2. Սիրո պահանջները – Գրադարան – Mashtoz.org

2. Սիրո պահանջները

Խաչի, այսինքն՝ մեր հանդեպ Աստծո անսահման սիրո շուրջ ջերմ խորհրդածությունը մեր մեջ հալեցնում է ոխի, քինախնդրության, ատելության զգացումները: Աստծուց ստացված ներման անհունության դիմաց, ասում է Ավետարանը, ինչպե՞ս կարող ենք չներել մեր հերթին: Եվ ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծո ներումը, եթե ինքներս չենք ներում ուրիշներին:
«Ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպես և մենք ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին», աղոթում ենք «Հայր մեր»ի մեջ:
 
Հիսուսի ցավերի հիշատակը բժշկում է հոգին ոխակալությունից, քանի որ հոգին ապշում, շփոթվում ու ամաչում է Հիսուսի սիրո օրինակից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՂԻՄԱՔՈՍ, Սանդուղք Դրախտի, IX, 12 (PG 88, 841D; ed. Astir, p. 75).
 
Սբ. Մաքսիմոս Խոստովանողը մատնանշում է որոշակի դիրքորոշումներ, որոնք օգնում են հաղթելու ատելությանը: Գիտակից լինել, որ ներելու յուրաքանչյուր մերժում մեզ զրկում է Քրիստոսից: Հարձակողական (ագրեսիվ) գրգիռներին թույլ չտալ, որ վերածվեն խոսքերի, մտքերի, ինքնարդարացման, հոգեբանական այն մի տեսակ վերլուծության, որը, առարկայական (օբյեկտիվ) մտածողության, հստակամտության անվան տակ թաքնված, արժեզրկում է մյուսի խորհուրդը, դառնում է նուրբ կործանարարություն, կորովամիտ չարություն: Մինչև իսկ չպետք է հեռանալ նրանից, ով ձանձրացնում է մեզ, կամ նեղում, տաղտկացնում, ջղագրգռում, կամ սպառնում, այլ՝ խոնարհ մեղմությամբ ու քաղցրությամբ փորձել հեռացնել թյուրիմացությունները: Եթե սա հնարավոր չէ, վերցնել մյուսին սեփական աղոթքի մեջ, լռել, բացարձակապես խուսափել նրա հասցեին չարախոսելուց:
Միմիայն այսպես է, որ խաչված և ծածուկ կերպով հաղթական սերը կարող է հաղթանակել այն խորքային ատելության դեմ, որը մեր ներսում է և որին պետք է ընդունակ լինենք ճանաչելու, դիմակազերծելու, բռունցքի մեջ պահելու, թուլացնելու, նվազեցնելու և շնորհի միջոցով փոխակերպելու:
 
Եղբայրդ քեզ նեղացրել է և տրտմությունը քեզ հասցնում է ատելությա՞ն: Մի՛ թող, որ հաղթի քեզ, այլ՝ հաղթանակիր ատելության դեմ սիրով: Ահա՛ թե ինչպես. անկեղծ սրտով աղոթելով Աստծուն նրա համար, ընդունելով, որ ուրիշ մեկն արդարացնի նրան, կամ դու ինքդ դառնալով նրա պաշտպանը. քո վրա վերցնելով նեղությանդ պատասխանատվությունը և այն քաջությամբ կրելով, մինչև որ ամպը կցրվի:
Մինչ երեկ գովում էիր ինչ որ մեկի բարությունը և հռչակում էիր նրա առաքինությունները, մեծապես զգույշ եղիր, որ այժմ չներկայացնես նրան որպես չար ու մոլի, որովհետև գորովը քեզնում փոխվել ու վերածվել է հակակրանքի: Մի՛ փորձիր արդարացնել քո չար հակակրանքը՝ եղբորդ պարսավելով, այլ՝ շարունակիր հավատարմորեն գովել նրան, նույնիսկ եթե տրտմությունը ճնշում է քեզ, և շուտով կվերադառնաս փրկարար սիրույն:
Երբեք մի՛ վիրավորիր եղբորդ երկդիմի խոսքերով, որպեսզի այնպես չպատահի, որ նա էլ նույն կերպ պատասխանի քեզ և երկուսդ էլ դուրս գաք սիրո կարգից: Այլ, ընկերային մտերիմ ու անկեղծ համարձակությամբ, գնա՛ և հորդորիր նրան. և, վերացնելով նեղվածության պատճառները, երկուսդ էլ կազատվեք խռովքից ու դառնությունից:
Հոգին, որն ատելություն է տածում մարդկային որևիցէ մի էակի նկատմամբ, չի կարող խաղաղության մեջ մնալ Աստծո հետ: [...] «Եթե դուք մարդկանց չներեք նրանց մեղքերը», ասում է Նա, «ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր մեղքերը» (Մտթ 6, 15): Եթե ինքը չկամենա վերահաստատել խաղաղությունը, գոնե դու հեռու մնա՛ նրան ատելուց և անկեղծորեն աղոթիր նրա համար, առանց որևիցէ մեկի առաջ նրա դեմ չարախոսելու:
Տիրոջ պատվիրանների ամբողջ նպատակը հոգին դուրս քաշելն է քաոսից և ատելությունից, հասցնելու համար Իր և մերձավորի հանդեպ սիրույն: Այստեղից է կայծակի նման փայլատակում սուրբ ճանաչողությունը:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, IV, 22.27.32.35.56 (PG 90, 1052D.1053B.1053D-1056A.1056B.1060D-1061A).
 
Ավետարանի պատվիրանի համաձայն, – ընծաները խորանին տանելուց առաջ հաշտվել եղբոր հետ (Մտթ 5, 23-24), – հարկավոր է ներել, որպեսզի կարողանանք նվիրաբերել Քրիստոսին մի քիչ ճշմարիտ սեր:
 
Եթե կամենում ես պահպանել սերն այնպես, ինչպես Աստված է դա պահանջում, մի՛ թող, որ եղբայրդ քնելու գնա քո հանդեպ դառնության զգացումով, իսկ դու, քո հերթին, խուցդ մի՛ քաշվիր նրա հանդեպ դառնացած, այլ՝ գնա՛, հաշտվիր եղբորդ հետ և կգաս մաքուր խղճով ու եռանդուն աղոթքով Քրիստոսին նվիրաբերելու սիրո ընծան:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, I, 53 (PG 90, 972A).
 
Սբ. Իսահակ Նինվեացու ձեռամբ սիրույն ձոնված հետևյալ հատվածը մտաբերել է տալիս Պողոս Առաքյալի խոսքերը, որոնք նա գրի է առել Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակում. «Սերն համբերատար է, ծառայասեր. չի նախանձում, չի պարծենում. ցուցամոլ չէ, իր շահը չի փնտրում, չի զայրանում, ստացած չարիքի փոխարեն ոխ չի պահում. [...] ամեն տառապանք կրում է, ամեն դեպքում հավատում է, հույսը երբեք չի կորցնում, ամեն բանի համբերում է» (13, 4-7):
Չարիքը դա ուրիշներին պարտադրված կործանարար տառապանքն է: Չպետք է չարիքին չարիքով պատասխանենք: Այն, ինչն իրոք կարևոր է, ինձ մյուսին բաժնեկից դարձնող համակրանքն է, որն հիմնված է, ինչպես ասում էր Եվագր Պոնտացին, Աստծո հետ ծածուկ միայնության վրա: Իսկ ինչ վերաբերվում է ուրիշի մեղքին, հարկավոր է թաքցնել այն, և, եթե հնարավոր է, ստանձնել այն, հանձն առնել, վերցնել սեփական անձի վրա:
 
Թո՛ղ, որ հալածեն քեզ, բայց դու մի՛ հալածիր:
Թո՛ղ, որ խաչեն քեզ, բայց դու մի՛ խաչիր:
Թո՛ղ, որ վիրավորեն քեզ, բայց դու մի՛ վիրավորիր:
Թո՛ղ, որ զրպարտեն քեզ, բայց դու մի՛ զրպարտիր:
[...] Ուրախ եղիր նրանց հետ, ովքեր ուրախ են: Եվ արտասվիր նրանց հետ, ովքեր արտասվում են: Սա՛ է [հոգու] մաքրության նշանը:
Տառապիր հիվանդների հետ: Վշտացիր մեղավորների հետ: Ուրախացիր նրանց հետ, ովքեր զղջում են: Բոլորի ընկերը եղիր: Բայց, հոգուդ խորքում, մնա՛ միայնակ: [...] Պատմուճանդ տարածիր նրա վրա, ով մեղքի մեջ է ընկնում, և ծածկիր նրան: Եվ եթե չես կարող քո վրա վերցնել իր սխալը և կրել պատիժը նրա փոխարեն, նրա դեմ [գոնե] մի՛ բռնացիր:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 58 (ed. Spanos, pp. 238-239).
 
Ճշմարիտ ընկերությունը հավատարիմ է մնում նաև այն դեպքում, երբ ընկերը ծանր փորձությունների է ենթարկվում, կամ նույնիսկ թվում է՝ թե ծանրորեն սխալվում է. նաև, և հատկապե՛ս, երբ արհամարհվում է կամ կղզիացվում, անտեսվում:
 
Ներանձնական ազատությունից տակավին զուրկ է նա, ով ընդունակ չէ փակելու իր աչքերը իր ընկերոջ սխալների վրա, իրական լինեն դրանք, թե թվացյալ:
«Ոչինչ այնքան չարժե, որքան հավատարիմ ընկերը» (Սրք 6, 15), քանի որ հավատարիմ ընկերն իրենն է դարձնում ընկերոջը պատահած ձախորդությունները, դրանք կրում է՝ նրա հետ տառապելով մինչ ի մահ: Ընկերները մի ամբողջ լեգիոն են հաջողության ժամանակ: Փորձության պահին դժվարությամբ է գտնվում գոնե մեկը:
Միայն նրանք, ովքեր հաստատակամ հանձնառությամբ հնազանդվում են պատվիրաններին և ճշմարտապես ստանձնել են աստվածային վճիռների կատարումը, չեն լքում իրենց ընկերներին, երբ նրանք, աստվածային թույլտվությամբ, գտնվում են դժվարության մեջ:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, IV, 92-94.97 (PG 90, 1069D.1072A.1072C).
 
«Ագապեական» սերը զգացմունքային քմահաճույք չէ, ո՛չ էլ՝ ֆիզիկական հրապույր, որոնք երկուսն էլ դատապարտված են վաղանցուկ կարճատևության, և, սրանից բացի, կամքից անկախ իրականություններ են: Մյուսի հանդեպ Աստծո սիրո կանխազգացումն է: Միմիայն Աստված կարող է օգնել մեզ հասկանալու մեր մերձավորին «Հոգու զգացողության», ներիմացության համաձայն. հայնժամ տեսնում ենք նրա մեջ մի անձնական գոյություն, որի արժեքն անհնարին է պակասեցնել, անկախ իր սահմաններից և հնարավոր սխալներից, դրանցից անդին, մինչև իսկ այն հուսախաբությունից անդին, որը մի պահ թերևս կարողացել ենք զգալ նրա նկատմամբ: Մյուսը Աստծո պատկերով է, ո՛չ թե՝ մեր պատկերով:
 
Երբ մարդը սկսում է լիովին զգալ («aisthánesthai») Աստծո սերը, սկսում է, Հոգու զգացողության մեջ («en aisthései Pneúmatos»), սիրել նաև մերձավորին: Սա՛ է այն սերը, որի մասին խոսում է Աստվածաշունչը: Հիրավի, ըստ մարմնի ընկերությունն անհետանում է չափազանց հեշտորեն, նվազագույն պատրվակով անգամ: Դրա պատճառն այն է, որ իբրև զոդ չունի Հոգու զգացողությունը («aístheseis Pneúmatos»): Ուստի, թեև կարող է պատահել, որ մի որոշակի գրգռվածություն տիրանա այն հոգուն, որի վրա Աստված ազդում է, բայց նա չի հասնում խզելու սիրո կապը: Քանի որ, վերստին բոցավառվելով աստվածային սիրո կրակով, նա մեծ ուրախությամբ փնտրում է մերձավորի սերը, նաև այն դեպքում, երբ նրա կողմից կրել է անարդար վերաբերմունք կամ վիրավորանքներ: Որովհետև հոգին Աստծո քաղցրության մեջ լիովին սպառում է վիճաբանության դառնությունը:
ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, 15 (SC 5 ter, p. 92).
 
Ահա՛ երկու հոգի, որոնք ընկերներ են ըստ այն զգացողության, որը Հոգու պարգևն է: Փորձում են, բայց չեն կարողանում վիճել, որովհետև նրանց միջև «իմը» և «քոնը» դատարկ ու անիմաստ բառեր են: Նրանց ընկերությունն անցել է ունենալու, տիրելու տենչից անդին:
 
Երկու ծեր, որոնք միասին բնակվում էին մի խցում, երբեք ոչ մի վիճաբանություն չէին ունեցել: Ուստի նրանցից մեկը մի օր ասաց մյուսին. «Եկե՛ք, գոնե մի անգամ վիճենք, ինչպես անում են ուրիշները»: Մյուսը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչպես պետք է սկսեմ»: Առաջինը շարունակեց. «Մեր մեջտեղում կդնեմ այս աղյուսը, ապա կասեմ. “Սա իմն է”: Այդ ժամանակ Դուք կասեք. “Ո՛չ, դա ինձ է պատկանում”: Սրանից է, որ ծնվում են վեճերն ու հակաճառությունները»:
Դրեցին աղյուսը իրենց մեջտեղում և նրանցից մեկն ասաց. «Սա իմն է»: Եվ մյուսը. «Ո՛չ, վստահ եմ, որ իմն է»: Առաջինը շարունակեց. «Ձերը չէ, իմն է»: Հայնժամ մյուսը բացականչեց. «Լավ, եթե Ձերն է, ուրեմն վերցրեք այն»:
Եվ այդպես էլ չկարողացան վիճաբանել:
Ապոֆտեգմաների անանուն շարք, 221 (SO 1, p. 398).
 
Մերձավորի հանդեպ սերն ավելի կարևոր է, քան աղոթքը:
 
Պատահում է, որ մինչ աղոթում ենք, եղբայրներից ինչ որ մեկը գալիս է մեզ այցելության: Այդպիսի դեպքում պետք է ընտրենք. կա՛մ դադարեցնել մեր աղոթքը, կա՛մ վշտացնել մեր եղբորը, հրաժարվելով պատասխանել նրան: Բայց սերն ավելի մեծ է, քան աղոթքը. աղոթքը առաքինություններից մեկն է, մինչդեռ սերն իր մեջ բովանդակում է բոլոր առաքինությունները միասին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՂԻՄԱՔՈՍ, Սանդուղք Դրախտի, XXVI/1, 43 (PG 88, 1028B; ed. Astir, p. 131).
 
Ուրիշներին մատուցված կոնկրետ ծառայությունն ավելին արժե, քան որևիցէ պահք և ճգնություն, քանի որ ինքնահրաժարման, համբերատարության և անկեղծ սիրո գործնական արտահայտությունն է:
 
Եղբայրներից մեկը հարցրեց ծերերից մեկին. «Երկու եղբայրներ կան: Նրանցից մեկը երբեք դուրս չի գալիս իր խցից, ուր աղոթում է, վեց օր շարունակ պահք է պահում և գործի է դնում ամեն տեսակ ճգնություն: Մյուսը խնամում է հիվանդներին: Երկուսից ո՞ր մեկի կյանքն է Աստծուն ավելի հաճելի»:
Ծերը պատասխանեց. «Եղբայրը, որ վեց օր պահք է պահում, հիվանդախնամ եղբորը չի հավասարվի, նույնիսկ եթե իր քթից կախվի»:
Ապոֆտեգմաների անանուն շարք, 224 (SO 1, p. 399).
 
Մինչև իսկ Ավետարանը, որպես գիրք, ավելի լավ է վաճառել այն, եթե ուրիշ միջոցներ չկան քաղցածներին կերակրելու համար: Կյանքի պարգևը շա՜տ ավելին արժե, քան գրքերից ամենասրբազանը: Մանավանդ եթե հենց այն գիրքն է, որը պահանջում է կյանքի նմանօրինակ պարգևում:
 
Եղբայրներից մեկը ուրիշ ոչ մի սեփականություն չուներ, քան մի Ավետարան: Վաճառեց այն և գումարը բաժանեց՝ կերակրելու համար սովյալներին: Եվ ասաց այս հիշարժան խոսքերը. «Ինչը որ վաճառեցի, այն նույն գիրքն է, որն ինձ ասում է. “Վաճառիր ամեն բան և տուր աղքատներին”»:
ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ, Գիրք պրակտիկայի մասին, 97 (PG 40, 1249D-1252A; SC 171, p. 704).
 
Սերը փափաքում և, որքանով որ հնարավոր է, գործադրում է կյանքի իրավիճակների փոխանակումը, երբ մյուսի գոյությունը վերածվել է մարմնի դանդաղ քայքայման և հասարակական դաժան կղզիացման: Հայտնի է «բորոտին տրված համբույրի» կարևորությունը միստիկ ավանդության մեջ:
 
Աբբա Ագաթոնն ասաց. «Երջանիկ կլինեի, եթե կարողանայի հանդիպել մի բորոտի, նրան տայի իմ մարմինը և վերցնեի իրենը»: Արդարև, այսպիսին է ճշմարիտ սերը:
ԱԲԲԱ ԱԳԱԹՈՆ, Ապոֆտեգմաներ, 26 (PG 65, 116C).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։