Ջերմեռանդություններ – Գրադարան – Mashtoz.org

Ջերմեռանդություններ

551. Զգուշանանք «աղոթքները սոսկ սովորություն, բառերի անիմաստ արտասանություն» դարձնելուց, այնպես՝ ինչպես կփախչեինք անձամբ սատանայից: – Ճշմարիտ բարեպաշտության գերեզմանը հանդիսացող այդ անդունդի մեջ չգահավիժելու ամենաարդյունավետ միջոցը Աստծո ներկայության տևական զգացումն է:
 
552. Անձնական ջերմեռանդություններդ թող սակավաթիվ, բայց տևական լինեն:
 
553. Մի՛ մոռացիր մանկությանդ աղոթքները, որոնք թերևս մայրիկիդ շուրթերից ես սովորել: – Ամեն օր աղոթիր դրանք սրտի պարզությամբ, ինչպես այնժամ:
 
554. Զանց մի՛ արա Ամենասուրբ Հաղորդության այցելությունը: – Ավարտելուց հետո այն աղոթքները, որոնք սովոր ես ասել, Տապանակում իրապես ներկա Հիսուսին պատմիր առօրյա մտահոգություններդ: – Եվ լույս ու քաջություն կունենաս քրիստոնեական կյանքիդ համար:
 
555. Իսկապես սիրելի է մեր Աստծո Սուրբ Մարդկությունը: – Հոգեպես «ապաստանեցիր» Տիրոջդ աջ ձեռքի սրբազնասուրբ վերքում, և ինձ հարց ուղղեցիր. «Եթե Քրիստոսի միայն մի վերքն այսքա՜ն լվանում է, բժշկում, խաղաղեցնում, զորացնում, բոցավառում ու սիրով տոչորում, արդյոք ի՞նչ կանեն Խաչափայտի վրա բացված բոլոր հինգ վերքերը միասին»:
 
556. Խաչի Ճանապարհը: – Դա իրոք ազդու և արդյունավետ ջերմեռանդություն է: Երանի՜ թե վարժվեիր ամեն ուրբաթ կրկին խորհել Հիսուսի Չարչարանքների ու Մահվան այդ տասնչորս կայանների մասին: – Հավաստիացնում եմ քեզ, որ ուժ կամբարեիր ամբողջ շաբաթվա համար:
 
557. Սուրբ Ծննդյան ջերմեռանդությունը: – Չեմ ծիծաղում տեսնելով, թե ինչպես ես տասնյակ խցաններով պատրաստում մսուրի լեռները և կավե արձանիկները տեղադրում քարայրի շուրջբոլորը: – Երբեք քեզ այսքան տղամարդ չեմ տեսել, որքան այս պահին, երբ փոքրիկ մանուկ ես թվում:
 
558. Սուրբ Վարդարանը մի հզոր զենք է: Այն վստահությամբ գործածիր և արդյունքը կզարմացնի քեզ:
 
559. Սուրբ Հովսեփը, Քրիստոսի Հայրագիրը, քո Հայրն էլ է և քո Իշխանը: – Դիմիր նրան:
 
560. Սուրբ Հովսեփը, որ մեր Հայրն է և Իշխանը, ներանձնական կյանքի Ուսուցիչ է: – Նրա հովանավորությանը հանձնվիր և կզգաս նրա կարողության ազդեցությունը:
 
561. Սուրբ Հովսեփի մասին ահա՛ թե ինչ է գրում Սրբուհի Թերեզա Ավիլացին իր ինքնակենսագրության մեջ. «Ով աղոթել սովորելու համար իրեն Ուսուցիչ չի գտնում, թող այս փառավոր Սրբին հետևի որպես Ուսուցչի, և ճանապարհից չի խոտորվի»: – Այս խորհուրդը փորձառու հոգուց է գալիս: Հետևիր նրան:
 
562. Սրտակից մտերմություն ունեցիր Պահապան Հրեշտակիդ հետ: – Նրա հետ մտերիմ ընկերոջ նման վարվիր – իրականում էլ հենց այդպես է. նա քո ամենամտերիմ ընկերն է – և նա ամեն օրվա սովորական գործերումդ քեզ հազարումի առիթով օգնության կհասնի:
 
563. Եթե կամենում ես ինչ որ մեկին առաքելությանդ մասնակից դարձնել, շահիր նրա Պահապան Հրեշտակի սիրտը: – Առաքելության հարցում նա միշտ պատրաստ «գործակից» է:
 
564. Եթե ուշադրություն դարձնեիր քո և մերձավորներիդ Պահապան Հրեշտակների ներկայությանը, կխուսափեիր բազմաթիվ հիմարություններից, որոնք բերանիցդ բաց ես թողնում խոսակցությունների ժամանակ:
 
565. Զարմանում ես, որ Պահապան Հրեշտակդ ակնհայտ ծառայություններ է մատուցել քեզ: – Չպետք է զարմանաս. հենց դրա՛ համար է Տերը նրան քո կողքին դրել:
 
566. Այդ միջավայրում շեղվելու բազմաթիվ առիթնե՞ր կան: – Համաձայն եմ: Բայց չկա՞ն նաև Պահապան Հրեշտակները:
 
567. Պահապան Հրեշտակիդ դիմիր փորձության պահին. նա քեզ կպաշտպանի ընդդեմ սատանայի և քեզ սուրբ ներշնչումներ կպարգևի:
 
568. Պահապան Սուրբ Հրեշտակներն ուրախությամբ պետք է որ կատարած լինեն իրենցից խնդրված գործը, այն հոգու համար, որն ասում էր. «Ո՜վ Սուրբ Հրեշտակներ, ես ձեզ դիմում եմ Երգ Երգոցի Հարսի նման. “Եթէ պատմեսջիք նմա՝ եթէ կաթոգին եմ ի սէր քո”. Որպեսզի պատմեք Իրեն, թե որքա՜ն կաթոգին եմ ես Իրեն սիրում» (Երգ 5, 8):
 
569. Գիտեմ, որ քեզ ուրախություն կպատճառեմ՝ քո համար ընդօրինակելով մեր Տապանակների Պահապան Սուրբ Հրեշտակներին ուղղված այս աղոթքը. «Ո՜վ Հրեշտակային Հոգիներ, որ պահպանում եք մեր Տապանակները, ուր հանգչում է Ամենասուրբ Հաղորդության պաշտելի գանձը. պաշտպանեցեք Նրան սրբապղծություններից և պահպանեցեք մեր սիրո համար»:
 
570. Գործք Առաքելոցի վճիտ ակունքից խմիր: Տասներկուերորդ գլխում պատմվում է, որ Հրեշտակների միջամտությամբ բանտից ազատված Պետրոսը գնում է Մարկոսի մոր տուն: – Տնեցիները չէին կամենում հավատալ աղախնուն, որն հավաստիացնում էր, որ Պետրոսն այնտեղ էր, դռան մոտ: «Հրեշտակ նորա իցէ». «Նրա Հրեշտակը կլինի», ասում էին (Գրծ 12, 15):
Զմայլվելով տե՛ս, թե առաջին քրիստոնյաներն ինչպիսի՛ վստահությամբ էին վարվում իրենց Պահապան Հրեշտակների հետ:
Իսկ դո՞ւ:
 
571. Քավարանի սուրբ հոգիները: – Սիրո, արդարության պարտականությամբ, ու նաև արդարանալի եսասիրության մղումով – քանի որ մեծապես հզոր է նրանց բարեխոսությունը Աստծո դիմաց – նրանց միշտ ներկա ունեցիր զոհողություններիդ ու աղոթքիդ ժամանակ:
Նրանց հիշատակելիս, երանի՜ թե կարողանայիր ասել. «Քավարանի հոգիները, իմ մտերիմ ընկերները ... »:
 
572. Ինձ հարցնում ես, թե ինչո՛ւ եմ քեզ միշտ, այդքա՜ն եռանդով հանձնարարում օրհնված ջրի ամենօրյա գործածումը: – Կարող էի բազմաթիվ պատճառներ թվել: Ավիլացի Սրբուհու խոսքը քեզ անկասկած կբավարարի. «Դևերը ոչնչից այնքան չեն վախենում, որքան օրհնված ջրից: Նրանից փախչում են ու այլևս երբեք չեն վերադառնում»:
 
573. Շնորհակալ եմ, Աստվա՜ծ իմ, այն սիրո համար, որ սրտումս դրել ես Սրբազան Քահանայապետի նկատմամբ:
 
574. Քեզ ո՞վ ասաց, թե իննօրյաներ կատարելը առնական չէ: – Այդ ջերմեռանդությունները առնական կլինեն, եթե դրանք կատարող մարդը ... աղոթքի ու ապաշխարության հոգի ունեցող մեկն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։