Սուրբ Կույսը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Կույսը

492. Մեր Մոր հանդեպ սերը նման կլինի շնչի, որ կենդանի կրակով կբոցավառի առաքինության փայտերը, որոնք ծածկված էին մնացել գաղջությանդ մոխիրների տակ:
 
493. Սիրիր Տիրամորը: Եվ նա քո համար առատ շնորհ կստանա, որպեսզի հաղթես այս ամենօրյա պայքարում: – Եվ չարին ոչնչով չեն օգնի այն հոռի մտքերն ու ցանկությունները, որոնք ներսումդ փրփռալով բարձրանում ու բարձրանում են, փորձելով իրենց գարշահոտ նեխածության մեջ խեղդել այն մեծ գաղափարականներն ու վեհ պատվիրանները, որոնք Քրիստոսն Ինքն է դրել սրտումդ: – «Ծառայեցից». Ծառայելու եմ:
 
494. Եղիր Մարիամինը և կլինես մեզնից մեկը:
 
495. Հիսուսին մոտենում ենք և Հիսուսի մոտ «վերադառնում ենք» միշտ Մարիամի միջոցով:
 
496. Մարդկանց համար որքա՜ն հաճելի է լսելը, երբ հիշատակվում է իրենց ազգակցական կապը գրականության, քաղաքականության, բանակի, Եկեղեցու ... նշանավոր անձնավորությունների հետ:
Երգիր Անարատ Կույսի առաջ և հիշեցրու նրան. Ողջո՜ւյն քեզ, Մարիամ, Հայր Աստծո Դուստր: Ողջո՜ւյն քեզ, Մարիամ, Որդի Աստծո Մայր: Ողջո՜ւյն քեզ, Մարիամ, Սուրբ Հոգի Աստծո Հարս: Քեզնից վեր և քեզնից ավելի՝ միմիայն Աստված»:
 
497. Ասա՛. «Մայր իմ, – քո մայրն է, որովհետև դու իրենն ես բազմաթիվ պատճառներով – , քո սերը թող ինձ կապի Որդուդ Խաչին. մեր Հիսուսի կամքը կատարելու համար՝ թող չպակասի ինձ Հավատքը, ո՛չ էլ՝ քաջությունը, ո՛չ էլ՝ համարձակությունը»:
 
498. Կարծես կյանքիդ բոլոր մեղքերը ոտքի են կանգնել: – Մի՛ վհատվիր: – Ընդհակառակը, Մորդ՝ Սուրբ Աստվածածնին օգնության կանչիր, մանկան հավատքով ու վստահությամբ: Նա քո հոգուն անդորր կբերի:
 
499. Ամենասրբուհի Մարիամ Աստվածամայրն ապրում էր աննշմար վարքով, իբրև իր գյուղի բազմաթիվ կանանցից մեկը:
Նրանից սովորիր «բնականությամբ» ապրել:
 
500. Կրծքիդ վրա կրիր Կարմեղոսի փորուրարը: Սակավաթիվ են Աստվածամորն ուղղված այն ջերմեռանդությունները – թեև դրանցից շատերը կան ու գեղեցիկները – , որոնք այսքա՜ն արմատացած են հավատացյալների մեջ և այսքա՜ն ճոխացած են քահանայապետական օրհնություններով: – Ինչպես նաև, այնքա՜ն մայրական է այդ շաբաթական առանձնաշնորհումը:
 
501. Երբ քեզ հարցրեցին, թե Աստվածամոր ո՞ր սրբապատկերն է քեզ ավելի ջերմեռանդություն ներշնչում, և դու մեծապես փորձառու մեկի նման պատասխանեցիր. «Բոլորն էլ», հասկացա, որ բարի զավակ ես. դրա համար է, որ քեզ հաճելի են – «Ինձ սեր են ներշնչում», ասացիր – Մայրիկիդ բոլոր պատկերներն էլ:
 
502. Մարիամը՝ աղոթքի վարժուհի: – Տե՛ս, թե ինչպես է խնդրում իր Որդուց, Կանայում: Եվ ինչպես է պնդում, հարատևությամբ, առանց վհատվելու: – Եվ ինչպես է ստանում խնդրածը:
Սովորի՛ր:
 
503. Մարիամի միայնությունը: Միայնակ: – Լալիս է, լքված:
Դու և ես պետք է ընկերակցենք Տիրամորը, և մենք նույնպես լացենք, որովհետև մեր թշվառությունների պատճառով է, որ Հիսուսը գամվեց խաչափայտին:
 
504. Սուրբ Կույս Մարիամը, Մայրը Գեղեցիկ Սիրո, կխաղաղեցնի սիրտդ, երբ այն զգացնել կտա իր մարմնեղեն լինելը, եթե դու վստահությամբ դիմես իրեն:
 
505. Աստվածամոր հանդեպ սերը հոգու բարության նշան է, գործերի և անհատ անձանց մեջ:
Մի՛ վստահիր այն ձեռնարկին, որն այս նշանը չունի:
 
506. Ցավագին Տիրամայրը: Նրան հայելիս, դիտիր նրա Սիրտը. նա Մայր է, որ երկու զավակ ունի, միմյանց դեմ առ դեմ. Հիսուսը և ... դու:
 
507. Որքա՜ն մեծ է իմ Մոր՝ Մարիամի խոնարհությունը: – Նրան չեք տեսնի Երուսաղեմ փառավոր մուտքի ժամանակ, ո՛չ էլ – բացառությամբ Կանայի առաջին դեպքի – մեծ հրաշքների պահին:
Սակայն, չի խուսափում Գողգոթայի անարգանքից. այնտեղ, «առ խաչին Հիսուսի», Հիսուսի խաչի մոտ (Հվհ 18, 25) կանգնած է Իր Մայրը:
 
508. Զմայլվիր Տիրամոր հոգու ուժով. Խաչի ներքևում, մարդկային ամենամեծ վիշտը սրտում, – նրա ցավին հավասար ցավ չկա – , հոգու ուժով հզոր:
Նրանից խնդրիր այդ ուժը, որպեսզի դու էլ կարողանաս Խաչի մոտ մնալ:
 
509. Մարիա՜մ, ծածուկ և լուռ զոհողության Վարժուհի:
Տեսե՛ք, թե ինչպես է գրեթե միշտ թաքնված մնում, մինչ գործակցում է իր Որդուն. գիտի և լռում է:
 
510. Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ պարզությամբ – «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ» – Խոսքը մարմնացավ:
Այս նույն կերպ գործեցին Սրբերը. առանց ցուցադրության: Իսկ եթե նման բան պատահեց էլ, պատահեց նրանց կամքին հակառակ:
 
511. «Մի՛ երկնչիր, Մարիամ». Մի՛ վախեցիր, Մարիամ (Ղկս 1, 30): – Տիրամայրը խռովվեց Հրեշտակապետի դիմաց:
Իսկ ես պետք է ծո՞վը նետեմ համեստության այն մասնիկները, որոնք մաքրությանս պահապաններն են:
 
512. Ա՜հ, Մայր իմ, Մա՜յր: Քո այդ խոսքով – «Եղիցի՛» – մեզ Աստծո եղբայրները դարձրեցիր և Իր փառքի ժառանգորդները: – Օրհնյա՜լ ես:
 
513. Սկզբում, միայնակ, չէիր կարողանում ... : – Հիմա դիմել ես Տիրամորը և, Նրա հետ, որքա՜ն հեշտ է:
 
514. Վստահություն ունեցիր: – Վերադարձիր: – Տիրամորը քեզ օգնության կանչիր և հավատարիմ կլինես:
 
515. Պահեր են լինում, երբ ուժերդ պակասում են: Ինչո՞ւ դրա մասին չես ասում քո Մայրիկին. «Մխիթար վշտացելոց, Օգնական քրիստոնէից ... , Յոյս մեր, Թագուհի առաքելոց»:
 
516. Մա՜յր: – Ուժգին, ուժգին կանչիր Նրան: – Քեզ լսում է, թերևս քեզ վտանգի մեջ է տեսնում և քեզ ընծայում է, Սրբուհի Մարիամը, քո Մայրը, իր Որդու շնորհների հետ միասին, նաև իր գրկի մխիթարությունը, իր փայփայանքների քաղցրությունը. և քեզ կազդուրված կզգաս՝ նոր պայքարի համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։