Վարվելակերպ – Գրադարան – Mashtoz.org

Վարվելակերպ

831. Առաքելանվե՜ր հոգի, քո շրջապատում դու նման ես լիճն ընկնող քարին: – Քո օրինակով և քո խոսքերով դու ալիքի մի առաջին օղակ ես գոյացնում ... , որն էլ իր հերթին առաջացնում է մի երկրորդ օղակ ... , իսկ երկրորդը՝ երրորդին ... , չորրորդին, և այսպես շարունակ ... : Եվ օղակները միշտ ավելի լայն են ստացվում:
Հիմա հասկանո՞ւմ ես առաքելությանդ մեծությունը:
 
832. Աշխարհում ինչպիսի՜ ջղագրգիռ տենչ կա՝ սեփական տեղն ու դիրքը փոխելու: – Ի՞նչ կպատահեր, եթե մարդկային մարմնի ոսկորներից յուրաքանչյուրը, մկաններից յուրաքանչյուրը ցանկանար գրավել իրեն հասանելի տեղից տարբեր մի տեղ:
Աշխարհում տիրող հիվանդագին վիճակի պատճառն ա՛յլ չէ: – Որդյակ իմ, հարատևիր քո տեղում. այդտեղից, որքա՜ն կկարողանաս աշխատել Մեր Տիրոջ թագավորությունն իրոք հաստատելու համար:
 
833. Ղեկավարնե՜ր ... : Առնականացրո՛ւ կամքդ, որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի: Չե՞ս տեսնում, թե ինչպես են գործում անիծյալ գաղտնի կազմակերպությունները:
Նրանք երբեք չեն նվաճել մարդկանց զանգվածներին: – Իրենց հավաքատեղիներում նրանք կազմավորում են մի քանի մարդադևերի, որոնք գործի են լծվում և գրգռում են զանգվածներին, նրանց խենթացնելով, իրենց ետևից քաշելու համար դեպի ամեն տեսակ անկարգությունների անդունդը ... և դեպի դժոխք: – Նրանք անիծյալ սերմեր են տարածում:
Եթե դու կամենաս ... , կսերմանես Աստծո հազա՜ր ու հազա՜ր անգամ օրհնյալ խոսքը, որը չի կարող նվազել կամ տկարանալ: Եթե վեհանձն լինես ... , եթե համապատասխանես անձիդ սրբությամբ, կկարողանաս ուրիշներին ևս սրբացնել. ահա՛ Քրիստոսի թագավորությունը. ամեն ոք Պետրոսի հետ, դեպի Հիսուսը, Մարիամի միջնորդությամբ:
 
834. Մի՞թե կա ավելի մեծ խենթություն, քան ցորենի ոսկեղեն հատիկները հողի մեջ նետելը, որպեսզի փտեն: – Եվ սակայն, առանց այդ վեհանձն խենթության, հունձք չէր լինի:
Որդյա՛կ, ի՞նչ վիճակում է վեհանձնությունը քո մոտ:
 
835. Փայլել աստղի նմա՞ն ... , բարձրության բաղձա՞նք ... , երկնքում վառված լույս լինելու փափա՞ք ... :
Ավելի լավը կա. այրվել ջահի նման, ծածո՜ւկ, աննշմա՜ր, կրակդ փոխանցելով այն ամեն ինչին, որին հպվում ես: – Սա՛ է քո առաքելությունը. սրա՛ համար ես երկրի վրա գտնվում:
 
836. Թշնամու համար որպես բարձրախոս ծառայելը գերագույն աստիճանի տխմարություն է: Իսկ եթե խնդրո առարկա թշնամին Աստծո թշնամին է, ուրեմն դա ծանր մեղք է: – Այս իսկ պատճառով, մասնագիտական ոլորտում երբեք չեմ գովի այն մարդկանց գիտությունը, որոնք այն գործածում են որպես ամբիոն՝ Եկեղեցու դեմ հարձակվելու համար:
 
837. Քառատրոփ վա՜զք, աճապարա՜նք ... : Գո՜րծ, աշխատա՜նք ... : Երթևեկի, եռուզեռի տե՜նդ, մարմա՜ջ ... : Նյութական հոյակերտ շինություննե՜ր ... :
Իսկ հոգևոր որակավորմամբ. փայտե տուփեր, ողորմելի կերպասներ, ներկված խավաքարտեր ... : Քառատրոփ վա՜զք, գո՜րծ, աշխատա՜նք: – Եվ բազմամբոխ մարդիկ, որ վազում են. մի եռուն երթևեկ:
Խնդիրն այն է, որ աշխատում են հաշվի առնելով միմիայն ներկա պահը. նրանք միշտ «ներկա ժամանակով են»: – Դու ... , դու պետք է իրերը տեսնես հավիտենականության աչքերով, «ներկայի մեջ դնելով» վերջնական վախճանն ու անցյալը ... :
Հանդա՜րտ: – Խաղա՜ղ: – Ներսո՛ւմդ բուռն կյանքով: Առանց աճապարանքի, առանց տեղդ շարունակ փոխելու անմտության, այն տեղում, որը քեզ հասնում է կյանքում, հոգևոր ուժ ծնող հզոր գործիքի նման, քանի՜ քանիներին լույս կտաս և ուժ ... , առանց քո սեփական ուժն ու լույսը կորցնելու:
 
838. Թշնամիներ մի՛ ունեցիր: – Միայն բարեկամներ ունեցիր. բարեկամներ ... , որոնց կարող ես քո աջ կողմում դասել, եթե քեզ բարիք են արել, կամ գեթ կամեցել են անել. – և բարեկամներ ... , որոնց կարող ես քո ձախ կողմում դասել, եթե քո դեմ չարիք են գործել, կամ թեկուզև փորձել են գործել:
 
839. Մի՛ պատմիր «քո» առաքելության դրվագները, եթե ո՛չ միայն՝ մերձավորիդ օգտակար լինելու համար:
 
840. Ձեր կենցաղը թող աննշմար անցնի, ինչպես Հիսուսի կյանքը երեսուն տարիների ընթացքում:
 
841. Հովսեփ Արիմաթացին և Նիկոդեմոսը գաղտնի էին այցելում Հիսուսին և՛ բնականոն ժամանակներում, և՛ հաղթանակի պահին:
Բայց քաջությունն ունեցան իշխանավորների դիմաց բացահայտ – «համարձակորեն» – արիությամբ հռչակելու Քրիստոսի հանդեպ տածած իրենց սերը, մինչ մյուսները վախկոտությամբ փախան: – Օրինա՛կ առ:
 
842. Մի՛ մտահոգվեք, եթե «ձեզ ճանաչում են» ձեր գործերից: – Դա Քրիստոսի անուշահոտ բույրն է: – Մանավանդ թե, միշտ և միմիայն Իր համար աշխատելով, ուրախացե՛ք, որ իրականանում են Աստվածաշնչի խոսքերը. «Որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ 5, 16):
 
843. «Ո՛չ յայտնի, այլ իբրեւ ի ծածուկ» (Հվհ 7, 10): Ո՛չ գովազդով, այլ՝ ծածուկ: Հիսուսն այդպես է գնում Տաղավարահարաց տոնին:
Այդպես է գնում Էմմավուս, Կղեովպասի և նրա ընկերոջ ուղեկցությամբ: – Այդպես է Նրան Հարությունից հետո տեսնում Մարիամ Մագդաղենացին:
Եվ այդպես կրկին – «Բայց ո՛չ ծանեան աշակերտքն, թէ Յիսուս իցէ». Աշակերտները չճանաչեցին, որ Նա էր (Հվհ 21, 4) – , այդպես Նա ներկայացավ հրաշալի ձկնորսության պահին, ինչպես մեզ պատմում է Հովհաննես Ավետարանիչը:
Եվ է՛լ ավելի ծածկված է Նա մնում Սուրբ Նշխարի մեջ, հանուն մարդկանց հանդեպ տածած Իր Սիրո:
 
844. Հոյակերտ շենքե՞ր վեր խոյացնել ... : Շքեղ պալատնե՞ր կառուցել ... : Թող վեր խոյացնեն ... , թող կառուցեն ... :
Հոգինե՜ր: – Հոգինե՜ր կենագործել ... այդ շենքերի ... և այդ պալատների համար:
Ի՜նչ գեղեցիկ բնակարաններ են մեր համար պատրաստում:
 
845. Որքա՜ն ծիծաղեցրիր ինձ և որքա՜ն խորհել տվեցիր, երբ այս ակնհայտ ճշմարտությունն ասացիր. «Ես ... գամերը միշտ սուր ծայրից եմ գամում»:
 
846. Համաձայն եմ. մտերմիկ խոսակցությամբ և մեկուսի ու սրտակից զրույցով ավելի լավ աշխատանք ես տանում, քան հանրային վայրերում հազարավոր մարդկանց առաջ մեծամեծ ճառեր խոսելով, կարծես բեմ բարձրացած լինես՝ հանդես ու ներկայացում տալու:
Այդուամենայնիվ, երբ հարկավոր է ճառ խոսել, խոսի՛ր:
 
847. Ձեզնից յուրաքանչյուրի ճիգն ու ջանքը, երբ մյուսներից կղզիացած է, անարդյունավետ է: – Եթե ձեզ միավորի Քրիստոսի Սերը, արդյունավետությունը ձեզ կապշեցնի:
 
848. Ուզում ես մարտիրոս լինել: – Ես քեզ մարտիրոսության մի ձև կառաջարկեմ, որի համար հարկավոր չէ հեռուները գնալ. եղի՛ր առաքյալ՝ առանց առաքյալ կոչվելու, եղի՛ր նվիրյալ – կոնկրետ գործով – առանց նվիրյալ կոչվելու. եղի՛ր Աստծո մարդ՝ թվալով աշխարհինը, այսինքն՝ մնալով աննշմար:
 
849. Բա՜վ է: Ծաղրի՛ր նրան: – Ասա՛, որ նորաձևությունից դուրս է մնացել: Անհնարին է թվում, որ դեռևս գոյություն ունեն մարդիկ, որոնք հակված են հավատալու, թե ձիակառքը տեղաշարժվելու լավ միջոց է ... : – Սա նրանց համար, ովքեր բրնձափոշիով սպիտակեցված կեղծամավորներին վայել վոլտերյան մտքեր կամ էլ Տասնիններորդ դարից մնացած, բայց վաղուց իր վարկը կորցրած լիբերալիզմի գաղափարներ են կրկնում:
 
850. Այդ ի՜նչ խոսակցություններ են: Ինչպիսի՜ գռեհկություն և ի՜նչ ... զզվանք: – Եվ ստիպված ես նրանց հետ լինել. գրասենյակում, համալսարանում, վիրաբուժական սրահում ... , աշխարհում:
Եթե խնդրես, որ լռեն, քեզ կծաղրեն: – Եթե դեմքդ խոժոռես, կպնդեն: – Եթե հեռանաս, կշարունակեն:
Լուծումը հետևյալն է. նախևառաջ, նրանց հանձնիր Աստծուն և հատուցիր. ապա ... առնականորեն դիմագրավիր և գործի դիր «կոպիտ խոսքերի առաքելությունը»: Հաջորդ անգամ, որ հանդիպենք, ականջիդ այդ խոսքերի մի ամբողջ ցանկ կասեմ:
 
851. Ուղղություն տանք երիտասարդության «նախախնամական անխոհեմություններին»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։