Սուրբ Մաքրություն – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Մաքրություն

118. Սուրբ մաքրությունը պարգևում է Աստված, երբ այն Իրենից խնդրում ենք խոնարհությամբ:
 
119. Որքա՜ն գեղեցիկ է սուրբ մաքրությունը: Սակայն, այն ո՛չ սուրբ կլինի և ո՛չ էլ Աստծուն հաճելի, եթե այն անջատենք Սիրուց:
Սերն այն հունդն է, որ կաճի և շատ համեղ պտուղներ կտա ոռոգման շնորհիվ, որ մաքրությունն է:
Առանց Սիրո՝ մաքրությունն անպտուղ է, և նրա ամուլ ջրերը հոգիներին վերածում են մի տղմուտ ճահճի, մի պղտոր ջրհորի, որտեղից տարածվում է հպարտության գարշահոտությունը:
 
120. Մաքրությո՞ւն ... հարցնում են ու ծիծաղում ... : – Սրանք այն անձինք են, որոնք ամուսնության են գնում արդեն թառամած մարմնով և զմայլվելու կարողությունից զրկված հոգիով:
Ձեզ խոստանում եմ մի գիրք գրել, – եթե Աստված օգնի ինձ – , որն իբրև խորագիր կարող է ունենալ հետևյալը. «Կուսակրոնություն, Ամուսնություն և Մաքրություն»:
 
121. Առնականության ու մաքրության մի արշավանք է հարկավոր, որ կասեցնի ու ջնջի վայրի ու կործանարար գործը բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե մարդը մի անասուն է:
Եվ այդ արշավանքը ձեր գործն է:
 
122. Շատերն աշխարհում հրեշտակների նման են ապրում: – Դու ... ինչո՞ւ ո՛չ:
 
123. Երբ հաստատակամ կորոշես անարատ կյանք վարել, ողջախոհությունը քո համար ո՛չ թե բեռ կլինի, այլ՝ հաղթական մի թագ:
 
124. Դու, որ բժիշկ-առաքյալ ես, ինձ գրել էիր. «Բոլորս էլ փորձառությամբ գիտենք, որ կարող ենք ողջախոհ ապրել, եթե աչալուրջ լինենք, եթե հաճախակի ընդունենք Սուրբ Խորհուրդները և մարենք կրքի առաջին կայծերը, թույլ չտալով, որ կրակը տարածվի: Եվ հենց ողջախոհների շարքերում է, որ գտնվում են ամեն տեսակետով լավագույն մարդիկ: Մինչդեռ, ընդհակառակը, ցանկամոլների շարքերում մեծամասնություն են կազմում վեհերոտները, եսապաշտները, կեղծավորներն ու դաժանները, որոնք բոլորն էլ բնորոշ տիպարներն են առնականության պակասի»:
 
125. «Շատ կուզենայի», ասացիր ինձ, «որ Հովհաննես Առաքյալը, որ պատանի էր, հետս սրտաբաց խոսեր և ինձ խորհուրդ տար: Եվ ինձ քաջալերեր՝ ստանալու սրտի մաքրությունը»:
Եթե իսկապես փափագում ես, ուրեմն ասա՛ իրեն. և քեզ քաջալերված կզգաս, և կստանաս իր խորհուրդները:
 
126. Որկրամոլությունը անմաքրության հառաջապահն է:
 
127. Մի՛ երկխոսիր ցանկության հետ: Արհամարհի՛ր այն:
 
128. Ամոթխածությունն ու համեստությունը մաքրության կրտսեր եղբայրներն են:
 
129. Առանց սուրբ մաքրության, առաքելության մեջ հարատևելն անհնարին է:
 
130. Քերելով պոկիր ինձնից, ո՜վ Հիսուս, զգայական փտության այն քոսոտ շերտը, որ պատել է սիրտս, որպեսզի դյուրությամբ զգամ և հետևեմ Սուրբ Հոգու հպումներին իմ հոգում:
 
131. Երբեք մի՛ խոսիր անմաքուր բաների կամ գործերի մասին, և ո՛չ իսկ դրանցից գանգատվելու համար: – Ուշադիր եղիր, քանի որ դա ձյութից ավելի կպչուն է: – Փոխիր խոսակցության նյութը, իսկ եթե հնարավոր չէ փոխել, շարունակիր՝ խոսելով սուրբ մաքրության անհրաժեշտության և գեղեցկության մասին: Մաքրությունն այն մարդկանց առաքինությունն է, որոնք գիտակից են, թե որքան արժե իրենց հոգին:
 
132. Մի՛ փորձիր «քաջարի» երևալ. փախի՛ր:
 
133. Սրբերը թերակազմ էակներ չէին, ո՛չ էլ դարմանատանը բուժելիք դեպքեր՝ հմուտ բժիշկների համար:
Նրանք բնականոն մարդիկ էին, բնականոն մարդիկ են. մարմնեղեն, քո նման: – Եվ հաղթեցին:
 
134. «Եթե նույնիսկ մետաքս հագնվեն ... »: Երբ տեսնում եմ քո դողդոջուն կերպով երերալը փորձության դիմաց, որն իր պղծությունը թաքցնում է արվեստի, գիտության ... , եղբայրսիրության ... պատրվակների ու պատճառանքների ներքո, իսպանական մի հին ասացվածքի խոսքերն եմ ուզում քեզ կրկնել. «Եթե նույնիսկ մետաքս հագնվեն, միսն ու արյունը միշտ էլ մնում են միս ու արյուն»:
 
135. Եթե դու իմանայի՜ր, թե որքա՛ն արժես ... : – Պողոս Առաքյալն է, որ քեզ դա ասում է. «Գնոց գնեցայք». Մեծագույն գնով ես գնվել (1Կր 6, 20):
Իսկ հետո հավելում է. «Փառաւոր արարէք զԱստուած ի մարմինս ձեր». ձեր մարմնի մեջ փառավորեցեք Աստծուն:
 
136. Երբ զգայական գոհացման ընկերությունն ես փնտրում, ... ամայության ինչպիսի՜ զգացում, հետո:
 
137. Եվ մտածել, որ վայրկենական մի գոհացումի համար, որը քո մեջ դառնության ու մաղձի մրուր թողեց, դուրս ելար «ուղեգծից»:
 
138. «Այր մի տառապեալ եմ ես: Ո՞վ ապրեցուսցէ զիս ի մարմնոյ աստի մահու». Վա՜յ ինձ, դժբախտիս: Ո՞վ կփրկի ինձ այս մահկանացու մարմնից (Հռմ 7, 24): – Այսպես էր գոչում Պողոս Առաքյալը: – Քա՛ջ եղիր: Նա էլ էր պայքարում:
 
139. Փորձության պահին մտածիր Սիրո մասին, որը քեզ սպասում է երկնքում. արծարծիր Հույսի առաքինությունը, ինչը վեհանձնության մեջ թերանալ չէ:
 
140. Մի՛ մտահոգվիր, ի՛նչ էլ որ պատահի, եթե դու կամքիդ հավանությունը չես տվել: – Որովհետև միմիայն կամքը կարող է բացել սրտի դուռը և ներս մտցընել այդ գարշելի բաները:
 
141. Քեզ թվում է, թե հոգուդ ներսում գրեթե ֆիզիկապես լսում ես մի ձայն, որն ասում է. «Այդ կրոնական նախապաշարումը ... »: – Իսկ հետո, մեր անկյալ խեղճ մարմնի բոլոր թշվառությունների պերճախոս պաշտպանությունն ես լսում. «Նրա իրավունքնե՜րը»:
Եթե սա պատահում է քեզ, թշնամուն պատասխանիր, որ գոյություն ունի բնական օրենքը, և գոյություն ունի Աստծո օրենքը, և գոյություն ունի Աստված Ինքը: – Դժոխքն էլ գոյություն ունի:
 
142. «Տէ՜ր, եթէ կամիս՝ կարող ես զիս սրբել». Տե՜ր, եթե կամենաս, կարող ես ինձ բուժել (Մտթ 8, 2):
Ի՜նչ գեղեցիկ աղոթք է, որը պետք է բազմաթիվ անգամներ կրկնես, խեղճ բորոտի հավատքով, երբ քեզ պատահի այն, ինչն Աստված, դու և ես գիտենք: – Շուտով կլսես Տիրոջ պատասխանը. «Կամիմ, սրբեա՛ց». Կամենում եմ, առողջացի՛ր (Մտթ 8, 3):
 
143. Իր մաքրությունը պահպանելու համար՝ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացին իրեն ձյան մեջ գլորեց, Սուրբ Բենեդիկտոսն իրեն մորենիների մացառի մեջ նետեց, Սուրբ Բեռնարդոսն էլ սառցակալած լճի մեջ սուզվեց ... : – Դու, ի՞նչ ես արել:
 
144. Ամբողջ կյանքի ջինջ ու անարատ մաքրությունը Հովհաննես Առաքյալին զորացրեց Խաչի դիմաց: – Մյուս Առաքյալները փախան Գողգոթայից. նա, Քրիստոսի Մոր հետ միասին, մնաց:
Մի՛ մոռացիր, որ մաքրությունը ամրապնդում, առնականացնում է բնավորությունը:
 
145. Պատերազմի ժամանակ, Մադրիդի մոտակայքում: Մոտ քսան սպայեր ազնիվ և ուրախ ընկերակցության մեջ են: Մի երգ է լսվում, հետո մի ուրիշը, և դեռ ուրիշներ:
Թուխ բեղերով այն երիտասարդ ենթասպան միայն առաջինը լսեց. «Բաժանված սրտեր / Ես չեմ ուզում / Եվ եթե նրան տամ իմ սիրտը / այն կտամ ամբողջ»:
«Որքա՜ն դիմադրություն՝ ամբողջապես նվիրելու համար սիրտս»: – Եվ աղոթքը բխեց լայն ու հանդարտ գետի նման:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։