3. Ժամանակներ և կեցվածքներ աղոթքի համար – Գրադարան – Mashtoz.org

3. Ժամանակներ և կեցվածքներ աղոթքի համար

Հնագույն այս գրության մեջ, որը քիչ անց ընթերցելու ենք, ժամանակի սրբագործումը հարաբերության մեջ է դրվում Խաչելության և Հարության շնորհառատ պահերի հետ, և այդպիսով մի նոր իմաստ է հաղորդվում տիեզերական փառատրությանը: Խաչով և հարությամբ սկիզբ են առել «վերջին ժամանակները», որոնց բնորոշ հատկանիշներից մեկն է հակադարձ շրջումը այն խորհրդաբանության, որը սովորաբար վերագրվում է «ցերեկ» և «գիշեր» ժամանակներին: Ցերեկը, իր ինքնաբավ, գոռոզ լուսավորությամբ, այլևս կապակցված է Հիսուսի չարչարանքներին ու մահվանը, կեսօրը վերածվել է խավարի: Երեկոյան ծագում է Հոգու արշալույսը, խորհրդական ջրով ու արյունով, որոնք բխում են Խաչեցյալի կողից: Գիշերը լցվում է զատկական լույսով, – «բևեռների հակադարձ շրջումն է», – իսկ արշալույսը, աքաղաղի կանչով, սպասումն է, որ ծագի անմայրամուտ օրը՝ օրն Արքայության:
Ուշադրություն դարձնենք նաև այն բանին, որ առաքելական այդ դարաշրջանում, երբ լիովին քրիստոնյա լինելու համար վանական լինելն անհրաժեշտ չէր (ինչպես թյուրիմացությամբ կարծելու էին հետագա դարերում), ապահով վստահությամբ հաստատվում է, որ ամուսնական կյանքը, մինչև իսկ իր սեռային տեսանկյունից դիտված, բնավ չի հակառակվում հոգու կյանքին, մանավանդ թե՝ կարող է նպաստել նրան: Ի վերջո, ուշադրություն դարձնենք այն խորը համոզումին, – որի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ են պահպանվել Եկեղեցու հնագույն ժամանակներից, – որի համաձայն՝ որոշակի պահերի, և հատկապես գիշերվա սրտում, որը հարության պահն է, ամբողջ տիեզերքը դառնում է Եկեղեցի, երբ աստղերը, բույսերն ու կենդանիները ամփոփվում են մի տեսակ աղոթքի մեջ:
 
Եթե քո տանն ես, աղոթիր երրորդ ժամին [= առավոտյան ժամը իննը] և գովաբանիր Տիրոջը: Եթե այդ ժամին ուրիշ տեղում ես գտնվում, աղոթիր Աստծուն քո սրտում, որովհետև այդ ժամին Քրիստոսը գամվեց խաչին: [...]
Աղոթիր նաև վեցերորդ ժամին [= կեսօրին], հիշելով խաչին գամված Քրիստոսին, մինչ [...] վրա էր հասնում խավարը: Այդ ժամին բուռն աղոթք կանես, նմանվելու համար Նրան, ով աղոթեց Իր դահիճների համար, երբ տիեզերքը խավարով պատվեց:
Իններորդ ժամին [= կեսօրվա ժամը երեքը] վերսկսիր աղոթքն ու գովաբանությունը: [...] Այդ ժամին Քրիստոսը գեղարդով բացված կողից հեղեց ջուրն ու արյունը, օրվա վերջին ժամերը լուսավորեց մինչև երեկո և լույսի վերադարձով հարության մի պատկեր տվեց:
Աղոթիր նաև մարմինդ հանգստի ուղարկելուց առաջ:
Կեսգիշերին մոտ ոտքի կանգնիր, ջրով լվա ձեռքերդ, և աղոթիր: Եթե կինդ ներկա է, աղոթեցեք միասին: Եթե նա տակավին քրիստոնյա չէ, մի ուրիշ սենյակ քաշվիր աղոթելու, ապա վերադարձիր պառկելու:
Աղոթքի հարցում մի՛ ծուլացիր: Ով ամուսնացած է, բնավ էլ ապականված չէ: «Լվացվածը լվացվելու կարիք չունի, ամբողջությամբ մաքուր է» (Հվհ 13, 10): [...] Որովհետև Հոգու պարգևը և մկրտական ջուրը, որ բխում է կարծես մի աղբյուրից, հավատքով լի սրտի կողմից ընդունվելով՝ մաքրագործել են հավատացյալին:
Ուստի, հարկավոր է աղոթել այդ ժամին, որովհետև նախնիները, որոնցից է մեզ հասել այդ ավանդությունը, մեզ սովորեցրել են, որ այդ ժամին ամբողջ արարչությունը մի պահ հանգստանում է, Տիրոջը գովաբանելու համար: Աստղերը, ծառերն ու ջրերը մի պահ կանգ են առնում և հրեշտակների դասի ու արդարների հոգիների հետ միասին երգում են Աստծո գովքը: Ուստի, հավատացյալներին հոգեհարազատ պետք է լինի այդ ժամին աղոթելը:
Տերն Ինքը վկայում է այս բանին, երբ ասում է. «Ահա՛ փեսան, նրան ընդառաջ գնացեք» (Մտթ 25, 6): Եվ եզրակացնում է. «Հսկեցեք, ուրեմն, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մտթ 25, 13):
Աքաղաղի կանչից քիչ առաջ, ևս մեկ անգամ ոտքի կանգնիր և նույն կերպ աղոթիր: [...] Մենք սպասում ենք ննջեցյալների հարության օրը հավիտենական լույսի հույսով:
ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀՌՈՄԵԱՑԻ, Առաքելական Ավանդություն, 41 (SC 11 bis, pp. 126-132; ed. Aschendorff, pp. 90-96).
 
Եթե քրիստոնյան չի կարող աղոթել գիշերվա սրտում, պետք է ջանա այնպես անել, – հոգու այն դիրքորոշմամբ ու տրամադրվածությամբ, որի մասին խոսեցինք, – որ Քրիստոսի ներկայությունը թափանցի իր քնի մեջ, մինչ արարչությունը հսկում է իր հրեշտակային թափանցիկության մեջ:
 
Երեկոյան օրհներգ
Մենք այժմ օրհնում ենք Քեզ,
ո՜վ իմ Քրիստոս, Բանդ Աստուծո,
Լույս ի Լուսո անսկիզբ,
բաշխողդ Հոգու:
Օրհնում ենք Քեզ, եռյակ Լույս
անբաժան Փառքի:
Դու հաղթեցիր խավարին
և ստեղծեցիր լույսը,
ամեն բան լույսի մեջ ստեղծելու համար:
Դու թանձրություն հաղորդեցիր նյութին,
նրա վրա կերպավորելով աշխարհի դեմքը
և կերպարանքը նրա գեղեցկության:
Դու լուսավորեցիր մարդու միտքը,
բանականություն և իմաստություն տալով նրան:
Ամենուր տեսանելի է
հավիտենական լույսի արտացոլանքը,
որպեսզի, լույսի մեջ,
մարդը բացահայտի պայծառ փայլը
և ինքն էլ ամբողջովին լույս դառնա:
Դու երկինքը լուսավորեցիր
բազմագույն լույսերով:
Գիշեր և ցերեկ ժամանակներին
հրամայեցիր միմյանց հերթափոխել խաղաղությամբ,
նրանց որպես կանոն տալով
մի եղբայրական մտերմություն:
Գիշերը վերջ է դնում
մեր մարմնի հոգնություններին,
ցերեկն արթնացնում է մեզ աշխատանքի,
գործերի, որոնք մեզ զբաղեցնում են:
Բայց մենք փախչում ենք խավարից,
աճապարում ենք հասնելու անմայրամուտ օրվան,
դեպի այն օրը, որն երբեք չի ճանաչելու
վերջալույսի տխրությունը:
Թեթև քուն պարգևիր իմ կոպերին,
որպեսզի ձայնս երկար ժամանակ չմնա համր:
Արարչությունդ արթուն կմնա ու կհսկի,
հրեշտակների հետ սաղմոսելու համար:
Թող որ իմ քունը միշտ
բնակեցված լինի Քո ներկայությամբ:
[...]
Մարմնից բաժանված վիճակում էլ
հոգին երգում է Քեզ, ո՜վ Աստված,
Հայր, Որդի և Սուրբ Հոգի,
Քեզ պատի՜վ, փա՜ռք և զորությո՜ւն,
հավիտյանս հավիտենից:
Ամեն:
ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Դոգմատիկ տաղեր, I, 1, 32 (PG 37, 511A-514A).
 
Որոշ ճշգրտումներ ոտքի կանգնած կամ ծունկի եկած աղոթելու վերաբերյալ: Գովաբանելու, փառաբանելու, երախտագիտություն հայտնելու համար՝ աղոթքը կատարվում է ոտքի կանգնած, տարածված ձեռքերով: Ծունկի եկած աղոթքը ապաշխարության և աղերսանքի համար է:
Ոչինչ, սակայն, մեխանիկական կամ մոգական չէ: Քրիստոնեության համար ամբողջովին օտար հասկացողություններ են մարմնի դիրքերի վերաբերյալ արևելյան տեխնիկաները: Մարմնի կեցվածքները, որոնք քրիստոնյաները գործածում են, պարզապես հնարավոր արտահայտություններից են այն հանդիպման, որն է միակ կարևորը: Հետևաբար, այդ կեցվածքները միշտ հարաբերական են և դրանց երբեք հարկավոր չէ բացարձակ արժեք տալ: Նույնը վավերական է նաև տեղի վերաբերյալ: Երբ դա հնարավոր է, լավ կլինի լուռ ու անդորր տեղ գտնել աղոթքի համար, և անշուշտ՝ սրբապատկերների ներկայության: Բայց աղոթել հնարավոր է որևէ վայրում:
 
Մարմնի կեցվածքներն անշուշտ անթիվ են, բայց ձեռքերը տարածելու և աչքերը դեպի երկինք բարձրացնելու կեցվածքը պետք է գերադասվի, աղոթքի ժամանակ մարմնով արտահայտելու համար հոգու դիրքորոշումները: Հարկավոր է այսպես վարվել գոնե այն դեպքերում, երբ խոչընդոտներ չկան: Բայց պարագաները կարող են հարկադրել մեզ աղոթելու նստած, օրինակ՝ երբ ոտքերը ցավում են. կամ նաև պառկած, երբ մարդը հիվանդ է: Միևնույն պատճառով, եթե, օրինակի համար, նավի վրա ենք, կամ մեր գործերը մեզ թույլ չեն տալիս առանձնանալ՝ աղոթքի պարտականությունը կատարելու համար, կարելի է աղոթել առանց որևէ արտաքին կեցվածք ընդունելու:
Ինչ վերաբերվում է ծնրադիր կեցվածքով աղոթելուն, սա անհրաժեշտ է այն դեպքերում, երբ Աստծո առաջ ինքներս մեզ ամբաստանում ենք մեր մեղքերի համար, աղերսելով Նրան բժշկել և արձակում շնորհել: Սույն կեցվածքը խորհրդանշում է այն ծնրադրությունն ու խոնարհությունը, որի մասին խոսում է Պողոս Առաքյալը, երբ գրում է. «Ուստի ծունկի եմ իջնում Հոր առաջ, որից է որևէ հայրություն երկնքում և երկրի վրա» (Եփս 3, 14-15): Սա հոգևոր ծնրադրումն է, որն այսպես է կոչվում, որովհետև յուրաքանչյուր արարած պաշտում է Աստծուն հԱնուն Հիսուսի, և խոնարհաբար երկրպագում է Նրա առաջ: Թվում է, թե Առաքյալը սրան է ակնարկում, երբ ասում է. «Հիսուսի Անվամբ թող ծալվի ամեն ծունկ երկնքում, երկրի վրա և դժոխքում» (Փլպ 2, 10): [...]
Ինչ վերաբերվում է տեղին, հարկավոր է իմանալ, որ որևէ տեղ հարմար է աղոթքի համար: [...] Այդուհանդերձ կարելի է, որպեսզի աղոթքը կատարվի առանց խանգարվելու, ընտրել սեփական տան մեջ, եթե դա հնարավոր է, այդ նպատակին սահմանված մի վայր, որն որոշակի իմաստով նվիրագործված կլինի, և այնտեղ աղոթել:
ՈՐՈԳԻՆԵՍ, Աղոթքի մասին, XXXI, 2-4 (PG 11, 549D-553A).
 
Հաջորդ հատվածում ընթերցում ենք մի ա՛յլ խորհրդանշանի մասին ևս, որը քրիստոնյաներին հոգեհարազատ է քրիստոնեության առաջին տարիներից իսկ սկսած, քանի որ Ավետարաններում ասվում է, որ Քրիստոսը հարություն է առել շաբաթ օրվա հաջորդ օրը, այսինքն՝ «շաբաթվա առաջին օրը»: Կիրակին Զատիկ է. Զատկվա առաջին և ութերորդ օրը, վերահաստատում է արարչագործական սկիզբը և կանխում է վախճանաբանական կատարումն ի Քրիստոս, որն ամեն ինչի և ամենքի «ալֆան և օմեգան» է, «առաջինն ու վերջինը, սկիզբն ու վերջը»: Այդ օրը հավատացյալները պետք է ոտքի կանգնած աղոթեն, իբրև որդիներ, իբրև ազատագրված մարդիկ, որոնք քայլում են դեպի Արքայությունը: Ոտքի կանգնած, գլուխը բարձր պահած մարդը վկայում է իր արքայական արժանապատվությանը, իր հոգու ուղղահայաց սլացքին դեպի երկնային իրականությունները: Ծնրադրելը, երկրպագելը, մինչդեռ, վկայությունն են մեր անկման, որը մենք փոխակերպում ենք խոնարհության: Արդարև, ծնրադրելը, երկրպագելը, և ապա կրկին ոտքի կանգնելը, նշան է հարության:
Սա է պատճառը, որի համար Եկեղեցու Առաջին Տիեզերաժողովը քրիստոնյաներին արգելել է Կիրակի օրը ծունկի գալ[1]:
Ամենօրյա աղոթքը կատարվում է դեմքով դեպի Արևելք ուղղված, որը խորհրդանշանն է կորցված և վերագտնված դրախտի: Արևելքից է ծագում արևը, որը խորհրդանշում է Արդարության Արեգակի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը մեր մեջ և Նրա լույսով մեր լուսավորվելը: Եվ կատարվում է ոտքի կանգնած, թեև միջանկյալ կատարվում են նաև ծնրադրումներ ու երկրպագություններ:
 
Մենք բոլորս աղոթելիս դեմքով կանգնում ենք դեպի Արևելք, բայց մեզնից շատ քչերը գիտեն, որ [այդ կեցվածքով] մենք փնտրում ենք վաղեմի հայրենիքը, Աստծո կողմից Եդեմում տնկված այն դրախտը, որն արևելյան կողմերում էր: Ոտքի կանգնած ենք աղոթում շաբաթվա առաջին օրը [= Կիրակի], բայց բոլորը չէ, որ գիտեն դրա պատճառը. միայն այն բանի համար չէ, որ Քրիստոսի հետ հարություն առած լինելով և վերին իրողությունները փնտրելու պարտականությունն ունենալով, մտաբերում ենք շնորհը, որ տրվել է մեզ, և ուստի հարությանն ընծայված օրվա ընթացքում աղոթելիս մնում ենք ոտքի կանգնած, այլ նաև՝ որովհետև այդ օրը որոշակի կերպով կարծես գալիք աշխարհի պատկերը լինի: [...] Փաստացի, այդ օրը նաև ութերորդն է, և խորհրդանշում է [...] լիությունը, որն հաջորդելու է ներկա ժամանակներին, անմայրամուտ օրը, [...] անանց աշխարհը: [...] Հարկավոր է, հետևաբար, որ Եկեղեցին իր զավակներին կրթի այդ օրը աղոթել ոտքի կանգնած, որպեսզի անվախճան կյանքի տևական հիշողությամբ չմոռանանք պատրաստել ճանապարհի մեր պաշարը: [...] Ուղղահայաց կեցվածքը [...] մեր հոգին, այսպես ասած, գաղթել է տալիս ներկա ժամանակից դուրս, մինչև ապագայի խորքը:
Ամեն անգամ, մինչդեռ, որ ծունկի ենք իջնում և կրկին ոտքի կանգնում, խորհրդանշում ենք, որ մեղքը մեզ գետին էր նետել, բայց որ մեր Արարչի սերը մեզ կրկին վերադարձրել է երկինք:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Սուրբ Հոգու մասին, XXVII, 66 (PG 32, 189c-192c; SC 17 bis, pp. 484-486).
 
Երկրորդ դարի հետևյալ հատվածում բացատրվում է, որ ոտքի կանգնած և ձեռքերը տարածած կեցվածքը խորհրդանշում է նաև կենարար Խաչը: Այդպիսով, աղոթող մարդն իր մարմնով իսկ ամբողջովին դառնում է Խաչի նշանը:
 
Տարածեցի ձեռքերս
որպես Տիրոջն ընծա:
Տարածված ձեռքերը դա են խորհրդանշում,
ոտքի կանգնած, ձեռքերը տարածված.
Փայտը կանգնեցված:
Ալլելուիա:
Տաղք Սողոմոնի, XXVII, 1-2 (Harris-Mingana II, p. 356).
 
Աղոթել ամենուր, ո՛չ միայն հնարավոր է, այլև՝ հարկավոր է, որովհետև առաջին տաճարն ինքնին տիեզերքն է: Աղոթքը, ներթափանցելով վերանցականի ու գերբնականի մեջ և այդպիսով փաստելով մարդու իսկ վերանցականությունն ու գերբնականությունը, շնորհին թույլ է տալիս ներթափանցել արարչության մեջ և բացահայտել նրա ծածուկ սրբությունը:
 
Յուրաքանչյուր քրիստոնյա, նույնիսկ եթե զուրկ է ուսումներից, գիտի, որ յուրաքանչյուր վայր տիեզերքի մի մասնիկն է, և որ տիեզերքն ինքնին Աստծո տաճարն է: Նա աղոթում է ամենուր, փակ պահելով իր զգայարանների աչքերը, արթնացնելով հոգու աչքերը, և այդպես՝ բարձրանալով ամբողջ աշխարհից վեր: Կանգ չի առնում երկնակամարի վրա, այլ՝ հոգով հասնելով երկնքից վեր տարածվող վայրերին, իր աղոթքն ընծայում է Աստծուն, Աստծո Հոգուց առաջնորդվելով, և այս աշխարհից կարծես դուրս գտնվելով:
ՈՐՈԳԻՆԵՍ, Ընդդեմ Կելսիուսի, VII, 44 (PG 11, 1485B; SC 150, pp. 118-120).
 
«Շրջանակաձև շարժումը», որի մասին խոսում է Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին, խորհրդանշում և հեշտացնում է հոգու կենտրոնացումն ու նրա էքստատիկ միավորումը: Սույն մատնանշումը, որն ակնարկում է Եղիա Մարգարեի աղաչական կեցվածքին, որի մասին պատմվում է Աստվածաշնչում, հետագայում դառնալու էր «Հիսուսի աղոթքը» կատարելու գերադասյալ կեցվածքներից մեկը. աղոթողը, նստելով մի ցածր աթոռակի վրա, դեմքով ամբողջովին թեքվում է դեպի ծնկները:
Երբ կրկին վեր է բարձրանում, իր հոգին ընդարձակվում է մի «պտուտակաձև շարժմամբ», հետևելով աստվածային փառքի հեղմանը: Ապա, մի «երկայնակի շարժմամբ», մարդը բացվում է ամբողջ արարչության առաջ, որն իրեն հայտնվում է որպես խորհրդանշանների մի ամբողջություն, մի աստվածահայտնություն:
 
Հոգին շարժվում է շրջանակաձև շարժմամբ, երբ ինքն իր մեջ մտնելով՝ կտրվում է արտաքին աշխարհից. երբ իր ընկալման կարողությունները միավորելով՝ դրանք հավաքում է մի խիտ կենտրոնացմամբ, որն իրեն պաշտպանում է որևէ մոլորումից. երբ անջատվում է արտաքին առարկաների բազմաքանակությունից, ամփոփվելու համար ինքն իր մեջ: Երբ որ հասնում է ներքին միությանը, [...] առաջնորդվում է դեպի Գեղեցիկն-ու-Բարին: [...]
Հոգին պտուտակաձև շարժմամբ շարժվում է այն չափով, որքան որ աստվածային իմացությունները լուսավորում են նրան իրեն բնորոշ կերպի համաձայն: [...]
Ի վերջո, հոգու շարժումը երկայնակի է, երբ ինքն իր մեջ մտնելու և հոգևոր միավորմանը ձգտելու փոխարեն (որի դեպքում, ինչպես տեսանք, նրա շարժումը շրջանակաձև է), ուղղվում է դեպի իրեն շրջապատող իրականությունները, և արտաքին աշխարհն ընկալում է որպես խորհրդանշանների մի ամբողջություն, դրանց միջոցով հայեցողությանը վերամբառնալու համար:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, IV, 9 (PG 3, 705A-B).
 
Երբեմն զգացվում է ֆիզիկական միայնության անհրաժեշտությունը, այնտեղ, ուր բնությունն ինքնին դառնում է աղոթք. «բարձրադիր վայրերում»:
 
Նրա համար, ով ծանոթ է շնորհի խորհրդին, լեռները նախընտրելի են, քան քաղաքները:
Սարերի կատարներին քարայծը չի ընկնում խուզողների ձեռքը: Փախի՛ր բնակավայրերից, այրդ լեռների:
ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ, Քարոզներ վանականների մասին, 3 (Lamy IV, col. 150).
 
Այս կերպ հրահանգվելով, հոգին քիչ առ քիչ կկարողանա քաղաքի ժխորի մեջ քայլել՝ կրելով իր մեջ լեռների լռությունը:
 
Աշխարհում շատ բաներ կան, որ մթագնում են տեսողությունը, խռովում են լսողությունն ու համի զգայարանը: Սրա համար է, որ հարկավոր է [...] փախչել ամեն տեսակ խռովքներից և ապաստան գտնել անապատում, ուր անդորրն ամբողջական է, հանդարտությունը՝ կատարյալ, ժխորը՝ զրոյական, այնտեղ՝ ուր աչքերը սևեռվում են միայն Աստծո վրա, իսկ ականջներն ուշադիր են՝ ունկնդրելու միայն աստվածային խոսքերը: Ականջները վայելքով ըմբոշխնում են Հոգու համանվագը, որի ազդեցությունը հոգու վրա այնքան ուժգին է, որ ով մի անգամ հպվում է այդ մեղեդուց, այլևս չի կարող գերադասել դրան ո՛չ ուտելիք, ո՛չ խմիչք, ո՛չ քուն: Ո՛չ այս աշխարհի իրողությունների աղմուկը, ո՛չ էլ ամբոխն այլևս չեն կարող շեղել նման ուշադրությունը [...] : Այսպիսով նրանք, ովքեր բարձրացել են մինչև լեռների գագաթը, այն ամենից՝ ինչ տեղի է ունենում քաղաքում, ա՛յլ բան այլևս չեն լսում, քան միայն՝ անիմաստ ու ձանձրալի աղմուկը, որ նման է պիծակների բզզոցի:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Զղջման մասին, II, 1 (PG 47, 411).

[1] Նիկիո Տիեզերական Առաջին Ժողով, Կանոն Ի. (Conciliorum oecumenic. decreta, p. 16).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։