Փոքրիկ Բաներ – Գրադարան – Mashtoz.org

Փոքրիկ Բաներ

813. Ամեն ինչ հանուն Սիրո արեք: – Եթե այդպես վարվեք, փոքրիկ բան գոյություն չի ունենա. ամեն ինչ մեծ կլինի: – Փոքրիկ բաների մեջ հանուն Սիրո հարատևելը հերոսություն է:
 
814. Որքա՜ն մեծ արժեք ունի այն փոքրիկ գործը, որ կատարվել է հանուն Սիրո:
 
815. Իրոք կամենո՞ւմ ես սուրբ լինել: – Կատարիր յուրաքանչյուր վայրկյանի փոքրիկ պարտականությունդ. արա՛ այն, ինչ պարտավոր ես և «ներկա եղիր» գործիդ մեջ:
 
816. Ճանապարհից շեղվել ես, եթե արհամարհում ես փոքրիկ բաները:
 
817. «Մեծ» սրբությունը կայանում է ամեն վայրկյանի «փոքրիկ պարտականությունները» կատարելու մեջ:
 
818. Մեծ հոգիները մեծ կարևորություն են ընծայում փոքր բաներին:
 
819. Քանի որ քչի մեջ հավատարիմ գտնվեցիր – «Ի սակաւուդ հաւատարիմ»– , մտի՛ր Տիրոջդ ուրախության մեջ (Մտթ 25, 21): – Քրիստոսի խոսքերն են. «Ի սակաւուդ հաւատարիմ»... : – Եվ արդ, արհամարհելո՞ւ ես փոքրիկ բաները, երբ փառք է խոստացվում նրանց, ովքեր դրանց նկատմամբ հոգատար են:
 
820. Գործի սկզբնական համեստությունից մի՛ դատիր. մի անգամ ինձ նկատել տվեցին, որ միամյա խոտեր ծնող սերմերն իրենց մեծությամբ չեն տարբերվում դարավոր ծառեր ծնող սերմերից:
 
821. Մի՛ մոռացիր, որ աշխարհիս երեսին այն ամենն, ինչ մեծ է, փոքր սկիզբ է ունեցել: – Ինչը որ մեծ է ծնվում, հրեշային է և մեռնում է:
 
822. Ասում ես. Երբ առիթը կներկայանա ինչ որ մի մեծ բան անելու ... , այնժամ ... : – Այնժա՞մ: Մի՞թե հավակնում ես ինձ և ինքդ քեզ հավատացնելու, թե կարողանալու ես գերբնական Օլիմպիականն առանց ամենօրյա պատրաստության, առանց մարզվելու հաղթել:
 
823. Տեսա՞ր, թե ինչպես վեր բարձրացրեցին այն հսկա շենքը: – Մի աղյուս, ապա մի ուրիշը: Հազարավոր աղյուսներ, բայց մեկ առ մեկ: – Նաև ցեմենտի պարկեր. դրանք էլ մեկ առ մեկ: Եվ քառակուսի քարակտորներ, որոնք շենքի վիթխարի զանգվածի համեմատությամբ շատ չնչին նշանակություն ունեն: – Ու երկաթե կտորներ: – Եվ գործավորներ, որոնք աշխատեցին օրը օրի ետևից, միևնույն ժամերին ... :
Տեսա՞ր, թե ինչպես վեր բարձրացրեցին այն հսկա շենքը ... : – Փոքրիկ բաներով:
 
824. Երբևէ նկատե՞լ ես, թե ինչպիսի «մանրուքներով» է արտահայտվում մարդկային սերը: – Լա՛վ. Աստվածային սերն էլ է «մանրուքներով» արտահայտվում:
 
825. Հարատևի՛ր ներկա պարտականություններիդ ճշգրիտ կատարման մեջ: – Քո այդ աշխատանքը – համեստ, միակերպ, փոքրիկ – աղոթք է՝ վերածված գործերի, որոնք քեզ տրամադրում են ստանալու այն մյուս – մեծ, ընդարձակ, խորունկ – աշխատանքի շնորհը, որին դու ձգտում ես:
 
826. Այն ամենը, որին մենք՝ խեղճ մարդիկս մասնակցում ենք, – մինչև իսկ սրբությունը – , փոքրիկ բաներից ձևացած մի հյուսվածք է, որոնք – դիտավորության ուղղության համաձայն – կարող են հերոսության կամ ստորության, առաքինության կամ մեղքի մի հսկայական գորգ կազմել:
Դյուցազներգությունները միշտ էլ սխրալի քաջագործություններ են պատմում, որոնք սակայն խառնվում են հերոսի ընտանեկան կյանքի մանրամասնություններին: – Երանի՜ թե դու էլ մեծ կարևորություն տայիր փոքրիկ բաներին: Դա է ճիշտ ճանապարհը:
 
827. Արդյոք երբևէ մտածե՞լ ես, թե «բազմաթիվ փոքր թվերով» ինչպիսի՜ վիթխարի գումար կարող է կազմվել:
 
828. Փորձառությունդ դառն եղավ. չմոռանա՛ս քաղածդ դասը: – Այսօրվա մեծ վախկոտություններդ – ակնհայտ է – համապատասխանում են սովորական փոքրիկ վախկոտություններիդ:
«Չկարողացար» հաղթել մեծ բաների մեջ, որովհետև «չկամեցար» հաղթել փոքրերում:
 
829. Չտեսա՞ր, թե ինչպես էր փայլում Հիսուսի հայացքը, երբ աղքատ այրի կինն իր փոքրիկ նվիրատվությունն էր ընծայում տաճարին: – Դու տուր Նրան այն, ինչ կարող ես. արժանիքը քչի կամ շատի մեջ չէ, այլ՝ կամքի, որով այն տալիս ես:
 
830. Մի՛ եղիր ... անմիտ. ճիշտ է, որ Քրիստոսի այս մեծ գործում կատարում ես – լավագույն դեպքում – մի փոքրիկ պտուտակի դերը:
Բայց գիտե՞ս, թե ի՛նչ կպատահի, եթե պտուտակը հարկ եղածի չափ պինդ սեղմված չլինի, կամ իր տեղից դուրս ընկնի: Ավելի մեծ կտորներն էլ կթուլանան, կամ էլ՝ ատամնավոր անիվներն իրենց տեղից դուրս կընկնեն: Աշխատանքը կդանդաղի: Գուցե ամբողջ մեքենան էլ անօգուտ դառնա:
Ի՜նչ մեծ բան է փոքրիկ պտուտակ լինելը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։