1. Հարս և մայր – Գրադարան – Mashtoz.org

1. Հարս և մայր

«Ekklesía»ն, Եկեղեցին, չի պատկանում – ո՛չ առաջնայնորեն, ո՛չ հիմնականորեն – հասարակագիտությանը (սոցիոլոգիային): Տեսանելի հիմնարկը սոսկ փորձառական (էմպիրիկ) հետքն է «խորհրդի», որի մեջ է կայանում Եկեղեցու իսկական էությունը: Եկեղեցին նախևառաջ հարության զորություն է, խորհուրդն է Հարուցյալի, որը մեզ հաղորդում է Իր հարությունը: Որպես նոր Եվա, Եկեղեցին ծնվել է Քրիստոսի բացված կողից, ինչպես սկզբում Եվան ծնվել էր Ադամի կողից: Քրիստոսի տիգախոց կողից, արդարև, բխել էին ջուրն ու արյունը (Հվհ 19, 34). Մկրտության ջուրը և Ամենասուրբ Հաղորդության արյունը:
 
Տիեզերքը Քրիստոսի կողմից ընկղմվեց աստվածային և սրբարար ալիքներով: Նա ծարավյալների համար բխեցնում է կենդանի ջրի մի աղբյուր, որը ցայտում է այն վերքից, որը գեղարդը բացել էր Իր կողին:
ՈՐՈԳԻՆԵՍ, Մեկնություն Սաղմոսաց գրքի, LXXVII, 31 (PG 17, 141D).
 
Քրիստոսի կողի վերքից ծնվեց Եկեղեցին, և Նա դարձրեց նրան Իր հարսը:
ՈՐՈԳԻՆԵՍ, Մեկնություն Առակաց գրքի, XXXI, 88 (PG 17, 252A).
 
Եկեղեցին, խորքում, ա՛յլ բան չէ, քան՝ պայծառակերպության ճանապարհին գտնվող աշխարհը. աշխարհը, որը Քրիստոսի մեջ դառնում է թափանցիկ՝ դրախտային լույսի դիմաց: Ներկայության դրախտն, արդարև, նույն Ինքն Քրիստոսն է, որն Իր կողքին խաչված հավատավոր ավազակին ասաց. «Այսօր իմ հետ լինելու ես դրախտում» (Ղկս 23, 43): «Աշխարհը-Քրիստոսի-մեջ», նոր երկինքը և նոր երկիրը, այսինքն՝ նորոգված երկինքն ու երկիրը, մեզ են հասնում Եկեղեցու խորհուրդների միջոցով, Աստվածաշնչի միջոցով, որը նույնպես խորհուրդ է: Տարբեր խորհուրդներն ա՛յլ բան չեն, քան՝ Եկեղեցու ընդհանուր խորհրդականության տեսանկյունները, իսկ նրա սիրտն ու նրա արևը «խորհուրդների խորհուրդն» է. Ամենասուրբ Հաղորդությունը:
 
Պետք է ապաստանենք Եկեղեցու գրկում, կերակրվենք նրա կրծքի կաթով և սնվենք տերունական Գրություններով: Որովհետև Եկեղեցին աշխարհում տնկվել է որպես մի դրախտ:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, V, 20, 2 (SC 153, pp. 258-259).
 
Սուրբ Հոգու մեջ, Եկեղեցին Հարուցյալի խորհուրդն է, Նրա խորհրդավոր ներկայությունը: Կարող ենք անվանել Եկեղեցին «պնեումատոսֆերա» (Հոգու միջավայր, Հոգու կենսոլորտ), ուր առաքելական քարոզչությունը – Բարի Լուրը – մնում է կենդանի ու այժմեական, «մարգարեների, առաքյալների և բոլոր աշակերտների վկայության հետ» չընդհատվող շարունակականությամբ: Հավատարիմ և ստեղծագործ Ավանդությունը, հետևաբար, Սուրբ Հոգու կյանքն է Քրիստոսի մարմնում. սոսկ փոխանցում չէ, այլ՝ «Հոգու նորությունն» է անձերի միշտ վերականգնվող նորության մեջ: Հոգին հորդառատ է Քրիստոսի խորհրդավոր մարմնում, բայց տիեզերքի և պատմության ներսում ո՛ւր էլ որ Հոգին գործում է, այնտեղ Եկեղեցին ծածուկ կերպով ներկա է: Խոտի յուրաքանչյուր տերև ծլում է Եկեղեցու մեջ, յուրաքանչյուր համաստեղություն պտտվում է Եկեղեցու շուրջը, Եկեղեցու մեջ է կատարվում ճշմարտության, արդարության և գեղեցկության յուրաքանչյուր փնտրտուք (թեև որոշ մարգարեներ և կյանքի մեծ որոնողներ երբեմն հալածվել են եկեղեցական իշխանությունների կողմից), Եկեղեցու մեջ են հավաքվում ու ամփոփվում խորհրդածության, իմաստության, փառաբանության բոլոր մասնիկները (թեև պատմական որոշակի ժամանակներում քրիստոնյաները փակվել են կարծրացած հասարակություններում, որոնք անգիտանում էին ուրիշներին կամ պայքարում էին նրանց դեմ):
 
Եկեղեցու քարոզչությունը միևնույնն է ամենուր և մնում է անփոփոխ՝ հիմնվելով մարգարեների, առաքյալների և բոլոր աշակերտների հիմքի վրա, սկզբնական, միջանկյալ և վերջին ժամանակների միջով, այսինքն՝ ընդմեջ աստվածային գործունեության բոլոր զարգացումների, ընդմեջ Աստծո տևական և կայուն գործունեության, որը փրկում է մարդուն և մեր հավատքը պսակում է Իր ներկայությամբ: Այս հավատքը, որ ստանում ենք Եկեղեցուց և որ պահպանում ենք, Հոգու ազդեցության ներքո ինքն իսկ անդադար երիտասարդանում է, իբրև մի թանկարժեք ըմպելի, և երիտասարդացնում է անոթը, որն իրեն պարունակում է: Արդարև, այդ պարգևը Աստծո կողմից հանձնվել է Եկեղեցուն, այնպես՝ ինչպես Աստված Իր շունչը տվել է մարմնին, որը ստեղծել էր, որպեսզի բոլոր անդամները նրանից ստանային կյանքը: Եվ այդ պարգևի մեջ պարունակված էր Քրիստոսի հետ միության լիությունը, այսինքն՝ Սուրբ Հոգին, անապականության գրավականը, մեր հավատքի կնիքը, մեր առ Աստված վերամբարձման սանդուղքը: [...] Որովհետև այնտեղ, որտեղ Եկեղեցին է, այնտեղ է նաև Աստծո Հոգին. և այնտեղ, որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ է Եկեղեցին, և բոլոր շնորհները: Եվ Հոգին ճշմարտությունն է:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, III, 24, 1 (SC 211, pp. 470-475).
 
Քրիստոսի Հարսը՝ Եկեղեցին, իր մարդկային, երբեմն չափազանց մարդկային տեսանկյունից դիտված, կարող է պատահել, որ անհավատարիմ գտնվի Նրա հանդեպ, բայց Նա, Իր հավիտենական անսահման ու անսասան սիրով, երբեք չի դադարում հավատարիմ մնալ և նվիրվել Եկեղեցուն, որ Իր մարմինն է, նրան մեր համար դարձնելով կենդանի ճշմարտության Մայր, մի վայր՝ վերածնվելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։