Ուսում – Գրադարան – Mashtoz.org

Ուսում

332. Նրան, ով կարող է ուսյալ լինել, չենք ներում այդպիսին չլինելը:
 
333. Ուսում: – Հնազանդություն. ո՛չ թե շատ բաներ, այլ՝ շատ:
 
334. Աղոթում ես, սանձում ես զգայարաններդ, աշխատում ես առաքելությանդ հազարումի գործերում ... , բայց չես ուսանում: – Ուրեմն, եթե չփոխվես, չես ծառայի:
Ուսումը, մասնագիտական կազմավորումը, ի՛նչ ուղղությամբ էլ որ լինի, լուրջ պարտականություն է մեր համար:
 
335. Արդի առաքյալի համար՝ մի ժամվա ուսումը մի ժամվա աղոթք է:
 
336. Եթե պետք է ծառայես Աստծուն իմացականությամբդ, ուսումը քո համար լուրջ պարտականություն է:
 
337. Ընդունում ես Սուրբ Խորհուրդները, աղոթում ես, ողջախոհ ես, ... բայց չես ուսանում ... : – Ինձ մի՛ ասա, թե վարքդ բարի է. այն միայն ձգտում է բարիին:
 
338. Մի ժամանակ, երբ մարդկային գիտելիքները – գիտությունը – շատ սահմանափակ էին, իրոք հնարավոր էր թվում, որ միայն մեկ բանիմաց անձնավորություն կարողանար ստանձնել մեր Սուրբ Հավատքի պաշտպանության և ջատագովության պաշտոնը:
Այսօր, արդի գիտության ընդարձակությամբ ու խտությամբ, անհրաժեշտ է, որ ջատագովներն իրար միջև բաժանեն Եկեղեցին գիտականորեն, բոլո՛ր ոլորտներում, պաշտպանելու աշխատանքը:
Դու ... չես կարող խուսափել այդ պարտականությունից:
 
339. Գրքեր: Գիրք մի՛ գնիր առանց խորհուրդ հարցնելու քրիստոնյա, բանիմաց և կշռադատ անձանցից: Կարող է պատահել, որ մի անօգուտ կամ վնասակար բան գնես:
Քանի՜ քանիներ կարծում են, թե իրենց թևատակին գիրք ունեն, ... մինչդեռ աղբի մի բեռ է:
 
340. Ուսանի՛ր: – Ուսանիր եռանդով: – Եթե պետք է աղ և լույս լինես, գիտության, ձեռնհաս ընդունակության կարիքն ունես:
Թե՞ կարծում ես, որ ծուլությունդ ու անհոգությունդ աստվածատուր գիտություն են հայթայթելու քո համար:
 
341. Լավ է, որ ուսման մեջ այդքա՜ն եռանդ ես ներդնում, միայն թե նույնքան եռանդ ներդնես նաև ներանձնական կյանքում:
 
342. Մի՛ մոռացիր, որ ուսուցանելուց առաջ հարկավոր է գործադրել: – «Սկսաւ առնել և ուսուցանել». «Սկսեց գործադրել և ուսուցանել», Հիսուս Քրիստոսի մասին ասում է Աստվածաշունչը (Գրծ 1, 1):
Նախևառաջ՝ գործադրել: Որպեսզի դու և ես սովորեինք:
 
343. Աշխատի՛ր: – Երբ ինչ որ մի մասնագիտական աշխատանքի մտահոգությունը կունենաս, հոգուդ կյանքը կբարելավվի. և ավելի առնական կդառնաս, որովհետև կթողնես «չարախոսիկ բամբասանքի» այդ մարմաջը, որ քեզ հյուծում է:
 
344. Դաստիարակ. այդ անժխտելի եռանդը, որ դրսևորում ես լավագույն մեթոդը գտնելու և կիրառելու գործում, որպեսզի աշակերտներդ ձեռքբերեն երկրավոր գիտությունը, գործածիր նաև ճանաչել և գործադրել տալու համար քրիստոնեական ճգնողությունը, որ միակ մեթոդն է, որով դու և նրանք կարող եք բարելավել ձեր կյանքը:
 
345. Մշակո՜ւյթ, զարգացո՜ւմ: – Լա՛վ. թող ոչ ոք մեզ չգերազանցի դրանք տենչալու և դրանք ունենալու գործում:
Մշակույթն ու զարգացումը, սակայն, միջոցներ են, և ո՛չ թե՝ նպատակ:
 
346. Ուսանող. անձդ կազմավորիր ամրապինդ և գործուն բարեպաշտությամբ, աչքի ընկիր ուսման մեջ, մեծ իղձեր զգա մասնագիտական առաքելությանդ ասպարեզում: – Եվ ես խոստանում եմ քեզ, կրոնական և գիտական կազմավորմանդ կորովով, արագ և ընդարձակ ծավալում:
 
347. Մտային զարգացմամբդ ես միայն մտահոգվում: Բայց հարկավոր է զարգացնել նաև հոգիդ: – Այս կերպ կաշխատես՝ ինչպես պարտավոր ես, Քրիստոսի համար. որպեսզի Նա թագավորի աշխարհում, հարկավոր են անձինք, որոնք իրենց հայացքն ուղղած դեպի երկինք՝ հեղինակավոր հմտությամբ կնվիրվեն մարդկային բոլոր գործունեություններին և, դրանց միջոցով, լռությամբ – և արդյունավետությամբ – ի գործ կդնեն մասնագիտական նկարագիր ունեցող մի առաքելություն:
 
348. Անհոգությունդ, անփութությունդ, ծուլությունդ անարգ վատասրտություն են և դյուրակեցություն – քեզ դա շարունակ հիշեցնում է խիղճդ – , բայց «ճանապարհը չեն»:
 
349. Հանդարտ մնա, եթե կարծիք ես հայտնել ուղիղ դատողությամբ, նույնիսկ եթե քեզ լսողը գայթակղվում է իր չարամտության պատճառով: Որովհետև նրա գայթակղվելը փարիսեցիական է:
 
350. Բարեսիրտ քրիստոնյա լինելուց բացի, բանիմաց լինելն էլ բավական չէ: – Եթե չուղղես բնավորությանդ կոշտ ու կոպիտ կողմերը, եթե եռանդդ ու գիտությունդ չներդաշնակեցնես բարեկիրթ դաստիարակության պահանջների հետ, չեմ հասկանում, թե ինչպես կկարողանաս սուրբ լինել: – Եվ նույնիսկ եթե գիտուն ես – իրոք գիտուն ես – , պետք է ջորու նման մսուրին կապված մնաս:
 
351. Ինքնաբավության այդ կեցվածքդ քեզ անտանելի է դարձնում և հակակրելի. ծիծաղելի ես երևում և, ինչը որ վատթարն է, դա կորցնել է տալիս առաքելական աշխատանքիդ արդյունավետությունը:
Մի՛ մոռացիր, որ միջակներն էլ կարող են չափազանց մշակույթի ու զարգացածության պատճառով մեղանչել:
 
352. Փորձառության պակասդ է, որ քեզ մղում է դեպի մեծամտություն, դեպի սնապարծություն, դեպի այն ամենը, որ կարծում ես, թե քեզ կարևոր անձնավորություն է դարձնում:
Ուղղվի՛ր, ի սեր Աստծո: Այժմյան անմիտ վիճակովդ էլ կարող ես ղեկավար դիրքերի հասնել (մեկից ավելի դեպքեր ենք տեսել), բայց եթե չհամոզվես տաղանդի պակասավորությանդ, կհրաժարվես լսել նրանց, ովքեր խորհրդատվության պարգևն ունեն: – Եվ սարսափելի է մտածելը, թե ի՜նչ վնասներ կարող է պատճառել վատ կառավարումդ:
 
353. Անդավանությո՜ւն: Չեզոքությո՜ւն: – Հին առասպելներ են, որ միշտ փորձում են կրկին փարթամանալ:
Գեթ մի րոպե փորձե՞լ ես մտածել, թե որքա՜ն անհեթեթ և իմաստազուրկ է քրիստոնյա լինելուց դադարելը, երբ մտնում ես Համալսարան, մասնագիտական ինչ որ մի Ընկերություն, գիտնականների ինչ որ մի Համաժողով, կամ Ազգային Խորհրդարան, այնպես՝ ինչպես գլխարկն են թողնում դռան մոտ:
 
354. Լա՛վ գործածիր ժամանակդ: – Մի՛ մոռացիր անիծված թզենուն պատահածը: Ինչ որ մի բան անում էր. տերևներ էր տալիս: Քո նման ... :
Մի՛ ասա, թե արդարացի պատճառներ ունես: – Ավետարանիչը պատմում է, որ թզենուն չօգնեց այն փաստը, որ թզի ժամանակ չէր, երբ Տերը մոտեցավ նրան:
Եվ ընդմիշտ ամուլ մնաց:
 
355. Նրանք, ովքեր զբաղվում են մարդկային գործերով, ասում են, որ ժամանակը ոսկի է: – Ինձ դա քիչ է թվում. մեր համար, որ հոգիների գործերով ենք զբաղվում, ժամանակը փառք է:
 
356. Չեմ հասկանում, թե ինչպես կարող ես քեզ քրիստոնյա կոչել և այդ ծույլ ու անպիտան կյանքը վարել: – Մոռանո՞ւմ ես Քրիստոսի աշխատանքային կյանքը:
 
357. Թվում է, թե բոլոր մեղքերն էլ – ասացիր ինձ – սպասում են պարապորդության առաջին վայրկյանին: Անգործությունն իսկ պետք է որ արդեն մեղք լինի:
Ով հանձն է առնում աշխատել Քրիստոսի համար, չպետք է մեկ վայրկյան անգամ ազատ մնա, որովհետև հանգիստը ոչինչ չանելը չէ. գործերի մեջ փոփոխություն մտցնելն է նվազ ջանք պահանջող զբաղանքներով:
 
358. Անգործ մնալը դա մի անըմբռնելի բան է առաքյալի հոգի ունեցող մարդու համար:
 
359. Մասնագիտական առօրյա զբաղմունքիդ գերբնական պատճառ հաղորդիր, և սրբացրած կլինես աշխատանքդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։