Ներքին Պայքար – Գրադարան – Mashtoz.org

Ներքին Պայքար

707. Մի՛ խռովվիր, եթե գերբնական աշխարհի հրաշալիքների մասին մտածելիս լսես մի ուրիշ – ներքին, հրապուրիչ – ձայն ևս, որը հին մարդու ձայնն է:
«Մահվան մարմինն» է, որն իր կորցրած առանձնաշնորհություններն է պահանջում ... : – Շնորհը քեզ բավական է. հավատարիմ եղիր և կհաղթես:
 
708. Աշխարհը, սատանան և մարմինը բախտախնդիրներ են, որոնք օգտվելով ներսումդ ապրող վայրենու տկարությունից, ուզում են, որ ինչ որ մի հաճույքի չնչին ուլունքի փոխարեն – որն ոչինչ չարժե – իրենց հանձնես քո Աստծո կենդանի ու փրկարար Արյամբ ներծծված նուրբ ու մաքուր ոսկին, մարգարիտները, ադամանդները, հրակները, որոնք հավիտենականությանդ գինն են ու գանձը:
 
709. Կարծում ես, թե մի ա՛յլ կարգավիճակում, մի ա՛յլ վայրում, մի ա՛յլ աստիճանի կամ պաշտոնի վրա անկասկած կկարողանայիր շատ ավելի բարիք գործել: Իսկ անելու համար այն, ինչ այժմ անում ես, տաղանդի կարիք չկա ... :
Եվ սակայն, ես քեզ ասում եմ. Այնտեղ, ուր քեզ նշանակել են, դու ավելի հաճելի ես Աստծուն, ... իսկ այն, որ մտածում էիր, անտարակույս դժոխային թելադրանք է:
 
710. Մտահոգվում ես ու տրտմում, որովհետև Հաղորդություններդ սառն են և լի են ցամաքությամբ: – Երբ մերձենում ես Սուրբ Խորհրդին, ասա՛ ինձ. ինքդ քե՞զ ես փնտրում, թե՞ Հիսուսին: – Եթե ինքդ քեզ ես փնտրում, տխրելու հիմնավոր պատճառներ ունես ... : Բայց եթե Հիսուսին ես փնտրում – ինչպես պետք է որ վարվես – , Խաչից ավելի ապահո՞վ նշան ես ուզում, իմանալու համար, որ Նրան գտել ես:
 
711. Եվս մեկ անկում ... , և ի՜նչ անկում ... : Պետք է հուսահատվե՞ս: Ո՛չ. խոնարհվի՛ր և Մարիամի միջնորդությամբ, որ քո Մայրն է, դիմի՛ր Հիսուսի Ողորմած Սրտին: – «Ողորմեա ինձ» սաղմոսն աղոթիր և սիրտդ վեր պահիր: – Ապա, դարձյալ սկսիր:
 
712. Շա՜տ խորն ես ընկել: – Այդտեղից՝ ներքևից սկսիր գցել հիմքերը: – Խոնարհ եղիր: – «Զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամարհէ». Զղջումով սրբված սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սղմ 50, 19):
 
713. Ասում ես, որ դու Աստծո դեմ չես գործում: Որ քո անկումները տկարությանդ հետևանքն են: – Համաձայն եմ, բայց այդ տկարություններդ այնքան հաճախակի են – դրանցից չես կարողանում խուսափել – , որ եթե չես կամենում, որ քեզ չար համարեմ, պետք է քեզ անկարող ու անմիտ նկատեմ:
 
714. Քո կամենալը դա մի թուլակամ կամենալ է, եթե վճռականորեն չես հեռացնում առիթները: – Մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ, ասելով, թե տկար ես: Դու ... վախկոտ ես, իսկ դա նույն բանը չէ:
 
715. Հոգուդ այդ դողը, այդ փորձությունը, որ քեզ շրջապատում է, նման է հոգուդ աչքերը կապող անթափանց ժապավենի:
Մթության մեջ ես: Մի՛ քայլիր համառորեն մենակ, որովհետև մենակ քայլելու դեպքում կընկնես: Հոգևոր Առաջնորդիդ – Մեծավորիդ – մոտ գնա և նա քեզ կհիշեցնի Ռաֆայել Հրեշտակապետի խոսքերը. «Խրախուսվի՛ր, Աստված քեզ շուտով կառողջացնի» (Տվբ 5, 13): – Հնազանդ եղիր և թեփուկները վար կընկնեն, վար կընկնեն աչքերդ կապող ժապավենները, և Աստված քեզ կլիացնի շնորհով ու խաղաղությամբ:
 
716. «Չեմ կարողանում ինքս ինձ հաղթել», գրել էիր անմխիթար շեշտով: – Եվ ես քեզ պատասխանում եմ. «Բայց արդյո՞ք փորձել ես գործի դնել միջոցները»:
 
717. Երկրի վրա պատահող երանելի՜ ձախորդություններ: – Աղքատություն, արցունք, ատելություն, անարդարություն, նախատինք ... : Ամեն ինչ կարող ես Նրանով, ով քեզ տալիս է հարկավոր ուժը:
 
718. Տառապում ես ... և չէիր ուզենա գանգատվել: – Կարևոր չէ, եթե մեղմորեն ողբաս էլ – դա մեր խեղճ մարմնի բնական հակազդեցությունն է – , միայն թե կամքդ քեզնում կամենա, այժմ և միշտ, այն, ինչ կամենում է Աստված:
 
719. Երբեք մի՛ հուսահատվիր: Ղազարոսն արդեն մահացել էր և մարմինը սկսել էր փտել. «Արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է». Արդեն փտած կլինի, – ասում է Մարթան Հիսուսին – , քանի որ արդեն չորս օր է, ինչ թաղված է (Հվհ 11, 39):
Եթե ունկն դնես Աստծո ներշնչմանը և հետևես նրան, – «Ղազարէ՛, արի՛ ե՛կ արտաքս». Ղազարոս, դուրս արի (Հվհ 11, 43) – , կվերադառնաս Կյանքին:
 
720. Ծանր է ու դժվարին: – Դա լա՜վ գիտեմ: Բայց հառա՜ջ: Ոչ ոք չի ստանա մրցանակը – և ի՜նչ մրցանակ – , եթե ո՛չ միայն նա, ով կռվում է արիությամբ:
 
721. Եթե քո հոգևոր շենքը խարխուլ է, եթե ամեն ինչ հիմքից զուրկ է թվում ... , ապավինիր Հիսուսի ու Մարիամի հանդեպ որդիական վստահությանը, որն այն ամուր ու անսասան ժայռն է, որի վրա պետք է կառուցած լինեիր շենքդ սկզբից ևեթ:
 
722. Այս անգամ փորձությունը երկար տևեց: – Թերևս – և առանց «թերևս»ի – մինչև այժմ այն լավ չկրեցիր ... , որովհետև մարդկային մխիթարություններ էիր տակավին փնտրում: – Եվ քո Հայր-Աստվածը դրանք արմատախիլ է արել, որպեսզի կառչելու ուրիշ որևէ տեղ չունենաս Իրենից բացի:
 
723. Անտարբեր ես մնում ամեն ինչի հանդե՞պ: – Մի՛ փորձիր ինքդ քեզ խաբել: Եթե հենց հիմա էլ քեզ հարցնեի այն անձանց և ձեռնարկների մասին, որոնց մեջ ամբողջ հոգիդ ես դրել հանուն Աստծո սիրո, բոցավառ եռանդով կպատասխանեիր, հետաքրքրությամբ մեկի, ով խոսում է իր սեփական գործի մասին:
Ամեն ինչի հանդեպ անտարբեր չես մնում, բայց քո ուժերն էլ անսպառ չեն ... և մի քիչ ավելի ժամանակի կարիքն ունես քո համար. ժամանակ, որ ծառայելու է նաև քո գործերի համար, որովհետև, վերջնական հաշվարկով, դու ես այդ գործերը կատարելու գործիքը:
 
724. Ասում ես, թե սրտումդ և՛ կրակ ունես և՛ ջուր, և՛ սառնություն և՛ ջերմություն, և՛ դեռ լիովին չմարած կրքեր և՛ Աստծուն ... : Կարծես թե մի մոմ Սուրբ Միքայել Հրեշտակապետի համար վառած լինես, մի մոմ էլ՝ սատանայի ... :
Հանդարտվի՛ր. քանի դեռ կամենում ես պայքարել, կրծքումդ վառված երկու մոմ չկա, այլ՝ միայն մեկը. Հրեշտակապետինը:
 
725. Թշնամին գրեթե միշտ այսպես է վարվում այն հոգիների հետ, որոնք ընդդիմանում են իրեն. նրանց մոտենում է կեղծավորությամբ, քաղցրությամբ, ... հոգևո՜ր դրդապատճառներով. առանց իր վրա ուշադրություն գրավելու ... : – Իսկ հետո, երբ թվում է, թե այլևս դարման չկա, – իրականում միշտ էլ կա – , ներկայանում է լիրբ աներեսությամբ, ... փորձելով գցել Հուդայի հուսահատությանը նմանվող, անզղջում հուսահատության մեջ:
 
726. Այդ մարդկային մխիթարությունները կորցնելով՝ մի տեսակ միայնության զգացումն ունես, կարծես թե բարակ թելով կախված լինես մութ ու խորը անդունդի դատարկության վրա: – Եվ քեզ թվում է, թե աղաղակներդ ու օգնության կանչերդ ոչ ոք չի լսում:
Այդ լքվածությունը զգալուն լիովին արժանի էիր: – Խոնարհ եղիր, մի՛ փնտրիր ինքդ քեզ, մի՛ փնտրիր սեփական հանգստավետությունդ: – Սիրի՛ր Խաչը – այն սոսկ կրելը բավական չէ – և Տերը կլսի քո աղոթքը: – Եվ զգայարաններդ կհանդարտվեն: – Եվ սրտիդ վերքը կսպիանա: – Եվ խաղաղություն կունենաս:
 
727. Կենդանի մարմնի մեջ, եռացող արյունով: – Ահա՛ թե ինչպես ես քեզ զգում: Ամեն բան քեզ տառապանք է պատճառում հոգուդ կարողություններում և զգայարաններումդ: Եվ ամեն բան քո համար փորձություն է ... :
Խոնարհ եղիր, – պնդում եմ – , և կտեսնես, թե ինչպես են քեզ շուտով հանելու այդ վիճակից. և ցավը փոխվելու է բերկրանքի, իսկ փորձությունը՝ կայուն ապահովության:
Բայց մինչ այդ, արծարծի՛ր հավատքդ, լցվի՛ր հույսով, և Սիրո անդադար աղոթքներ ասա՛, նույնիսկ եթե քեզ թվում է, թե դրանք սոսկ խոսքեր են:
 
728. Մեր ամբողջ ուժը մեզ տրված է պարտքով:
 
729. Աստված իմ, օրեցօր միշտ ավելի անվստահ եմ իմ և ավելի վստահ եմ Քո նկատմամբ:
 
730. Եթե դու Նրան չլքես, Նա քեզ երբեք չի լքի:
 
731. Ամեն ինչ Հիսուսից հուսա. դու ոչինչ չունես, դու ոչինչ չարժես, դու ոչինչ չես կարող: – Նա կգործի, եթե դու Իրեն հանձնվես:
 
732. Ո՜վ Հիսուս: – Քեզնում եմ գտնում իմ հանգիստը:
 
733. Մշտապես վստահիր քո Աստծուն: – Նա պատերազմներում չի պարտվում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։