտ էլ անհարմար գործիքներ է գործածում, որպեսզի ակնհայտ կերպով տեսանելի լինի, որ «գործն» Իրենն է:
Քեզնից միայն հլու տրամադրելիություն է ակնկալում:
 
476. Երբ «կհանձնվես» Աստծուն, այլևս գոյություն չի ունենա ոչ մի դժվարություն, որ կարող լինի սասանել քո լավատեսությունը:
 
477. Ինչո՞ւ ես սրտումդ այդ փոքրիկ անկյունները թողնում: – Մինչև որ չնվիրվես անմնացորդ կերպով, ավելորդ է հավակնել, թե կարող ես ուրիշներին առ Աստված առաջնորդել:
Չափազանց խղճուկ գործիք ես:
 
478. Բավակա՛ն է: Այս կետին հասնելուց հետո՞ էլ դեռ կարիքն ունես հզորների կողմից ստացվող վավերացման, խրախուսման, մխիթարության, որպեսզի շարունակես անել այն, ինչ Աստված կամենում է:
Հզորները, սովորաբար, փոփոխամիտ են, իսկ դու պետք է հաստատուն լինես: Երախտագետ եղիր, եթե քեզ օգնում են: Եվ անխռով շարունակիր ճանապարհդ, եթե արհամարհում են:
 
479. Ուշադրություն մի՛ դարձրու: – «Խոհեմները» միշտ էլ խենթություն են անվանել Աստծո գործերը:
Հառա՜ջ, խիզախ ու համարձակ:
 
480. Տեսնո՞ւմ ես: Մի բարակ թել, մի հատ էլ և բազմաթիվ ուրիշ թելեր, խիտ կերպով միմյանց հյուսվելով, ձևացնում են այն պինդ պարանը, որ կարող է վիթխարի ծանրություններ բարձրացնել:
Դու և քո եղբայրները, ձեր կամքերն իրար միացնելով, կատարելու համար Աստծո կամքը, ի վիճակի կլինեք հաղթահարելու բոլոր խոչընդոտները:
 
481. Երբ միայն Աստծուն ենք փնտրում, առաքելական գործերին զարկ տալու նպատակով շատ լավ կարելի է գործադրել այն սկզբունքը, որ մեր լավ ընկերներից մեկն էր մեզ ասել. «Ծախսում ենք այնքան, որքան որ պետք է, նույնիսկ եթե պետք է այնքանը, որ ծախսում ենք»:
 
482. Ի՞նչ կարևորություն ունի, որ ամբողջ աշխարհն իր ողջ զորությամբ քո դեմ է: Դու ... առաջ գնա՛:
Կրկնիր Սաղմոսի խոսքերը. «Տերն իմ լույսն է և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ ... »: «Թէ պատրաստեսցի ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ». Եթե նույնիսկ թշնամիները շրջապատեն ինձ, սիրտս անվախ պիտի մնա (Սղմ 26, 1-3):
 
483. Քաջությո՛ւն: Դու ... կարո՛ղ ես: – Տեսնո՞ւմ ես, թե Աստծո շնորհն ի՛նչ դարձրեց քնկոտ, ուրացող ու վախկոտ Պետրոսին ... , հալածող, ատող ու կամակոր Պողոսին:
 
484. Գործիք եղիր. ոսկուց կամ պողպատից, պլատինից կամ երկաթից ... , մեծ կամ փոքր ... , նուրբ կամ կոշտ ... :
Բոլորն էլ օգտակար են. յուրաքանչյուրն իր դերն ունի: Ինչպես նյութական իրողություններում. ո՞վ կհամարձակվի ասել, թե հյուսնի սղոցը նվազ օգտակար է, քան վիրաբույժի նշտարը:
Քո պարտականությունը գործիք լինելն է:
 
485. Լա՛վ, համաձայն եմ ասածիդ: Բայց դա ոչ մի կարևորություն չունի: Չեմ հասկանում, թե ինչպես կարող ես խուսափել հոգեշահ այս աշխատանքից – եթե ո՛չ միայն՝ ծածուկ հպարտությանդ պատճառով. քեզ կատարյալ ես կարծում – , այն պատրվակով, որ քեզ առինքնող աստվածային հուրը, քեզ ոգևորող լույսից ու ջերմությունից բացի, երբեմն էլ գործիքների տկարության պատճառով ծուխ է արձակում:
 
486. Աշխատանքը ... չի պակասում: – Գործիքները չպետք է անգործ մնան ու ժանգոտվեն: – Բայց կան դրանք ժանգից ու մգլոտությունից զերծ պահելու միջոցներ էլ: – Բավական է դրանք գործի դնել:
 
487. Մի՛ տագնապիր նյութական դժվարությունների պատճառով, որոնք սպառնում են առաքելական ձեռնարկիդ: – Ավելացրու Աստծո հանդեպ ունեցած վստահությունդ, արա՛ ինչ որ մարդկայնորեն կարող ես, և շատ շուտով կտեսնես, որ դրամը տագնապալի հարց լինելուց կդադարի:
 
488. Գործերդ անկատար մի՛ թող միջոցների պակասի պատճառով. սկսում ենք ինչպես որ կարողանում ենք: – Հետո, գործն ինքը ստեղծում է գործարանը: Որոշ միջոցներ, որ անհարմար էին թվում, ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ հարմար են: Ուրիշ միջոցների պարագային, նույնիսկ եթե ցավալի լինի, կատարվում է վիրաբուժական միջամտություն – հմուտ «վիրաբույժներ» էին Սրբերը – , և շարունակում ենք ճանապարհը:
 
489. Կենդանի ու խորաթափանց հավատք: Պետրոսի հավատքի նման: Եթե այն ունենաս – Ինքն է դա ասել – առաքելական ձեռնարկներիդ արգելք հանդիսացող լեռները, մարդկայնորեն անհաղթահարելի խոչընդոտները ճանապարհիցդ կտեղափոխես:
 
490. Սրտի մաքրություն և բարի կամք. այս երկու տարրերով և հայացքդ սևեռած կատարմանն այն բանի, որ Աստված կամենում է, իրականացած կտեսնես Սիրո երազանքներդ, և հագեցած՝ հոգիների ծարավդ:
 
491. «Ո՞չ սա է հիւսանն որդի» (Մտթ 13, 55): «Ո՞չ սա է մանուկ հիւսանն եւ որդին Մարեմայ» (Մրկ 6, 3): Սա հյուսնի որդին չէ՞, սա հյուսնի ու Մարիամի որդին չէ՞:
Ինչ որ ասացին Հիսուսի մասին, շատ հավանական է, որ քո մասին էլ ասվի, մի քիչ զարմանքով և մի քիչ էլ հեգնանքով, երբ «վճռականորեն» կորոշես կատարել Աստծո Կամքը և լինել գործիք. «Բայց սա մեր իմացած այն մեկը չէ՞»:
Լռիր: Եվ այնպես աշխատիր, որ գործերդ լինեն առաքելությանդ ապացույցը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։