2. Աստվածաշունչը. առաջին խորհուրդը – Գրադարան – Mashtoz.org

2. Աստվածաշունչը. առաջին խորհուրդը

Աստվածաշնչում արդեն առկա է մարմնավորման մի կերպ: Աստվածաշունչը մարմնավորում է Բանին, իսկ Բանի մարմնավորումը կատարելագործում է Խոսքի ունկնդրման կամ ընթերցման փոխակերպումը Գոհության (Եվխարիստիայի):
Արդարև, քրիստոնեական ճշմարիտ միտքը գոհաբանական (եվխարիստիկ) է: Մտքի և բանականության գոհաբանությունը – հարկավոր է սիրել Աստծուն նաև ամբողջ մտքով – մեզ առաջնորդում է դեպի խորհրդի ամուսնական հանդիպումը: Իսկ խորհուրդն իր հերթին լուսավորում է միտքն ու բանականությունը:
 
Ասված է, որ մենք Քրիստոսի արյունը խմում ենք ո՛չ միայն այն ժամանակ, երբ այն ընդունում ենք խորհուրդների ծիսակարգի համաձայն, այլ նաև՝ երբ ընդունում ենք Իր կենարար խոսքերը, ինչպես Ինքն է ասում Իր մասին. «Խոսքերը, որ ասացի, հոգի են և կյանք»:
ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզներ Թվոցի մասին, XVI, 9, 2 (PG 12, 701B; SC 442, p. 262).
 
Արդարև, Աստվածաշունչը Հիսուսից առաջ ջուր էր, բայց Հիսուսից հետո՝ մեր համար դարձավ այն գինին, որին Նա փոխակերպեց այդ ջուրը:
ՈՐՈԳԻՆԵՍ, Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, XIII, 62, 438 (PG 14, 517D; GCS 10, pp. 294-295; SC 222, p. 272).
 
Աստվածաշունչն, այսպիսով, հանդիսանում է Բանի մարմինը: Առաջին Ուխտի վճռական ու վերջնական իմաստն ու նշանակությունը քողազերծվում են հանձինս Քրիստոսի, շնորհիվ այլաբանական խորհրդանշանների և «տիպաբանության», որն Աստվածաշնչի դերակատարների ու իրադարձությունների մեջ բացահայտում է «տիպարներ», այսինքն՝ մարմնացած Բանի և Նրա կողմից իրականացված փրկագործության նախակերպարներ: Քրիստոնեական այլաբանության վայրը մարդեղությունն է, աստվածայինի և մարդկայինի միությունը Բանի անձի մեջ: Արդ, ամբողջ Աստվածաշունչը մարմնավորման մի պահ է:
 
Ահա՛ թե ինչպես պետք է ընկալես Աստվածաշունչը. որպես Բանի միասնական և կատարյալ մարմինը:
ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզ Երեմիա Մարգարեի մասին, ԼԹ. քարոզից պահպանված հունարեն պատառիկ (PG 13, 544C; SC 238, p. 374).
 
Հանձինս [Քրիստոսի գերեզմանում հայտնված] երկու հրեշտակների կարող ենք ճանաչել երկու Կտակարանները: [...] Նրանք միասին գտնվում են այնտեղ, ուր գտնվում է Տիրոջ մարմինը, որովհետև միաձայն ավետարանելով, որ Տերը մարմնացել է, մահացել է, հարություն է առել, երկու Կտակարանները որոշակի առումով բազմել են Նրա երկու կողմում. Հինը՝ գլխի մոտ, իսկ Նորը՝ ոտքերի: Այս պատճառով է նաև, որ երկու քերովբեները, որոնք պահպանում էին Քավության տապանակը, հայում էին մեկը մյուսին: [...] Արդարև, քերովբե նշանակում է ճանաչողության լիություն: Եվ ի՞նչ են նշանակում երկու քերովբեները, եթե ոչ՝ երկու Կտակարանները: Ի՞նչ է ներկայացնում Քավության տապանակը, եթե ոչ՝ մարմնացյալ Տիրոջը, որի մասին Հովհաննեսն ասում է, որ Նա քավություն դարձավ մեր մեղքերի համար: Երբ Հին Կտակարանը ցույց է տալիս, որ պետք է կատարվի այն, ինչը որ Նորը հռչակում է, որ կատարվել է Տիրոջ մեջ, նրանք մեկը մյուսին հայում են քերովբեների նման, իրենց հայացքն ուղղելով Քավության տապանակին, որովհետև իրենց մեջտեղում տեսնելով Տիրոջը [...] համաձայնությամբ պատմում են Նրա սիրո ծրագրի խորհուրդը:
ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Քարոզներ Ավետարանների մասին, II, 25, 3 (PL 76, 1191C-D; SC 522, p. 112).
 
Բանի ներկայությունը պարգևվում է ներթափանցման (կամ սկզբնավորման, մերձեցման) մեկը մյուսից ավելի սեղմ օղակներով, այնտեղ՝ ուր այդ ներկայությունը դառնում է առավել ուժգին: Աստվածաշունչը «ավետարանական նախապատրաստություն է», այսինքն՝ նախապատրաստում է Ավետարանների ընկալմանը, ուստի իր կենտրոնն ու առանցքը գտնում է Ավետարանների մեջ. իրենց հերթին, Ավետարաններն իրենց լիությունը գտնում են խորհրդի մեջ ամբողջական ներթափանցման Ավետարանի մեջ. դա Հովհաննեսի Ավետարանն է: Թափանցել Հովհաննեսի պատգամից ներս, հասնել նրա խորքերը, նշանակում է նույնանալ Հիսուսի սիրեցյալ աշակերտի հետ: Հովհաննեսի Ավետարանում հռչակվում է Անվան աղերսումը. Անուն, որի ռիթմը համապատասխանում է Հիսուսի սրտի բաբախյունին, որի կրծքին հանգչում է Հովհաննեսի գլուխը:
Խաչված Հիսուսը, Մարիամն ու Հովհաննեսը խաչի երկու կողմերում. սա արդարև առաջին Եկեղեցին է (որը դեռևս Պետրոսինը չէ, բայց արդեն Հովհաննեսինն է), որին Հիսուսը պարգևում է Իր Հոգին (Ղկս 23, 46) և խորհուրդները (Հվհ 19, 34):
 
Ոչ ոք չի համարձակվել [Տիրոջ] աստվածության մասին տալ նույնքան հստակ հայտնություն, որքան Հովհաննեսը: Պետք է համարձակորեն ասենք. Ավետարանները ամբողջ Աստվածաշնչի լրումն են, Հովհաննեսի Ավետարանը լրումն է Ավետարանների: Ոչ ոք չի կարող ըմբռնել նրա իմաստը, եթե չի հանգչել Հիսուսի կրծքին, եթե Հիսուսից չի ստացել Մարիամին, այնպես, որ նա դառնա նաև իր Մայրը:
ՈՐՈԳԻՆԵՍ, Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, I, 4, 22-23 (PG 14, 29D-32A; GCS 10, p. 8; SC 120, p. 70).
 
Հարկավոր է ընկալել Աստվածաշնչի Սուրբ Գրությունների աստվածային իմաստը տառացի իմաստի միջով և նրանից անդին, շնորհիվ հայեցողության, որի առաջնորդը Սուրբ Հոգին է: Եկեղեցու Հայրերի կյանքում և գրություններում չկա ոչ մի ֆոնդամենտալիզմ, այլ՝ Սուրբ Հոգու կողմից բացված Աստվածաշունչը, մինչև վերջինիս կենտրոնը, սիրտը, այսինքն՝ մինչև Ամենասուրբ Երրորդության խորհուրդը, որ սիրո ակունքն է, և Քրիստոսի հաղթանակը մահվան և դժոխքի դեմ, որ սիրո հաղթանակն է:
 
Եթե դու փորձում ես աստվածային իմաստը նվազեցնել խոսքերի սոսկ արտաքին նշանակությանը, Բանը պատճառ չի ունենա խոնարհվելու մինչև քեզ, կվերադառնա Իր ծածուկ օթևանը, որը Նրան արժանավայել հայեցողությունն է: Որովհետև այդ աստվածային իմաստը թևեր ունի, դրանք ստանում է իր առաջնորդից՝ Սուրբ Հոգուց: [...] Բայց տառից ավելի վեր բարձրանալ չկամենալը և դրանով կերակրվելուց երբեք չդադարելը, նշան է կեղծիքի կյանքի:
ՈՐՈԳԻՆԵՍ, Մեկնություն Առակաց գրքի, XXIII, 64 (PG 17, 221C-224A).
 
Որոգինեսը, որի հանճարեղ մտահամակարգը դարերի ընթացքում արգասավորել է քրիստոնեական ամբողջ հոգեկանությունը, հատկապես – բայց ո՛չ միայն – Արևելքում, Աստվածաշունչը համեմատում է նուշի հետ: Որոգինեսն ինքը Աստվածաշնչի ներշնչված մեկնաբաններից է, և թեև իր մտքերը ուրիշ կետերում կարիքն ունեցան ուղղվելու Եկեղեցու կողմից, այդուհանդերձ լիովին և ուղղակիորեն տպավորիչ և ուսանելի են մնում Աստվածաշնչի մեկնության հարցում:
Տառացի իմաստը նա նմանեցնում է դառը պատյանին, որը սպանում է և ուստի պետք է մերժվի:
Պաշտպանիչ կեղևը դա բարոյական ուսմունքն է, որով սկիզբ է տրվում մաքրագործման և ուշադրության հոգեմարզական մի ընթացքի, որը մակերեսից դեպի խորքերը ներթափանցելու մի անհրաժեշտ գործընթաց է:
Հետո միայն գտնվում է հոգևոր կորիզը. միայն սա է իսկապես կարևոր և սա է հոգին սնում աստվածային Իմաստության խորհուրդներով:
 
[Աստվածաշնչի] առաջին՝ տառացի իմաստը բավականին դառն է. այն պատվիրում է մարմնի թլփատում, կանոնակարգում է զոհաբերությունների մատուցումը, և այն ամենը, ինչը մատնացույց է արվում որպես «տառ, որ սպանում է»: Դու մերժիր այս ամենը, ինչպես նուշի դառը պատյանը: Երկրորդ հանգրվանում կհասնես կեղևի արգելքներին, որը նշանակում է բարոյական ուսմունքը, ինքնատիրապետության պարտականությունը. սրանք անհրաժեշտ իրողություններ են՝ պաշտպանելու համար այն, ինչը պահպանվում է ներսում, բայց պետք է կոտրվեն: Եվ անկասկած, այդ կեղևի տակ փակված և թաքնված կգտնվեն Աստծո իմաստության ու գիտության խորհուրդները, որոնք սնում ու կազդուրում են սրբերի հոգիները:
Այս եռակի խորհուրդը ներկա է Աստվածաշնչի բոլոր գրություններում:
ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզներ Թվոցի մասին, IX, 7, 3 (PG 12, 632B-D; GCS 30, pp. 63-64; SC 415, p. 254).
 
Այս մոտեցումը որպես մեկնակետ ունենալով է, որ Որոգինեսից հասնելով մինչև Սբ. Հովհաննես Կասսիանոս և Սբ. Գրիգոր Մեծ, հստակեցվում է Աստվածաշնչի չորս իմաստների ուսմունքը: Դրանք չորսն են, որովհետև բարոյական իմաստը բաժանվում է երկու մասի, – հաճախ արդեն Որոգինեսի մոտ, – մատնանշելով ո՛չ միայն Աստվածաշնչի հոգեմարզական ուսմունքը, այլ նաև՝ Աստծո Բանի կյանքը հոգու մեջ: Հետևաբար, ինչպես սքանչելիորեն ներկայացրել է Անրի Դը Լյուբաքն իր «Միջնադարյան մեկնողություն. Աստվածաշնչի չորս իմաստները»[1] աշխատությունում, զանազանվում են պատմական և տառացի իմաստը, այլաբանական կամ տիպաբանական իմաստը, փոխաբերական կամ բարոյական իմաստը, խորհրդազգացական կամ միստիկ իմաստը: Աստվածաշնչի այս հայեցողական ընթերցումն Արևմուտքում դարերի ընթացքում հանդիսացել է սնունդը մի «հոգևոր աստվածաբանության», որը դիմացել է մինչև իսկ սքոլաստիկ աստվածաբանությանը և տակավին գոյություն ունի:
Պատահում է, որ Խոսքը ունկնդրելիս մի կետ հպվում է սրտին և բոցավառում է այն: Այդպիսի դեպքում հարկավոր է կանգ առնել և թողնել, որ այդ հուրը տարածվի քաղցրորեն:
 
Երբ Տիրոջ խոսքը բոցավառում է Խոսքն ունկնդրողին և նրան դարձնում է Իմաստության կրքոտ սիրահար, որն այրվում է ի տես յուրաքանչյուր գեղեցկության, դա նշանակում է, որ «նրա վրա իջել է Տիրոջ կրակը» (Սղմ 104, 19):
ՈՐՈԳԻՆԵՍ, Մեկնություն Սաղմոսաց գրքի, CIV, 19 (Pitra, Analecta sacra III, p. 207).
 
Անշուշտ, հարկավոր է «բախել և փնտրել», ըմբռնելու համար Աստվածաշունչը, հասկանալու համար նրա պատմական միջավայրի ծածկագրերը, թարգմանելու համար հնամենի մտայնություններն ու արտահայտչաձևերը մեր մտայնությանն ու արտահայտչաձևերին: Եվ սրանով արդարացվում է մեկնողական արվեստի գիտական ամբողջ կառույցի գոյությունը: Բայց գիտությունը, – գիտելիքը, – չի կարող հաղորդել իմաստը: Եթե փորձում է անել դա, ներմուծում է մի «մաքսանենգ փիլիսոփայություն»: Միմիայն աղոթքի մեջ է հայտնվում իմաստը (անշուշտ հասկանալի է, որ խոսքը արցունքների ընկերակցությամբ կատարվող անկեղծ աղոթքի մասին է):
 
Դու, հետևաբար, ամբողջ եռանդդ դիր Աստվածաշնչի ընթերցանության մեջ, հավատքով և բարի կամքով, որն հաճելի է Աստծուն: Քեզ բավական չէ բախելն ու փնտրելը, այլ՝ այն, ինչի կարիքն ամեն ինչից առաջ ունես՝ ստանալու համար աստվածային իրողությունների իմացականությունը, դա աղոթքն է:
ՈՐՈԳԻՆԵՍ, Նամակ Գրիգոր Սքանչելագործին, 4 [3] (PG 11, 92A; SC 148, pp. 192-194).
 
Ներթափանցել մինչև երկնային խոսքերի սիրտն ու ողնածուծը, սրտի մաքրագործված հայացքով հայել խորին ու ծածուկ խորհուրդները. սա չեն կարող ձեռքբերել ո՛չ մարդկային գիտությունը, ո՛չ էլ աշխարհային մշակույթը, այլ՝ միայն հոգու մաքրությունը, Սուրբ Հոգու լուսավորմամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, XIV, 9, 7 (PL 49, 969B; SC 54, p. 195).
 
Եթե կամենում եք հասնել Աստվածաշնչի ճշմարիտ ճանաչողությանը, որպես առաջին քայլ՝ շտապեցեք ձեռքբերել սրտի մի անդրդվելի խոնարհություն: Սա ձեզ կառաջնորդի ո՛չ թե դեպի այն գիտությունը, որը փքվում է հպարտությամբ, այլ՝ դեպի այն գիտությունը, որը լուսավորում է սիրո կատարելության շնորհիվ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, XIV, 10, 1 (PL 49, 970A; SC 54, p. 195).
 
Աստվածաշնչում բովանդակված խորհուրդների խոսքերը երբեք մի՛ լքիր առանց նախ աղոթելու և Աստծո օգնությունը հայցելու: Այլ՝ ասա՛. «Տեր, շնորհիր ինձ զգալ այն զորությունը, որ ներկա է նրանում»: Ի նկատի առ, որ աղոթքն է այն բանալին, որ բացում է Աստվածաշնչի ճշմարիտ իմաստը:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 73 (ed. Spanos, p. 288).
 
Աստվածաշունչը դա մի օվկիանոս է, որի զննումն ու պրպտումը երբեք չի կարող ավարտվել: Հանդիպումը Խոսքի հետ՝ դա միշտ նոր իրականություն է: Ընթերցողը կարող է համոզված լինել, որ գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, եթե ընթերցանությունը խաղաղություն է պարգևում հոգուն և այն լիացնում է քաղցրությամբ: Երբեմն հարկավոր է փակագծերի մեջ վերցնել հանդիպած դժվարությունը և աղոթել: Իմաստը հասկանալի է դառնում արմատավորվելով, արմատներ գցելով Ավանդության մեջ, բացվելով Սրբերի Հաղորդության կենդանի գետի դիմաց. արդարև, նույնիսկ երբ կատարվում է առանձնացած վիճակում, Աստվածաշնչի յուրաքանչյուր ընթերցում եկեղեցային է, ծիսական, գոհութենական համով: Սուրբ Պատարագը (Գոհությունը), որի մեջ հանդիպումն ամբողջանում է, լուսավորում է Աստվածաշնչի ընթերցանությունը: Աստվածաշնչի նշանադրությունն իր իմաստը գտնում է Սուրբ Պատարագի ամուսնականության մեջ, Խոսքը՝ սիրո լռության մեջ:
 
Հոգին զմայլվում է նորություններով, որոնց հանդիպում է Աստվածաշնչի խորհուրդների օվկիանոսում:
Թեև բանականությունը, որ նավարկում է ջրերի մակերեսին, – Աստվածաշնչի օվկիանոսում, – կարող է սուզվել ամբողջ խորության մեջ այն իմաստների, որոնք այդ ջրերը թաքցնում են իրենց մեջ, [...] սերտումը, – միայն թե բանականությունը ցանկանա դա, – նրան բավական է՝ ուժգին կապվելու խորհրդի միակ մտքին:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 1 (ed. Spanos, p. 4).
 
Երբ դու մերձենում ես Աստվածաշնչին, քննիր՝ թե ի՛նչ նպատակի է ձգտում բառերից յուրաքանչյուրը, որպեսզի կարողանաս բազում կշռադատությամբ ի նկատի առնել և ըմբռնել խորությունն ու սրբությունը իմաստի, որ պարփակված է նրանց մեջ: Մարդիկ, որոնց իրենց կյանքի ամբողջ ընթացքում շնորհն առաջնորդել է դեպի լուսավորումը, անդադար տեսնում են, որ կարծես հոգևոր մի ճառագայթ է դուրս թափանցում [Աստվածաշնչի] նախադասություններից, և իրենց հոգու խորքում զատորոշում ու ճանաչում են խոսքերը և նրանց խորին իմաստը:
[...] Երբ մի մարդ [Աստվածաշնչի] նախադասություններն ընթերցում է ներթափանցման հոգիով, նրա սիրտը նույնպես հղկվում է ու գոհացում գտնում: Աստվածային զորությունը նրա հոգուն տալիս է մե՜ծ քաղցրության համ, մի սքանչելի ըմբռնման մթնոլորտում:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 1 (ed. Spanos, p. 5).
 
Աստվածաշնչի միևնույն խոսքի մեջ մեկը սնվում է սոսկ պատմությամբ, ուրիշ մեկը փնտրում է պատկերավոր[2] իմաստը, ուրիշ մեկն էլ այդ պատկերավոր իմաստի շնորհիվ՝ ձգտում է հայեցողական իմացությանը: Ավելի հաճախ, այդ երեք ձևաչափերը ներկա են լինում միաժամանակ: [...] Այսպիսով, Աստծո խոսքերը հառաջադիմում են նրա հետ, ով ընթերցում է դրանք:
ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Քարոզներ Եզեկիել Մարգարեի մասին, I, 7, 8-9 (PL 76, 843D-844C; SC 327, pp. 244-246).
 
Քրիստոնյայի համար, սակայն, Աստվածաշունչը երբեք չի պատկանում գաղտնագիտական կամ գաղտնապաշտական (էզոտերիկ) ոլորտին: Աստվածաշունչը կյանքի Խոսքն է բոլորի համար, նրա կոնկրետ, անմիջական բառապաշարը կարող է հասանելի լինել ամենապարզունակ մտքի ու սրտի տեր մարդկանց. մանավանդ թե, հատկապե՛ս նրանց, երբեմն կամ մեծավ մասամբ: Իսկ ինչ վերաբերվում է գիտուններին, ապա Աստվածաշնչի խորհուրդը միշտ էլ գերազանցելու է ամենաուսյալներին անգամ:
Կան բազմազան վիճակներ, Աստվածաշնչի գրություններին մերձենալու բազմաթիվ ճանապարհներ: Բայց դրանք բազմապիսի հանգրվաններն են՝ հասնելու համար միևնույն նպատակակետին: Այս պատճառով է, որ մարդը պետք է ընդունակ գտնվի կրելու իր մեջ նաև այն խոսքերը, որոնք իր իմացականության դիմաց տակավին փակ են մնում, առանց ջանալու ժամանակից շուտ բացատրել դրանք: Կյանքի ընթացքը, մասնակի մահերը, որոնց միջով հոգին անցնելու է, լավագույնս ընդունված շնորհը անկեղծ ընթերցողին մի օր ընդունակ կդարձնեն հասկանալու դրանք:
 
Աստվածաշունչը [...] ուժեղներին հրահանգում է իր առավել մթին խոսքերով, իսկ պարզերին հագեցնում է իր կոնկրետ բարբառով: [...] Այն հասկանալի է ուսումնազուրկ ընթերցողներին, մինչ ուսյալ անձինք այն շարունակ վերաբացահայտում են:
Այդուհանդերձ, այն միաժամանակ նաև գերազանցում է իր իսկ արտահայտվելու կերպի բոլոր գիտելիքներին ու բոլոր ուսուցումներին, քանի որ միևնույն բարբառով, իր բոլոր պատմությունների միջոցով, հայտնում է խորհուրդը:
ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Հոբի գրքի բարոյական մեկնություն, XX, 1, 1 (PL 76, 135B-C).
 
Նրանք, ովքեր ճշմարտապես խոնարհ են և իսկապես ուսյալ, երբ մերձենում են երկնային խորհուրդներին, ընդունակ են հասկանալու դրանցից մի քանիսը, որոնք առարկան են իրենց սերտումների, և միաժամանակ հարգալիր մեծարանք մատուցելու դրանցից ուրիշ մի քանիսի նկատմամբ, որոնք չեն հասկացել, [իրենց հոգու խորքում] պահպանելու համար այն, ինչը տակավին չեն կարողացել ըմբռնել:
ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Հոբի գրքի բարոյական մեկնություն, XX, 8, 19 (PL 76, 148B-C).
[1] Henri de Lubac, Exégèse médiévale: les quatre sens de l'Écriture, 3 voll., Paris 1959.
[2] «Պատկերավոր» կամ «տիպային». արմատը «týpos»ն է, Քրիստոսի «պատկերը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։