Տառապանքներ – Գրադարան – Mashtoz.org

Տառապանքներ

685. Հալածանքների մրրիկն օգտակար է: – Ի՞նչ է կորում ... : Չի կորում այն, ինչն արդեն կորած է: – Եթե ծառն արմատախիլ չի լինում, – իսկ այդպիսի հողմ կամ փոթորիկ չկա, որ կարողանա արմատախիլ անել Եկեղեցու ծառը – , միայն չոր ճյուղերն են թափվում ... : Իսկ դրանք լավ է, որ թափվում են:
 
686. Համաձայն եմ. այդ անձը քո հետ իրոք վատ վարվեց: – Բայց դու մի՞թե ավելի վատ չես վարվել Աստծո հետ:
 
687. Հիսո՜ւս, ամենուրեք, որտեղով Դու անցել ես, ոչ մի սիրտ անտարբեր չի մնացել: – Քեզ կա՛մ սիրում են, կա՛մ էլ՝ ատում:
Երբ մի մարդ-առաքյալ հետևում է Քեզ, կատարելով իր պարտքը, մի՞թե կարող եմ զարմանալ, – եթե նա իրոք մի ա՛յլ ոմն Քրիստոս է – , որ նրա նկատմամբ էլ բարձրանում են հակառակության կամ սիրո նմանօրինակ փսփսուքներ:
 
688. Միշտ նույն պատմություններն են ... : Ասել են, գրել են ... : Ի նպաստ, ընդդեմ ... : Բարի կամեցողությամբ, կամ ո՛չ այնքան բարի ... : Անպաշտպան են թողել ու զրպարտել են, գովել են ու մեծարել են ... : Տխմարություններ են ասել և կամ ճիշտ նշանակետին են խփել ... :
Անմի՜տ, մեծապե՜ս անմիտ: Եթե դու ուշադրությունդ կենտրոնացրած դիմում ես ուղիղ նպատակակետիդ, գլուխդ ու սիրտդ Աստծով արբեցած, քեզ ի՞նչ փույթ քամու սուլոցը, ճպուռների երգը, բառաչը, մռնթյունը, խրխինջը ... : – Եվ հետո ... դրանք անխուսափելի են. մի՛ պահանջիր, որ դուռ դրվի բաց դաշտին:
 
689. Լեզուները շարժվեցին և դու նախատինք կրեցիր, որը քեզ ավելի վիրավորեց, քանի որ անսպասելի էր:
Քո գերբնական հակազդեցությունը պետք է լինի ներելը – նույնիսկ ներողություն խնդրելը – և այդ փորձառությունից դաս քաղելը, որպեսզի սիրտդ անջատես արարածներից:
 
690. Երբ հասնում է տառապանքը, արհամարհանքը, ... Խաչը ... , մտածի՛ր. այս ամենն ի՞նչ է նրա համեմատ, որին արժանի եմ:
 
691. Մեծ տառապա՞նք ես կրում: – Հակառակություննե՞ր: – Մեղմորեն, բառերն համտեսելով ասա՛ այս ազդու և առնական աղոթքը.
«Ամեն ինչից վեր՝ թող կատարվի, իրագործվի, գովաբանվի և հավերժորեն հռչակվի Աստծո արդարագույն և գերազանցորեն սիրելի Կամքը: Ամեն: Ամեն»:
Քեզ վստահեցնում եմ, որ կհասնես խաղաղությանը:
 
692. Դու տառապում ես այս երկրավոր կյանքում, ... որ լոկ երազ է ... կարճատև: – Ուրախացիր, որովհետև քո Հայրն-Աստված քեզ շա՜տ է սիրում և – եթե դու խոչընդոտներ չհարուցես – այս վատ երազից հետո քեզ զվարթ սթափում է տալու:
 
693. Ցավում ես, որ քեզ շնորհակալություն չեն հայտնել արածդ լավության համար: – Այս երկու հարցերիս պատասխանիր. դու իրոք երախտագե՞տ ես Քրիստոսի նկատմամբ ... : Եվ մի՞թե այդ լավությունն արել ես սոսկ երկրային շնորհակալություն ստանալու համար:
 
694. Չգիտեմ, թե ինչո՞ւ ես սոսկում: – Քրիստոսի թշնամիները միշտ էլ նվազ տրամաբանող են եղել:
Ղազարոսի հարությունից հետո պետք է որ համոզվեին և խոստովանեին Հիսուսի Աստվածությունը: – Մինչդեռ ո՛չ. «Սպանենք», ասացին, «Նրան, ով տալիս է Կյանքը»:
Եվ այսօր՝ ինչպես երեկ:
 
695. Պայքարի ու հակառակությունների պահին, երբ թերևս «բարիներն» իրենք խոչընդոտներով են լցնում ճանապարհդ, վերամբարձիր առաքելանվեր սիրտդ, լսիր Հիսուսին, որ խոսում է մանանեխի հատիկի և թթխմորի մասին: – Եվ ասա՛ Նրան. «Մեկնեա մեզ զառակս զայս». Բացատրիր ինձ այդ առակը (Մտթ 15, 15):
Եվ կզգաս ապագա հաղթանակը հոգով տեսնելու բերկրանքը. երկնքի թռչուններն ապաստան են գտնում առաքելությանդ ներքո, որն այժմ դեռ նոր է ծլարձակում. և ամբողջ զանգվածը խմորվում է:
 
696. Եթե նեղությունն ընդունում ես երկչոտ հոգով, կորցնում ես բերկրանքն ու խաղաղությունը, և ենթարկվում ես այդ փորձությունից հոգևոր օգուտ չքաղելու վտանգին:
 
697. Հանրային իրադարձությունները քեզ հարկադրել են կամովին մեկուսանալ, ինչը որ, այս պարագայում, թերևս ավելի վատ է, քան բանտարկությունը: – Ինքնությանդ խավարումն ես կրում:
Գործունեության ասպարեզ չես գտնում. բախվում ես եսապաշտությունների, հետաքրքրասիրությունների, անհասկացողությունների ու չարախոսությունների: – Լա՛վ, այդքանը հասկանում եմ: Բայց դա ի՞նչ կարևորություն ունի: Մոռանո՞ւմ ես ազատագույն կամքդ և քո «մանկական» կարողությունը: – Տերևների ու ծաղիկների (արտաքին գործունեության) բացակայությունը չի խանգարում, որ բազմանան, ամրանան ու գործեն արմատները (ներքին կյանքը):
Աշխատի՛ր: Իրադարձությունների ընթացքը հետո կփոխվի, և դու նախկինից ավելի առատ – և ավելի համեղ – պտուղներ կտաս:
 
698. Քեզ հանդիմանո՞ւմ են: – Մի՛ բարկացիր, ինչպես քեզ հպարտությունդ է թելադրում: – Մտածիր. «Որքա՜ն եղբայրասեր են իմ նկատմամբ: Որքա՜ն բաներ դեռ կարող էին ասել, բայց լռեցին»:
 
699. Խաչ, տառապանք, վիշտ. սրանք ունենալու ես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես: – Այս ճանապարհով է անցել Քրիստոսը, և աշակերտն ավելին չէ, քան իր Վարդապետը:
 
700. Համաձայն եմ. սաստիկ պայքար է մղվում դրսում, և սա քեզ արդարացնում է, որոշ չափով: – Բայց մեղսակցություն էլ կա ներսից, – լա՛վ նայիր – , իսկ այս հարցում արդարացնող կամ գեթ մեղմացնող հանգամանքներ չեմ տեսնում:
 
701. Վարդապետի շուրթերից չե՞ս լսել որթատունկի և ճյուղերի առակը: – Մխիթարվի՛ր. Նա քեզնից շատ է պահանջում, որովհետև դու պտղատու ճյուղ ես ... : – Եվ քեզ էտում է, «զի առաւել եւս պտղաբեր լիցի». որպեսզի առավել ևս պտղաբեր լինես (Հվհ 15, 2):
Անշուշտ, այդ կտրելներն ու պոկելները ցավ են պատճառում: Բայց հետո ... պտուղների ինչպիսի՜ թարմություն, գործերում ինչպիսի՜ հասունություն:
 
702. Խռովված ես: – Լսի՛ր. ինչ էլ որ պատահի քո ներանձնական կյանքում կամ քեզ շրջապատող աշխարհում, երբեք մի՛ մոռացիր, որ իրադարձությունների կամ մարդկանց կարևորությունը բավականին հարաբերական է: – Հանդարտվի՛ր. թող, որ ժամանակը հոսի: Եվ ապա, հեռվից և առանց կրքի կդիտես մարդկանց և դեպքերին, ձեռք կբերես խորության զգացումը, ամեն բան կդնես իր տեղը, իր ճշմարիտ դիրքի համաձայն:
Եթե այս կերպ գործես, ավելի արդար կլինես և բազմաթիվ մտահոգություններից զերծ կմնաս:
 
703. Մի վատ գիշեր մի վատ պանդոկում: – Ասում են, թե Սրբուհի Թերեզան այսպես է որակել այս երկրային կյանքը: – Քեզ չի՞ թվում, որ դիպուկ համեմատություն է:
 
704. Այցելության էինք գնացել մի համբավաշատ վանք: – Օտարերկրացի մի տիկնոջ սիրտը կծկվեց, տեսնելով շենքի աղքատ ու անպաճույճ վիճակը. «Դուք այստեղ բավական դժվարակենցաղ կյանքով եք ապրում ... , այնպես չէ՞»: Իսկ վանականը, գոհ և ուրախ դեմքով, այս խոսքերով պատասխանեց. «Ինքդ ընտրեցիր, իմ թանկագին Վանական, ինքդ ընտրեցիր, և սրտիդ մոտ պահիր»:
Այդ խոսքերը, որոնք լսեցի, թե ինչպիսի զվարթությամբ էր արտասանում այդ սրբակյաց մարդը, պետք է որ քեզ կրկնեմ ցավով, երբ ասում ես, թե երջանիկ չես:
 
705. Վրդովվե՞լ: – Երբե՛ք: – Դա խաղաղությունը կորցնել է նշանակում:
 
706. Ֆիզիկական ուժասպառություն: – Մարմինդ ... կարծես կտոր կտոր է լինում: – Հանգստացի՛ր: Դադարեցրո՛ւ այդ արտաքին գործունեությունդ: – Բժշկի կարծիքն իմացիր: Հնազանդվի՛ր և մի՛ մտահոգվիր:
Շուտով կվերադառնաս բնականոն կյանքիդ և ավելի լավ կկատարես – եթե հավատարիմ ես – առաքելական գործունեություններդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։